Երբ կենդանին դառնում է հերոս. 10 ֆիլմ, որոնց գլխավոր դերում կենդանիներ են
Կինոյում կենդանիները հաճախ հայտնվում են որպես երկրորդական կերպարներ` խորհրդանշելով նվիրվածությունը, վայրիությունն ու բնազդները։ Սակայն երբեմն ամեն ինչ ճիշտ հակառակն է. հենց կենդանին է դառնում գլխավոր հերոս, իսկ մարդը, եթե անգամ կողքին է, ծառայում է զուտ որպես ֆոն կամ կատալիզատոր պատմության համար։ Այդպիսի ֆիլմերը ոչ այնքան կենդանիների մասին են, որքան նրա, թե ինչպես է մարդը փորձում կենդանու միջոցով հասկանալ ինքն իրեն, իր փխրունությունը, դաժանությունը կամ էմպատիայի կարողությունը։
PAN-ը պատմում է 10 ֆիլմի մասին, որոնցում կենդանիները ոչ թե ուղղակի գործող անձինք են, այլ պատմության կենտրոնական ֆիգուրներ։
«Հոսք» (Flow, 2024)
Նախորդ տարի այս ֆիլմն արժանացավ «Օսկար» մրցանակի` «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։ Այստեղ չկան ոչ երկխոսություններ, ոչ սովորական սյուժե. ուղղակի կատուն ճամփորդում է կործանված աշխարհով, որում ջնջվել են սահմանները կյանքի ու մահվան, բնության ու տեխնոլոգիաների միջև։
Երիտասարդ լատվիացի ռեժիսոր Գինտս Զիլբալոդիսի ֆիլմն այնպիսի կրքոտ սիրո խոստովանություն է կյանքին (կյանքին ոչ միայն ապրելու, այլ ավելի լայն` կենսաբանական իմաստով), որ Կաննի կինոփառատոնին ֆիլմի ցուցադրությունը հիացմունքի ալիք էր բարձրացրել։ Ինչը զարմանալի չէ. մենք ապրում ենք ռացիոնալիզմի ու ցինիզմի դարաշրջանում, երբ կենտրոնականը մեր իսկ խոտանների անալիզն է։ «Հոսքը» շատ ավելի խորն է վերլուծում մեր կենսական սկիզբը, կենսաբազմազանությունը, որպես իրական հրաշք, որպես միմյանց հետ սերտորեն կապված համակարգերի կտրվածք, ու պատմում է սքանչելի պատմություն կենդանիների լեզվով, բայց մարդկանց մասին։
Կարդացեք նաև` «Երբ բնությունը հարձակման է անցնում. Մահաբեր կենդանիները` կինոյում»
«Լավ տղա» (Good Boy, 2023)
Բեն Լեոնբերգը իր դեբյուտային աշխատանքի գլխավոր դերը վստահել է իր իսկ շանը` Ինդի նոր շոտլանդական ռեթրիվերին։ Ֆիլմը նկարված է շան տեսանկյունից, տեսախցիկը շան աչքերի մակարդակով է, իրադարձությունները ծավալվում են շան գիտակցական ֆենոմենոլոգիայում։ Տեխնիկապես զարմանալի ու տպավորիչ այս սարսափ ֆիլմը բոլորովին էլ զգայուն մարդկանց համար չի։ Եթե սպասում եք կինո «շունիկի» մասին, ապա կտեսնեք ծանր, մռայլ, դեպրեսիվ ու ընկճող մղձավանջ, խիստ ցավոտ այն թեթև տանելու, ու չափազանց տխուր` Ինդիի խաղով ոգևորվելու համար։
Այդուհանդերձ, ֆիլմում առանցքայինը հավատարմության թեման է, ու այն, ինչպես մշտական լույս խավարում, ցույց կտա ճանապարհը։
«Արջը» (The Bear, 1988)
Ժան-Ժակ Աննոն նկարել է «Արջը» գրեթե ինչպես վավերագրական ֆիլմ` իրական կենդանիներով, բառերի նվազագույն քանակությամբ ու արջերի աշխարհի մասին լիարժեք էմպատիայով։
Որբացած քոթոթն ու հասուն արուն վերածվում են յուրահատուկ Դոն Քիշոտի ու Սանչո Պանսայի վայրի բնության մեջ։ Մարդն այստեղ գրեթե պետք չի. նրա ներկայությունը ներխուժում է, աղմուկ, վտանգ։ «Արջը» այն քիչ ստեղծագործություններից է, որում կենդանին մնում է կենդանի` չվերածվելով խորհրդանիշի կամ մետաֆորի։
«Օկչա» (Okja, 2017)
Օսկարակիր կորեացի ռեժիսոր Պոնգ Ջուն Հոն միավորում է բնապահպանական առակը կորպորացիաների հասցեին երգիծանքի հետ։ Օկչա անունով հսկա արարածը հրեշ չի, այլ անմեղ կենդանի, կիսով չափ խոզ, կիսով չափ` առասպելական ընկեր։
Օկչայի ճակատագիրը ցույց տալու միջոցով ֆիլմը խոսում է կապիտալիզմի, բիոէթիկայի ու ընկերության մասին, որը չի ենթարկվում շուկայական տրամաբանությանը։ Ու չնայած շուրջբոլորը մարդիկ են իրենց գաղափարախոսությամբ ու պատերազմներով, կենտրոնում կենդանու հայացքն է, որն ընդամենը ուզում է ապրել ու վերադառնալ տուն։
«Բեյբ», (Babe, 1995)
Ջորջ Միլլերի ֆիլմն առաջին հայացքից մանկական հեքիաթ է խոսող խոզուկի մասին։ Սակայն իրականում սա ծայրահեղ նուրբ ֆիլմ է ինքնաճանաչման, ինքնորոշման թեմայով։
Բեյբ անունով խոզուկը երազում է հովվաշուն դառնալու մասին ու կարողանում է գտնել իր տեղն աշխարհում։ Ի տարբերություն ժամանակակից շատ ֆիլմերի, «Բեյբը» խուսափում է խրատականությունից. սա պատմություն է տարբերվելու ու արժանապատվության մասին, պատմված առանց ավելորդ պաթոսի, սակայն հազվագյուտ ջերմությամբ։
«Սպիտակ աստված» (White God, 2014)
Հունգարացի ռեժիսոր Կոռնել Մունդրուցոյի հակաուտոպիան ցույց է տալու մարդկանց դեմ շների ապստամբությունը։ Սյուժեն, որում կենդանիները վազում են Բուդապեշտի փողոցներով, ուղղակի տպավորիչ թրիլլեր չի։
Սա քաղաքական մետաֆոր է դասակարգային բռնության, վտարվածների ու հալածանքների մասին։ Ու գլխավորն այստեղ այն է, որ շները նկարված են առանց հատուկ էֆեկտների, ու նրանց հայացքները, թվում է, իրոք մարդկային են։ «Սպիտակ աստվածը» ստիպում է հանդիսատեսին սարսափել ոչ թե կենդանիներից, այլ նրանից, թե ինչպես է մարդկությունը նրանց վերաբերվում։
«Պինգվինների քայլերթը» (March of the Penguins, 2005)
Լյուկ Ժակեի ֆիլմը դարձավ անսպասելի հիթ. կայսերական պինգվինների ամուսնական միգրացիայի մասին վավերագրական ֆիլմը ավելի ուժեղ է ազդում, քան շատ դրամաներ։
Տեսախցիկը հետևում է թռչուններին անտարկտիկական սառցե դժոխքում, որտեղ յուրաքանչյուր շարժում կենաց ու մահու կռիվ է։ Իր ամբողջ վավերագրականությամբ հանդերձ, «Պինգվինների քայլերթը» ընկալվում է որպես գեղարվեստական ֆիլմ. յուրաքանչյուր պինգվին օժտված է բնավորությամբ, կամքով, սիրով։
«Սպիտակ ժանիք» (White Fang,1991)
Ռենդալ Քլայզերի ֆիլմը այն քիչ օրինակներից է, թե ինչպես կարող է մարդու ու կենդանու մասին արկածային կինոն միաժամանակ լինել ռեալիստիկ, էմոցիոնալ ու քաղցրմեղցրությունից զուրկ։ Ջեք Լոնդոնի համանուն երկի վրա հիմնված ֆիլմը պատմում է կեսգայլ-կեսշան մասին, ում կյանքն անցնում է երկու աշխարհների` վայրի բնության ու մարդկանց միջև։ Նրա տերը` երիտասարդ հետազոտող, աստիճանաբար սովորում է հասկանալ կենդանուն, սակայն իսկական հերոսը մնում է հենց Սպիտակ ժանիքը. հենց նա է անցնում ճանապարհը վայրի միայնությունից վստահություն, վախից` ազատություն։
Այստեղ ընտելացումը չի ներկայացվում որպես քաղաքակրթության հաղթանակ։ Հակառակը, ֆիլմը շեշտում է, որ ընտելացումը հնարավոր է միայն հարգանքի, այլ ոչ թե իշխանության միջոցով։ Բնությունը ֆիլմում նկարված է գրեթե վավերագրական հզորությամբ. սառը Ալյասկան, կտրուկ լույսը, ձյան ճռթոցը թաթերի տակ։ Ու այս ամենը ոչ թե ֆոն է, այլ հերոսի ներքին աշխարհի շարունակությունը։ «Սպիտակ ժանիքը» մնում է այնպիսի ֆիլմի հազվագյուտ օրինակ, որում կենդանին իրոք ապրում է, զգում ու որոշում, ոչ թե որպես մարդու մետաֆոր, այլ որպես ինքնուրույն արարած, որը մարդուն հավասար է։
«Շների կղզին» (Isle of Dogs, 2018)
Ուես Անդերսոնը շներին վերածում է փիլիսոփաների։ Աղբային կղզի վտարված շները մտորում են ազատության, արդարության ու իշխանության էության մասին։
Ամբողջ վիզուալ կոնստրուկցիան թատերական ու պայմանական է, սակայն հենց սա է թույլ տալիս դիտարկել կենդանիներին որպես մտածողներ, այլ ոչ թե որպես փափլիկ կենդանիներ։ «Շների կղզին» ոչ թե շների, այլ մարդկայնության մասին է, որը պահպանվել է միայն նրանց մոտ։
«Բալտո» (Balto, 1995)
Պատմություն, հիմնված իրական իրադարձությունների վրա. կիսով չափ գալյ, կիսով չափ հասկի Բալտոն Ալյասկայում փրկել է երեխաներին` բքի միջով պատվաստանյութը հասցնելով քաղաք։
Պարզ, բայց անկեղծ պատմություն խիզախության, բնազդի ու հավատարմության, վախի ու վստահության միջև ներքին պայքարի մասին։ Ի տարբերություն 90-ականների շատ անիմացիոն ֆիլմերի, «Բալտոն» խուսափում է բարոյախրատական ճառերից ու մնում արկածային կինո` նկարված մեծ սրտով։ Այստեղ հերոսն իրոք հերոս է, ոչ թե սյուժեի ֆունկցիա։