Հոգու ցավերից մինչև իսպանական գրիպ․ Ժերիկոյի «բժշկական» դիմանկարներն ու Շիլեի առաջին և վերջին ընտանեկան նկարը
Մեր օրերում կտավները ոչ միայն արվեստով հիանալու առիթ են, այլև ուսումնասիրությունների թեմա․ այդ ուսումնասիրությունները կարող են առնչվել ամենատարբեր ոլորտների՝ գյուղատնտեսությունից մինչև նորաձևություն, պատմությունից մինչև առողջություն։
PAN-ն այսօր որոշել է գնալ հենց այս՝ առողջության թեմայի հետքերով։ Վերք ու վնասվածքից մինչև մարմնի ու մաշկի ոչ սովորական տեսք, վիրահատություններ, հոգեկան առողջության մասին հարցեր․ ինչպես և ինչու են հիվանդությունները ներկայացվել կտավներում։
Այս անգամ ընտրել ենք կտավներ, որտեղ մի քիչ ավելի ուշադիր է պետք լինել «պացիենտների» հանդեպ. պատմում ենք, թե ինչպես Ժերիկոն կյանքի վերջին տարիներին հոգեկան առողջության մասին 10 կտավ ստեղծեց և միայն 5-ը մեզ հասավ, ու ինչպես Էգոն Շիլեն իր հղի կնոջ մահվանից 3 օր անց ավարտեց կյանքի ամենավերջին գործը՝ «Ընտանիքը»։
Անշուշտ առաջարկում ենք նաև վերհիշել գիտության ու արվեստի մասին մեր լոնգրիդը, նաև երկար մորուքով տիկնոջը անդրադարձը։
ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐՎԵՍՏՈՒՄ․ ԺԵՐԻԿՈՅԻ 10-ԻՑ 5-Ը
Հոգեկան առողջության թեման արվեստում խորթ ու արհամարհված չի եղել․ The Guardian-ը գրում է՝ ժամանակակից արվեստը նույնիսկ հոգեկան տառապանքը որպես ստեղծագործական արկած է բնորոշում։ Համարվում է, որ այս շրջանն արվեստում սկսվեց Վինսենթ վան Գոգով, հետագայում արդեն հոգեկան առողջության խնդիրներով մարդկանց գործերը համարելով որպես արվեստի մի նոր ուղղություն։
Չնայած վանգոգյան հետքին՝ այնուամենայնիվ, հետ նայելով, մելամաղձության թեման կարող է հասնել մինչև Ալբերտ Դյուրեր։
«Կրեատիվությունն ինքնին իռացիոնալ ճանապարհորդություն է». այսպես է բացատրվում արվեստի ու արվեստագետների կարեկցանքը և խորքային ընկալումն առ այն, ինչ մարդիկ կարող են «խելագարություն» անվանել։
Los Caprichos շարքում ընդգրկված այս գործն իսպանացի նկարիչ Ֆրանսիսկո Գոյայի հոռետեսական, բայցև կարեկցող տեսակետն է առ այն, որ բանականությունը կառավարում է մեր մտքերի միայն մի մասը։ Այս ստեղծագործության մեջ հայտնված արարածներն իսպանական ժողովրդական ավանդազրույցներում հաճախ ասոցացվում են չարի և առեղծվածային երևույթների հետ։
80 փորագրություն ընդգրկող Los Caprichos-ում հանճարեղ իսպանացին նաև սատիրիկ, սարկաստիկ մոտեցումներով է աչքի ընկել, բայց այս մեկում որոշ դրամատիկ երանգներ են նշմարվում։
Ասում են՝ սա, հնարավոր է, հենց ինքն է՝ Գոյան, բազմաթիվ մտքերով, տգիտության հնարավոր խորհրդանիշ բույսերով, լուսավորության դարաշրջանի մասին ակնարկներով։
Գոյան նաև մակագրել է այս գործը, ինչը հնարավորություն է տալիս մեկնաբանել այն մի փոքր այլ տեսանկյունից։
«Խոհեմությունից զրկված երևակայությունը ստեղծում է անիրական հրեշներ․ դրանց հետ միավորվելով՝ դառնում է արվեստի մայրն ու դրա հրաշքների աղբյուրը»: Այս գրվածքից ենթադրվում է, որ Գոյան առաջարկում էր երբեք ամբողջովին չհրաժարվել երևակայությունից՝ հօգուտ խիստ ռացիոնալ դատողությունների, քանի որ երևակայությունը (բանականության հետ) գեղարվեստական նորարարության աղբյուր է։
Գոյայի համար արվեստը բանականության զավակն է՝ համակցված երևակայության հետ։
Ժան Լուի Անդրե Թեոդոր Ժերիկոն՝ եվրոպական և ֆրանսիական ռոմանտիզմի խոշոր դեմքերից մեկը, ոչ զարմանալիորեն շարունակել է խիստ նրբազգացությամբ նայել ու պատկերել հոգեկան առողջության թեման։
Ժերիկոյի օրերում ու ռոմանտիզմի շրջանում հոգեկան ծայրահեղ ապրումներն ու ներքին տառապանքները պոեզիայի թեմա ու արվեստի գործերի առիթ էին։ Ժերիկոյի «Խենթություն/Խելագարություն» (Insane) շարքում նորովի են բացահայտվում հոգեկան առողջության, կախվածության թեմաները։ Նա համանման 10 գործ է ստեղծել, դրանցից 5-ն է միայն մեզ հասել․ դրանք պատկանել են բժիշկ Էթիեն-Ժան Ժորժեին (Etienne-Jean Georget) ու պատկերել վերջինիս պացիենտներին։
Այս շարքը նկարիչը ստեղծել է Անգլիայից վերադառնալուց հետո, Լոնդոնում իր «Մեդուզա լաստի» (The Raft of the Medusa) ցուցադրությունից ու հաջողությունից հետո։ Նկարչի՝ Ֆրանսիա վերադառնալուց հետո, սակայն, երկրի կառավարությունը հրաժարվում է գնել կտավը, նա էլ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնում՝ այսպիսով չկարողանալով ևս մեկ համանման գործի համար միջոցներ հայթայթել։
Ձիավարության դժբախտ պատահարը, ողնաշարի վնասվածքն ու 32 տարեկան հասակում վրա հասած մահը Ժերիկոյի ստեղծագործական կյանքը կիսատ են թողնում, բայց կյանքի վերջին տարիների գործերից աչքի ընկնողների շարքում հենց այս Insane շարքն է։
Հայտնի չէ, թե ինչպես են ծանոթացել Ժերիկոն ու բժիշկը, որին պատկանել են նկարչի կտավները։ Կարծիք կա, թե Ժերիկոն կարող էր բժիշկ Ժորժեի պացիենտը լինել, մեկ այլ վարկած կա նաև, թե նրանք հանդիպել են Բոժոնի հիվանդանոցում, որտեղից նկարիչը մասնատված վերջույթներ էր տուն տանում ուսումնասիրելու համար (էսթետիկ չի հնչում, բայց գործն էր այդպիսին)։ Դժվար է պատասխանել հարցին, թե կոնկրետ ինչու է նկարիչը նախաձեռնել այս գործը․ այս մասին մի քանի հնարավոր ու հավանական պատճառ է շրջանառվում։ Ըստ դրանցից մեկի՝ նկարիչն այս կտավները ստեղծել է բժշկի պատվերով՝ որպես հետագա ուսումնասիրությունների համար նյութ, մյուս պնդման համաձայն, Ժերիկոն ինքն է ունեցել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, իսկ նկարչի բժիշկը պացիենտի բուն գործը որպես թերապիա է «վերաձևակերպել»։ Վերջնական դիրքորոշում ու տեսակետ այս հարցում չկա, բայց ամենից հավանական համարվում է հենց այս վերջին՝ արտ թերապիայի վարկածը։
Չնայած ամենին, արժե նշել նաև, որ նկարիչը հոգեկան ապրումներ նկարելու անձնական դրդապատճառներ էլ ուներ․ նրա պապը և մի հորեղբայրը մահացել էին հոգեկան առողջության խնդիրների պատճառով։
Ժերիկոյի Insane շարքը ստեղծվել է Ֆրանսիական հեղափոխությունից հետո, ասում են՝ այս շարքն աչքի է ընկնում հենց նրանով, որ հաճախ ոչ մի ուղղակի շեշտադրում չկա․ դրանք զգացական են, հիմնված հերոսի աչքերի արտահայտության, դեմքի, դիմագծի ու դիմախաղի վրա՝ «խենթության» բոլոր ձևերով հիմնավորելով սեփական գոյությունը։
Բայցև պնդում կա, թե Ժերիկոյի այս աշխատանքները ստեղծվել են՝ ցույց տալու համար հոգեկան առողջության հետ կապված խնդիրների ախտանշանները։
Պնդում կա նաև, թե այս շարքի կորած 5 նկարն իրականում նույն մարդկանց են պատկերում՝ արդեն բուժված վիճակում, ցույց տալով նրանց բարելավված դրությունը։ Before/after այս վարկածի հեղինակն Ալբերտ Բուամն է։
Վերջինս նաև ընդհանրական քննադատությամբ է հանդես եկել վաղ հոգեբուժության մոտեցումների մասով․ ըստ նրա` մարդկանց ըստ դիագնոզի դասակարգելն արդյունավետ էր միայն հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների ձայները խլացնելու, նրանց անտեսանելի դարձնելու համար։
Փաստը, որ նկարների հերոսների անունները, այնուամենայնիվ, չեն գրվում, իսկ դիագնոզը կա, ինչ-որ իմաստով գալիս են ապացուցելու այս տեսանկյան ճշմարտացիությունը։
Համարվում է, թե մռայլ գույներով այս շարքի բոլոր նկարներն արվել են մեծ արագությամբ․ վրձնի շարժն է այդ մասին պատմում։
Երեք քառորդով արված պորտրետների շարքում հերոսներից և ոչ մեկը «կենտրոնացած չէ» դիտողի վրա, այդ ցրված հայացքներին ու դիմախաղերին ներկայանալի տեսք է հաղորդում հագուկապը։ Հավանաբար միայն ռազմական ղեկավարության մոլորությունների մեջ հայտնված հերոսն է իր անփայլ մեդալով ու այն պահող մաշված թելով արտահայտում սեփական մոլորությունները։
ԷԳՈՆ ՇԻԼԵԻ «ԸՆՏԱՆԻՔԸ» ՈՒ ՍՈՒՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ավստրիացի գեղանկարիչ և գրաֆիկ, էքսպրեսիոնիստ Էգոն Շիլեն մեկն է այն նկարիչներից, որ «Ընտանիք» վերտառությամբ կտավ ունի։ Սիրո, ջերմության, կապվածության այս ասոցիացիան Շիլեի կտավում ուրիշ, ավելի դրամատիկ երանգներ ունի:
Այս կտավը 20-րդ դարի սարսափելի համաճարակներից մեկից՝ իսպանական գրիպից մահացած նկարչի վերջին գործերից է։ «Ընտանիքում» Շիլեն իր կնոջ ու չծնված երեխայի հետ է․ վերջիններիս մահվան պատճառը հենց համաճարակն էր։
Նկարչի կինը՝ Էդիթը, մահացել է հղիության 6-րդ ամսում: Հայտնի է, որ Շիլեն այս գործը ավարտել է կնոջ մահվանից երեք օր անց։ Սա փաստացի Շիլեի վերջին գործն է․ նա կնոջ մահից օրեր անց կյանքին հրաժեշտ է տվել նույն համաճարակի պատճառով։
Ասում են՝ կոմպոզիցիայի սկզբում նախատեսվում էր միայն զույգի նկար ունենալ, սակայն հետո Շիլեն նկարում նաև չծնված երեխային է ներառել՝ համադրելով իրականությունն ու իր երազանքը։
Առաջին համաշխարհայինից հետո այս համաճարակը միայն Եվրոպայում 20 մլն մարդու կյանք խլեց․ Շիլեի գույները հենց մահվան ու դժբախտության նախանշաններ են մեկնաբանվում։
Ընտանիքի այս պատկերը հանգիստ չէ ու դա նկատելի պետք է լինի մեծերի տեսքից ու հայացքից։ Ընտանիքի ավագ անդամները մերկ են, անմեղ, անզեն, ու այս ամենը փայլում է թիկունքի էքզիստենցիալ խավարի ֆոնին։
Շիլեն իր դիրքով ընտանիքի թիկունքին է, սա մեկնաբանվում է որպես նրանց պաշտպանելու փորձ, նա այստեղ միակն է, ով ուղիղ դիտողին է նայում՝ ակնարկելով ոչ թե օգնություն, այլ երկխոսություն։
Christie's-ի էքսպերտները պատմում են, որ Շիլեին անգամ Առաջին աշխարհամարտն է «խնայել»․ նրա հրամանատարներից մեկը, որ նախկինում հնաոճ իրերի վաճառքով էր զբաղվել, տեսնելով նկարչի գործերը, ամենն արել է, որ նա ռազմաճակատ չգնա։
Կառուցվածքային առումով սա համարում են Շիլեի վրձնին պատկանող, բայց «փափուկ» ֆիգուրներ ընդգրկող աշխատանք։ Մարմիններն այստեղ իրենց բնական դիրքում են, առաց նկարչին բնորոշ թեքությունների, կայուն են, նրանց հոսքը կարծես կանգ է առած։
Հետաքիրքիր մի հոռետեսություն ասում է, թե չլիներ իսպանական գրիպը, Շիլեն մեկ այլ ողբերգության զոհ էր դառնալու։
Բայց այստեղ մի ուրիշ, ավելի հետաքրիր հեգնանք էլ կա․ այժմ իսպանական գրիպի մասին հոդվածներն ու տեղեկությունները հաճախ ուղեկցվում են դրա 3 զոհի՝ Շիլեների ընտանիքի նկարով։
Ի վերջո, Շիլեն ունի այս ընտանիքը, այն կա, գոյությունի ունի․ նա օգտվել է իր կարողությունից, փրկել, վրձնել, վավերացրել սեփական հիշողությունը՝ հավերժացնելով այն իսպանական գրիպի օրերին, հասցնելով մեզ։