Շիկահեր Եվան, իրար դիպչող կամ իրարից հեռացող Աստված ու Ադամը․ Սկիզբը՝ Միքելանջելոյից՝ Կլիմտ
Ինչպես էրոտիկ կտավներ ունեցող Կլիմտն աստվածաշնչյան թեմա շոշափեց ու ով է ում ստեղծում Սիքստինյան կապելլայի առաստաղին․ այս անգամ սկսում ենք ամենասկզբից։ Աստված, առաջին մարդն ու կինը, արարումն ու դեպի կյանք գալը հավերժական թեմաներ են, որոնք համադրվում ու հակադրվում են արվեստում՝ տալով հարցեր, պատասխանելով դրանց ու առաջացնելով նորերը։
Ի սկզբանե էր բանը, ու PAN-ն այս անգամ առանձնացրել է իրարից դարեր հետ ու առաջ ապրած Գուստավ Կլիմտի ու Միքելանջելոյի որմնանկարները (ու կտավը)՝ հիշեցնելու համար կյանքի ու սկզբի թեման (և, ինչու ոչ` հակադրվելու նախորդ երկու #lavPAN-երի պեսիմիստիկ տրամադրությանը՝ պատերազմի սարսափի և սարսափելի գեղեցիկի մասին)։
«ՀԱՄԲՈւՅՐԻՑ» ՀԵՏՈ․ ԿԼԻՄՏԻ «ԿԵՆԱՑ ԾԱՌԸ»
19-րդ դարավերջի ու 20-րդ դարասկզբի ամենահայտնի նկարիչներից մեկը՝ Գուստավ Կլիմտը, որ ավստրիական մոդեռնի հիմնադիրն էր, իր արվեստի լեզվով գրեթե միշտ է շոշափել կնոջ մարմինը՝ դարձնելով այն իր կտավների կենտրոնը և երբեմն շեղելով այդ կենտրոնը դեպի դիացաբանություն ու փոխաբերություն։
Իր ստեղծագործական կյանքը կնոջ մարմնին ու մայր բնությանը նվիրած Կլիմտը, թերևս, սկզբի, կյանքի ու դրա շարունակության թեմայի մեջ է՝ ուղիղ, փոխաբերական ու մյուս բոլոր հնարավոր իմաստներով։
Սկզբի ու Կլիմտի մասին խոսելիս միանգամից «Կենաց ծառին» չենք անցնի․ նախ, կա «Ադամն ու Եվան»։ Սա նկարչի հազվագյուտ գործերից է աստվածաշնչյան թեմայով, որն այսքան ուղղակիորեն առնչվում է նաև սկզբին, բայցև այսքան ակնհայտորեն անավարտ է։ Կլիմտն այս կտավի վրա աշխատել է 1917-ից մինչև 1918 թվականի փետրվար, մինչև իր մահը։
Ընդհանրապես, Կլիմտի արվեստի մեկնաբանները նշում են, որ նկարչի պատկերած կանայք զգալիորեն տարբերվել են այն ժամանակվա «վիեննական իդեալներից», բայց ակնհայտորեն տեսնում ենք նաև, որ Եվան տարբերվում է մյուս եվաներից ու Կլիմտի վրձնած այլ կանանցից։
Շիկահեր Եվան, ինչպես Կլիմտի գրեթե բոլոր կտավների կանայք, առաջին պլանում է, ծաղկած ոտքերով, մարմնի ընդգծված հոսքով և կիսատ մնացած աջ ձեռքով, որի մեջ կարող էր խորհրդանշական խնձորը լինել, հովհար կամ մեկ այլ բան, մեկ է՝ երբեք չենք իմանա՝ ինչ։
Եվայի կերպարն այստեղ ինչ-որ իմաստով արխայիկ է համարվում՝ նման նախապատմական կուռքերին, ոտքերի տակ ունենալով պտղաբերություն խորհրդանշող անեմոններ։
Ընդհանրապես, ասում են, «Ադամն ու Եվան» հանրահայտ «Համբույր»-ը կտավի բազմաթիվ նախատիպերից, հիմքերից մեկն է․ «Համբույրի» դիտարկումները, գծագրերը ցույց են տալիս, որ այդ կոմպոզիցիան ստեղծվել է ավելի վաղ արված աշխատանքների հիման վրա։
Եվ քանի դեռ Ադամի ու Եվայի թեման է, առաջարկում ենք վերհիշել նաև Վերածննդի շրջանի արևմտաեվրոպական արվեստի ամենանշանավոր դեմքերից մեկի՝ Ալբրեխտ Դյուրերի «Ադամ և Եվա» փորագրանկարը՝ հասունացնելով նաև գիտություն ու արվեստ իրար կապած այս հեղինակին անդրադարձը և գիտության ու արվեստի կապի մասին մի մեծ lavPAN։
Կլիմտի «Կենաց ծառը» շարունակում է արտիստի խորհրդանշական մոտեցումը՝ պատկերելով մի թեմա, որ կարելի է գտնել արվեստում գրեթե ամենուր, թեմա, որը խորհրդանշում է կյանքը, զարգացումը, շարունակականությունը։
Ի տարբերություն «Ադամի և Եվայի», որի դեպքում նշվում է, որ սա ակնհայտ աստվածաշնչյան թեմա է և ակնհայտորեն՝ ոչ բնորշ Կլիմտի արվեստի «տեքստին ու ենթատեքստին», «Կենաց ծառի» պարագայում կրոնական մեկնաբանություն չի տրվում․ ամենայն հավանականությամբ՝ առաջարկելով Կենաց ծառի մասին առասպելաբանությունը դիտարկել բոլոր ժամանակների, կրոնների, հավատալիքների համար։
Այնուամենայնիվ, արժե նշել, որ հնագույն որոշ ավանդություններում կենաց ծառը պատկերված է իբրև կանացի սկիզբ, որի հետ կապվում են այն կենդանիները, որոնք համընկնում են ծառի միջնամասի հետ և համարվում վերարտադրողականության կրողներ:
«Կենաց ծառը» համարվում է սիմվոլիստական արվեստի գործ, այն ստեղծվել է 1909 թվականին՝ որպես Art Nouveau (ֆր․` նոր արվեստ, մոդեռն) ոճի գործ և այժմ ցուցադրվում է Վիեննայի Կիրառական արվեստի թանգարանում (Vienna’s Museum of Applied Arts):
109x102 սմ-ի վրա այս գործը պատկերում է կյանքի ծառի գաղափարը՝ ստեղծարար ու հզոր ձևով․ նկարը, կարելի է ասել, նախասկիզբ է և ուսումնասիրություն, Կլիմտի հայտնի համանուն որմնանկարի՝ The Tree of Life, Stoclet Frieze-ի համար։
Այն ստեղծվել է Բելգիական Ստոկլեի պալատի համար, այն ժամանակ հայտնի բանկիր Ալբեր Ստոկլեի և նրա կնոջ՝ Սյուզանայի պատվերով։
Զույգն արվեստի գործերի հավաքածուներ ուներ տարբեր ժամանակաշրջաններից և աշխարհի չորս կողմից, այդ թվում` հայկական։
Այդ ամրոցի որմնանկարի վրա Կլիմտն աշխատել է 1905-1911 թվականներին։ Այժմ այս պալատը փակ է զբոսաշրջիկների համար և պատկանում է Ստոկլե ընտանիքին, բայցև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունների ցանկում է։
Որոշներն այս նկարում տեսնում են հայրիշխանության ու մայրության ուժի ցուցադրում․ կենսականությունը, աճը խորհրդանշում են կանացիությունն այդ պատկերում, մինչդեռ, որմնանկարում ներկայացված են նաև արական սիմվոլները և այս յուրահատուկ կապից էլ ծնվում է կյանքը։
Բոլոր ժամանակաշրջանների «թոփ» թեման պատկերելուց զատ՝ այս կտավը նաև առանձնահատուկ է Կլիմտի ստեղծագործական կյանքում․ այն առաջին ու միակ բնապատկերն է, որն ստեղծվել է նկարչի «ոսկե տարիներին»՝ Ոսկե շրջանում։ Հենց այս ժամանակ է Կլիմտը համադրել յուղաներկով և ոսկեգույն ներկով նկարելու տեխնիկան՝ ստանալով շքեղագույն գործեր։
Ի դեպ, Կլիմտների ընտանիքում ոսկին «թեմա էր». նրա հայրը ոսկերիչ-փորագրող էր, քույրն ու եղբայրն ընտրել էին հոր ուղին, իսկ նկարիչը, ինչպես հայտնի է, իր ստեղծագործական կյանքի ամենահայտնի շրջանը «ոսկով է պատել»:
Եվ որքան էլ այն առնչվի սկզբին, միևնույն է` Կենաց ծառի սիմվոլը նաև «կյանքն ինչպես որ է»-ի պատկերումն է, ու Կլիմտի նկարը հեռու չի գնում այս կոնտեքստից․ այն միավորում է կյանքի բոլոր ասպեկտները՝ կապելով երկինքն ու երկիրը, անդրաշխարհը։
3 էջ Կլիմտի 2 գործի մասին կարդալուց հետո, մենք, ինչ-որ իմաստով պարտավորված ենք զգում Ձեզ տանել վարպետի նկարները դիտելու՝ օնլայն թանգարանում, «քլիքով աշխատող» գիդի ուղեկցությամբ։
Իսկ եթե, ամեն դեպքում, սկզբի թեման կինոյով եք ուզում շարունակել, առաջարկում ենք դիտել «Կենաց ծառը»՝ Շոն Փենի ու Բրեդ Փիթի մասնակցությամբ։
Սիքստինյան կապելլայի ամենահայտնի որմնամկարներից մեկը, եթե ոչ ամենահայտնին, անշուշտ, Միքելանջելոյի «Ադամի Արարումն» է։ Այն ամենահայտնին լինելուց զատ՝ նաև ամենակրկնվածն ու վերարտադրվածներից մեկն է։
15-րդ դարում կառուցված մատուռի պատերին աշխարհի արարման քրիստոնեական պատկերն է՝ ժամանակի խոշոր նկարիչների ձեռամբ։ Միքելանջելոյից բացի, Վատիկանի ամենաայցելվող այս վայրերից մեկի պատերին Լուկա Սինյորելլիի, Բոտիչելիի, Պերուջինոյի, Գիրլանդայոյի և ժամանակի այլ հայտնի նկարիչների ստեղծած պատկերներն են։
Ընդհանուր առմամբ, պահպանված 12 որմնանկարում մի քանի տասնյակ դիմանկարներ են արտացոլված։ Արարումն ու քիստոնեական մյուս թեմաները պատկերող որմնանկարները դարերի ընթացքում մի քանի անգամ վերականգնվել են․ ամենավերջին վերականգնման ախատանքներն արվել են 1980-194 թվականներին։
Միքելանջելոն «Ծննդոց գրքի» արարման դրվագը հատուկ տեխնիկայով է պատկերել Սիքստինյան կապելլայի առաստաղին․ արվեստի գործի պիգմենտները միաձուլված են պատին՝ դրա հետ մեկ ամբողջություն դառնալով։
Ի սկզբանե, նկարչին հանձնարարվել է որմնանկարում պատկերել 12 առաքյալին, սակայն նա կարողացել է համոզել Պապին ու վերափոխել նախապես որոշված դիզայնը․ վերջնարդյունքում, 4 տարի տևած աշխատանքից հետո նա 500 քառակուսի մետրանոց բարդագույն պատկեր է ստացել, մոտ 300 ֆիգուրով։
Միքելանջելոյի այս գործը, իհարկե, արվեստի մյուս գործերի պես մեկնաբանվել է ամենատարբեր ձևերով։ Համենայն դեպս ամենահայտնին առաջարկում է նայելով «կարդալ» պատկերը․ ամբողջ կոմպոզիցիայում երկու ակտիվ կերպար կա՝ Աստված ու Ադամը, վերերկրային Աստված ստեղծողի ակտիվությունն ունի, իսկ գետնին նստած Ադամը սպասում է արարմանը։
Որոշ աղբյուրներում առաջարկվում է նաև մտածել Աստծո թիկունքում գտնվող հրեշտակների մասին, որոնք անթև են։ Ընդհանրապես, կասկած կա այս հրեշտակների «ինքնության» վերաբերյալ, մյուս կողմից առաջարկվում է նայել Աստծո թևի տակ պատկերված կնոջը։ Ըստ մեկնաբանություններից մեկի՝ նա Եվան է, սպասում է արարաման իր հերթին, որոշներն էլ կարծում են՝ կնոջ կերպարը Մարիամ Աստվածածինն է։
«Ադամի արարման» մոտեցումնեից մեկը, սակայն, լիովին հակադրվում է քրիստոնեականին և անսպասելի է․ իսկ ի՞նչ, եթե ոչ թե աստված է Ադամին արարում, այլ հակառակը՝ Ադամը՝ Աստծուն։
«Ադամի արարումը» որմնանկարում արարողի կերպարում Ադամին դնողներն առաջարկում են որոշ սիմվոլների ուշադիր լինել, այդ թվում` Աստծո և հրեշտակների թիկունքում գտնվող ֆոնին, որը նրանց ուղեղ է հիշեցնում։
Այս մեկնաբանության կողմնակիցներն առաջարկում են հիշել, որ Միքելանջելոն Վերածննդի շրջանի նկարիչ էր՝ տարված անատոմիայով, և Աստծո թիկունքում գտնվող կարմիր ֆոնի և մարդկային ուղեղի նմանությունը պատահականություն չէ։ Ուղեղ տեսնողներն առաջարկում են նաև մեկ այլ վարկած․ ի սկզբանե Աստված բանականությունն Ադամից հետ է պահել և միայն մեղքից հետո այն առաջին մարդուն է տվել։
Ստեղծողի և ստեղծվողի կապը քննելիս, առաջարկվում է նաև մտածել՝ Աստված ձեռք է մեկնում Ադամին, թե՞ բաց է թողնում նրան։
Սիքստինյան կապելլան սկզբի մասին ամենաընդգրկուն պատկերներն ունեցող կառույցներից մեկն է, իսկ «Ադամի արարումը» միայն մեկն այդ շարքում, բայց կենտրոնականը, գլխավորն ու ամենաքննարկվողը, գուցե, հենց այդքան պատկերավոր և ակնհայտ, բայցև խորհրդավոր լինելու հաշվին։
Ի՞նչ կար սկզբում, ոչ մեկ հավաստել չի կարող, բայց ո՞վ կժխտի` գեղեցիկն ու արվեստը սկզբի մասին են կամ գոնե սկսելու փորձ։