#մշակութաPAN
September 20, 2022

Ինչպես համաշխարհային նորաձևության մեջ մնացին Դալիի մուսա Սկիապարելլին և կույս թագուհի Եղիսաբեթը

Գեղեցիկը պատմելու այս յուրօրինակ ձևը՝ նորաձևությունը, թեթև ակնարկ է իր ժամանակի բարքերին ու կարգերին․ PAN-ն այս անգամ ձեր ուսերին բարոկկոյով ոգեշնչված կոստյում է գցելու ու առաջարկելու շրջել եղիսաբեթական Անգլիայով, Վերածննդի կտավներով, նորաձևության շաբաթների պոդիումներով ու հետքերով։
Զգացեք ձեզ այնպես, ինչպես Աննա Վինտուրը սեպտեմբերյան Vogue-ը կարդալիս՝ ազատ։

Նորաձևությունը (չշփոթել սպիտակ T-shirt-ի վրա անանաս կամ սեփական անձը տպելու հետ) մեծ ազդեցություն է ունեցել մշակույթի պատմության վրա ու ազդվել այդ նույն պատմությունից։

Ընդհանրապես, նորաձևության շատ հայտնի տներն իրենց ամուր թելերով են կապում դիցաբանության, արվեստի, հատկապես՝ կերպարվեստի, դիզայնի, ճարտարապետության հետ՝ դրանով կարծես ևս մեկ անգամ ամրապնդելով հեղինակությունն ու հղում անելով հեղինակություններին։

Ու մեր սիրած ձևերով՝ նախ առասպելներով․ Versace-ն, օրինակ, իր լոգոն ստեղծելիս ոգեշնչվել է Հելլենական աշխարհից ու հիմնվել հունական դիցաբանության վրա։ Բարոկկոն պոդիում բերած ապրանքանիշերից մեկի լոգոն պատկերում է Մեդուզա հրեշավոր կնոջը, որն իր հայացքով քարացնում էր աչքերին նայող ամեն շնչավորի։ Ըստ առասպելի՝ Մեդուզան գեղեցկությամբ ուզում էր մրցել Աթենասի հետ, բայց այդ հանդգնության համար պատժվում է, գանգուրները գլխին օձ են դառնում։ Գորգոնյան Մեդուզային այս պատմության վերջում սպանում է Զևսի որդին՝ Պերսևսը՝ աստվածների անմիջական օրհնությամբ ու օգնությամբ։

Հետաքրքիր հեգնանքով Versace տան պատմության մեջ էլ արյուն կա․ Versace-ի հայր Ջիանի Վերսաչեի սպանության մասին՝ առնվազն երեք ամենահայտնին՝ մաֆիան է, ընտանիքը կամ մոլագարը։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԱՐՎԵՍՏ, ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ

Այն որ միջնադարյան արվեստի բազմաթիվ գործեր կարող են ոգեշնչման աղբյուր լինել, ոչ ոքի չի զարմացննի, բայց այն որ Հիերոնիմոս Բոսխի կտավներն են fashion-inspiration, միգուցե, նորություն է շատերի համար։ Բոսխն իր արժանի տեղը կարող էր ունենալ մեր սարսափելի գեղեցիկում, բայց նրան ուրիշ կողմից բացահայտելու առիթ կա։

Միջնադարյան ֆանտաստիկայի մռայլ ասպետի ամենաառեղծվածային կտավներից մեկը՝ «Երկնային վերելքների այգին», մեկ անգամ չէ, որ դիզայներների ոգեշնչման առարկան է դարձել, ամենահայտնիները, սակայն, Alexander McQueen-ը, Valentino-ն, Gucci-ն են։

Ի դեպ, «Երկնային վերելքների այգին» այս կտավի իրական անունը չէ․ կտավն այդպես կնքել են հետազոտողները, նկարչի տարբերակի մասին տվյալներ չեն պահպանվել։

Նորաձևության մեջ լայնորեն են օգտագործվում նկարիչների կտավները, դրանցից ընտրված դետալներն ու մշակութային մյուս ներշնչանքները․ Կլիմտի «Համբույրից» մինչև Բյուզանդիա, հելլենիզմից մինչև ժամանակակից արվեստ, աբստրակտ, pop art՝ նորաձևությունը սահման ու սահմանափակում չունի։

ԻՆՉՊԵՍ ԿՈՒՅՍ ԹԱԳՈՒՀԻՆ ՀԱԳՑՐԵՑ 16-ՐԴ ԴԱՐԻ ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐԻՆ ՈՒ ՄԵՐՕՐՅԱ ՄՈԴԵԼՆԵՐԻՆ

Եղիսաբեթ 1-ինը (1533-1603թթ), անշուշտ, իր ժամանակի ու նորաձևության պատմության սիմվոլներից մեկն էր ու, եթե կուզեք, «իմիջմեյքերը»: Կույս թագուհին լավագույնս հագուստն օգտագործում էր իր անձի շուրջ դիցաբանական հզոր միֆեր ստեղծելու, իր աստվածային էությունն ու գահակալությունն ընդգծելու՝ «օծելու» համար։

Ձերդ վսեմափայլություն Եղիսաբեթն ամուսնացած չէր, իր «հավերժական կուսության» ու Անգլիայի հետ սիմվոլիկ ամուսնության թեման թագուհին պրոպագանդիստական նյութ էր սարքել․ այս թեման մտել էր նաև ժամանակի գրականության, գեղանկարչության մեջ՝ արտահայտելով նրա անբիծ կերպարը։ Ի դեպ, Եղիսաբեթ 1-ինի կառավարման տարիներն Անգլիայի Ոսկե դար են հաճախ համարում՝ մշակութային ու քաղաքական իմաստներով։

Հենց եղիսաբեթյան ժամանակաշրջանի հագուստներում է ակնհայտ դառնում՝ այն այլևս միայն մարմինը ծածկելու համար չէ․ արտահայտվում է կրողի դիրքը, ճաշակը, հարստությունը, հեղինակությունը։

Եղիսաբեթի կերպարն իր ժամանակի բոլոր դիմանկարներում շքեղ է՝ որքան հնարավոր է, թանկ, ինչպես կարելի է միայն թագուհուն․ ասեղնագործություն, մարգարիտներ, թանկարժեք քարեր ու կտորներ, և, իհարկե, Թյուդորների տան հայտնի Tudor Ruff-ը (շատ «փրփրած»՝ ծալքերով օձիքները, որոնք կրում էին և՛ կանայք, և՛ տղամարդիկ՝ վիզը, ուսն ու կուրծքը փակելու համար) թագուհու կերպարի անբաժան մասն էին։
Ի հակադրություն իր կերպարի շքեղության՝ հենց Եղիսաբեթի օրոք «շքեղության սահմանափակման» օրենք հաստատվեց։

1574-ին թագուհին ստորագրեց այն՝ նպատակ ունենալով սոցիալական հստակ կառուցակարգեր ամրապնդել․ օրենքը սահմանեց, թե ով ինչ կարող էր կրել։
Թագուհին կարծում էր, որ հագուստը պետք է համապատասխանի, բայց չգերազանցի «մարդու կարգավիճակը»։ Բամբակը, բուրդն ու կաշին մնացին ստորին դասակարգի համար, աշխատավորները կարող էին իրենց գույնզգույն հագուստներ թույլ տալ, իսկ այ luxury-ն՝ թանկարժեք ու էկզոտիկ մետաքսները, թավիշները, ժանյակները, արդուզարդը շոյելու էին միայն դիրք ունեցողների մարմինը․ ասպետներից սկսած կոմսերով ավարտած՝ հագուկապից կարելի էր հասկանալ՝ ով՝ ով է։

Ասում են՝ Եղիսաբեթը ոչ միայն սեփական հագուստն էր հատուկ ընտրում, այլև իր շրջապատից պահանջում էր լինել ոճային, իսկ արքունիքում թագուհու աչքը շոյելու համար կարողություններ էին ծախսվում։

Ի դեպ, կարողության մասին․ Եղիսաբեթը 2000 զգեստ ուներ, բնականաբար՝ բոլորը թանկարժեք քարերով։ Թագուհու զարդատուփում (եթե կարելի է խիղճը կորցնել ու դա «զարդատուփ» անվանել) 628 զարդ է եղել։ Ընդհանրապես, Եղիսաբեթը beauty queen-ն էր ու, եթե նրա օրոք British Vogue լիներ, անհամեստություն չհամարվի, ամեն ամիս ամսագրի շապիկին հենց ինքն էլ հայտնվելու էր՝ կարմիր մազերով, արհեստականորեն ընդգծված երակներով ու թաքցրած պեպեններով։ Fashion-icon թագուհուն կրկնօրինակելու թրենդը պատճառ դարձավ, որ 16-րդ դարի կանայք գտնեն մազերը գունաթափելու ու ներկելու մեթոդներ, կրեն կարմիր կեղծամներ (որոնք, ի դեպ, թագուհին էլ է կրել)։ Իսկ երբ Եղիսաբեթն արդեն ծեր էր ու մեծ կրքով քաղցր էր ուտում՝ վնասելով ատամները, շատ կանայք սկսեցին արհեստականորեն սևացնել իրենց ատամները՝ կրկին թագուհուն նմանվելու համար։

Թյուդորների վերջին միապետի ոճը նրա մահից մոտ 500 տարի անց էլ դեռ թրենդային է․ այն վերականգնել, դրանից ոգեշնչվել ու իրենց հավաքածուներում են ներառել Alexander McQueen-ը (նկարում), Valentino-ն, Vivienne Westwood-ը։

Թագուհու ժամանակաշրջանի հագուստներից են ոգեշնչվել նաև հայտնի Game of Thrones սերիալի դիզայներները։

Իհարկե, Եղիսաբեթն ազդեցիկ նշանակություն է ունեցել 16-րդ դարի նորաձևության վրա, ձևավորել ու թելադրել գեղեցկության չափանիշներ, բայց նրան միայն այսպես ու այսքանով դիտարկել պետք չէ․ նա նաև ռազմի թագուհի է եղել, գահին 44 տարի է անցկացրել, ռազմական մի շարք նվաճումներ ունեցել՝ ներառյալ նաև Իսպանական Արմադան։

ՍՅՈՒՌԵԱԼ․ SCHIAPARELLI ԵՎ ԴԱԼԻ

Էլզա Սկիապարելլիի անունը 20-րդ դարի նորաձևության մեջ bold-ած է՝ որպես համարձակ, էքսցենտրիկ, կրեատիվ, արվեստով ոգեշնչված, արվեստն էքսպերիմենտած սյուռեալիստ դիզայների։

Էլզան ծնված օրից իտալական արիստոկրատիայի ներկայացուցիչ էր։ Նրա ընտանիքը ոտք ու գլխով էր beau monde. հայրը գիտնական էր, հորեղբայրը՝ աստղագետ Ջովանի Սկիապարելլին էր, որը հայտնաբերել է «Մարսի ջրանցքները»։ Ինքը՝ Էլզան փիլիսոփայական կրթություն էր ստացել ու անմիջական շփում ուներ ժամանակակիցների հետ՝ պոետներ, փիլիսոփաներ, նկարիչներ, լրագրողներ։
Էլզա Սկիապարելլիին մինչ օրս էլ շարունակում են համարել 20-րդ դարի ամենահամարձակ սյուռեալիստը՝ Sorry, Dali ասելով։

Ասում են՝ մանուկ հասակում Էլզան այնքան է ցանկացել մեծ քրոջ նման գեղեցիկ լինել, որ մի օր իրենց այգեպանից ծաղկի սերմեր է խնդրել ու ցանել բերանում, քթի և ականջների մեջ՝ հույս ունենալով, որ իր դեմքը կծաղկի «երկնային պարտեզի պես»։ Փոխարենը՝ քիչ է մնացել խեղդվի։ Վարկած կա, որ Սկիապարելլիի այս պատմությունն է հիմք հանդիսացել Սալվադոր Դալիի «Վարդերի գլխով կինը» (Woman With A Head Of Roses, 1935) կտավի համար։

Սկիապարելիի ու Դալիի համագործակցությունը, սակայն, ավելի խորը, փոխադարձված արմատներ է ունեցել միմյանց ստեղծագործական կյանքի վրա։ Նրանք հանդիպել են 1930-ականների Փարիզում, երբ նկարիչը սկսնակ սյուռեալիստ էր, դիզայները՝ հայտնի և միայնակ մայր: Նրանց միավորողը գաղափարական հանգամանքներն էին՝ երկուսն էլ հետաքրքրված էին կլասիցիզմով, տարված՝ սյուռեալիզմով, իրենց աշխատանքում տեխնիկապես գրագետ էին, երևակայության մեջ՝ միֆական, իրականության մեջ՝ հեգնոտ և շոկային։

20-ականների վերջին Սկիապարելլիի անունը հայտնի ու զանգվածային դարձավ կուլտային՝ բանտով սվիտերների պատճառով։ 1927-ին 37-ամյա Սկիապարելլին Փարիզում ծանոթանում է հայ փախստական Արուսյակ Միքայելյանի հետ. պատահական հանդիպումից նրանք ստեղծում են Vogue-ի էջերում հայտնված դիզայնով սվիտեր։

Դալիի ու Սկիապարելլին առաջին համագործակցությունից ծնվել է դիմափոշու պատյան, որն ուներ 30-ականների հեռախոսի թվատախտակի տեսք։

Հետագայում ստեղծագործական զույգն աշխատել է՝ գեներացնելով բազմաթիվ նորարար գաղափարներ՝ ժամանակի նորաձևության ու արվեստի համար։ Դրանցից ամենահայտնին, թերևս թանգարանի նմուշ Lobster զգեստն է, որ ցուցադրում է 20-րդ դարի արվեստի ու նորաձևության կապը։

Այս զգեստը 1937-ին կրել է Մեծ Բրիտանիայի նախկին թագավոր Էդուարդ 8-րդի կինը՝ Ուոլիս Սիմփսոնը (հենց այն կինը, որի պատճառով Էդուարդը գահը թողել էր դեռ 1936-ին), ու հայտնվել Vogue ամսագրի էջերում։

Սկիապարելլի-Դալի համագործակցության մյուս պտուղը կոշիկ-գլխարկներն էին։ Ասում են՝ սրա միտքը Դալիինն էր․ նա մի անգամ կնոջ գլխին կոշիկ է դրել, նկարել, հետո թեման դիզայնի վերածել Սկիապի հետ։

«Ինձ համար հագուստի դիզայնը մասնագիտություն չէ, արվեստ է»,-ասում էր Սկիապարելլին։

Բայց գլխին կոշիկ դնելը Fashion-fetish-ի ուղղությամբ են տանում՝ համենայն դեպս, կոշիկների վիրտուալ թանգարանում։

Դալին մի անգամ նկարագրել է, թե ինչպես է Սկիապարելլիի դիզայնը «ստեղծում կանացիության մի տիպ, որ համապատասխանում է տղամարդու էրոտիկ երևակայությանը»։ Սկիապարելլիի հագուստները, մեծ հաշվով, կնոջ մարմնի ընդգծված փառաբանություն էին՝ առանց մի գրամ մերկության։

Կոշիկ-գլխարկն ուղղակի «խենթ միտք-նորարարություն» մեկնաբանելը, իհարկե, դիլետանտ վերաբերմունք է 20-րդ դարի ամենախորը հոգով արտիստներից երկուսի հանդեպ։ Սյուռեալիստական արվեստի գծով գիտական աստիճան ունեցող և Սկիապարելլիի արվեստն ուսումնասիրած Սաբինա Սթենթն առաջարկում է թեմային կանացին ֆետիշացնելու տեսանկյունից նայել՝ «բարձրակրունկ-սեքսուալություն» կոնտեքստով։

1937-1938-ի ձմեռային գլխարկների օրինակով կարող ենք տեսնել՝ ինչպես է Սկիապարելլին շրջել կանացի իդեալն ու գլուխը դարձրել «ցանկության առարկա»՝ դրանից բխող բոլոր ինտրիգներով, ասոցիացիաներով:

Սկիապարելլիին նորաձևությանն ու սյուռեալիստական արվեստին հսկայական ժառանգություն է փոխանցել՝ զգեստներ, աքսեսուարների թանգարանային հավաքածու, պարֆյում, նախանձելի վառ վարդագույն, կենդանակերպի նշաններից ոգեշնչում, ոսկեզօծ ականջներ ու մատներ, աչքեր և կուրծք, օվերսայզ զարդեր ու բոլոր ժամանակների մեջ տեղավորվող հարուստ, վառ, գունեղ, համարձակ մտքեր ու ոգեշնչումներ։

Սկիապարելլիի հագուստների կմախքները Դալիով էին ոգեշնչված, Դալիի կանացի սիլուետները՝ Էլզայի զգեստներով․ այս գործակցության մեջ ամենասկզբում հանճարեղ փոխշահավետություն կար՝ Դալին մուտք էր գործում փարիզյան բարձր հասարակություն, Սկիապարելլին ստանում էր խելահեղ մտքերի տարափ։ Ասում են՝ Դալի+Սկիապ ստեղծագործական դուետը 30-ականների Փարիզի հիթն էր, որը մեծ ճանաչում ուներ համաշխարհային արվեստում ու բազմաթիվ մրցակիցների, այդ թվում՝ Կոկո Շանելի կողմից այնքան տենչալի փառքի հասցեատերն էր։

Չնայած Շանել-Սկիապարելլի հակասությունները միայն բանավոր էին, բայց մի անգամ քիչ էր մնում Կոկոն Էլզային կրակը գցեր՝ ուղիղ իմաստով։ Երկրորդ համաշխարհայինից առաջ պարահանդեսներից մեկի ժամանակ Շանելը ծառի պես հագնված Էլզային պարի հրավիրելու պատրվակով ուղեկցում է մոմերով լուսավորվող ջահի կողմը․ հյուրերը բռնկվող Սկիապարելլիին (նրա զգեստը) գազավորված ջրով են հանգցնում։

Այս բռնկուն տիկնայք միմյանց անունը տալ էլ չէին ուզում․ Կոկոն Էլզային ասում էր «այդ իտալացին», Էլզան՝ Կոկոյին՝ «գլխարկ սարքողը»։

Էլզա Սկիապարելլին առաջին կին դիզայներն է, որը հայտնվել է TIME ամսագրի շապիկին։

Երկրորդ համաշխարհայինից հետո, սակայն՝ 1954-ին, նրա նորաձևության տունը փակվեց, վերաբացվեց միայն 2013-ին։ Հիմա Schiaparelli-ի կրեատիվ տնօրեն Դանիել Ռոսբերին է շարունակում Էլզայի մտքի թելը։ Schiaparelli կրում են թոփ աստղերը՝ Բեյոնսեն, Ադելը, Լեդի Գագան, Զենդայան, Բելլա Հադիդը։

Ի դեպ, Դալիի ու նորաձևության կապը Սկիապարելիի հետ գործակցությամբ չի ավարտվել։ 1944-ի Vogue-ի ապրիլյան համարի շապիկը, օրինակ, Դալիի աշխատանքն է։

Եվ չնայած վատատեսական պնդում-կարծիքներին, թե Haute couture-ը կարող է մեռնել, արվեստի ու նորաձևության ամուր, իրար նոր շունչ տվող ու իրարով ոգեշնչվող այս կապերը, գուցե, գալիս են ապացուցելու, որ հավերժական թեմաները, պատմություններն ու գաղափարներներն ավելի շուտ վերածնվում են, քան ընդհատակ անցնում ու կորչում։ Եվ, որ գեղեցիկը մեռնել չի կարող․ այն գաղափար է, որը շոշափելի դարձնելու ցանկությունից գոնե մի սիրտ, հոգի ու բիզնես-պլան կայրվի․ Schiaparelli-ի վերակենդանացումը վկա։


✍ Անահիտ Հակոբյան / PAN