#ֆինանսաPAN
May 29

💸 #ֆինանսաPAN Weekly (94)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք ամենամեծ առևտրային ավելցուկ ունեցող երկրները. Առաջատարը, իհարկե, Չինաստանն է, որի արտահանումը $590 մլրդ-ով ավելի է ներմուծումից ու վերջին 30 տարվա մեջ ցուցանիշը մոտ 17 անգամ աճել է, մանրամասն՝ https://lav.pan.am/ig18


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 Երբ նոր աշխատանքի ընդունված կոլեգաներիդ քեզանից մի քանի անգամ բարձր աշխատավարձ են տալիս ու հայտարարում, որ ձեր օֆիսում միջին աշխատավարձն աճել է` հիշեք, որ սա ընդամենը վիճակագրական «խաբկանք» է, որը հաճախ կիրառվում է նաև տնտեսական ցուցանիշներ արտացոլելիս։ 2025-ի առաջին եռամսյակում Հայաստանը 5.2% տնտեսական աճ է ունեցել՝ հիմնականում շինարարության ու առևտրի աճի հաշվին, փոխարենը մեծ անկում է ապրել արդյունաբերությունը՝ մոտ 12%։ Վերջինս իրականում նախորդ տարիներին թռիչքաձև աճել էր, որովհետև «արդյունահանման» տակ Ռուսաստանից ներմուծվում էին ոսկերչական իրեր ու վերարտահանվում ԱՄԷ, իսկ երբ այս հոսքը դադարեց, ոլորտը սկսեց «անկում» ապրել… եթե 2023-2024-ի արդյունաբերական թվացյալ բումը չլիներ, չէր լինի նաև ներկայիս անկումը, և կունենայինք տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշ…


Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…

… ֆինանսներից

✂️ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթով ռուսական 20 բանկ կանջատվի միջազգային փոխանցումների SWIFT համակարգից, պատժամիջոցների տակ է ընկել նաև Nord Stream գազատարը, որով գազ էր մատակարարվում Գերմանիային՝ https://tinyurl.com/26edxejw

🚗 BYD-ի բաժնետոմսերն էլ մոտ 9% նվազել են, երբ ընկերությունը հայտարարել է մեքենաների գնի կտրուկ իջեցման մասին, ներդրողներն անհանգստանում են, որ էժան գների պայմաններում շահութաբերությունը կընկնի՝ https://tinyurl.com/3vxd6wyn

💰 Ավելի քան 240 միլիարդատեր է միացել Գեյթսի ու Բաֆֆեթի The Giving Pledge նախաձեռնությանն ու նվիրաբերել մոտ $600 մլրդ. շատերը խոստացել են անգամ ունեցվածքի կեսը նվիրաբերել հանուն կրթության, առողջապահության, կլիմայի և աղքատության դեմ պայքարի՝ https://tinyurl.com/2x64t3dr

… տնտեսությունից

🛢 Սաուդյան Արաբիան և Քուվեյթը նավթի նոր հանքավայր են բացահայտել համատեղ շահագործվող չեզոք գոտում, ու մինչ դուք դեռ չեք կարողանում կիսել պապիկի ժառանգությունը, երկրները հավասար կկիսեն հայտնաբերված նավթն ու դրա եկամուտը՝ https://tinyurl.com/d9dmanaz

🏆 Հնդկաստանը դարձել է աշխարհի 4-րդ խոշոր տնտեսությունը՝ առաջ անցնելով Ճապոնիայից. հիշեք, որ սա ոչինչ չի հուշում միջին վիճակագրական բնակչի բարեկեցության մասին։ Ըստ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի՝ Ճապոնիան 10 անգամ առաջ է Հնդկաստանից՝ https://tinyurl.com/443psb8s

🤳 TikTok-ն էլ որոշել է կրճատել ծախսերն ու աշխատակիցների այն թիմերին, որոնք ընկերությանն ուղիղ եկամուտ չեն բերում. աշխատակիցները հավանաբար կդառնան influencer-ներ ու կսկսեն մի քանի անգամ ավելի գումար աշխատել՝ https://tinyurl.com/yzxue7vz

… ֆինտեխից

⬆️ Ֆինտեխում 2025-ին ակնկալվում է աշխատակիցների մոտ 20% աճ. հաշվի առնելով ոլորտում տարածված խոշոր կիբերհարձակումները, անհրաժեշտություն է առաջանում ուժեղացնել պաշտպանությունը հատկապես այս ոլորտի մասնագետների ներգրավմամբ՝ https://tinyurl.com/2dz2yvvr

💳 Իսկ ԵՄ-ն, ոչ թե կիբեռհանցագործներին, այլ հենց Visa-ին և Mastercard-ին է կասկածում, ովքեր կարող են չարաշահել իրենց դիրքը՝ բարձր սակագներ գանձելով այլ երկրում կատարված գործարքներից. ընկերությունների դեմ հետաքննություն է սկսվել` https://tinyurl.com/2w2wtd4p

🏦 Revolut-ը որոշել է նաև Ֆրանսիայում բանկային լիցենզիա ստանալ, ու պատրաստ է $1 մլրդ ներդնել նպատակին հասնելու համար. այս պահին ֆինտեխ ընկերությունը որպես բանկ հանդես է գալիս Միացյալ Թագավորությունում ու Լիտվայում՝ https://tinyurl.com/z62mahwn

… կրիպտոյից

🥪 Թրամփի կրիպտոընթրիքը, որի համար ներդրողները մոտ $148 մլն էին ծախսել, շատերին է հիասթափեցրել. ըստ մասնակիցների, Թրամփը ոչ մի էական բան չի խոսել, իսկ ուտելիքն այնքան վատն էր, որ միակ համեղ բանը հացն ու կարագն էին` https://tinyurl.com/tu87njey

🌇 «Ծաղկաձորի մեկ օրվա հանգստի փոխարեն անշարժ գույք Դուբայում» շուտով կտեսնեք հայ բլոգերների գովազդներում. Դուբայում գործարկվել է առաջին թոքենացված անշարժ գույքի նախագիծը, որով կարող եք գնել գույքի բաժնեմասեր թոքենների տեսքով։ Ներդրման նվազագույն ծավալը լինելու է մոտ $500՝ https://tinyurl.com/m9wt98xj

🥈 Աշխարհի խոշորագույն ակտիվների կառավարիչ BlackRock-ը, մոտ 621,000 Bitcoin-ի տիրապետելով, դարձել է ակտիվի երկրորդ ամենախոշոր սեփականատերը՝ հետ մնալով միայն Սատոշի Նակամոտոյից, ով Bitcoin-ի խորհրդավոր ու անհայտ ստեղծողն է՝ https://tinyurl.com/mu882yud


🎥 Վերջում՝ բոնուս․ ի՞նչ է դեֆլյացիան կամ գների նվազումը, ինչու՞ է այն տեղի ունենում, ու ինչու՞ է չափից շատ գների նվազումը նույնչափ վտանգավոր տնտեսության համար, որքան գնաճը՝ https://tinyurl.com/mpa9j3at


🤟 Եվ հիշեք, եթե ուզում եք ձեզ հարուստ զգալ, հաշվեք այն բաները, որոնք ունեք ու հնարավոր չէ փողով գնել~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N93)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan