Թեմաներ՝ Հայաստանից մինչև սյուրռեալիզմ. Ինչպես Արշիլ Գորկու զարմիկը կեղծեց նրա նամակները
Մոտ մեկ ամիս առաջ, երբ հրապարակեցինք Արշիլ Գորկու մասին մեր առաջին կարդալիքը, PAN-ի հավատարիմ ընթերցողներից մեկը՝ արվեստաբան Արթուր Աթայանը, գրեց մեզ: Նա հայտնեց, որ հոդվածում ներկայացված Գորկու նամակների որոշ հատվածներ կեղծ են, և դրանք տարածելը սխալ է: Սա, անշուշտ, մեզ զարմացրեց, և անմիջապես սկսեցինք ավելի մանրամասն ուսումնասիրել։ Բայց պատկերացրեք մեր զարմանքը, երբ պարզվեց, որ ընթերցողի նշած «սխալը» ոչ միայն աննշան վրիպակ չէր, այլ տասնամյակներով կեղծված ու այդպես էլ տարածված նամակների մի ամբողջ շարք: Պարզվեց՝ հայալեզու աղբյուրներում այս տեղեկատվությունը գրեթե բացակայում է ու դուրս չի եկել ակադեմիական շրջանակներից։ Ավելին՝ Գորկուն վերագրվող նամակները մինչև օրս էլ տեղ են գտնում բազմաթիվ հոդվածներում և տեսանյութերում։ Այսպիսով՝ Գորկու նամակները, հատկապես նրա գեղարվեստական հայացքների և հայկական արմատների հետ կապված մտքերը, որոնք բազմիցս հանդիպել ենք տարբեր աղբյուրներում, մասամբ կեղծիք են՝ ստեղծված նրա զարմիկի՝ Կառլեն Մուրադյանի կողմից։ Սա է պատճառը, որ #PAN-ը որոշեց ստեղծել այն եզակի հայալեզու հոդվածներից մեկը, որտեղ մանրամասն ներկայացված է Գորկու կեղծ նամակների մի քանի տասնամյակ ձգվող պատմությունը։ Այս հարցում մեզ օգնեց Արթուր Աթայանը, որը նամակների պատմությանը քաջատեղյակ է, իսկ մագիստրոսական թեզը գրել է հենց Գորկու արվեստի մասին։
Իրականում այս պատմությունը շատ ավելին է, քան պարզապես կեղծված նամակները: Սա հստակ ցուցիչ է, թե ինչպես են ձևավորվում մեր պատկերացումներն անցյալի մեծերի մասին ու թե որքան հեշտ է փոփոխել պատմությունը, վերագրել մարդկանց մտքեր, որոնք նրանք երբեք չեն ասել։ Ի վերջո՝ որոշել, թե ինչպես են այդ մարդիկ մնալու պատմության մեջ։
Գորկու արվեստի հանդեպ Արթուր Աթայանի անձնական հետաքրքրությունն աճել է հենց մագիստրատուրայի տարիներին։
«Այս թեմային կիսապատահական կերպով եկա։ Գիտեի, լսել էի, որ նամակների հետ կապված խնդիր կա, բայց իրականում սա շատ ավելի բարդ case է, քան ակնկալում ու պատկերացնում ենք»:
Սկսենք այս պատմության սկզբից, որը Գորկու կյանքի վերջն էր։ Երբ Արշիլ Գորկին ինքնասպան եղավ 1948 թվականին, նրա հետքն ամերիկյան արվեստում արդեն իսկ անքննելիորեն ամրագրված էր: Հատկապես հատկանշական է Գորկու նշանակությունը Նյու Յորքի արվեստի դպրոցում՝ մոդեռն արվեստի ամենանշանակալի ու հաջողված ուղղության՝ աբստրակտ էքսպրեսիոնիզմի համատեքստում։ Գորկին մտերմություն էր անում այնպիսի արվեստագետների հետ, ինչպիսիք էին Ֆերնան Լեժեն, Անդրե Բրետոնը, Դեյվիդ Բուռլյուկը, և այլք:
Սակայն Գորկու հանդեպ հետաքրքրությունը որակապես նոր փուլ մտավ 1970-ականներին, երբ նրա քրոջ որդին՝ Կառլեն Մուրադյանը, հրապարակեց մի գիրք, որն, Աթայանի խոսքերով, «պայթած ռումբի էֆեկտ թողեց»: Գիրքը պարունակում էր տասնյակ նամակներ, որոնք Մուրադյանի խոսքով թարգմանված էին հայերենից և բացահայտում էին Գորկու մտքերը արվեստի, Հայաստանի և իր արմատների մասին:
Իր մագիստրոսական աշխատանքում Աթայանը գրում է.
«Մուրադյանի նամակներում արվեստի վերաբերյալ Գորկուն ոչ բնորոշ մտքերի շարքում կարելի է տարատեսակ անունների, համեմատությունների և գնահատականների հանդիպել, որոնց մասին չեն հիշատակում նույնիսկ իր ժամանակակիցները: Դրանց մեջ հաճախ կարելի է հայկական միջնադարյան արվեստի վերաբերյալ կարծիքներ տեսնել»:
Նամակներում շատ էին հայերի, Հայաստանի, հայրենիքի մասին «պաթոսախեղտ» տեքստերը, արդեն 90-ականներին ու 2000-ականներին այս նամակների միջոցով Հայաստանում մարդիկ իրենց համար լրիվ նոր, չափազանց հայրենասեր կերպար էին բացահայտում, հիանում Գորկու՝ հայրենիքի մասին խոսքերով, ապրումներով, բնորոշումներով։ Մասնավորապես Շահեն Խաչատրյանը զբաղվեց այս թեմայով և հրատարակեց հայերեն թարգմանված նամակները: Աթայանը նկատում է.
«Ժողովածուի հենց առաջին՝ 1937-ին թվագրված նամակում Մուրադյանը Գորկու գրչով «մեր հայ ժողովրդի» արվեստը օժտում է «հասուն զգայականությամբ» և որակում է իբրև «տխրությունը գեղեցկության հետ ներդաշնակեցող», «կյանքի էական իրականությունը բացահայտող»:
Բայց ինչ-որ պահից որոշ մարդկանց մեջ սկսեցին կասկածներ առաջանալ։ Առաջին պատճառներից մեկն այն էր, որ որոշ մարդիկ մի քանի անգամ Մուրադյանից խնդրել էին նամակները՝ ուսումնասիրելու համար, բայց մերժում էին ստացել անհեթեթ պատճառներով:
1990-ականների վերջին, Գորկու կենսագիր Նուրիցա Մաթոսյանը վերսկսեց Գորկու նամակները գտնելու փորձերը։ Այդ ժամանակ Կառլեն Մուրադյանն արդեն վաղաժամ մահացել էր, և Մաթոսյանը դիմեց Վարդուշին՝ Գորկու քրոջը, խնդրելով ցույց տալ բնօրինակ նամակները: Մաթոսյանն իր «Black Angel» գրքում պատմում է.
«Ես հիացած էի հանդիպել միակ կենդանի մարդուն, ով կիսել էր Գորկու մանկությունը՝ նրա սիրելի քույր Վարդուշ Մուրադյանին։ Չիկագոյում արծաթափայլ մազերով այս ծեր տիկինը մահճակալի տակից հին նամակների տուփեր հանեց... Միասին վերծանեցինք դրանք։ Ես մտքում ունեի նրա որդու՝ Կառլեն Մուրադյանի խմբագրած գրքերը, որոնք պարունակում էին Գորկու նամակագրության հրապարակված թարգմանությունները տարբեր թեմաների վերաբերյալ՝ Հայաստանից մինչև կուբիզմ և սյուրռեալիզմ։ Բայց այդ նամակների հետքն անգամ չկար։ Երբ նշեցի, որ նամակներից որոշները կարծես բացակայում են, Վարդուշն ասաց, որ սրբության պես է պահպանել այդ նամակները։ Պնդեց, որ չկան այլ նամակներ։ Ես շփոթված էի...»:
Հետագա ուսումնասիրությունը բացահայտեց, որ Կառլեն Մուրադյանի հրատարակած նամակների շարքից բնօրինակ տարբերակներում 29 նամակ բացակայում էր, և որոշ նամակներում էլ ինչ-որ հատվածներ էին պակասում: Համեմատական էքսպերտիզայի և հսկայական հետազոտության արդյունքում պարզ է դառնում, որ այդ նամակները կեղծվել էին Գորկու զարմիկի՝ Կառլեն Մուրադյանի կողմից։ Այս բացահայտմանը նպաստեց նաև այն հանգամանքը, որ մասնագետներն ուշադրություն դարձրին նամակների լեզվական առանձնահատկություններին։ Արթուր Աթայանը մանրամասնում է.
«Նրա հայերենը արևմտահայերենի և արևելահայերենի խառնուրդ էր, վատ էր գրում, սխալներով։ Առաջին մտահոգություններից մեկը հենց դա էր եղել, նամակների բովանդակությունը բացարձակ չէր համապատասխանում նրա հայերեն լեզվամտածողությանը։ Այդ նամակներում մեծ պաթոսային տեքստեր էին»:
Ի վերջո, ինչո՞ւ Կառլեն Մուրադյանը որոշեց կեղծել մորեղբոր նամակները: Աթայանը կարծում է, որ դա ամենայն հավանականությամբ փորձ էր «հայկականացնելու» Գորկիին, այսինքն՝ նրա անունից Հայաստանի, հայկական հարցի մասին ասել բաներ, որոնք կհանրահռչակեին այդ ցավոտ թեմաները։ Բայց ստացվեց այնպես, որ այդ ցանկությունն իրականացնելու և Գորկուն մեծ ու հայրենասիրական տեքստեր վերագրելու ընթացքում կեղծվեցին նաև նրա հայացքներն արվեստի վերաբերյալ։
Իրականում բնօրինակ տեքստերում Հայաստանի մասին հիշատակումներ գրեթե չկան։ Ըստ Աթայանի՝ այդ նամակներում Գորկին միայն մեկ անգամ է խոսել Հայաստանի մասին, այն էլ առանց «Հայաստան» բառը գրելու։ Այդ նամակներում ազգության վերաբերյալ գրեթե ոչ մի հիշատակում չկա։ Նամակների մեծ մասը երկուսից երեք էջ է, և միայն մի քանիսն են մեկ կամ չորս էջ: Որոշ նամակներում կան նկարներ։ Վարդուշին ուղղված նամակները կարճ գրառումներ են, որոնք տեղեկություններ են պարունակում Գորկու ընդհանուր վիճակի և այն մասին, թե ինչով էր նա զբաղված այդ ժամանակահատվածում: Դրանք նաև պարունակում են հիշատակումներ իր և քույրերի ընտանիքներին վերաբերող կենցաղային հարցերի մասին: Այս նամակները շատ հեռու էին գրական ստեղծագործություններ կամ գեղարվեստական արժեք ներկայացնող նյութեր լինելուց։
Այս փաստի բացահայտումից հետո մի քանի նոր մենագրություններ լույս տեսան։ Ծավալուն աշխատանքից հետո Մեթյու Սպենդերը 2009 թվականին մեկ գրքում հրատարակեց Գորկու ամբողջ հասանելի գրական ժառանգությունը՝ ընդգրկելով նկարչի իրական նամականին և քրոջ ընտանիքին ուղղված հայերեն նամակների բնօրինակները, Գորկու կողմից գրված բոլոր այլ տեքստերը, ինչպես նաև իր ժամանակակիցների իրեն վերաբերող նամակները, հոդվածներն ու հուշերը: Սպենդերը, ով ամուսնացած էր Գորկու դուստր Մարոյի հետ, հետապնդում էր Կառլենի արարքների հոգեբանական պատճառները:
«Կառլեն Մուրադյանը Վարդուշի՝ Գորկու կրտսեր քրոջ միակ որդին էր։ Կառլենը երբեք չամուսնացավ։ Նրա ամբողջ չափահաս կյանքն անցավ իր քեռու ստվերում։ Երկու հայ գիտնականների օգնությամբ բնօրինակ նամակներն ուսումնասիրելով՝ մենք եկանք այն եզրակացության, որ Կառլենի թարգմանություններից շատերը նրա սեփական երևակայության արդյունքն էին այն մասին, թե ով էր Գորկին կամ ինչպիսին պետք է լիներ Գորկին։ Դրանք այն տխուր, տարօրինակ համոզմունքի շարունակությունն էին, որը Վարդուշը պարտադրել էր Կառլենին, ըստ որի Կառլենի կյանքը իր մորեղբոր՝ Արշիլ Գորկու կյանքի շարունակությունն էր»:
2013-ին մագիստրոսական թեզի թեման ընտրելիս Արթուր Աթայանը միանգամից բախվեց մի հետաքրքիր իրողության. Եթե նամակների մեծ մասը կեղծ էին, ապա ստացվում է, որ ամենևին էլ ակնհայտ չէ, թե որոնք էին Գորկու գեղարվեստական հայացքները, ինչ է նա գրել, ասել ու մտածել արվեստի մասին։ Այս բացը լրացնելու համար Աթայանը ձեռնամուխ եղավ մանրակրկիտ ուսումնասիրության։
Նախ հասկանանք, թե ի՞նչ էր վերագրվել նկարչին՝ կեղծ նամակների միջոցով։ Աթայանն իր թեզում շեշտում է.
«Կեղծ նամակները կենցաղային և ընտանեկան զրույցներին զուգահեռ պարունակում էին Գորկու անունից իր նկարչությանը և առհասարակ արվեստին վերաբերող բազմաթիվ մտքեր և կարծիքներ, որոնք ինչպես ոճականորեն կտրականապես տարբեր էին Գորկու հակիրճ և մեղմ գրելաոճից, այդպես էլ բովանդակային առումով չէին համընկնում նրա կողմից գրավոր տեսքով երբևիցէ արտահայտված որևէ գաղափարների հետ»:
Այսպիսով՝ Աթայանը փաստում է, որ Մուրադյանի կողմից տարածված կեղծ նամականին Գորկու մասին խոսելու մի որոշակի մոտեցում սահմանեց մի շարք առումներով: «Առաջին ձեռքից» կարելի էր ընթերցել նկարչի դիրքորոշումը ժամանակակիցների, նրանց գաղափարների և հայացքների, արվեստի
տարբեր ուղղությունների նկատմամբ, ինչի հետևանքով որոշ հեղինակներ Գորկուն անդրադառնալիս, հիմնվում էին ապակողմնորոշող ադ փաստերի վրա:
Այսպիսով՝ նամակների կեղծ լինելու հանգամանքը նաև հնարավորություն էր պարզելու, որ իրականում այդ նամակների մեջ գրեթե բացակայում են արվեստի մասին հիշատակումները։ Հենց այս կետից էլ դրվում է Աթայանի թեզի հիմքը.
«Կեղծիքի բացահայտումը և իրական նամակներում սպառիչ տեղեկությունների բացակայությունը հնարավորություն է ընձեռնում նորովի գնահատել Գորկու կողմից գրված մի քանի տեքստ, որտեղ նա շարադրում է սեփական գեղարվեստական հայացքները»:
Այս տեքստերի միջոցով և ժամանակակիցների վկայությունների հիման վրա, Աթայանը առանձնացնում է Գորկու՝ արվեստի հանդեպ հայացքների մի քանի հիմնական բնութագրիչներ։ Օրինակ՝ նկարչի մեծ հետաքրքրությունը մոդեռն արվեստի հանդեպ։ Կամ՝ իր արվեստը ժամանակի զարգացումների մեջ տեղավորելու Գորկու փորձերը և երրորդ՝ կյանքի ուշ շրջանում սյուրռեալիստական արվեստի տեխնիկաների հանդեպ հետաքրքրվածությունը, որի արդյունքում նկարիչն իր ենթագիտակցական շերտերն ուսումնասիրելու, դեպի մանկություն գնալու փորձեր է կատարել։
1941-43 թվականներին Գորկին «Այգի Սոչիում» վերնագրով մի քանի կտավ ստեղծեց՝ ոգեշնչվելով սյուրռեալիստ Ռոբերտո Մատայի հետ ծանոթությունից: 1942 թվականին MoMA-ն գնեց նկարներից մեկը, և Գորկուն խնդրեցին մեկ-երկու խոսք գրել նկարի մասին: Գորկին գրեց այս սյուրռեալիստական արձակ-պոեմը: Թարգմանությունն Արթուր Աթայանինն է, կետադրությունը՝ հեղինակինը:
«Ես սիրում եմ ջերմությունը քնքշությունը ուտելիքը հյութեղությունը միայնակ մարդու երգը ջրով լի լոգարանը լողանալ ջրի տակ: Ես սիրում եմ Ուչելո Գրյունեվալդ Էնգր Սյորայի կտավների գծանկարներն ու ճեպանկարները և այդ մարդուն Պաբլո Պիկասոյին:
Ես չափում եմ ամեն ինչ կշռով:
Ես սիրում եմ իմ Մուկուչին: Իսկ ինչ ասեմ պապա Սեզանի մասին:
Ես ատում եմ ինձ ոչ նման բաները և այն բոլոր բաները որոնք ես չունեմ աստված են ինձ համար:
Թույլ տվեք ինձ –
Ես սիրում ցորենի արտերը գութանը ծիրանները ծիրանի ձևը արևի այդ սիրախաղը: Եվ ամենից շատ հացը:
Իմ լյարդը հիվանդ է մանուշակագույնով…»
Գորկին բարդ անհատականություն էր, իսկ նրա անձի ու մտքերի շուրջ այս հակասական պատմություններն ավելի են խճճել պատկերը։ Գորկու կյանքի ու տեսակի մեջ հսկայական ազդեցություն ուներ ինքնամերժումը, ինքնաքննադատությունը, նոր ինքնություն փնտրելու և ստեղծելու փորձերը։ Գորկին ինքն իր մասին լեգենդներ էր ստեղծում, կեղծում էր իրեն ինքնության մակարդակում։ Արթուր Աթայանը սա անվանում է «օտարականի ինքնապաշտպանական քողարկում»։ Բայց Աթայանը նաև մի կարևոր հակափաստարկ է բերում.
«Այն, որ ինքը Հայաստանի մասին չի խոսել, հակառակը, իրեն վերածում է ողբերգական անհատի, անհատի որը չի կարողացել այդ ծանր բեռը իր ուսերի վրա տանել։ Այսպես Գորկին դառնում է համաշխարհային նշանակության հետազոտության թեմա»:
Այս պատմության մեջ ամենամտահոգիչ փաստն այսօր այն է, որ կեղծված նամակների մասին մի ամբողջ ֆունդամենտալ հայտնագործություն մնացել է ընդամենը մի քանի ակադեմիական հետազոտության էջերում և դուրս չի եկել մասնագիտական հանրության հետաքրքրության շրջանակից։ Բայց, մյուս կողմից, գուցե այստեղ էլ դիտավորություն կա։ Թեկուզ և՝ ենթագիտակցորեն։ Պետական մակարդակով էլ, զուտ անձնական մակարդակով էլ մարդիկ նախընտրում են Գորկուն վերագրել հայի ու Հայաստանի մասին հուզիչ խոսքեր, քան ընդունել, որ Գորկին խորապես բարդ ու հակասական անհատ էր։