Խանդի հողի վրա․ Ինչպես խանդի այլաբանությունը որպես սեռավարակ մեկնաբանվեց և ինչու Մունկը 11 անգամ «խանդել տվեց»
Երբեմն սիրո մասին պատմությունների կողքին խանդի մասին ակնարկներ են և մտքեր՝ խանդի հողի վրա «ծաղկող»:
Հին հունական դիցարանում, օրինակ, աստվածուհի Հերան Զևսի վրա աչք դրած Իոյին կով (երինջ) դարձրեց, մի ուրիշ առիթով տիտաններ ուղարկեց Զևսի՝ մարդածին որդուն՝ Դիոնիսոսին սպանելու. նա այնքան հնարամիտ էր, որ անգամ «երկնակամարը փակեց»՝ Լետոյի ու Զևսի որդու լույս աշխարհ գալուն խանգարելու ու Արտեմիսի և Ապոլոնի ծնունդը խոչընդոտելու համար։
Արվեստի պատմության մեջ խանդի թեմայով ու խանդի հողի վրա շատ մոլբերտներ են դրվել․ դրանցից որոշները հենց համանուն վերնագրով են՝ «Խանդ», կամ թեմայով՝ դիցաբանական, անձնական։ PAN-ն այս անգամ պատմում է ուշ Վերածննդի շրջանից մեզ հասած Վեներայի ու Ամուրի այլաբանությունների և Մունկի «Խանդերի» մասին։
Ինչպես գլուխը ձեռքերի մեջ առած կերպարը մեկնաբանվեց որպես խանդ, հետո դարձավ սեռավարակի այլաբանություն, և ինչու մոդեռնիզմի նախահայրերից մեկը 11 անգամ խանդել տվեց։
ԲՐՈՆՁԻՆՈ․ ԽԱՆԴԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՎԵՆԵՐԱՆ ՈՒ ԱՄՈՒՐԸ
Ուշ Վերածննդի վարպետ, մաներիզմի ականավոր ներկայացուցիչ Անյոլո Բրոնձինոյի աշխատանքները հարուստ են կրոնական ու դիցաբանական հիմքով․ Մեդիչիների պալատական նկարիչը, անշուշտ, ջանք չի խնայել իր գործերում ցույց տալու համար այն, ինչ կապվում է սիրո հետ:
Վարպետի՝ Լոնդոնի ազգային պատկերասարհում պահվող «Այլաբանություն Վեներայի և Ամուրի հետ» գործը խտացված այլաբանությունների մի պատկեր է՝ լցված սիրո ու հաճույքի թեմաներով։
Վերածննդի շրջանի նկարիչ, նկարիչների կենսագիր Ջիորջիո Վազարին այս նկարը «եզակի գեղեցկություն» ունեցող է գնահատել՝ նշելով, թե գլխավոր հերոսներին շրջապատում են սիրո կրքերը՝ Հաճույքը, Խաղը, Սերերը, Խաբեությունը, Խանդը։
Մերկ երեխան, որ զվարթորեն վարդերով է ողողում համբուրվող զույգին, ասոցացվում է հաճույքի հետ, նրա թիկունքում գտնվող անմեղ դեմքով աղջնակը, որ գազանի մարմնով է՝ խաբեությունն է, որ կա, նկարի ձախ անկյունից այս պատկերի վրա կապույտ վարագույր քաշողին հաճախ ասոցացնում եմ մոռացության հետ։ Իսկ ո՞վ է թիկունքում ձեռքերն ափի մեջ առած կերպարը։
Այս կերպարի մասին երկու կարծիք կա․ համաձայն մեկի՝ դա խանդն է, ըստ մյուս՝ ներկայումս ավելի տարածված պնդման, այն ներկայացնում է նկարի ստեղծման դարաշրջանում բոլորովին նոր սիֆիլիս հիվանդությունը, որն աշխարհամաս էր եկել, ասում են, Կոլումբոսի ամենամեծ բացահայտումից հետ։
Մինչև 1986 թվականն այս կերպարին մեծապես վերագրվում էր խանդի ալեգորիան, 20-րդ դարավերջում, սակայն, համոզիչ ապացույցներ ներկայացվեցին, թե կերպարը երկրորդային սիֆիլիսի ախտանշաններն է ներկայացնում․ բացակայող եղունգներն ու ատամները, մազերը քաշելու ժեստն ասոցացվում են հիվանդության ախտանշանների ու ֆիզիկական ցավի հետ, գրում են Journal of the Royal Society of Medicine-ում։
Իհարկե, բժշկակակն ամսագրում կոնկրետ ախտանշաններ են վերագրվում կերպարներին՝ ելնելով հիվանդության հնարավոր դրսևորումներից, օրինակ՝ մոռացության բացակայող աչքերը նյարդաբանական խնդրի հետևանք համարելով։ Սերը խորհրդանշող երեխայի հրճվանքն ու նրա՝ վարդի փուշը ոտքին չնկատելն էլ կապելով «հիմար քմահաճույքին» ընդառաջ գնալու հետ, մեկնաբանություն կա նաև, որ հենց հիվանդության ախտանշանների պատճառով է զգայունության այդ բացակայությամբ փուշ տրորելը։
Սիրո ու հաճույքի մասին այս տեսարանում «Վեներայի ակտի» հետ կապվող թեման կարմիր թելի պես է անցնում ժամանակակից մեկնաբանություններում․ երկու ակնհայտ գլխավոր հերոս ունեցող այս գործում, սակայն, խիստ բժշկական մեկնաբանությունից մինչև սովորական խանդի վերագրվող այս կտորը, մեկ է՝ ավելի է գեղեցկացնում պատումը։
Ու պարզապես հետաքրքիր փաստ. Վեներայի ու Ամուրի էրոտիկ կապը պատկերող այս գործն ընծայվել է Ֆրանսիայի թագավոր Ֆրացիսկոսին։
ՄՈՒՆԿԻ 11 «ԽԱՆԴԵՐԸ», ԸՆԿԵՐՆ ՈՒ ԸՆԿԵՐՈՋ ԿԻՆԸ
Էդվարդ Մունկի կարմիրի ու «Ճիչի» մասին արդեն գրել ենք ու անդրադարձել նրա սիրային կյանքի պատմություններին, դրանց հետևանքներին՝ անձնական տրավմաներից մինչև կտավի թեմա դառնալ։
Մունկի գործերից մեկը, որ վերնագրված Է «Խանդ», հերթականն է հեղինակի այն կտավներից, որոնցից մի քանի օրինակ է ստեղծվել (կա տվյալ, թե Մունկը «Խանդ» վերնագրով 11 ստեղծագործություն ունի, մի քանի գրաֆիկական աշխատանք)։
Նկարչի խանդերի այս բազմազանությունն ուղեկցվում է զգացմունքի հետ ասոցացվող կանաչ գույնով ու առաջին պլանում պատկերում ընկերներից մեկին՝ լեհ գրող Ստանիսլավ Պշիբիշևսկուն։ Նրա հետ Մունկը ծանոթացել և ընկերացել էր Բեռլինում՝ 1890-ականներին. ի դեպ, հենց այս մարդն է Մունկի հայտնի «Սեր ու ցավ» գործին «Վամպիր» անունը տվել։
Մեկ րոպեում Մունկի «Խանդերի» պատճառները գտնել փորձող այս հոլովակում համանուն վերնագրով կտավներն են ու որոշ մանրամասներ:
Մորուքավոր լեհ բանաստեղծն առաջևում, կանաչ ծառ-ծաղիկն ու մորեմերկ կինը՝ խնձորով՝ թիկունքում․ Մունկի «Խանդերի» շղթայի ամենաճանաչելի գործերից մեկն աստվածաշնչյան հայտնի թեմայի կողմն է մեզ տանում։
Ասում են՝ պոետ Պշիբիշևսկին բնավ էլ ընկերոջն անմահացնելու Մունկի անհագ ցանկության համար չի հայտնվել այս կտավում․ նկարչին ու Պշիբիշևսկու կնոջը սիրային կապ է վերագրվում։ Այդ նույն կնոջը՝ նորվեգացի պոետ Դանգի Յուելին (Dagny Juell) Մունկը նկարել էր նրա ամուսնության տարում՝ 1893-ին։
Կիրքը, խանդը, գայթակղության աստվածաշնչյան այլաբանությունն ու ինքնակենասագրական դիպվածը Մունկի կտավում ուղեկցվում ու զուգակցվում են, հետո նաև՝ կրկնվում։
Պոետի գունատ, խանդոտ կերպարի թիկունքում կատարվողն աստվածաշնչյան պատումի ու Մունկի վարպետության միախառնման մասին մի ամբողջական պատմություն է․ այգում կիսամերկ կանգնած կինը կարմիր խալաթով ու կարմրած դեմքով է։ Մունկի Եվան՝ այդքան մերկ, բայցև հագնված, ձեռքը դեպի խնձորներն է մեկնում, իսկ նրա դիմաց նկարչի ստեղծած Ադամն է՝ թիկունքով դեպի նայողը, նկարչի ժամանակին բնորոշ հագուկապով, չերևացող դեմքով, բայց հենց իրեն՝ Մունկին ակնարկով։ Աստվածաշնչյան մերկությունից շեղումն Ադամին բերում է դեպի ավելի ժամանակակից համատեքստ։
Խանդի այս տեսարանի նախապատմությունն ավելի հետաքրքիր է դառնում, երբ կարդում ենք, որ Թուլլա Լարսենի, Միլլի Թաուլոյի հետ համատեղ՝ տիկին Դանգին ևս Մունկի մուսա կանանց ցանկում էր։
Ասում են՝ նաև այս կնոջ նախատիպով է ստեղծվել, օրինակ, Մունկի «Մադոննան»։ Այս կտավը, ի դեպ, հանրահայտ «Ճիչի» հետ 2004-ին գողացվել էր Մունկի թանգարանից, հետո գտնվել ու վերադարձվել։