#մշակութաPAN
January 7

🖼️ #մշակութաPAN Weekly (184)

🌱  «Նոր տարի, նոր ես» կոնցեպտն արդեն վաղուց հանգիստ չի տալիս մարդկությանը։ Տպավորություն է, որ հունվարի մեկին բոլոր խնդիրները պիտի միանգամից լուծվեն, բոլոր հարցերի պատասխանները գտնվեն, կյանքն ավելի հեշտ, հարմար դառնա, մեր նպատակներն ու երազանքներն էլ ավելի հստակ  ուրվագծվեն։ Որոշում ենք փոխել ամեն ինչ ու միանգամից՝ առողջ սնվել, կարգավորել քնի ռեժիմը, սպորտով զբաղվել, նոր լեզու սովորել, նոր հոբբի ձեռք բերել, շաբաթը մեկ գիրք կարդալ։ Ու մեկ ամիս չանցած շատերի մոտ այս պատկերը կտրուկ փոխվում է։ Եթե չենք հաջողում այս կետերից թեկուզ մեկում՝ խաչ ենք քաշում նաև մյուսների վրա։ Իհարկե, կան նաև ուժեղ կամք ունեցող մարդիկ, որոնք «պայքարում» են մինչև վերջին կետը։ Բայց գուցե լուծումը շատ ավելի պա՞րզ է։  Գուցե փոքր քայլերի մեծ արդյո՞ւնքն է բանալին։ Նոր տարին այս մտքերով սկսելու արդյունքում մի պահ դադար տվեցինք ու հասկացանք, որ եթե հետահայաց ուսումնասիրենք արվեստի պատմությունը, ապա կնկատենք, որ այս «փոքր քայլերը» իրենց արդյունավետությունն ապացուցել են դեռ դարեր առաջ։ Արվեստագետները՝ տարբեր դարերում և մշակույթներում, ապրել են այն նույն խնդիրներով, որոնք այսօր մեզ են անհանգստացնում. Ինչպես չկորցնել կապը բնության հետ, ինչպես լսել սեփական մտքերը, ինչպիսի միջավայրում ապրել, ինչպես հասնել ստեղծագործ ազատության։ #PAN-ը պատմում է, թե ինչ առօրյա որոշումներ են կայացրել արվեստագետները, որոնք այսօր կարող ենք կիրառել մեր կյանքում ու վերջապես այլ կերպ ընկալել «նոր տարի, նոր ես» հասկացությունը՝

✍️ https://lav.pan.am/NYresolution


Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🏛️  Կերպարվեստից…

▪️  Չնայած ֆինանսավորման, պետական ճնշումների և մշակութային արդիականության շուրջ ծավալվող մտահոգություններին՝ 2026 թվականը թանգարանային աշխարհի համար խոստանում է լինել նոր հնարավորությունների տարի. Աշխարհի տարբեր երկրներում խոշոր մշակութային հաստատությունները կբացեն նոր մասնաճյուղեր, կվերակառուցեն հին շենքեր, արդյունաբերական տարածքները կվերածվեն ժամանակակից մշակութային կենտրոնների՝ https://tinyurl.com/yeya4t5k

▪️  Ինչպես էին հին վարպետները «կառավարում» դիտողի հայացքը. Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ կտավներում պատկերված ժեստերը ոչ միայն ուղղորդում են մեր ուշադրությունը, այլ երբեմն հայտնվում մեր հայացքի առանցքում։ Նյութը բացատրում է, թե ինչ հոգեբանական մեխանիզմների միջոցով են այս պարզ շարժումներն ազդում մեր ընկալումների վրա՝ https://tinyurl.com/yc8rkxy5

🇦🇲  «ՀայԱրտ» Կենտրոնում հունվարի 17-ից մինչև փետրվարի 14-ը կկայանա Ink and Silk ցուցահանդեսը. Այն միավորում է ճապոնական փայտափորագրություններ, Հոկուսայի մանգաներ և ավանդական կիմոնոներ՝ բացահայտելով թանաքի և մետաքսի, պատկերների և գործվածքների, արվեստի և ծեսի միջև գոյություն ունեցող երկխոսությունը ճապոնական մշակույթում` https://tinyurl.com/mr2ay3rx

🎬  Կինոյից…

▪️  Հարավային Կորեայում տարվա ամենաքննարկվող ֆիլմերից մեկը սեռական բռնության ենթարկված դեռահաս աղջկա մասին պատմող կինոնկարն է. Ու հետաքրքիրն այն է, որ մեծ լսարաններ գրաված ֆիլմի ռեժիսորը մինչև այս կինոաշխարհում ոչ այնքան հայտնի մեկն էր։ Ահա ինչպես է անկախ ֆիլմը դարձել տարվա ամենանշանակալի կինոպատմություններից մեկը` https://tinyurl.com/3dk8pbjs

▪️  2026 թվականը կարծես դառնալու է կինոյում ապագայի, հաճախ՝ մռայլ ապագայի խորհրդանիշը. Ինչ նախազգուշացումներ են փոխանցում ֆիլմերը և անկայուն, ճգնաժամային ու տեխնոլոգիաներից կախված այս շրջանում ինչ ընդհանրական ուղերձ կարող են ունենալ՝ https://tinyurl.com/2hcvvnpx

🇦🇲  Հունվարի 16-ին համաշխարհային համբավ ունեցող կոմպոզիտոր Հանս Ցիմերի երաժշտությունը կհնչի կենդանի և լիովին նոր ձևով՝ Mystery Ensemble-ի կատարմամբ. Այդ երեկոն ձեզ կտանի կինոյի սաունդթրեքերի աշխարհ՝ «Գլադիատոր», «Կարիբյան ծովի ծովահենները», «Միջաստղային ճամփորդություն» և բազմաթիվ այլ ֆիլմերից՝ https://tinyurl.com/yh8hhhfd

🎶  Ժամանակակից երաժշտությունից…

▪️  2025-ին արվեստի և փոփ մշակույթի սահմանները կրկին շատ աղոտ էին. Կարդացեք, թե ինչ կապ ուներ Ջոն Էվերեթ Միլլեն Թեյլոր Սվիֆթի նոր ալբոմի հետ ու ինչպես ֆրանսիացի գեղանկարիչ Ռենուարի կտավը հայտնվեց Վես Անդերսոնի ֆիլմում՝ https://tinyurl.com/ym632f6x

▪️  2026-ն էլ խոստանում է մշակութային առումով հագեցած ու բազմազան լինել՝ K-pop-ից ու ռեալիթի շոուներից մինչև մեծ էկրան և փոփ աստղերի մեծ վերադարձ. Այս A-Z ուղեցույցը մեկտեղում է սպասվելիք գլխավոր փոփ իրադարձությունները՝ https://tinyurl.com/yc6as78z

🇦🇲  Ջազային Շչելկունչիկ. Հունվարի 13-ին Չայկովսկու «Շչելկունչիկը» հնչելու է անսպասելի ձևաչափով. Երաժշտական բաթլի մասնակիցներ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ և Հայաստանի պետական ջազ նվագախումբ` https://tinyurl.com/45rsmf5w

🎻  Դասական երաժշտությունից…

▪️  Լոնդոնում անցկացվող Beare’s Chamber Music փառատոնն աստղային կազմի և վիրտուոզ կատարումների շնորհիվ վերածվել է երաժշտական տոնի. Ծրագրում՝ մեղեդային հարստությամբ և նուրբ ներդաշնակությամբ առանձնացող Շուբերտ և Շտրաուս՝ https://tinyurl.com/5n6eafb3

▪️  1995-ին կայացած համերգի դեռևս չհրապարակված ձայնագրության «բացահայտումը» լավ առիթ է վերադառնալու իտալացի օպերային երգիչ-տենոր Լուչանո Պավարոտտի լեգենդար կարիերայի առաջին տարիներին ու հասկանալու, թե ինչպես Պավարոտտին դարձավ բոլոր ժամանակների ամենահաջողակ օպերային տենորներից մեկը՝ https://tinyurl.com/2y65ayh6

🇦🇲  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հրավիրում է տոնական երեկոյի` կախարդական հնչյունների և վիեննական դյութիչ միջավայրի ներքո. Հունվարի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Յոհան Շտրաուսի հանրահայտ վալսերը նրբագեղ պարերի ուղեկցությամբ կհնչեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ` https://tinyurl.com/yp5ef634

📷  Լուսանկարչությունից…

▪️  1950-ականներին արված այս լուսանկարներում ԽՍՀՄ զինվորները Սիբիրում կերակրում են սոված սպիտակ արջերին. Այսօր արդեն այս լուսանկարը դարձել է սառը պատերազմի դարաշրջանի, երկաթի վարագույրի և մարդկային հարաբերությունների մասին քննարկումների առիթ` https://tinyurl.com/bdehzs2t

▪️  Լուսանկարիչ Ջեմի Փրայսը որոշել է հրաժարվել բարձր տեխնոլոգիաներից և Formula 1-ի մրցարշավները նկարահանել պարզ, միանգամյա օգտագործման ժապավենային ֆոտոխցիկներով. Մինչև 10 դոլար արժողությամբ այս «հնացած» խցիկները նոր դիտանկյուն ու անսպասելի արդյունք են ցույց տվել՝ https://tinyurl.com/3kp53u9t

🇦🇲  1932-ին արված Behind the Gare Saint-Lazare լուսանկարը համարվում է փողոցային լուսանկարչության ամենահայտնի կադրերից մեկը. Բայց այս հոդվածն այլ բանի մասին է` այն բացահայտում է, թե ինչպես կադրը ստեղծելու համար լուսանկարիչը ստիպված եղավ խախտել իր իսկ սահմանած խիստ կանոնները՝ https://tinyurl.com/bdhde97m


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N183)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan