#իվենթաPAN
Today

🚀 #իվենթաPAN Weekly (206)

📷 Այս ուիքենդ հայերի մի ահագին՝ առավել արագաշարժ ու հաջողակ մասը Թբիլիսիում է լինելու, որտեղ ելույթ կունենա մեր նախկին կտցրած փեսա Քանյե Ուեսթը։ Տոմսերը գնելու ճանապարհը բարդ էր ու մարտահրավերներով լի՝ հերթում 108,000-րդը լինելուց մինչև հենց գնելու պահին տոմսերի ավարտվելն ու այնուհետև վերավաճառողներից դրանք ավելի թանկով գնելը, բայց Յեի երկրպագուներին ոչինչ չի կարող կանգնեցնել։ Այս թբիլիսյան համերգին նախորդել է Քանյեի ստամբուլյան ելույթը, որն արդեն իսկ կարելի է պատմական համարել. 118,000 տոմս է վաճառվել, ինչը ռեկորդային է մարզադաշտային համերգի համար։ Այնուամենայնիվ հազարավոր մարդկանց էլ հաջողվել է ներս մտնել առանց տոմսերի՝ առաջացնելով ազնվորեն տոմս ձեռք բերածների արդար դժգոհությունը։ Ասում են՝ այժմ Թբիլիսիում վախենում են ստամբուլյան սցենարի կրկնությունից և ուզում համապատասխան քայլեր ձեռնարկել։ Ինչևէ, առաջարկում ենք վայելել Ստամբուլի համերգը՝ https://youtu.be/pzmzxpElQa8


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🍼  Ծանր աշխատանքային շաբաթվանից, հոգնեցնող կոլեգաների հետ անդադար շփվելուց ու տնօրենի անկապ կատակների վրա ստիպված ծիծաղալուց հետո գուցե շատերի մտքով անցներ այն, ինչ անցել է բրազիլացի Ամանադա Մարիայի մտքով, բայց, իհարկե, եզակիները կհամարձակվեին դա անել, իսկ ավելի ճիշտ՝ ոչ ոք, թերևս միայն նշված բրազիլուհին։ 37-ամյա կինը գրեթե մեկ տարի 12-ամյա երեխա է ձևացել, ապրել նրան որդեգրել պատրաստ ընտանիքում, օգտվել այդ ընտանիքի և այլոց ֆինանսական աջակցությունից, հորինել ինչ-որ տարօրինակ պատմություններ, բուժվել այդ մարդկանց հաշվին, անգամ օգտվել մանկական շշից և ծծակից… Մի խոսքով՝ արել հնարավոր ու անհնարին ամեն ինչ՝ մեծական կյանքի բարդություններից խուսափելու և, որ ամենակարևորն է, ոչ մի վայրկյան չաշխատելու համար։ Չնայած նրա արածը պակաս բարդ աշխատանք չէ։ #PAN-ի այս կարդալիքից կիմանաք այդ զարմանահրաշ ու զվարճալի պատմության մանրամասները և կսովորեք՝ ինչպես անել չի կարելի՝

✍️ https://lav.pan.am/mariaeduarda


Անցնենք մեր իվենթներին․

🤘  Այս ընտրությունների դառնահամը չանցած՝ հայությունը և հատկապես դրա առավել աստվածավախ հատվածը հայտնվել է նոր արհավիրքի շեմին. Zhesht-ենց թեթև ձեռքով հունիսի 12–14-ին Երևանում՝ երեք տարբեր տեղում, կանցկացվի առաջին մեծ Highland Metalfest մետալ փառատոնը՝ https://o.pn.am/9Dy13H

🎸  Եթե ձեզ համար դա չափազանց ծանր երաժշտություն է, բայց այնուամենայնիվ հոգու խորքում մի քիչ «ռոքեր» եք, ամսի 18-ին գնացեք Արամ Խաչատրյան, որտեղ Սարգիս Մանուկյանն իր բենդի հետ կներկայացնի թեթև ու մելոդիկ «Երևանյան ռոք» ծրագիրը՝ https://o.pn.am/NUNXYZ

🎼  Ռոքն այն ժանրը չէ, որի հետ ասոցացվում է Արամ Խաչատրյան համերգասրահը. եթե նախընտրում եք դրա դասական վիճակը, ապա գնացեք ամսի 17-ին՝ վայելելու բեթհովենյան գեղեցիկ երեկոն՝ Սիմֆոնիկի կատարմամբ՝ https://o.pn.am/EFJ2dp

🎷  Բայց եթե այնուամենայնիվ նոր փորձառությունների սիրահար եք, հունիսի 16-ին նույն վայրում կարող եք լսել Կոմիտաս՝ ջազային մեկնաբանությամբ՝ Jazzical Komitas համերգային նախագծի շրջանակում՝ https://o.pn.am/mIHGch

🎹  Եթե խոսք է բացվում ջազի մասին, Ուլիխանյանից խուսափել չենք կարող. այստեղ ամսի 13-ին ելույթ կունենա Վահագն Հայրապետյան Տրիոն, որին կնվագակցի Տիգրան Հարությունյանը՝ https://o.pn.am/gElpIa

🎼  Այս ուրբաթ Առնո Բաբաջանյանում Մանսուրյանի անվան կոմպոզիտորների չորրորդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի Գալա համերգն է. առաջին անգամ կհնչեն եզրափակիչ անցած 6 կոմպոզիտորի ստեղծագործությունները՝ https://o.pn.am/qTAi3q

🎎  Հաջորդ օրն էլ Կամերային երաժշտության տանը կհնչի ճապոնական ավանդական երաժշտություն, ինչպես նաև կներկայացվի ճապոնական պար (միայն ճապոնական սրով սամուրայն է պակասում, if you know what we mean)՝ https://o.pn.am/M5YUtu

💜  Նույն օրը Կայարանի մշակույթի տանը կհնչի կորեական երաժշտություն, իսկ ավելի կոնկրետ՝ k-pop. BTS խմբի 13-ամյակին նվիրված այս համերգը նաև բարեգործական է՝ հաջակցություն քաղցկեղով հիվանդ երեխաների՝ https://o.pn.am/PXMSfd

🎻  Այդ օրերին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մարզային համերգներ է տալու. ամսի 13-ին նրանց կարելի է լսել Էջմիածնում ու Աշտարակում՝ https://o.pn.am/WVIGMC

🎶  Հաջորդ օրն էլ Հրազդանի ու Չարենցավանի բնակիչները կարող են վայելել համերգաշարը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի 105-ամյա հոբելյաններին՝ https://o.pn.am/IcwiCE


📢  Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ ամառն արդեն սկսվել է, ուստի լողավազանները հերթով բացվում են, և ամսի 13-ին կարող եք գնալ San Marco լողավազան՝ Atmos Pool Party-ի՝ լսելու հայկական փոփ և հիփ-հոփ՝ https://idram.app.link/Idram_PAN


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N205)


📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan