#իվենթաPAN
August 29

🚀 #իվենթաPAN Weekly (170)

📷 Մենք, իհարկե, գիտենք, որ խաղում ենք կրակի հետ և վստահաբար արժանանալու ենք Հարեյանի նզովքին (ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամ), բայց, այնուամենայնիվ, որոշել ենք ձեզ ցույց տալ այն տեսահոլովակը, որն արթնացրել ու գործի է դրել հայության արդար ցասումը։ Եթե գիտակցաբար էիք որոշել այս ամենից հեռու մնալ ու ընդհանրապես չմասնակցել հերթական բուռն ֆեյսբուքյան «սռաչին», նախապես ներողություն ենք խնդրում թեման կրկին «մեյդան» բերելու համար, բայց մենք կարծում ենք, որ այս տեսահոլովակը դիտել ամեն դեպքում արժե. նախ՝ բավականին հետաքրքիր էսթետիկա ունի, երկրորդն էլ՝ սեփական կարծիք կազմելու և համապատասխանաբար «պահպանողականների» կամ «ազատամիտների» բանակին միանալու համար։ Մեկնաբանություններում էլ կարող եք կիսվել ձեր հիացմունքով կամ նողկանքով՝ https://youtu.be/e8EwHTqeQKU


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


✝️  Հայությունը վերջին օրերին «մեր Սևդալիզա, ձեր վարդագույն ներքնազգեստ» ոճի թեժ քննարկումների մեջ է. իրանական ծագման հոլանդացի երգչուհին դարձավ այն հերթական արտիստը, որը Հայաստանում բախվեց մեր տեղական cancel culture-ին։ Պատճառը նույնն է՝ կրոնական զգացմունքների ոտնահարում։ Ու թեև խոսվում է այն մասին, որ Sevdaliza-ն Իրանի ադրբեջանցիների արմատներ էլ ունի, վրդովմունքի իրական պատճառը բնավ դա չէր. բանն այն է, որ Սևոն (կարծում ենք՝ ազգովի նրան այսքան «տշելուց հետո» կարող ենք արդեն ընկերական ու կրճատ դիմել) հանդգնել է իր վերջին պրովոկացիոն տեսահոլովակներից մեկում խաղալ քրիստոնյաների զգացմունքների հետ՝ չափազանց հանդուգն կերպով օգտագործելով կրոնի թեման ու հենց բուն խաչը։ Սա, իհարկե, առաջին անգամը չէ, երբ արտիստներն ուշադրություն գրավելու կամ որևէ այլ նպատակով դիմում են նման քայլի։ #PAN-ը պատմում է այս խաչակրաց արշավանքի բոլոր մանրամասները, ինչպես նաև Սևդալիզայի ով լինելն ու, ի վերջո, այն արտիստների մասին, որոնք մինչև այս աղջիկը հասցրել են չափազանց համարձակ վարվել կրոնի հետ՝ Մադոննայից մինչև հայերի սիրելի Լեդի Գագա՝

✍️ https://lav.pan.am/sevdaliza


Անցնենք մեր իվենթներին․

🥤  Սևոն պետք է Հայաստան գար Music Fest with Coca-Cola-ի շրջանակում, բայց փառատոնից մի քանի օր առաջ հանրության ճնշման տակ ընկերությունը որոշեց հանել նրան ելույթ ունեցողների ցանկից. արդյունքում ամսի 30-ին կարող եք գնալ առանց Sevdaliza փառատոնին՝ https://tinyurl.com/ydm97xs9

🐺  Այս շաբաթվա մեկ այլ՝ էլ ավելի մասշտաբային փառատոն էլ տեղի կունենա Սևանում. երկու օր շարունակ՝ ամսի 30-31-ին կանցկացվի էլեկտրոնային երաժշտության HOWL փառատոնը՝ մի քանի սթեյջով, 30+ արտիստով, քեմփինգով և այլ հաճույքներով (ածուխ չդառնալու համար չմոռանաք ձեր SPF-ները)՝ https://tinyurl.com/ymh9dbzp

📀  Այս ուրբաթ ToneLab-ում վինիլային երեկո է. իր յուրահատուկ հավաքածուից հատուկ պատրաստված սեթով կկիսվի Snkh-ի Աշոտը՝ https://tinyurl.com/jthb84cc

🪕  Նույն օրը կարելի է վայելել նաև էթնիկ երաժշտություն, այն էլ՝ «Կաթիլ» բենդի կատարմամբ, այն էլ՝ Կամերային երաժշտության տան այգում՝ https://tinyurl.com/5h3zbbct

🎨  Իր բացօթյան համերգների շրջանակում Կամերայինը սեպտեմբերի 3-ին հրավիրելու է նաև Ethno Colors բենդը՝ կատարելու ազգային երաժշտություն ժամանակակից մատուցմամբ՝ https://tinyurl.com/mze7heux

🌉  Ոչ միայն մաքուր օդին, այլև քաղաքի ամենագեղեցիկ տանիքներից մեկում՝ Օպերայի «գլխին» սեպտեմբերի 2-ին ելույթ կունենան Միքայել Ոսկանյանը և ընկերները՝ ստեղծելով կամուրջ ավանդականի և նորարականի միջև՝ https://tinyurl.com/r4rt6yf6

🎹  Իսկ հաջորդ օրը նույն տանիքից կհնչի լեգենդար Մալխասի և նրա բենդի ոչ պակաս լեգենդար նվագը՝ https://tinyurl.com/5xmbd29

🎤  Սեպտեմբերի 4-ին էլ Երևանի օդում կտարածվեն ամենաերևանյան երգչի՝ Ֆորշի և նրա «Ռե մինոր» բենդի կատարումների ելևէջները՝ https://tinyurl.com/ckx8zvf7

🎷  Քանի խոսք գնաց երևանյանից, չմոռանանք, որ այս ուրբաթ Ուլիխանյանում նույնպես երևանյան տրամադրություն է, որը կապահովի Yerevan Jazz Quartet-ը՝ https://tinyurl.com/bdf3pz33

🔺  Իսկ ամռան վերջին օրը նույն վայրում կավարտվի No Border Trio-ի Հայրապետյան-Թունջբոյաջյան-Մանուկյան «սուրբ երրորդության» (Սևդալիզայի ականջը կանչի) ելույթով՝ https://tinyurl.com/u5enuevf

💃  Բայց ավարտենք մեր ազգայինով. ամսի 29-ին՝ ամսվա վերջին ուրբաթ օրը, Օպերայի բակում ազգային երգ ու պար է լինելու, կարող եք գալ և տեղում 3 ժամ շարունակ սովորել ավանդական պարեր՝ https://tinyurl.com/8jw5bh5e


📢  Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ ամռան վերջին օրը Գառնու տաճարում ի վերջո մի աստվածահաճո և բնավ ոչ «սատանայական» միջոցառում է տեղի ունենալու. «Սիմֆոնիկ Հայկո» համերգին կհնչեն Հայկոյի երգերը՝ Սիմֆոնիկի յուրահատուկ մատուցմամբ՝ https://idram.app.link/Idram_PAN


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N169)


📭  Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan