#մշակութաPAN
June 6, 2023

Դա Վինչիի ամենամեծ ու կիսատ գործը, մինչև կյանքի վերջ Տիրամորը նկարած իտալացին ու ԱՄՆ նախագահի կիսանկարը  

Դրանք երբեմն այնքան ամբողջական, հոգեթով ու կլանող են, որ մի պահ մոռանում կամ նույնիսկ չես էլ իմանում, թե կիսատ են՝ անավարտ։

Ինչու է «Մոգերի երկրպագությունը» Լեոնարդո Դա Վինչին կիսատ թողել, որ հայտնի կտավում է մի ոտքը երևում կիսատ, և ով ու ինչպես է Ջորջ Վաշինգթտոնին «կիսել» կտավում․ PAN-ն այս անգամ ամբողջությամբ կիսատ մնացածի մասին է պատմում։

ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ․ «ՄՈԳԵՐԻ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ»

Դա ՎինչիԻ վաղ շրջանի ստեծագործական կյանքից հայտնի այս գործը ստեղծվել է, երբ նկարչին պատվիրվել էր ՖլորեՆցիայի Ավգուստինյան օրդերի միաբանների կողմից, բայց Հիսուսին ընդառաջ եկող մոգերի մասին կտավը կիսատ է մնացել նկարչի՝ Միլան մեկնելու պատճառով։

Պատկերը ներկայացնում  է Քրիստոսի ծննդին ընծաներով ընդառաջ եկող մոգերի մասին աստվածաշնչյան պատմությունը, բայց ոչ միայն դա։

1670 թվականից, կամ արդեն 353 տարի՝ Դա Վինչիի կիսատ մնացած այս գործը կախված է իտալական ամենահայտնի թանգարաններից մեկում՝ ֆլորենցիական Ուֆֆիցիում։ Իհարկե, զարմանալի չի հնչում, բայց թանգարանից մոտ հարյուրամյակ առաջ կտավը Մեդիչիների հավաքածուում է եղել։

Լեոնարդո դա Վինչի, «Մոգերի երկրպագություն», 1481թ․
Այս ֆոնին արժե նշել՝ ասում են Դա Վինչին տաղանդավորագույն ծուլացող էր ու հաճախ է կտավները կիսատ թողել դրանց հանդեպ հետաքրքրությունը կորցնելու պատճառով։ Չնայած 1481-ին Բոտիչելլին արդեն 2 անգամ այս թեմային անդրադարձել էր, բայց Դա Վինչին դեռ այն ժամանակ որոշել էր կտավում, բացի աստվածաշնչյան կերպարներից, ներառել նաև սովորական մարդկայինն ու անգամ վախեցածը։

Այս գործում Մարիամ Աստվածածինն ու մանուկ Հիսուսը մոգերի հետ կտավի կենտրոնական «եռանկյունում» են, գլխավոր պատկերի շուրջ կիսաշրջան են կազմել մյուս հերոս «դետալները», այդ թվում նաև, հավանաբար՝ Դա Վինչիի ինքնանկարը (աջից)։

Կտավը ստաբիլացնող եռանկյան այս պատկերը Բարձր Վերածննդի տեխնիկաներից մեկն էր, որ երևում է նաև նկարչի «Վերջին ընթրիքում» ու ոչ միայն։

Հետաքրքրական է, որ աստվածակենտրոն այս կտավի ձախից հեթանոսական շենքի ավերակ է, կողքին՝ բանվորներ, որոնք, ըստ երևույթին, նորոգում են այն։

«Մոգերի երկրպագություն» կտավը՝ ուսումնասիրության առարկա

Խորհրդանիշերի շուրջ պտտվելով, նկարի կենտրոնական արմավենիներին ևս իմաստ ու բովանդակություն է տրված՝ աստվածաշնչյանից մինչև Հին Հռոմեական․ դրանք ասոցացվում են «Սողոմոնի երգերում» տեղ գտած համեմատությունների հետ, որոնք վերաբերում են Մարիամ Աստվածածնին, բայց կարող են նաև մեկնաբանվել որպես «հղում» Հին Հռոմում հաղթության խորհրդանիշ համարվող արմավենիներին։

Ընդհանուր առմամբ, այս կտավի ֆոնը մեկնաբանվում է որպես քրիստոնեական աշխարհով փոխարինված հեթանոսական աշխարհ։

Արդարացիորեն, «Մոգերի երկրպագությունը» բնորոշվում է որպես Դա Վինչիի ամենաբեղմնավոր ու արտասովոր, ծայրահեղ կենտրոնացված ու հզոր ստեղծագործություններից մեկը, որն ընդգրկում է կրոնական ու կյանքային թեմաներ ու փիլիսոփայություն, և արտահայտվում բարդագույն տեխնիկայով ու վարպետությամբ։ Այս գործն ասոցացվում է վարպետի ճարտարապետական տաղանդի հետ, նաև արտացոլում այն։

Տախտակի վրա ստեղծված «Մոգերի երկրպագության» փառքն ու հռչակը, իհարկե, տարիներն ավելացրել են, բայցև «գույնը գցել», հիմքը վնասել։  Անավարտ կտավի՝ 2011-ին սկսված ռեստավրացիոն աշխատանքները տևել են 6 տարի ու ավարտվել միայն 6 տարի առաջ՝ 2017-ին։

Այսօր այս գործը դրվում է Դա Վինչի վրձնին պատկանող «Մոնա Լիզայի» (ի դեպ, տարբեր աղբյուրներում՝ կտավների մեջ այս superstar-ին էլ են անավարտ համարում) ու «Վերջին ընթրիքի» կողքին՝ հենց մոգականության ու բազմաշերտ առեղծվածայնության պատճառով։

Կտավի վերականգնումը նոր շերտեր է բացել հանճարեղ Դա Վինչիին անթարթ նայողների համար․ ասում են՝ երևացել են որոշ նախնական հղումներ նկարչի հետագա աշխատանքներին, ավելի կապույտ երկինք ու ոչ միայն։

Դա Վինչի գործը ռեստավրացվել ու թանգարան է վերադարձվել
Կտավի վերականգնման աշխատանքներից որոշ մանրամասներ

Իր մոգականության հետ զուգահեռ՝ «Մոգերի երկրպագությունը» Լեոնարդո դա Վինչիից մեզ հասած ամենամասշտաբային՝ 2․5*2.5 մ-անոց աշխատանքն է, ու նորից հիշեցում՝ ինչ-որ հեգնանքով՝ անավարտ։

Ուֆֆիցի թանգարանում հիշեցնում են՝ բարդագույն ֆիգուրներով ու կազմությամբ այս գործը Լեոնարդոն 30 ամսում պիտի ավարտեր, բայց 1481-ի սեպտեմբերից հետո գործը թողել է։ Ավգուստինյան միաբանները սպասել-սպասել են Լեոնարդոյի գալստյանը, բայց հետո հույսը կտրել ու պատվերը փոխանցել են մեկ այլ նկարչի՝ Ֆիլիպինո Լիպպին։ Վերջինս իր գործն ավարտել է 1496-ին։

Ու քանի դեռ Իտալիայում ենք, Ուֆֆիցիի պատերին համաշխարհային հռչակով ու անավարտ ևս մեկ գործ կա՝ «Երկար պարանոցով Տիրամայրը» (իտ՝ Madonna dal collo lungo)՝ ստեղծված Վերածննդի շրջանի պերֆեկցիոնիստներից մեկի՝ Ֆրանչեսկո Պարմիջանինոյի ձեռքով։

Պարմիջանինո, «Երկար պարանոցով Տիրամայրը»

Երկու մետրից ավելի «հասակ» ունեցող այս աշխատանքը, ասում են՝ նկարիչը ստեղծել է տարիներով՝ 1534-ից սկսած, բայց չի հասցրել ավարտել գործը, որովհետև մահացել է 1540-ին՝ տենդից։

Ի դեպ, նկարչի կյանքն ու կարիերան կարճ են եղել․ նա միայն 37 տարի է ապրել։ Նկարչի այս գործը 1698-ից Մեդիչիների տանն է գտնվել, 1948-ից՝ տեղափոխվել Ուֆֆիցի։

Երկար պարանոցով Աստվածամորը պատկերող այս գործը զգայական երանգներով լեցուն է՝ համադրված խորը կրոնական և շատ մարմնական ֆիգուրներով․ Կենտրոնում նստած Տիրամոր կողքին նախանձելի սլացիկությամբ աջից փայլում է հրեշտակի բաց ոտքը՝ վերից վար։

Դետալ՝ «Երկար պարանոցով Տիրամայրը» կտավից

Իհարկե, կտավը տեխնիկապես ու ոչ միայն հասկանալու համար առաջարկվում է նայել դեպի Մաներիզմը՝ հղումով արվեստագետի սուբյեկտիվ-հուզական ընկալմանն ու դրա արտահայտություններին։ Բարձր Վերածննդի իդեալական չափագրումներից հետո եկած Մաներիզմը կտավ էր բերում նոր չափսեր ու կորություններ։ Այստեղ հետաքրքրական մի կարծիք էլ կա․ մանուկ Հիսուսի պատկերը հաճախ մեկնաբանվում է որպես արդեն մահացած՝ մարմնի դիրքի պատճառով։

6 հրեշտակով (այո՛, վեց՝ ոչ հինգ․ վեցերորդն անավարտ է) շրջապատված Աստվածածնի աջ կողմում նկարի կիսատության նշաններից մեկն է՝ ոտքը։

Այս գործի վրա նաև մակագրություն կա այն մասին, որ դժբախտ ճակատագիրը խանգարել է նկարչին ավարտել աշխատանքը։

ԳՈՏԿԱՏԵՂԻՑ ՆԵՐՔԵՎ ԿԻՍԱՏ ՄՆԱՑԱԾ ՆԱԽԱԳԱՀ ՋՈՐՋ ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ՈՒ ՆՐԱՆ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ ՍԱՐՔԱԾ ՆԿԱՐԻՉԸ

Ամերիկացի նկարիչ Գիլբերտ Ստյուարտի անունը դրվում է 18-րդ դարի հայտնի դիմանկարիչների ու նաև նախագահների և ազդեցիկ մարդկանց անունների կողքին։ Ստյուարտն իր կյանքի ընթացքում 1000-ից ավելի դիմանկար է հեղինակել, ամենահայտնիները, սակայն, հավանաբար ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի պատկերներն են։

Կարծիք կա, թե Ստյուարտը նախագահին ցանկացել է նկարել իր փառքի համար:

1795-ին նախագահ Վաշինգտոնին պատկերելուց հետո, 1796-ին, ասում են՝ նրա կինն անձամբ խնդրել է նկարչին հեղինակել ևս մեկը՝ իրենց զույգի դիմանկարը։ Չնայած տիկին Վաշինգտոնը հետո բազմաթիվ առիթներով խնդրել է նկարչին ուղարկել իրենց նկարը, Ստյուարտը հրաժարվել է։ Կտավը, որն այժմ հայտնի է որպես Athenaeum, ունի մոտ 75 տարբերակ․ նկարիչը կիսատ թողել ու միաժամանակ «բազմացրել» է իր գործերը՝ հիմք ընդունելով հենց Athenaeum-ի առաջին տարբերակը, որն այժմ Բոստոնի ազգային դիմանկարների պատկերասրահում է։

Athenaeum․ նկար, որը Ստյուարտը դիտմամբ կիսատ է թողել

Այս կիսատ նկարի ամենաակնառու կողմը, թերևս, նախագահի բերանի հատվածի տարօրինակ ուռուցիկությունն է՝ այտուցը, որը բացատրվում է հանգամանքով, որ նախագահը նոր պրոթեզներ է դրել, իսկ նկարիչը՝ պատկերել կյանքն ինչպես այն կա։

Ընդհանրապես, Ստյուարտը նախագահին նկարել է այնքան, ինչքան իրեն է պետք եղել․ դիտմամբ կիսատ թողած այս դիմանկարը, ասում են՝ հետագայում տասնյակ կրկնօրինակներով ու $100-ով վաճառել է։

Իհարկե, կերպարվեստի պատմության մեջ կիսատ մնացած ու կիսատ թողնված այլ կտավներ էլ կան․ դրանց մի մասին, ոչ այս կոնտեքստում, բայց բոլորովին այլ համատեքստում PAN-ն անդրադարձել է։ Առաջարկում ենք վերհիշել, օրինակ՝ Կլիմտի Եվայի կիսաձեռքն ու Դա Վինչիի՝ Աբու Դաբիում ապրող Սուրբ Հովհաննեսի հանրահայտ կտավը։