#մշակութաPAN
October 4, 2023

Մեռած Էսկոբարը՝ կտուրին, մարմնեղ տիկնայք՝ երևակայությանը․ Բոտերոն, մաֆիոզներն ու տիկնայք 

Սեպտեմբերի 15-ին 91 տարեկանում Մոնակոյի իր տանը մահացավ լատինամերիկյան ժամանակակից արվեստի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Ֆերնանդո Բոտերոն։

Երևանում` Կասկադի տարածքում, Բոտերոյի 3 գործ կա՝ «Կատուն», «Հռոմեացի զինվորը» և «Ծխող կինը»։ Հնարավոր է՝ կոլումբացու անունը հենց այս գործերի շնորհիվ է հայտնի այստեղ, բայց առաջարկում ենք նայել ուրիշ ուղղությամբ՝ տեսնելու, թե էլ ինչ կա։

Հումորը, հայրենիքը, սարկազմը, լուրերը, մարմնեղ կերպարներն ու շատ հյութեղ քանդակները կոլումբացի Ֆերնանդո Բոտերոյի արվեստի մի մասն են։

Քանդակագործ, ֆիգուրատիվ արտիստ Բոտերոյի ոճն այնքան յուրահատուկ, բնութագրական ու ընդգրկուն է, որ այն նկարագրելու համար նույնիսկ հատուկ եզրույթ կա՝ բոտերիզմ։ Սա այն ոճն է, երբ արտիստը կենտրոնանում է ծավալի և ձևի վրա՝ արտահայտելու իր քաղաքական քննադատությունը, հումորն ու վերջապես ինքն իր զգացմունքներն ու զգացողությունները։

Ֆերնանդո Բոտերոն է

Բոտերոն համարվում է Լատինական Ամերիկայի ժամանակակից արվեստի ամենաճանաչելի կերպարը, իր հայրենիք Կոլումբիան ներկայացնող ամենահայտնի դեմքերից մեկը (գոնե արվեստի աշխարհում), բայց նրա գործերը գտնել կարող եք աշխարհի տարբեր անկյուններում՝ Նյու Յորքից մինչև Փարիզ ու Երևան։

Բոտերոյի՝ ծավալի, տարածության ու ձևի խիստ ճանաչելի «շարժումները», չափազանցված մարմնակազմությունը, ժամանակակից գեղեցկության չափանիշներով, գուցե դասակարգվեն բացասական լույսի ներքո, բայց, հեղինակը հակառակն է պնդում՝ ինքը ցույց է տալիս մարմնի բնական տեսքը՝ իր կորերով ու զգայականությամբ։ Բոտերոն չի նկարել մարմիններ, որոնք իրենց բնական ծավալով են, նա խոշորացրել ու ավելի պլաստիկ է դարձրել դրանք։

Մի անգամ, երբ արտիստին հարցրել են՝ երբ ու ինչպես սկսեց ծավալ տալ իր գործերին, նա պատմեց մանդոլին նկարելու իր պատմությունը։ 

Պարզվում է՝ ամեն ինչ մի կետից է սկսվել․ եվրոպական շրջագայությունից հետո մանդոլին նկարել սկսած Բոտերոն մի օր երաժշտական գործիքը նկարելիս փոքրիկ փոսիկ է արել, հետո նկատել, որը գործիքի չափսերին այն չի համապատասխանել․

«Ի զարմանս ինձ տեսա, որ մանդոլինն ունի երկու մոնումենտալ չափս՝ ծավալ և մասշտաբ։ Ինչ-որ հուզիչ բան կար այս խելագար համամասնություններում՝ դինամիկ ճկունության մասին։ Սա էր իրական սկիզբն այն ամենի, ինչ հիմա եմ անում, բայց այն պահից, ինչ որոշեցի նկարիչ դառնալ, ես փնտրում էի ճկունություն ստեղծելու լեզու, որն արդյունավետ կլինի և մարդկանց կհուզի»,-հետագայում հիշել է Բոտերոն՝ ավելացնելով՝ նկարիչ լինելու որոշումը քահանա դառնալու որոշմանն է նման։

Եվ քանի դեռ plus size-ի թեմայի մեջ ենք, առաջարկում ենք կարդալ նաև մեր անդրադարձը խոշոր, հյութեղ, մարմնեղ այդ թեմայով՝ Ռուբենսից մինչև Լյուսյեն Ֆրոյդ։

Հիշելով իր նախաստեղծագործական շրջանը՝ Բոտերոն նաև կրկնում էր՝ լատինամերիկացի արտիստները կարիք ունեն գիտենալու, ճանաչելու իրենց ինքնությունը, որը գաղութայինը չէ։ Նկարիչն ասում էր՝ իր հայրենի քաղաքում, օրինակ, մեծացել է առանց մի կտավ տեսնելու․ եղածը եկեղեցում կախված կրկնօրինակ գործերն էին գաղութային ժամանակներից։

Բայց, իհարկե, Բոտերոյի լայն գործերը միայն մարդկային մարմինը չէ, որ չափազանցրել են․ կենդանիների դեպքում ևս արտիստը նախապատվությունը մեծությանն ու ծավալին, ընդգրկմանն է տալիս։

Բոտերո, «Մայրություն», 1996, Իսպանիա

Հետաքրքրական է, որ Բոտերոն մոդելների հետ աշխատելն ու դրանց միջոցով նկարելն իր երևակայության սահմանափակում էր համարում․ այս մարմիններն ու կերպարները մեծամասամբ ստեղծվել ու տարածվել են Բոտերոյի կամոք, այլ ոչ ինչ-որ մեկի նմանությամբ:

Մի առիթով նկարիչն ասել է, թե մարդն ունի երեք բանի կարիք՝ երաժշտություն, գրականություն ու կերպարվեստ՝ կոմպենսացնելու համար կյանքի բիրտությունն ու նյութականությունը։ Բոտերոն պնդում էր, թե նկարիչները պիտի ավելի շատ նայեն դրականի կողմը․ նա ընդգծում էր՝ արվեստը հենց կյանքը տոնելն է։

Բոտերո, «Պարը Կոլումբիայում», 1980

Ի դեպ, տոների մասին․ Բոտերոն այն մարդկանցից էր, ով դեմ էր ցլամարտերի արգելմանը՝ համարելով, որ դա միակ դաժան բանը չէ այս աշխարհում։

Ու այս կարծիքը բնավ էլ «կողքից կարծիք» չէ․ նկարիչը պատանեկության տարիներին երկու տարի է անցկացրել՝ մարզվելով որպես ցլամարտիկ։

Ցլամարտը որպես սպորտաձև հիմնականում կապվում է Իսպանիայի հարավի հետ, բայց Կոլումբիայում ևս այն տարածված է եղել՝ սկսած գաղութային ժամանակներից։ Փաստացի, աշխարհի ամենամեծ մարզադաշտը, որ նախատեսված է ցլամարտի համար, Նյու Մեքսիկոյում է՝ 41,000 հանդիսական է տեղավորում։

Բոտերո, The Pica, 1984. Բոտերոն այստեղ պատկերում է ցլամարտի մեկնարկը

Ընդհանուր առմամբ, թե կուզեք՝ Բոտերոն ամենահայտնի «կոլումբացի գիդն է»․ իր երկրի մասին Բոտերոյի գործերը ոգեշնչված ու տպավորված են նաև կոլումբիական գույներով։ Նրան երբեմն անվանում են «կոլումբիացի արտիստներից ամենակոլումբիացին»։ Ուրեմն՝ արմատների մասին։

Բոտերոն ծնվել է իր մյուս հայտնի հայրենակցի՝ Պաբլո Էսկոբարի հայրենի քաղաքում՝ Մեդելինում, 1932-ին։ Նա վաղ տարիքից է արվեստով հետաքրքրվել, ու 16-ում արդեն անհատական ցուցահանդես ուներ։ Ոգեշնչվելով իսպանացի վարպետներ Դիեգո Վելասկեսից ու Ֆրանցիսկո Գոյայից՝ նա նախ Բարսելոնայում, ապա Մադրիդում է ուսանել։

Եվ չնայած այս ազդեցությանը, կոլումբիական կոլորիտը Բոտերոյի մոտ ամենուր է․ ահա այստեղ՝ «Փողոցում» նրա հայերենի Մեդելինն է՝ տուրիզմի համար հետաքրքիր դարձող, զարգացող, մեծացող։

Բոտերո, «Փողոցը», 1995

Հարուստ մշակույթով Կոլումբիան ուրիշ բաներով էլ էր հայտնի՝ պարտիզանական, հակակառավարական շարժումներով ու թմրանյութերի ակտիվ շրջանառությամբ՝ Կալիի Կարտելի, Մեդելինյան Կարտելի անօրինական գործունեությամբ ու երկրի և ժողովրդի վրա դրանց ազդեցությամբ։ Բոտերոն սա էլ է արվեստի վերածել։

Բոտերո, «Էսկոբարի մահը», 1999

Բոտերոն ակտիվորեն մեկնաբանել է իր ժամանակակից աշխարհը։ Միլիարդավոր դոլարներ ունեցող, կոկայինի բիզնեսը Կոլումբիայում ու աշխարհում ծաղկեցրած Էսկոբարին Բոտերոն պատկերում է փամփուշտները ճակատին, Մեդելինի տանիքներում։ Բայց սա մեռնող Էսկոբարի միակ պատկերը չէ Բոտերոյի արվեստում․ նա մի քանի նկար ունի՝ նույն թեմայով։

Սա բնավ էլ չի նշանակում, թե արտիստին հիացրել է «կոկայինի թագավորի» կերպարը կամ հուզել նրա մահը։

Մի պատմություն կա այն մասին, որ 1993-ին կոլումբիական նարկո-կարտելների միջև պատերազմի օրերին Էսկոբարի տանը պլանավորում են ռումբ դնել Կալիի Կարտելից։

«Երբ նրանք ռումբ դրեցին Պաբլո Էսկոբարի տանը, ընդգծում էին փաստը, թե Էսկոբարն իր տանն ուներ Բոտերո, սա մեծ տարածում գտավ կոլումբիական մամուլում։ Այսպիսով, ես խնդրեցի El Tiempo թերթի ղեկավարին խմբագրական գրել ու հանրությանն ասել, որ ես նողկանք եմ զգում փաստից, որ Էսկոբարն ունեցել է իմ գործերից մեկը։ Իմ լրագրող ընկերը խմբագրականը գրելուց հետո առաջարկեց ինձ լքել երկիրը հենց իմ ապահովության համար։ Եվ ես արեցի դա․ հավաքեցի իրերս ու Եվրոպա մեկնեցի»,- ասել է Բոտերոն:

Էսկոբարի մահվան ու Կոլումբիայում հասարակական տրամադրությունների հետ կապվող մի նկար էլ Բոտերոն 2006-ին է արել․ այստեղ արդեն, բացի մեռնողից, ուրիշ հերոսներ էլ կան։

Բոտերո, «Պաբլո Էսկոբարի մահը», 2006

Հսկա Պաբլոն մեռած է մեդելինյան փոքրիկ տան տանիքում, նրան կրակած ոստիկանն ապշած է կարծես ինքն իր գործից, ներքևում աղոթող կինը՝ պատահածից։ Հենց վերջինիս կերպարով Բոտերոն հիշեցնում ու անմահացնում է հասարակ կոլումբիացիներից ոմանց վերաբերմունքը նարկոբարոններին՝ «բոլորին օգնող հերոս, որ ընկավ մարտում» կոնտեքստով։

Բոտերո, «Մեքենայի ռումբ», 1999
Բոտերոն՝ Փարիզի իր ստուդիայում, 2005

ԲՈՏԵՐՈՆ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐԸ

Ասել, թե կոլումբիացին ոգեշնչվել է դասական արվեստի գործերից, նշանակում է ոչինչ չասել։ Նա ոչ միայն ոգեշնչվել է, այլ կրկնել, «ռիմեյք» արել ու թարմացրել մեր պատկերացումն այդ գործերի մասին։

Բոտերո, «Կինը հայելու առաջ»,1986

Ահա Վելասկեսի, Տիցիանի, Ռուբենսի կտավներից հայտնի կինը՝ Վեներան, որ հայելում ինքն իրեն է նայում, արտիստի կարիերայի առանցքային կտավներից է համարվում։

«Եթե ես նկարում եմ մի պատկեր, որն ունի նույն թեման, ինչ որևէ հայտնի նկարչի գործ, ես նույն ավանդույթի մաս եմ»,-վարպետներին կրկնելու մասին մի առիթով ասել է Բոտերոն։

Հակադարձելով ավանդույթը շարունակելու իր պնդումը սատիրա համարողներին՝ նկարիչն առաջարկում էր հետ նայել պատմության մեջ։

«Ինչո՞ւ մարդիկ չեն ծիծաղում Ռոմանական արվեստի կամ նախակոլումբիական արվեստի վրա։ Դարերով են եղել այսպիսի կազմվածքներ, և հիմա հանկարծ այս ամենն անպայմանորեն սատիրա է ընկալվում։ Ամենասկզբում, իմ աշխատանքներից որոշներն արված էին երգիծական գաղափարով։ Բայց դրանք գրեթե բացառապես հենց սկզբին էին վերաբերում։ Իմ խորը հետաքրքրությունը զգայական, նկարչության պլաստիկ լեզվի և ձևի ընդլայնման մեջ է»,-բացատրում էր Բոտերոն։

Ռաֆայելի հայտնի «Հացավաճառուհին»՝ «Ֆորնարինա» կտավի նմանությամբ ստեղծված La Fornarina գործն է, Բոտերոն այն նկարել է 2009-ին։

Վան Էյքի Առնոլֆինիներին ևս Բոտերոն տեղ է տվել․ իհարկե, այստեղ դետալիզացիան բնորինակի պես մանրակրկիտ չէ, բայց հեղինակը պահպանել է գլխավոր սիմվոլները՝ հայելին, նարինջը, կոշիկը, շունը։

Ու, իհարկե, այդ ո՞ւր առանց ամենից հայտնի դեմքերից մեկի՝ Ջոկոնդայի։ Լոենարդո դա Վինչիի ամենակրկնօրինակված գործին Բոտերոն անդրադարձել է 1978-ին։


✍️ Անահիտ Հակոբյան / PAN