#մշակութաPAN
January 17, 2023

Նկարի միջի աղջիկը․ Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» ու Պիկասոյի «Լացող կինը»

Վերմեերի՝ 200 տարի կորած համարվող «Մարգարտե ականջօղով աղջիկը» ու Պիկասոյի «Լացող կինը» այս անգամ հարցով ենք ուղեկցում՝ ո՞վ է նա ու ինչո՞ւ հենց նա։

Մոնա Լիզայի հետ համեմատվող «Մարգարտե ականջօղով աղջկա» մասին քիչ բան է հայտնի, կասկածներ կան ինչպես նրա գոյության, այնպես էլ ով լինելու մասին, բայց, օրինակ, հայտնի է, թե ում է ամենից շատ լացացրել Պիկասոն, ինչպես է այդ կինն օգնել նրան ստեղծել «Գեռնիկան» ու դարձել նկարչի բազմաթիվ դիմանկարների «նկարի միջի աղջիկը»։

«Մարգարտե ականջօղով աղջիկը», Վերմեեր, 1665 թ, Մաուրիցհեյս, Հաագա

ՎԵՐՄԵԵՐ․ ՄԱՐԳԱՐՏԵ ԱԿԱՆՋՕՂՈՎ ԱՂՋԻԿԸ

Եվրոպացի կին, արևելյան գլխազարդ ու մարգարտե ականջօղ․ հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վեերմերի (1632-1675թթ) կտավների աղջիկներից, թերևս, ամենահայտնին հենց այս մեկն է՝ «Մարգարտե ականջօղով աղջիկը»։

Իսկ աղջիկների պակաս վերմերյան գործերում չկան։ «Քնած աղջիկը», «Բաց պատուհանի մոտ նամակ կարդացող աղջիկը», «Սպան և ծիծաղող աղջիկը», «Գինու գավաթով աղջիկը», «Նամակ գրող աղջիկը՝ դեղինով», «Աղջկա գլուխ», «Սրինգով աղջիկը», «Վիրջինալի առջև նստած աղջիկը», «Վիրջինալի մոտ կանգնած աղջկը», «Վիրջինալ նվագող աղջիկը»․ սրանք վերմերյան աղջիկների ցանկի ամենահայտնի, հիշվող ու կրկնվող կտավներն են։

Ընդհանրապես, 17-րդ դարի գեղանկարչության համար զարմանալիորեն Վերմեերի նկարներում գերակշռում են մենակ կերպարները, շատ չեն կրոնական, դիցաբանական բնույթի ու ենթատեքստով գործերը (բայց կան՝ «Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը», «Սուրբ Պրակսեդան», «Դիանան ուղեկցորդուհիների հետ»)։

Վերմեերի այս գործը ոսկի որոնելու պես է դիտարկվել․ ի տարբերություն նկարչի այլ գործերում հանդիպող կանանց, այս մեկն առօրյա գործերով զբաղված ու դիտողին անտարբեր չէ։ «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի միջից դիտողին է նայում ու հայացքի խորությունից, կիսաբաց շուրթերից ելնելով նաև ասելիք ունի։ Իր հանելուկային անհատականության ու առեղծվածայնության պատճառով այն նաև Դա Վինչիի «Մոնա Լիզայի» հետ են համեմատում՝ հաճախ կոչելով նաև «Հյուսիսային Մոնա Լիզա»։ Ի տարբերություն Մոնա Լիզայի, սակայն, սա ոչ թե դիմանկար է, այլ՝ տրոնի։

Չնայած հստակ դիմագծերին, «Մարգարտե ականջօղով աղջիկը» համարվում է տրոնի՝ ուսումնական դիմանկար, որը բնորոշ է հոլանդական Ոսկե դարաշրջանին։ Այստեղ նկարիչները կենտրոնանում էին էկզոտիկ հագուստով կերպարներ ստեղծելու վրա՝ ցուցադրելով իրենց բարձր տաղանդն ու վերստեղծելով շքեղ գործվածքներ։ Տրոնիում պատկերվում է ոչ թե կոնկրետ գոյություն ունեցող անհատ, այլ կերպար՝ իրավիճակում։

«Մարգարտե ականջողով աղջիկն» իսկական տրոնի է, քանի որ այն չի պատկերում որևէ կոնկրետ անհատի»,- գրում են Art in Context-ում.- «Փոխարենն այն պատկերում է մի շքեղ հագնված երիտասարդ անծանոթուհու, որը, ինչպես մի տեսիլք, խավարից է դուրս գալիս»։

Հատված «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավից

Եվ չնայած այս հավաստիացումներին, «ի վերջո, ո՞վ է նա» հարցը շարունակաբար տրվում է։ Ոմանք, այդ թվում՝ ֆրանսիացի գրող Մարսել Պրուստի մտերիմ ընկեր, լրագրող Վոդոյեն, կարծում էր, որ կտավում Վերմեերի ավագ դուստրն է՝ Մարիան։ Ի դեպ, Մարիային են վերագրվում նաև Վերմեերի որոշ գործեր․ նա ևս նկարում էր։

Կտավը նկարելու տարում Մարիան 12 տարեկան էր, շատերն այս հիփոթեզը հերքում են՝ հաշվի առնելով Մարիա Վերմեերի տարիքն ու կտավի աղջկա՝ զգայականություն ապահովող կիսաբաց շուրթերը։

Կտավի գրական ոգեշնչումներում, սակայն, աղջիկը Վերմեերի տանն աշխատող մի կին է, ու նրա սիրային հետաքրքրությունների կենտրոնը։

Այստեղ արժե հիշել, ըստ տվյալների՝ Վերմեերը բազմազավակ հայր էր՝ 11 երեխա ունեցող, ու ապրում էր զոքանչի տանը։

Սրա հետ մեկտեղ Վերմեերի նկարչական արվեստի, տեխնիկայի մասին գիտելիքներն այնքանով-որքանով են․ ժամանակակիցներին թողնված ինֆորմացիան առավել տեսական է, ոչ գործնական։ Ամեն դեպքում տեխնիկայի մասին որոշ բաներ հայտնի են․ ասում են՝ չնայած նրան, որ Վերմեերը փորձարկել է եռաչափ պատկերներ ստեղծել ու բնական լույսի ազդեցությունը ներկայացնել, նկարչի գործերի հետազոտությունները ցույց են տալիս, որ նա մեծամասամբ աշխատել է հյուսիսեվոպական նկարիչների մեթոդների շրջանակում։ Այս տեխնիկան էապես տարբերվում է նկարիչների՝ մերօրյա տեխնիկայից։

Կտավում աղջկա դեմքի նուրբ մոդելավորումը Վերմեերի՝ լույս ու ստվերով, այլ ոչ գծով պատկեր ստանալու վառ օրինակ է։

Մեր օրերում բոլորին ծանոթ այս դեմքը, սակայն, միշտ չէ, որ այսքան պոպուլյար է եղել․ 1665-66-ի ընթացքում Վերմեերն առաջին անգամ աղջկան նկարել է՝ անհայտ է, թե ում հավաքածուի համար, հետո ազգականներից մեկը կտավը վաճառել է, դրանից հետո էլ այն 200 տարի շարունակ կորած է մնացել։ Գտնվելուց հետո այս կտավը $1-ից էլ պակաս գնով նորից վաճառվել է մի կոլեկցիոների․ կտավը մաքրելուց հետո գինը կտրուկ բարձրացել է, պարզվել է՝ Վերմեեր է։ Էժանով «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավը գնած կոլեկցիոների մահից հետո 1902 թվականին այն նվիրաբերվել է Մաուրիցհեյսի թանգարանին ու մինչ օրս այնտեղ է՝ Հաագայում, անգին է ու վաճառքի ոչ ենթակա։

Իսկ վերջին անգամ Վերմեերի գործերից վաճառվել է 2004-ին, կտավն արժեցել է $30 մլն, ասում են՝ համեմատվել անգամ չէր կարող «Մարգարտե ականջօղով աղջկա» հետ։

2018-ի մարտին արվեստի մասնագետների թիմը 2 շաբաթ թանգարանում հատուկ ապակիներով առանձնացված սրահում ու այցելուների աչքի առաջ ուսումնասիրեց Վերմեերի այս գործը՝ հասկանալու համար նկարչի տեխնիկան, գտնելու աղջկա գաղտնիքները։ Հոնքերի բացակայությունը, օրինակ, պատճառներից մեկն է եղել կարծելու, թե աղջիկն իդեալականացված, աբստրակ հորինվածք է։ Գիտական հետազոտություններն ու նրան մանրադիտակի տակ առնելը, սակայն, այլ փաստեր ցույց տվեցին. այն իրական միջավայրում, իսկական մարդու նկար է։

Արվեստի գիտակները Վեմեերին համարում են Ոսկե շրջանի ամենաառեղծվածային արտիստը, ամենահայտնին, բայցև գնահատվածը, ասում են՝ Ռեմբրանդն էր։

Իսկ մեր օրերում արդեն մարգարտե ականջօղով այս առեղծվածային աղջիկը, բացի բաժակների, բարձերի, շապիկների ու նոթատետրերի վրայից աչք շոյելուց, նաև գրքի թեմա ու Vogue-ի էջերի ոգեշնչում է դարձել։ 1999-ին ամերիկացի գրող Թրեյսի Շևալյեն (Tracy Chevalier), ոգեշնչված կտավով, գրեց համանուն գիրքը, այս վերնագրով նաև ֆիլմ կա Սկառլեթ Յոհանսոնի մասնակցությամբ, ու անգամ պարոդիա՝ սթրիթ արտի ոճով ու Բենքսիի ձեռամբ։

ԴՈՐԱ ՄԱԱՐ․ ՊԻԿԱՍՈՅԻ ԱՂՋԻԿՆԵՐԻ «ՄԻ ՄԱՍԸ»

Տարիներ շարունակ Պաբլո Պիկասսոյի ոգեշնչում կինը՝ լուսանկարիչ, նկարիչ Դորա Մաարը նրա բազմաթիվ կտավների գլխավոր հերոսն է եղել։ Պիկասոյի ու Մաարի սիրային կապը մոտ 10 տարի է տևել, արտահայտվել նկարչի վրձնի տասնամյա արտահայտություններում ու նրանց սիրավեպի մասին բազմաթիվ լեգենդների առիթ դարձել։

Եթե մինչ օրս կասկածներ կան, թե ովքեր են այս կամ այն հայտնի կտավի աղջիկները, ապա Պիկասոյի «Մաարի շրջանում» համարյա ամեն ինչ պարզ է՝ այնքանով, որքանով պարզ կարող է լինել Պիկասոն։

Պիկասո, «Դորա Մաարի դիմանկարը», 1937թ.

Դորայի այս դիմանկարը Պիկասոն արել է նրան հանդիպելուց մեկ տարի անց: 55-ամյա նկարչի ու 29-ամյա աղջկա համատեղ սիրային կյանքը ստեղծագործական բեղուն, կրակոտ շրջան էր․ ասում են՝ Մաարի հետ ապրելիս նկարիչը, չնայած նրան կտավ էր տեղափոխում, բայց չէր կտրում իր կապը նախկին սիրուհու ու իր երեխայի մորից։

Կարմիր եղունգներով, սյուռեալիզմով ուղեկցվող ու մտահոգ Մաարը, որ նստած է ճաղերով աթոռի վրա, կարծիք կա, որ այսչափ անհանգիստ է, քանի որ իր ապրած ժամանակաշրջանի հետքն է դեմքին կրում՝ Իսպանիայում 1936-ին սկսված քաղաքացիական պատերազմի տեսքով։

Դորան շարունակում է մտահոգ լինել նաև 1937-ին․ ինքը՝ Պիկասոն է այդ մասին ասում։

«Ինձ համար նա լացող կին է։ Ես նրան տարիներ շարունակ նկարել եմ տանջված՝ ոչ սադիզմով, ոչ հաճույքով․․․ Դա խորն իրականություն էր, ոչ մակերեսային․․․ Դորան ինձ համար միշտ լացող կին էր․․․ Եվ սա կարևոր է, որովհետև կանայք տառապող մեքենաներ են»,- ասում էր Պիկասոն։
Պիկասոն և իր «Լացող կինը», 1937թ.

Մաարին պատկերող «Լացող կինը» կտավը համարվում է Պիկասոյի էպիկական Գեռնիկայի թեմատիկ շարունակությունը։

Կենտրոնանալով լաց լինող կնոջ վրա, նկարիչն այլևս չի անդրադառնում արյունոտ քաղաքացիական պատերազմին ուղղակիորեն՝ առաջարկելով, սակայն, դիտել դրա ուղիղ հետևանքները։ Վերջ դնելով Պիկասոյի բողոքի ակցիաներին՝ այս կտավի ստեղծումը նուրբ լարեր ունի ու իսպանական ավանդույթին հղում․ 1937-ին Իսպանիայից Պիկասոյի մայրը Բարսելոնայից նրան գրում է, որ այրվող քաղաքի ծխից իր աչքերից արցունքներ են հոսում։ Լացող կույսի կերպարը նաև իսպանական ավեստի ավանդականներից է, հաճախ ներկայացված է բարոկկո ոճի քանդակներում։

Չնայած Մաարը միակ լուսանկարիչն է եղել, որ վավերացրել է հանրահայտ «Գեռնիկայի» ստեղծման ընթացքը, բայց նկարչի հետ նրա հարաբերությունները միշտ չէ, որ բացառիկ կադրեր են եղել իր կյանքում։

«Ինձ պատկերող Պիկասոյի բոլոր դիմանկարները կեղծ են։ Դրանք Պիկասո են, դրանցից ոչ մեկը Դորա Մաար չէ»,- լուսանկարչին են վերագրվում այս խոսքերը։
Դորը Մարը՝ Պիկասոյի կտավից դուրս

Ընդհանրապես, կարծիք կա նաև, որ Մաարի այս արցունքոտ կերպարների հիմքում հենց ինքը Պիկասոն է ու նրա մանիպուլյացիաները, և ոչ այնքան՝ արյունոտ գեներալ Ֆրանկոն։ «Պաբլո Պիկասոյի սիրուհիներից ամենատխուրը»․ այսպես են նրան անվանել մամուլում, բայց այս կինն իրականում առանձին ստեղծագործող էր, սյուռեալիստ լուսանկարիչ։

Դորա Մաարն ու Պիկասոն՝ լողափին

The Guardian-ում հավանական են համարում նաև, որ «Գեռնիկան» հենց Մաարի օգնությամբ է ստեղծվել, որպես փաստարկ նշելով՝ կինն ավելի քաղաքականապես ներգրավված էր ու հայտնի կտավում ոչ միայն սև-սպիտակի հետ աշխատելու իր խորհուրդն է տվել, այլև նկարել հսկա կտավից մի հատված։

«Պիկասոն վստահում էր նրան։ Որքան էլ սեքսուալ ու էմոցիոնալ հարաբերություններ էին, սա համագործացություն էր»,-Պիկասո-Մաար զույգի մասին այսպես է արտահայտվել Ֆրենսիս Մորիսը, ով 80-ամյա Մաարից նաև հարցազրույց է վերցրել կնոջ մահվանից առաջ։

Մաարն այսօր արդեն դուրս է եկել լացող կնոջ կերպարից, նա համարվում է իր ժամանակի ամենազարգացած կանանցից մեկը․ նրան են վերագրվում մոդեռն կնոջ մասին պատկերացումների ամրապնդումը, սթրիթ-լուսանկարչության առաջին փորձերը, էքսպերիմենտալ ու սյուռեալիստական մոտեցումները և ոչ միայն։


✍ Անահիտ Հակոբյան / PAN