Կլիմտի ու Շագալի մուսա-կանայք՝ նրանց արվեստում. «Հաբույրից» մինչև «Թռիչք քաղաքի վրայով»
Սիրո համար աշխարհում քանդել ու ստեղծել՝ Տրոյական պատերազմից մինչև Թաջ Մահալ, բալլադներ ու լեգենդներ, արվեստի մեծ գործերի ու մեծ ավեստագետների ոգեշնչումներ են եղել իրենց սերերը։
PAN-ն այս անգամ սիրո մասին է պատմում ու շատ սիրառատ երկու նկարչի, որոնց զգացմունքները, ասում են՝ կտավներ են դարձել․ երկու կտավ ենք առանձնացրել իրական մեծ սիրո, շատ կրքի ու դրանց թողած արվեստի հետքի և այն մասին, թե ինչպես Մարկ Շագալը սկսեց թռչել, իսկ Գուստավ Կլիմտի դիզայներ ընկերուհին, գուցե, «Համբույրը» կտավի հերոսուհին դարձավ։
ԳՈՒՍՏԱՎ ԿԼԻՄՏ․ «ՀԱՄԲՈՒՅՐԸ»
Գուցե կանխատեսելի է, բայց Գուստավ Կլիմտի «Համբույրը» սիրո մասին այս շարքի առաջին հերոսն է։ Նկարչի այս գործն այնքան վերարտադրված և «վերաշարադրված» է՝ առանց բացատրության, որ տպավորություն կա, թե ինչ-որ բան, այնուամենայնիվ, մինչև վերջ չգիտենք (իսկ կա՞ մի բան, որ գիտենք)․ «Համբույրն» այս ամենուր կարելի է տեսնել՝ դպրոցական տետրերից մինչև սովորակն T-shirt-ներ, բայց Կլիմտի օրիգինալը Բելվեդերում է։
«Երբ Կլիմտը ստեղծեց իր գլուխգործոցը Վիեննական ավանգարդի և հոգեսեքսուալ հեղափոխության գագաթնակետին, այն հանդգնության աստիճանի էրոտիկ էր, քաղաքականապես լիցքավորված և գեղարվեստականորեն հեղափոխական»,- գրում է Artsy-ն։
Քնքշության ու կրքի ոսկեզօծ այս պայթյունը հավերժական թեմայի՝ սիրո մասին է՝ արականի և իգականի դասական համադրությամբ, որն առաջին հերթին արտահայտվում է սիմվոլներով՝ տղամարդու և կնոջ հագուստի դետալները, ձեռքերը, ծաղիկներն ու օվալները։
Ինչպես Կլիմտի՝ գրկախառնություն պատկերող մյուս գործերը, այնպես էլ այս մեկը, տղամարդկային կերպարի դեմքը ցույց չի տալիս՝ փոխարենը կենտրոնանալով կնոջ վրա։ Պնդել, որ այս համբույրը սիրո մասին է, առանց տղամարդու դեմքը տեսնելու, թերևս կարելի է․ այդ մասին կասեն նրա ձեռքերը, որ ակնհայտ քնքշությամբ ու ջերմությամբ օրորվում են, ոսկեմազ կնոջ պարանոցը գրկելով։ Ավելի հոռետեսական մեկնաբանության մեջ այս զույգն այգում է ու անդունդին՝ ընդմիշտ անհետանալու սպառնալիքի տակ։
Ընդհանրապես, 1900-ականների սկզբի հետվիկտորիական հասարակությունն այս կտավը պոռնոգրաֆիկ է համարել՝ չնայած երկու կերպարն էլ զգեստավորված են ինչպես հարկն է։
Այս կտավի ստեղծման շրջանում վիեննական արվեստն ակադեմիական մոտեցման ու նորին ձգտող արվետսագետների «մարտադաշտ էր»։
Հակառակ հանրային ոչ միանշանակ արձագանքին՝ այս կտավը վաճառվել է, երբ դեռ նույնիսկ ավարտին հասցված չէր։ Գնորդը Վիեննայի Բելվեդեր թանգարանն էր։ Կլիմտի այս կտավն այն ժամանակվա վիեննական գործարքների համար ռեկորդային էր՝ $240,000՝ այսօրվա արժույթով: 6x6 ոտնաչափ այս մեծ համբույրը Կլիմտի «Ոսկե շրջանի» վերջին գործն է։
Իսկ ովքե՞ր են այս նկարում։ Բազմաթիվ աղբյուրներում Կլիմտի «Համբույրը» ներկայացվում է որպես նկարչի ու նրա սիրելի կանանցից մեկի՝ Էմիլի Ֆլոգեի (Emilie Flöge) ինքնանկար։
Էմիլին իր ժամանակի ժամանակակից կանանցից էր, ով քույրերի հետ նորաձևության տուն էր հիմնել ու Կլիմտի կյանքի ընկերն էր (որի հետ, սակայն, նկարիչը ամուսնական կապերի մեջ այդպես էլ չմտավ)։ Եվ չնայած դրան՝ Էմիլին Կլիմտի կողքին էր գրեթե միշտ։
«Համբույրի» տեսարանը, ասում են, գուցե Գուստավի ու Էմիլիի՝ Ատերզեում գտնվող ամառանոցի պատկերներից ոգեշնչած և նրանց ամառային հանգստից պոկված մի պահ է։
Այս ենթադրություններին առիթ են տալիս նկարի կնոջն ու տղամարդուն շրջապատող ֆլորան ու ֆաունան։ Ընդհանրապես, Կլիմտի ու Ֆլոգեի կապը շատ ամուր ու խորն է եղել․ նրանք առնվազն փոխադարձ սեր ու ընկերություն են ստեղծել, և այդ մասին լուսանկարների և նամակների վկայություններ թողել։
Սրան զուգահեռ, իհարկե, նկարչին ոչ ոք հավատարմության մեջ կասկածել չէր կարող։ Նույնիսկ վարկած կա, թե Կլիմտը տարբեր կանանցից 16 երեխայի հայր է եղել, ու երկու երեխային 2 տարբեր կանայք միաժամանակ են լույս աշխարհ բերել։
Ընդհանրապես, ասում են, Կլիմտի «Համբույր»-ը բազմաթիվ նախատիպեր է ունեցել՝ նկարչի հանրահայտ «Ադամն ու Եվան» գործը, «Կյանքի ծառը» դրանցից են համարվում։ «Համբույրի» դիտարկումները, գծագրերը ցույց են տալիս, որ այդ կոմպոզիցիան ստեղծվել է ավելի վաղ արված աշխատանքների հիման վրա։
Եվ հանուն արդարության՝ կենսագրական որևէ աղբյուրում Կլիմտը չի թողել ոչ մի տվյալ, որ «Համբույրում» ինքն ու Էմիլին են, ավելին՝ նկարիչը ինքնադիմանկարներ չի արել։ Առաջարկվում է նաև մտածել, որ «Համբույրն» ընդհանրապես իրական հերոսներ չի ունեցել ու այն սիրո համընդհանուր այլաբանություն է՝ անմիջական ու զգացմունքային կերպով արտահայտելու համար մարդուն այդքան ու այդպես ապրեցնող սերը։
Բայց, միաժամանակ, Կլիմտն ինքն է հայտարարել.
«Ով ուզում է ինչ-որ բան իմանալ իմ մասին, պետք է ուշադիր նայի իմ նկարներին, և այնտեղ փորձի հասկանալ՝ ով եմ ես ու ինչ եմ ուզում»։
ՄԱՐԿ ՇԱԳԱԼ․ «ՏԱՐԵԴԱՐՁ»
«Սերն ու երևակայությունը ձեռք ձեռքի են գնում»,- ասում էր 20-րդ դարասկզբի ամենահայտնի նկարիչներից մեկը՝ Մարկ Շագալը։
Եվ, հավանաբանր, ձեռք ձեռքի քայլող սիրո ու երևակայության արտահայտումն է ազգությամբ հրեա Մարկ Շագալի «Տարեդարձ» կամ «Ծննդյան օրը» կտավը՝ սիրո մասին ու սիրուն նվիրված ամենահայտնի գործերից մեկը՝ ստեղծված 1915-ին։ Կտավում Շագալը պատկերել է իր սիրելիի՝ Բելլայի 28-ամյակը՝ միասին նշելիս, իրենց ամուսնությունից երեք շաբաթ առաջ։ Նկարում պատկերված կինը Շագալի «ոտքերը գետնից կտրող» սիրելի մուսան է՝ Բելլա Ռոզենֆերդը, որին նկարիչը հանդիպել ու սիրահարվել է 1908-ին Պետերբուրգում։
«Ես միայն պատուհանս պիտի բացեի, և սերն ու ծաղիկները նրա հետ ներս էին մտնում»,- այսպես էր նկարագրում Շագալն իր երիտասարդ սիրուն, որը հետո նկարչի կինը դարձավ։
«Իմ կյանքը» ինքնակենսագրականում Շագալն իր ու Բելլայի կապը պոետիկ նրբազգացությամբ է նկարագրում․ «Նրա լռությունն իմն էր, նրա աչքերն իմն էին»՝ հետո ավելացնելով, որ տպավորություն է, թե այդ կինն ամեն ինչ գիտի իր մասին՝ մանկության, ծնողների, ապագայի։
Սերն այս կտավում նրանց վեր է բարձրացնում այնպես, որ ոտքերը գետնից կտրվում են՝ խախտելով գրավիտացիայի կանոններն ու լողալով կտավի և իրենց սիրո մեջ։
Ընդհանրապես, Բելլային ու իրենց սիրո թռիչքը պատկերող սա միակ կտավը չէ, և Բելլայի հետ թռիչքի թեման Շագալի ամենասիրելիներից էր․ «Քաղաքի վրայով» կտավը նրանց համատեղ ճախրանքի հերթական պատկերումն է։
1913-ին նկարված այս կտավը սիրահարներին պատկերում է Վիտեբսկ քաղաքի վրա թռչելիս, այս անգամ ավելի բարձր, քան «Ծննդյան օրն» է։ Ու եթե տարեդարձ պատկերող նախորդ կտավում մտերմիկ և գողտրիկ մի տրամադրություն կա, որ նայողին ստիպում է կարծել՝ ինքն է ներկա այս խիստ ինտիմ առիթին, ապա «Քաղաքի վրայովը», ճիշտ հակառակը, նկարչի ու նրա գրող սիրեցյալի թռիչքի ավելի ընդգրկուն ու պատկերավոր արտահայտում է։
Հետագայում Բելլան իրենց նշանադրությունը նկարագրելիս պիտի գրեր. «Մենք թռչում էինք ծաղիկների, տների, կտուրների, բակերի, եկեղեցիների վրայով»:
Այս կապը փոխադարձորեն պատկերվել ու արտահայտվել է սիրո ամենառոմանտիկ մեկնությամբ՝ բարձրանալու ու ճախրելու թեթևության զգացողություններով։