Սիրո մասին. Մոդիլիանիի ինքնասպանված սիրելիից մինչև Հայեցի «Համբույր» ու Մագրիտի «Սիրահարներ»
Ամենաիսկական ու մաքրամաքուր, ամենակրակոտ ու կրքոտ, տիեզերական աստիճանի մեծ, բայց խիստ անձնական ու ինքնազոհ սիրո թեման է այսօր․ PAN-ն այս անգամ առաջարկում է իմանալ՝ անհաշվելի վեներաներից որ մեկն էր ուզում սիրուց բացի խաղաղություն խորհրդանշել, ինչպես Մոդիլիանին իմացավ նրա հոգին ու նկարեց աչքերը, ինչու համբուրվելիս իրար այդպես էլ չդիպչեցին Մագրիտի հերոսներն, ու ինչով բացատրվեց և արդարացվեց Հայեցի «Համբույր» գործը։
ՄԱՐՍԸ, ՎԵՆԵՐԱՆ ՈՒ ԿՈՒՊԻԴՈՆԸ․ ՍԻՐՈ ԱՍՏՎԱԾՈՒՀՈՒ «ԸՆՏԱՆԵԿԱՆ» ՆԿԱՐԸ
Անշուշտ, սիրո թեման հին աշխարհում աստվածներին շրջանցել ու միայն մարդկանց բաժին հասնել չէր կարող, իսկ Վերածննդի շրջանը հարուստ է հենց այս՝ դիցաբանական, առասպելական, կախարդական ու աստվածային սիրո երանգներով։ Սիրո աստվածուհի Վեներայի պատկերն անհաշվելի անգամներ կտավների կենտրոնում է հայտնվել՝ նրա ծնունդից մինչև մայրություն շքեղ թեմաներ են եղել։
Բայց սիրո աստվածուհին մի այլ դիրք ունի Ռուբենսի կտավում՝ «Վեներան, Մարսն ու Կուպիդոնը»։ Վեներան այստեղ «մարդկայնացված» է, իջեցված վեհաշուք կեցվածքների անմատչելիությունից ու մայրացած։
Աստվածների սերը Պիտեր Պոլ Ռուբենսն «ազատել է»՝ տանելով դեպի մի ննջարան, որտեղ մայր Վեներան պատրաստվում է կրծքով կերակրել իր զավակ Կուպիդոնին, իսկ նրանց հետևում է կնոջ սիրեցյալն ու երեխայի հայրը՝ ռազմի աստված Մարսը։
Առաջարկվում է հատկապես ուշադիր լինել Մարսի քնքշալից կերպարին․ նա տանն է, զինաթափ, առանց սաղավարտի ու վահանի։ Մարսի այս կերպարը հաճախ մեկնաբանվում է որպես սիրո հաղթանակ պատերազմների դեմ։
Գետնին են ընկած նաև աստվածների որդու՝ Կուպիդոնի նետն ու աղեղը։ Այս կոմպոզիցիան առաջարկվում է դիտարկել Ռուբենսի մեկ այլ գործի՝ «Խաղաղություն և պատերազմի» համատեքստում, երկու կտավում էլ կենտրոնական կերպարների մեջ փոխկապակցվածություն է նկատվում։
Հաշվի առնելով այս ակնհայտ նմանություններն ու պատերազմի և խաղաղության թեման՝ կարծիք կա, որ «Վեներան, Մարսը և Կուպիդոնը» կարող է դիվանագիտական նվեր լինել․ հնարավոր է, որ այս նկարը ձոնվել է և՛ Անգլիային, և՛ Իսպանիային՝ ի նշան խաղաղության հաստատման։ Ասում են՝ Ռուբենսն այն ի վերջո նվիրել է Անգլիայի Չարլզ առաջին թագավորին՝ վերահաստատելու խաղաղության հասնելու իր հույսերը։
«Խաղաղություն և պատերազմ» կտավն այժմ Լոնդոնի Ազգային պատկերասրահում է, «Վեներան, Մարսը և Կուպիդոնը»՝ կրկին Լոնդոնում՝ Dulwich պատկերասրահում, այն ևս համարվում է դիվանագիտական նվեր։
Վերջինիս ներկերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ռուբենսն այն նկարել է Անտվերպենում գտնվելու ընթացքում, այսինքն «Վեներան, Մարսը և Կուպիդոնը», կարելի է ասել, պոկվել է հենց այս «Խաղաղություն և պատերազմ» կտավից՝ ստեղծվելով դրանից հետո։
Սիրո ու ռազմի աստվածների մասնակցությամբ այս գործը, ռենտգենյան ճառագայթների տակ հայտնվելով, որոշ մանրամասներ է պատմել նաև նկարչի աշխատանքի, մտքի ընթացքի մասին։ Նկարի որոշ հատվածներով ճառագայթները դժվարությամբ են անցնում․ նշանակում է՝ Ռուբենսն այդ հատվածները վերանայել է։ Նկարում փոխվել է Վեներայի գլխի դիրքը, մեծացել է կարմիր վարագույրը, փոխվել են նաև Կուպիդոնի ոտքերի ու գլխի դիրքերը։
Ամեն դեպքում, այս տեսարանը հոգեթով համարելուց զատ, նաև արժե հիշեցնել․ Ռուբենսի գործերից շատերն իր արվեստանոցի ու օգնական հեղինակների միջոցով են ստեղծվել, նկարիչը հաճախ է ավարտին հասցրել, ուղղել, շտկել, ռետուշավորել իր ստուդիայում ստեղծված կտավները՝ այդպես բավարարելով իր աշխատանքների հանդեպ մեծ պահանջարկը։ «Վեներան, Մարսը և Կուպիդոնը» կտավի դեպքում, ինչպես հեղինակի որոշ գործերի, գայթակղություն կա մտածելու, թե նկարչի աշակերտներից մեկն այն ուրվագծել է, ապա հեղինակն ավարտին հասցրել։
ՄՈԴԻԼԻԱՆԻԻ ԺԱՆՆԱՆ՝ ՆԿԱՐՉԻ ԿՅԱՆՔՈՒՄ ՈՒ ԿՏԱՎՈՒՄ
Արվեստում սիրո պատկերն իր բոլոր գույներով է, հաճախ՝ հենց նկարչի անձնական փորձի, զգացմունքի ու զգացողության հիմքով։ Գեղանկարիչ, քանդակագործ Ամադեո Մոդիլյանին իր (1884-1920) խիստ մարդակենտրոն գործերում՝ պորտրետներում, հաճախ է սեփական սերերին պատկերել։
Մոդիլիանին Իտալիայում ծնված, անտիկ արվեստի, Վերածննդի վարպետների գործերն ուսումնասիրած նկարիչ էր, ով 1906-ին տեղափոխվել էր Փարիզ՝ բախվելով ու միավորվելով փարիզյան ժամանակի բարքերին, կրքերին, արվեստի միջավայրին։ Փարիզում նկարիչը ծանոթացավ, օրինակ՝ Պաբլո Պիկասոյի, կտավներում հայտնված ու այսօր արդեն հայտնի իր մուսաների հետ։ Չնայած Մոդիլիանին ապրել ու ստեղծագործական կյանքի ամենանշանակալի հատվածն անցկացրել է 20-րդ դարասկզբի եվրոպական արվեստի կենտրոններից մեկում, այնուամենայնիվ, նրա մասին նույնքան հարուստ տեղեկություններ չկան, որքան, օրինակ, նույն Պիկասոյի։ Քիչ քննարկված, քիչ գնված ու կենդանության օրոք կարիքի մեջ ապրած Մոդիլիանին փառքի միայն մահից հետո արժանացավ․ նա մեռավ 1936-ում` տուրբերկուլոզից, որն այն ժամանակ անբուժելի հիվանդություն էր ու մահացության հիմնական պատճառներից մեկը։
Հավանաբար, նկարչի կենսագրության մասին ամենաերկար տեքստերն իր մահվան մասին են՝ ողբերգական և արյունոտ նաև նկարչի սիրո համար։
Բայց մինչ նկարչի ամենամեծ սիրո մասին խոսելը՝ նախ հրապուրանքը։
1910 թվականի գարնանը Մոդիլիանին ծանոթանում է 20-ամյա ռուս բանաստեղծուհի Աննա Ախմատովայի հետ։ Մեղրամսին ամուսնու հետ Փարիզ եկած ռուս պոետին Մոդիլիանին հեշտ նկատեց։
Ասում են՝ Ախմատովան բարեկազմ էր, գեղեցիկ, ու Փարիզում շատերին էր իր ուղղությամբ նայել ստիպում, բայց ամուսինը, իհարկե, տպավորված չէր տղամարդկանց, ու հատկապես Մոդիլիանիի ուշադրությունից (այստեղ առաջարկում ենք նորից նայել Մոդիի նկարին․ նա իրապես գեղեցիկ տղամարդ էր)։
Շուտով զույգը լքում է Փարիզը, սակայն Ախմատովա-Մոդիլիանի նամակագրությունը շարունակվում է դեռ 12 ամիս։ Ասում են նաև, որ 1911-ին Ախմատովան արդեն միայնակ վերադառնում է Փարիզ ու կարճ ու կրքոտ կապ պահում նկարչի հետ՝ 2 ամիս անց վերադառնալով Սանկտ-Պետերբուրգ՝ ամուսնու մոտ, ու այլևս չտեսնելով նկարչին։
1914-ի ամռանը Մոդիլիանին ծանոթանում է Բեատրիս Հասթինգսի հետ, անգլուհին դառնում է նկարչի մուսան․ այս կնոջը նա 14 պորտրետ է նվիրում, ընդհանուր կապը տևում է մոտ 2 տարի։
Բայց Մոդիլիանիի նկարներից թերևս ամենահայտնին վերագրվում է Ժաննա Էբյուտերին։
1917-ին 32-ամյա Մոդիլիանին հանդիպում է իր կյանքի սիրուն՝ 19-ամյա Ժաննա Էբյուտերնին, որն այն ժամանակ Կոլարոսիի ակադեմիայի ուսանողուհի էր, ցանկանում էր նկարչուհի դառնալ։ Մոդիլիանին ու Ժաննան հենց ակադեմիայում էլ հանդիպել են, հակառակ Ժաննայի ծնողների կարծիքի՝ կարճ ժամանակ անց աղջիկը տեղափոխվում է ապրելու նկարչի հետ։
Գրող Չարլզ-Ալբերտ Սիրգիան Ժաննային նկարագրել է որպես ամաչկոտ, նրբազգաց և հանդարտ կին, որին արտիստն իր կտավ է տարել 25 անգամ։
Ժաննայի հետ նա ապրում է 2 տարի, ունենում երեխա, մահանում 1919-ին, երբ հայտնի էր արդեն, որ կինը երկրորդ երեխային է սպասում։
Տուբերկուլոզի պատճառով նկարիչը տեղափոխվում է անտունների համար նախատեսված հիվանդանոց, մահանում այնտեղ։ Մոդիլիանիի մահվան լուրն իմանալուց հետո Ժաննան հղիության 9-րդ ամսում 5-րդ հարկից ցած նետվելով ինքնասպան է լինում։
Պատմություն կա այն մասին, թե մի անգամ Մոդիլիանիի ընկերը և գործակալը՝ Լեոպոլդ Զբարովսկին սկսել է համոզել Ժաննային, որ Մոդիին պետք է փրկել, նա մեռնում է։ Նկարչի կինը լսում է համբերատարորեն ու արձագանքում․
«Մոդին անպայման է մեռնելու․ նա հանճար է ու հրեշտակ, երբ նա մահանա, բոլորը միանգամից սա կհասկանան»։
Ժաննայի դիմանկարներից հետո, իհարկե, ժամանակն է վերհիշել Մոդիլիանիի հայտնի՝ «Երբ ճանաչեմ հոգիդ, կնկարեմ քո աչքերը» արտահայտությունը։
Մոդիլիանիի մահից երկու տարի անց նրա կտավների արժեքը կտրուկ աճում է, արվեստի աշխարհում դերը՝ նույնպես։
Կյանքի օրոք Մոդիլիանին միայն մեկ անհատական ցուցահանդես է ունեցել, որն ավարտվել է մեծ սկանդալով․ ոչ մի նկար չի վաճառվել, իսկ ցուցահանդեսը փակվել է նկարների «սկանդալային» բովանդակության պատճառով։
Ռիթմիկ գույներով, գծերով և ինտիմ դիմանկարները, որոնք ստեղծվել են քանդակագործի ձեռք ունեցող Մոդիլիանիի կողմից, այսօր աճուրդներում աստղաբաշխական արժեքով են վաճառվում։ Արվեստի մեկնաբանները նշում են՝ այս նկարիչն իր գործի մեջ ինդիվիդուալ էր․ նրան չէին հետաքրքրում ժամանակին խիստ թրենդային կուբիզմն ու կուբիստների էքսպերիմենտները: Նրա համար մարդը մի աշխարհ էր, որ խիստ տարբեր բազմաթիվ աշխարհներ արժեր։
Նկարչի թողած ժառանգությունն ու ստեղծագործական կյանքն այսօր էլ է արվեստասերների ուշադրության կենտրոնում․ 2004-ին ռեժիսոր Միք Դևիսը նկարեց «Մոդիլիանի» ինքնակենսագրական դրաման, 2020-ին Լինդի Լեյփինը (Linda Lappin) գրեց Loving Modigliani: The Afterlife of Jeanne Hèbuterne գիրքը՝ նվիրված Մոդիի և Ժաննայի սիրուն։
«Սիրելով Մոդիլիանիին» գրքի համար հիմք են ծառայել իրական, կենսագրական ապացույցներ։
«Ես չէի ուզում գրել արյունոտ ավարտով ողբերգություն, որովհետև ուրախություն կար այս պատմության ու նրանց սիրո մեջ»,-ասում է Լեյփինը՝ խոսելով Մոդիլիանիի ծանրացող հիվանդության և դրանից բխած Մոդի-Ժաննա հարաբերությունների բարդացման մասին։
Ի դեպ, ծնողների մահից հետո Մոդիլիանիի ու Ժաննայի ավագ դուստրն ապրում է, դառնում նկարչուհի՝ կրելով մոր անունն ու հոր ազգանունը։
ՌԵՆԵ ՖՐԱՆՍՈՒԱ ՄԱԳՐԻՏ․ ԾԱԾԿԵԼՈՎ ԵՎ ԲԱՑԵԼՈՎ ՍԵՐԸ
Բելգիացի նկարիչ Ռենե Ֆրանսուա Մագրիտը (1898-1967), հավանաբար, կերտել է «ամենաչերևացող» սիրահարներին՝ ակնհայտ դարձնելով ու թաքցնելով նրանց սերը։
Սյուռեալիստական ոճով, բայցև առանց պատկերի տարրալուծման, սերը Մագրիտի մոտ շղարշվում է, սպիտակ սավանի տակ հայտնվում։
Այդպիսին է, օրինակ, հեղինակի «Սիրահարները» կտավը, որտեղ զույգը նկարից հենց նայողին է նայում, բայց, ներեցեք, դա ոչ մի կերպ ապացուցել հնարավոր չէ։
Նույն վերնագրով ու մեկ այլ կտավ, սակայն, Մագրիտի ստեղծագործական կյանքի ամենահայտնիներից է, հեղինակի «Մարդու զավակ» գործի պես։
Սենյակում համբուրվող զույգի պատկերող այս կտավը միայն այդ զույգի ու նրանց շրջապատող գունավոր պատերի մասին է․ չկան այլ դետալներ՝ ամենը նրանք իրենց վրա են կրում՝ շղարշելով եղածը։ Այս գործը տարբերվում է սեր ու համբույր պատկերող մյուս կտավներից, հակադրվում դրանց, ստեղծում երկիմաստություն, բարձրացնում հարցեր ու ակնարկում՝ անգամ իրար գրկելով ու համբուրելով հնարավոր է հեռու լինել իրարից, չդիպչել իրար։ Ակնարկ կա, թե սա, գուցե, մերժված սիրո համբույր է։
Ինտրիգային այս ակնարկի գույները մեկնաբանելիս, նշվում է կարմիր ու կապույտ պատերի մասին՝ հակադրելով կրքի գույնը կապույտի հանդարտության հետ, տղամարդու սև կոստյումը վերագրելով մահվան սիմվոլին, կնոջ կարմիրը՝ սիրուն ու կրքին։
Մագրիտն ընդամենը 30 տարեկան էր, երբ նկարել է այս կտավը: Ասում են՝ այս «խեղդող» համբույրը կարող է նկարչի անձնական ողբերգության արտահայտությունը լինել։ Մագրիտի մայրն ինքնասպան է եղել ջրահեղձ լինելով, նկարիչն ականատես է եղել մոր մարմնի դուրսբերմանը, տեսել՝ ինչպես է սպիտակ գիշերազգեստը ծածկել նրա դեմքը։ Ասում են՝ սա կարող է պատճառ լինել նկարչի կողմից ստեղծված ու փակված դեմքերի։ Ինքը՝ հեղինակն այս պնդմանը հակադարձել է ժամանակին, նշելով՝ իր նկարները մոր մահվան հետ կապ չունեն։
«Իմ նկարները տեսանելի պատկերներ են, որոնք ոչինչ չեն թաքցնում,-ասել է նկարիչը, շարունակելով,- դրանք առեղծված են ստեղծում և, իրոք, երբ մեկն իմ նկարներից է տեսնում, ինքն իրեն հարցնում է «Ի՞նչ է սա նշանակում»։ Դա ոչինչ չի նշանակում, որովհետև առեղծվածը նույնպես ոչինչ է, այն անճանաչելի է»:
ՀԱՅԵՑ․ «ՀԱՄԲՈՒՅՐ»
Անշուշտ, սիրո թեման պետք է համբույրով ավարտել։ Հավանաբար համբույրներից ամենահայտնին, աչքի առաջ երևացողն ու վերատպվածը Կլիմտինն է, բայց այդ ճանապարհով արդեն գնացել ենք։
Սիրո համար արժե հետ գնալ իտալական ռոմանտիզմ․ Ֆրանչեսկո Հայեցի «Համբույր» գործը, որ նկարիչը 3 տարբերակով է ստեղծել, համարվում է նրա ստեղծագործական կյանքի ամենակարևոր աշխատանքներից մեկը․ այդպես է կարծել նաև նկարիչը։
Ասում են՝ այստեղ համբուրվող զույգն ակնարկ է Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետին», բայց նաև հայրենասիրությանն ու իտալական Ռիսորջիմենտոյին (19-րդ դարի երկրորդ կեսին սոցիալ-քաղաքական շարժում՝ հանուն երկրի միավորման)։
Ակնհայտորեն ջերմ համբուրվող զույգը կոմպոզիցիայի կենտրոնում է, միայն, չնայած տղամարդու մատները դեռ շարունակում են կնոջ դեմքի վրայով սահել, կանգնած դիրքը հուշում է՝ ամեն պահի կարող է գնալ։
Սա համարում են ազատության և հայրենասիրության հիմն․ տղամարդու կերպարը հագնված է իտալական դրոշի գույներով, ասոցիացիաներն ու ակնարկներն առ հայրենիք մեղմացրել են նկարի՝ գրաքննության տակ հայտնվելու վտանգը, հենց համբույրի պատճառով։