#մշակութաPAN
July 11, 2023

Կարմիրը․ Ինչու են Մունկի կտավի կնոջը վամպիր համարում, ինչպես Մոնեն իր կնոջը ճապոնուհի ներկայացրեց, իսկ Ռենուարը որդուն՝ ծաղրածուի շորով  

Քարանձավներից մինչև Մարկ Ռոտկոյի աբստրակտ, արյուն ու կիրք․ կրակի գույնը՝ կարմիրը, 20,000 տարուց ավելի արվեստի պատմության մեջ գոյություն ունեցող պիգմենտ է։

Ի տարբերություն կապույտի, կարմիրն առատորեն գոյություն է ունեցել և ունի բնության մեջ․ կարմիրով սկսել են ներկել դեռ քարանձավներում։

«Կարմիրն արխետիպային գույն է, առաջինը, որ մարդիկ յուրացրել են, վերարտադրել և բաժանել տարբեր երանգների»,- գրում է պատմաբան Միշել Պաստորուն (Michel Pastoureau) իր «Կարմիր․ գույնի պատմությունը» գրքում։

Քարանձավային նկար Արգենտինայի տարածքից

Մեզնից դեռ 250,000 տարի առաջ օգտագործված այս գունի մասին գիտնականները տարբեր վարկածներ են առաջ քաշում․ ոմանց պնդմամբ՝ կարմիրը վաղ մշակույթներում կիրառվել է որպես զարդարանք մարմնի վրա, որոշների կարծիքով՝ գույնը(գույնի հումքը) ավելի պրակտիկ նպատակներով է օգտագործվել, ասենք՝ որպես սոսինձ։

Փարավոնների Եգիպտոսում կարմիրի կիրառումն ակնհայտորեն աճել է՝ կարմիր ստանալու համար ներառելով նաև թունավոր նյութեր, սնդիկի սուլֆիդը՝ կինովարը (HgS)։ Նյութը հետագայում օգտագործվել է որպես փառքի, հարստության և ուժի խորհրդանիշ՝ դաջվելով գլադիատորների մարմնից մինչև Պոմպեյի հարուստների առանձնատների պատեր։

Կարմիրով գործողների շրջանում կինովարի պես թունավոր ու պահանջված է եղել նաև մինիումը՝ կարմիր կապարը։ Հետազոտողները ենթադրում են, թե սա կարող է լինել առաջին սինթետիկ պիգմենտներից մեկը։ Այն բարձր ջերմաստիճանի տակ պահելով հնարավոր է եղել ստանալ մուգ, աչք ծակող երանգ, որը հետագայում կարելի էր օգտագործել փորագրություններ անելիս, համադրել մարմարի հետ, հետագայում էլ արդեն կիրառել մանրանկարներում ու ձեռագրերում։

Այս նյութի երկրպագուներից է եղել նաև Վինսենթ վան Գոգը․ բայց այս փաստն առանձնապես չի ուրախացնում նկարչի աշխատանքներն ուսումնասիրողներին։ Ինչպես պարզվում է՝ կարմիր կապարը լույսի տակ սպիտակում է։

Դարեր շարունակ գերիշխող լինելով տեսողական մշակույթում, Բողոքական ռեֆորմացիային զուգահեռ, կարմիրը սկսեց ընկալվել որպես գռեհիկ, անգամ անբարո, իսկ գույնի ազդեցությունը սկսեց մարել։ Այսօր, կիրառման իմաստով, կարմիրին գերազնացում են թե՛ կապույտը, թե՛ կանաչը՝ ընկալվելով որպես Արևմուտքի սիրելի գույներից։

Ու չնայած սրան՝ կարմիրի երանգները շարունակում են պոպուլյար լինել արվեստի գործերում՝ բարձրացնելով դրանց արժեքը․ ասում են՝ կարմիր ունեցող արվեստի գործերն աճուրդներում ամենաբարձր գնով են վաճառվում, իսկ կարմիրի պատմությունն ավարտվելուց շատ հեռու է։

Ռաֆայել, «Կաուպերի փոքր Տիրամայր», կարմիրը՝ վերմիլիոնով
Յան վան Էյք, Lucca Madonna, 1435-40թթ․
Կարմիրի բոլոր երանգներին նայելու համար արժե հիշել նաև վերմիլիոնը (Տիցիանն է հաճախ օգտագործել), մեր որդան կարմիրը, Կադմիումից առաջացող կարմրաշագանակագույնը, Լիթոլը (Մարկ Ռոթկոյի կարմիրը)։

ԿԱՐՄԻՐՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ․ ՌԵՆՈՒԱՐԻ ՏՂԱՆ՝ ԾԱՂՐԱԾՈՒԻ ԿԱՐՄԻՐ ՇՈՐՈՎ, ՄՈՆԵԻ ԿԻՆԸ՝ ԿԻՄՈՆՈՅՈՎ

20-րդ դարասկզբին ֆրանսիացի նկարիչ Պիեռ Օգյուստ-Ռենուարի ստեղծած այս կտավը կարմիրների ցանկում հայտնիներից է․ հայտնի է նաև, որ նկարիչը հաճախ է իր ընտանիքի անդամներին նկարել, բայց հազվադեպ է դա մեկ հոգու դիմանկար եղել։

Ռենուարի որդին այս կտավում կանգնած է ժամանակի ծաղրածուի հագուստով։

Ռենուար, «Ծաղրածուն» (Claude Renoir en clown), 1909թ․

Ռենուարի արվեստի մեկնաբանները նշում են, թե արտիստի ստեղծած ընտանեկան կտավներից ավելի հավակնոտ են նրանք, որտեղ հերոսները բնորդի պես կանգնած չեն, այլ իրենց բնական վիճակում են։ Ընդհանրապես, այսպես պորտրետի դիրքով տնեցիներին Ռենուարը հաճախ չի նկարել։

Ռենուարի 8-ամյա որդին՝ Կլոդը, ասում են՝ բացարձակապես հետաքրքրված չի եղել այս կարմիր շորը հագնելով, բացի դրանից դիմանկարը պահանջել է մի քանի անգամ անշարժանալ հոր կտավի առջև։

Երեխայի համար անհետաքրքիր այս պրոցեսը կտավ է դարձել «կաշառքով»․ յուղաներկերի մեկ տուփի ու գնացքների հավաքածուի դիմաց Կլոդը համաձայնել է հագնել ծաղրածուի շորն ու երկար սպիտակ գուլպաները։

Չնայած այս չարաճճի խաղ հիշեցնող պատմությանը՝ պատմության մեջ Ռենուարի այս գործն այլ կերպ է մեկնաբանվում։ Նշվում է, թե նկարիչը ցանկացել է իր որդու ծիսական դիմանկարը ստանալ։ Այս մասին են հուշում նկարի իրական չափսերը՝ 77x120, մարմարե սյունը, որ պալատ է հիշեցնում։ Կարծիք կա, թե այս կտավով Ռենուարն իրեն համեմատելով մոտեցրել է Վելասկեսին, մի ուրիշ կարծիքի համաձայն, այս գործը մոտ է Էդուարդ Մանեի «Սրով տղան» կտավին։

Էդուարդ Մանե, «Սրով տղան», 1861թ․

Արևելյան դետալներ արևմտայն արվեստի գործերում հաճախ կարելի է հանդիպել, այդ գործերից մեկն իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեին է պատկանում․ Մոնեի առաջին կինն է՝ Կամիլ Դոնսյոն, կարմիր կիմանոյով։ «Ճապոնուհին» կտավը համարվում է Մոնեի անձնական կյանքին առնչվող ամենահայտնի գործերից մեկը ոչ միայն Կամիլի, այլև այս հոսող կարմիր զգեստի պատճառով։

Կլոդ Մոնե, «Ճապոնուհին», «Տիկին Մոնեն ճապոնական կոստյումով», 1876թ․
«Ճապոնուհին» անունն այս կտավին Մոնեի կողմից չի դրվել․ այն ցուցադրության է ներկայացվել Japonerie անունով: Ժամանակի բառամթերք ներմուծված նոր բառ, որ նկարագրում էր արևմտյան գործերը՝ ճապոնական առարկաների ընդօրինակմամբ։ Ընդհանրապես, 1850-ականներին ճապոնական մշակույթի տարրերը պոպուլյար էին ու պահանջված եվրոպական արվեստում։

29-ամյա մադամ Մոնեի շքեղ, զարդարուն կիմոնոն հատուկ երանգ է հաղորդում տիկնոջն ու կտավին, միևնույն ժամանակ ընդգծելով՝ նկարի կինը, այնուամենայնիվ, ճապոնուհի չէ։ Մոնեի կինը շիկահեր չէր, ասում են՝ այստեղ հատուկ է պարիկով՝ ցույց տալու համար ճապոնական մշակույթի վերարտադրությունը։

Իր մուսային, սիրելիին ու վերջապես կնոջը կարմիրով նկարելու Մոնեի այս փորձը միգուցե կարելի է դիտարկել որպես երկու տարբեր մշակույթների միախառնում․ տիկնոջ հագուստի վրա ասեղնագործված սամուրայի պատկերից ու ճապոնական մյուս դետալներից մինչև նրա ձեռքին պահված հովհար՝ Ֆրանսիայի դրոշի գույներով։

Շեկ պարիկով, կարմիր կիմոնոյով ու ոտքից գլուխ պատկերված տիկին Մոնեի հայացքը ժամանակի քննադատները համարել են սեռական ակնարկներ հարուցող։ Հետաքրքրական զուգադիպությամբ, միևնույն ժամանակ, սա համարվում է Մոնեի կոմերցիոն գործերից մեկը՝ նկարված այն ժամանակ, երբ արտիստին փող էր պետք։

Ու չնայած այս կոմերցիոն քայլին, Մոնեի տիկինը կիմոնոյով սիրվում է․ գրող Էմիլ Զոլան այս կտավի մասին ասում էր. «ապշեցուցիչ՝ իր գույներով ու արտասովորությամբ»։

Այս գործը միաժամանակ հեգնանք ու հարգանքի տուրք է պարունակում՝ նկարագրելով 19-րդ դարի Եվրոպայի հետաքրքրությունն առ Ճապոնիա, ներկայացնելով ժամանակի Եվրոպայի պատկերն ու արտացոլելով իր սիրելիի դեմքը բարդագույն այս համադրությունում։

Կարմիր հագած Կամիլի պատկերով կտավը, մեկ է՝ Մոնեի կնոջ ամենահայտնի պատկերը չէ․ կինն իրապես կանգնած է եղել իմպրեսիոնիզմի ծագող աստղ Մոնեի վաղ շրջանի կտավների կենտրոնում։ Ամենահայտնին, հավանաբար, «Զբոսանք․ հովանոցով տիկինը» գործն է՝ չնայած նկարիչն իր կնոջը տասնյակ անգամներ է վրձնել։

Կամիլի ու Կոլդ Մոնեի համատեղ ամուսնական կյանքը չի երկարել տիկնոջ հիվանդության ու մահվան պատճառով․ չնայած կնոջ դեմքով բազմաթիվ կտավներին, ասում են՝ Կամիլից միայն մեկ լուսանկար է պահպանվել։ Պատճառը Մոնեի կյանքում հայտնված երկրորդ կնոջ՝ Ալիսի խանդն էր․ նա ոչնչացրել է Կամիլին հիշեցնող ֆոտոփաստերը։ Ահա մի լավ թեմա՝ խանդի հողի ու արվեստի գործերի մասին։

ՄՈՒՆԿ. ՀՐԵՇԱՎՈՐ ՈՒ ԳԱՅԹԱԿՂԻՉ ՄԻ ՔԱՆԻ ԿԱՐՄԻՐ

Գուգլեք Էդվարդ Մունկի անունն ու նայեք որոնողական համակարգի առաջարկած կտավներին․ գրեթե միշտ մի կարմիր եք տեսնելու՝ առկայծող, վառող, սրտամոտ, կրակոտ, զայրացկոտ, անգամ՝ թախծոտ, բայց կարմիր։

«Ճիչի» բոսորագույն երկնքի ու դրա հրաբխային ծագման մասին արդեն պատմել ենք, հիմա Մունկի կանանց հոգու, մազերի, հագուստի կարմիրի հետևից ենք գնալու։

Բրիտանական թանգարանում Մունկին կոչում են «առաջին ժամանակակից արվեստագետներից մեկը»՝ վերհիշելով նրան որպես անձնական ու քաղաքական անկախության գաղափարների խորհրդանիշ, ապստամբ ու նոր փորձառություններով քաղցած մի կրքոտ նկարչի։

Մունկի՝ միայնության ու մահվան մոտիվներով և կյանքի ու կրքի տենչանքով հարուստ կտավներում էական ազդեցություն ունեն կանացի կերպարները։

Նա իրապես մոդեռնիստ էր՝ իր գործով ու հասարակության հանդեպ իր ժամանակակից աշխարհայացքով։ Մի առիթով նա գրել է․ «Էլ չեմ նկարի ինտերիեր, որտեղ տղամարդիկ կարդում են, կանայք՝ գործում։ Ես կնկարեմ ապրող մարդկանց, որոնք շնչում են և զգում, տառապում և սիրում»։

Մունկի արվեստում ու կյանքում կանացի ազդեցությունը մեծ ու տպավորիչ է եղել՝ բառերի ամենադրական ու ամենաողբերգական իմաստներով։ Նրան արվեստի աշխարհ է ճանապարհել զարմուհին՝ Քարենը, Մունկը տեսել է մոր ու քույրերի մահը, մերժվել իր կյանքի սիրուց։

ԿԱՐՄԻՐ ՄԱԶԵՐՈՎ «ՎԱՄՊԻՐԸ»

Տղամարդու գլուխը գրկած այս կնոջ 6 տարբերակ է նկարել Մունկը․ նկարում երկար, բոցավառ մազերով կինը համբուրում է (համբուրո՞ւմ է) իրեն գրկած տղամարդուն։

Էդվարդ Մունկ, Վամպիր, 1895թ, Օսլո, Մունկի թանգարան

1902-ին Մունկն առաջին անգամ ցուցադրեց իր «Կյանքի ֆրիզ․ Պոեմ կյանքի ու մահվան մասին» ինքնակենսագրական շարքը՝ հանրահայտ «Մադոննա» ու «Մելամաղձություն» գործերով։ Բայց, ասում են՝ հավաքածուի ամենավառ գործն այս մեկն էր՝ երկու անունով՝ «Վամպիր» և «Սեր ու ցավ»։

Առաջին անգամ կտավը ցուցադրվել է հենց «Սեր ու ցավ» անունով, այն «Վամպիր» է կոչել գրող Ստանիսլավ Պշիբիշևսկին։

Անգամ անուններից կարելի է ենթադրել կտավի երկիմաստ մեկնաբանությունը․ մի կին, որ խմում է տղամարդու կենսական ուժը վամպիրի պես, կամ մի կին ու տղամարդ, որ սիրառատ գրկախառնված են։

Անմխիթար, ինչ-որ իմաստով անպաշտպան տղամարդու ու գերիշխող դիրքում հանդես եկող կնոջ կերպարները Մունկի համար իսկապես կարող են ինքնակենսագրական լինել․ նկարիչը սիրահարված էր Միլլի Թաուլո անունով մի կնոջ։

Կարմրահեր կինը, ով կրքով գրկել է տղամարդուն ու համբուրում և/կամ «շնչում է նրա պարանոցը» հենց Միլլիի ու Էդվարդի կապի հետ է ասոցացվում։

«Նրա առաջին սեքսուալ կապը, ըստ երևույթի, 1885-ին է եղել, երբ 21 տարեկան էր, իր հեռավոր զարմիկի կնոջ՝ Միլլի Թաուլոյի հետ»,- նշում է արվեստի մասին գրող լրագրող Արթուր Լուբոն՝ ընդգծելով՝ նկարիչը խենթացած ու ոգևորված էր այդ հարաբերությունների ընթացքում, և ամայացած, երբ Միլլին երկու տարի անց վերջ դրեց իրենց կապին։

Դետալ՝ «Վամպիրից»

Որոշ հետազոտողներ էլ պնդում են, թե սա Մունկի՝ սեքս-աշխատողների մոտ այցելությունների անձնական փորձառության պատկերումն է։ Եվ չնայած կարծիքներին, ինքը՝ Մունկը պնդել է, թե այս նկարը ոչ ավելի է, քան մի կին, որ համբուրում է տղամարդու պարանոցը։

Կարծիք կա նաև, թե «Կյանքի ֆրիզի» մյուս գործերը, օրինակ՝ «Մոխիրը» նույնպես պատկերում է Միլլիին։

Էդվարդ Մունկ, «Մոխիր», 1895թ․

Մունկի սիրային կյանքի ու սիրառատ կտավների մյուս հերոսուհին Թուլլա Լարսենն (Tulla Larsen) է եղել․ մի կին, ով, ասում են՝ ինքն է նախաձեռնել իրենց կապն ու հետապնդել նկարչին իր սիրով, հետո ամուսնացել ուրիշի հետ։ «Կյանքի պարում» իսկական սիրային եռանկյունի է․ կարծիք կա, թե Մուկի հետ պարող կարմիր կինը Միլլին է, կենտրոնում պարող այս զույգի երկու կողմում՝ Լարսենը, սև ու սպիտակ հագած։

Էդվարդ Մունկ, «Կյանքի պարը», 1899-1900թթ․

Մունկն իր կտավների կանանց հետ այդպես էլ չի ամուսնացել, ավելին՝ Թուլա Լարսենի հետ հարաբերություններն ավարտվել են կրակոցով․ բոլոր հանգամանքները հայտնի չեն, բայց նկարիչը, ասում են, իր ձեռքին է կրակել ու մատը կորցրել։

Եվ չնայած կյանքը որևէ կնոջ հետ կապելու մտքին ակնհայտորեն հակադրվելուն՝ նկարիչն իր սիրած կանանց կտավ է տարել, կարմիրով ներկել ու կյանք տվել՝ վերաձևակերպելով այս կերպարներին կտավներում հայտնվող կանացի էության բոլոր հնարավոր արտահայտություններով՝ աստվածամայր, սիրուհի, զուգընկեր ու ոչ միայն։

Ահա Մունկի կարմիրներից մի քանի այլ օրինակ։

Մունկ, «Մադոննա», 1895-1902թթ․
Մունկ, «Մեղքը» (Կարմիր մազերով և կանաչ աչքերով կինը)

MET-ում ասում են, որ սկզբնապես կարծիք է եղել, թե այս կտավում պատկերված է Մունկի սիրելի Թուլա Լարսենը, սակայն հետագայում այս տիկնոջ նախատիպի մասին պատկերացումները փոխվել են։ Ամենայն հավանականությամբ, նա պրոֆեսիոնալ մոդել է, ով աշխատել է Բեռլինում։

Մունկ, «Նուդ՝ երկար, կարմիր մազերով»․ 1902թ, Օսլոյում Մունկի թանգարան

Կարմիրը, իհարկե, արվեստում այսքանով չի սահմանափակվում, ինչպես չի սահմանափակվում գույնի մեկնաբանությունն աշխարհում։ Պետական դրոշներում ու համազգեստներում օգտագործվող այս գույնին ոչ մեկ միանշանակ երանգ չի տալիս․ չնայած իր «պաշտոնական» բնույթին՝ կարմիրը շարունակվում է ասոցացվել զայրույթի կամ սեքսուալության հետ։ Ասում են՝ կարմիրի բազմազան մեկնաբանությունների պատճառը, հավանաբար, այն է, որ գույնն ամենահներից է, մարդկանց կողմից լայնորեն օգտագործվածներից․ մի խոսքով՝ ապրած ունի։ Գուցե հենց այս պատճառով արժե կարմիրի կողմ ևս մեկ անգամ նայել՝ արդեն նաև ընդգրկելով նկարների ու նկարիչների ավելի լայն շրջանակ։


✍️ Անահիտ Հակոբյան / PAN