Կարդալիքներ PAN-ից
Today

Երբ ճշմարտությունն ինչ-որ տեղ մոտակայքում է. Սփիլբերգի «Բացահայտման օրը»

Գրեթե հիսուն տարի շարունակ մեծ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը վերադառնում է անհայտի հետ մարդու հանդիպման թեմային։ Այլմոլորակայինները նրա մոտ երբեք զուտ տիեզերքից եկած արարածներ չեն։ Սփիլբերգը նրանց օգտագործում է որպես գործիք՝ վախի, հետաքրքրասիրության, վստահության ու սովորական փորձի սահմաններից դուրս երևույթներն ընդունելու մարդկանց ունակության մասին խոսելու համար։ «Երրորդ աստիճանի մերձավոր կապերից» (Close Encounters of the Third Kind, 1977) մինչև «Այլմոլորակայինը» (E.T. the Extra-Terrestrial, 1982) ու «Աշխարհների պատերազմը» (War of the Worlds, 2005). ռեժիսորն օգտագործել է գիտական ֆանտաստիկան ոչ թե որպես ժանր, այլ որպես մարդկային էությունն ուսումնասիրելու միջոց։

«Բացահայտման օրը» (Disclosure Day) շարունակում է այս գիծը` կարևոր քայլ անելով առաջ։ Եթե նախկինում Սփիլբերգին հետաքրքրում էր այլմոլորակային բանականության հետ շփման հենց փաստը, ապա հիմա նրա ուշադրությունը կենտրոնացած է մեկ այլ հարցի վրա. ի՞նչ կպատահի հասարակության հետ, եթե տասնամյակներ շարունակ թաքցված ճշմարտությունը հանկարծ դառնա ամբողջ աշխարհի սեփականությունը։ PAN-ը դիտել է Վարպետի նոր ֆիլմն ու կիսվում է տպավորություններով։

Ֆիլմում տեղի ունեցող իրադարձությունները հանգեցնում են քաղաքական ու սոցիալական այնպիսի հետևանքների, որոնք ունակ են փոխել մարդկության պատկերացումները Տիեզերքում իր տեղի մասին։ Ընդ որում, ֆիլմը խուսափում է ֆանտաստիկ բլոկբաստերի ավանդական ստրուկտուրայից։ «Բացահայտման օրը» չի պատմում ներխուժման կամ մոլորակի փրկության մասին։ Սա ավելի շուտ մասշտաբային դրամա է այն մասին, թե ինչպես են մարդիկ արձագանքում ճշմարտությանը, որին երբեք պատրաստ չեն եղել։

Որպես ռեժիսոր Սփիլբերգը շարունակում է անհասանելի բարձունք մնալ։ Անգամ 80 տարեկանում նա նկարում է այնպես, ինչպես չի կարող ու երբեք չի կարողանա ժամանակակից բեմադրիչների մեծ մասը։ Տեսախցիկը կրկին մշտական շարժման մեջ է, բայց կադրը երբեք չի գլորվում խառնաշփոթի մեջ։ Հետապնդում, դիալոգ ավտոմեքենայի մեջ, հեռուստատեսային եթեր կամ զանգվածային տեսարան՝ ամեն ինչ կազմակերպված է տարածության ու ռիթմի անթերի զգացումով։

Դարաշրջանում, երբ բլոկբաստերներն ավելի ու ավելի են խեղդվում գերմոնտաժի ու համակարգչային էֆեկտների մեջ, Սփիլբերգը հիշեցնում է, որ իսկական կինոն, ինչպես բոլոր ժամանակներում, կառուցվում է առաջին հերթին դրամատուրգիայի, միզանսցենի ու մարդկային դեմքերի վրա։ Հատկապես համոզիչ է աշխատում դերասանական անսամբլը։ Էմիլի Բլանթն այստեղ ստացել է էմոցիոնալ առումով ամենահագեցած նյութն ու փայլուն գլուխ է հանում դրանից։ Ջոշ Օ'Քոննորը համոզիչ կերպով փոխանցում է համաշխարհային մասշտաբի իրադարձությունների կենտրոնում հայտնված մարդու շփոթվածությունը։ Քոլին Ֆիրթը հիանալի մարմնավորում է դեմոնիկ, իր ճշմարտացիությանը ֆանատիկոսի համոզվածությամբ հավատացող չարագործին։

«Բացահայտման օրվա» գլխավոր արժանիքը նրա անկեղծությունն է։ Ֆանտաստիկան այսօր ավելի ու ավելի հաճախ է նախապատվությունը տալիս ցինիզմին, հեգնանքին կամ էմոցիոնալ դիստանցիային։ Սփիլբերգը մնում է քիչ ռեժիսորներից մեկն, ով իրեն թույլ է տալիս լուրջ խոսել։ Նա նախկինի նման հավատում է, որ մարդիկ կարող են փոխվել։ Հավատում է, որ ճշմարտությունը նշանակություն ունի։ Հավատում է, որ կարեկցանքը կարող է համախմբել հասարակությունը։ Ոմանց համար սա հնաոճ մոտեցում է, իսկ մյուսների համար՝ հեղինակային համարձակության հազվագյուտ դրսևորում։

Կարդացեք նաև` «Կինոյի բարի հսկան. Սթիվեն Սփիլբերգի բոլոր ֆիլմերը` վատագույնից լավագույն»

Սակայն, որքան էլ պարադոքսալ է, հենց այստեղ են թաքնված նաև ֆիլմի հիմնական թույլ կողմերը։ Կա հստակ զգացողություն, որ «Բացահայտման օրը» նկարել է մի մարդ, ով հիանալի հասկանում էր XX դարի երկրորդ կեսի ինֆորմացիոն իրականությունը, սակայն զգալիորեն ավելի վատ է հասկանում XXI դարի աշխարհի դրվածքը։ Սցենարի հիմքում ընկած է ենթադրությունը, որ այլմոլորակային քաղաքակրթության գոյության անհերքելի ապացույցը կարող է դառնալ իրադարձություն, որն արմատապես կփոխի հանրային գիտակցությունը։ Որ մարդկությունը կտեսնի ճշմարտությունն ու ստիպված կլինի ընդունել այն։

Բայց ժամանակակից աշխարհն այլ կերպ է կառուցված։ Ալգորիթմների, տեղեկատվական փուչիկների, գեներատիվ արհեստական բանականության ու հետճշմարտության դարաշրջանը ցույց է տալիս, որ անգամ ամենահամոզիչ ապացույցները միշտ չէ, որ հանգեցնում են հասարակական կոնսենսուսի։ Հակառակը, դրանք հաճախ դառնում են նոր կոնֆլիկտների ու մեկնաբանությունների մեկնարկային կետ։ Ուստի ֆիլմի կենտրոնական գաղափարը երբեմն թվում է միամիտ։ Սփիլբերգը, կարծես, շարունակում է ենթադրել միասնական ինֆորմացիոն տարածության գոյությունը, որտեղ մեկ անգամ հրապարակված ճշմարտությունն ավտոմատ կերպով դառնում է համընդհանուր իրականություն։

Հատկապես նկատելի է հեռուստատեսության դերի գերագնահատումը։ Ֆիլմում հեռուստատեսային եթերը նախկինի նման ընկալվում է որպես հարթակ, որը կարող է դիմել միաժամանակ ամբողջ մարդկությանը։ Սակայն աշխարհի այս մոդելը վաղուց անցյալում է։ Համացանցը ոչ միայն հետին պլան է մղել հեռուստատեսությանը. այն ոչնչացրել է միասնական լսարանի գաղափարը։ Այսօր ցանկացած իրադարձություն միաժամանակ գոյություն ունի տասնյակ մրցակցող տարբերակներում, դավադրապաշտական տեսություններում, մեմերում ու ալտերնատիվ մեկնաբանություններում։

Դրա պատճառով սցենարական որոշ լուծումներ պակաս համոզիչ են, քան, հավանաբար, ենթադրում էին հեղինակները։ Ֆիլմը ելնում է նրանից, որ բացահայտումը կառաջացնի լայնածավալ բարոյական ցնցում։ Սակայն ժամանակակից հանդիսատեսը լավ գիտի, որ հասարակության զգալի մասն այս ապացույցները կանվանի զուտ նեյրոցանցի կողմից ստեղծված հերթական կեղծիք։ Ու կմոռանա մի քանի օրից` տեղափոխելով այն ինտերնետ-մեմերի դաշտ։

Կա էլ ավելի ֆունդամենտալ խնդիր։ Սփիլբերգը համոզված հումանիստ է։ Անգամ մարդկային էության բացասական կողմերի հետ բախվելիս՝ նա միշտ տեղ է թողնում հույսի համար։ «Բացահայտման օրվա» համար այս հումանիզմը դառնում է ֆիլմի թե ուժեղ, և թե թույլ կողմը միաժամանակ։

Ֆիլմը ենթադրում է, որ կյանքի այլ ձևի հետ բախումը կարող է առաջացնել կարեկցանքի ու միասնության գրեթե համընդհանուր զգացում։ Սակայն մարդկության պատմական փորձը ստիպում է կասկածել նման սցենարի հարցում։ Օտարի հետ շփումը միշտ բերել է արյունահեղության։ Ֆիլմի էմոցիոնալ հետևություններն ավելի շուտ հենց ռեժիսորի աշխարհայացքի արտացոլումն են, քան հասարակական արձագանքի իրատեսական կանխատեսում։

Այնուամենայնիվ, հենց այս հեղինակային դիրքորոշման շնորհիվ էլ ֆիլմն արժանի է ուշադրության։ «Բացահայտման օրը» հետաքրքիր է ոչ թե որովհետև անթերի է։ Այն հետաքրքիր է, որովհետև վիճում է հանդիսատեսի հետ։ Սա հազվագյուտ ժամանակակից բլոկբաստեր է, որն ուզում ես քննարկել եզրափակիչ տիտրերից հետո։

Իհարկե, սա Սփիլբերգի լավագույն ֆիլմը չի (լավագույնի մասին մենք խոսել ենք մեր այլ ծավալուն նյութում)։ Սա ոչ նոր «Այլմոլորակայինն» է, ոչ էլ «Երրորդ աստիճանի մերձավոր շփումները»։ Սցենարը երբեմն ծանրաբեռնված է գաղափարներով, առանձին սյուժետային գծեր անհավասարաչափ են գործում, իսկ ժամանակակից ինֆորմացիոն միջավայրի մասին պատկերացումները հնացած են։ Սակայն անգամ իր թերություններով հանդերձ, ֆիլմը մնում է մեծ հեղինակի աշխատանք։ Սփիլբերգը կրկին օգտագործում է ֆանտաստիկան ոչ հանուն վիզուալի, այլ հանուն մարդու մասին զրույցի։ Եվ թեև ֆիլմի առաջարկած պատասխանները միշտ չէ, որ համոզիչ են հնչում, այն ճիշտ հարցեր է տալիս։


🎬 Արման Գասպարյան / PAN