#մշակութաPAN
March 14, 2023

Երջանկություն նորապսակներին․ Թռչող հարսը, հարուստ փեսացուն ու ամուսնությունը՝ կտավներում  

Հարսանիքի արարողության զվարթ թեման կտավներում բացվել, ընդարձակվել, մեծ կոնտեքստ է ստացել և նորովի բացահայտվել։ Այս կտավներն արդեն վաղուց իրենց ժամանակի վավերագրությունն են ու հետաքրքր հետհայացք՝ նրանց համար, որոնք ուզում են իմանալ՝ ովքեր են եղել կտավների հարսն ու փեսան։

Այս անգամ PAN-ը պատմում է կտավներում ամուսնացողների ու հարսանիքների մասին․ Վան Էյքից մինչև Շագալ՝ փորձել ենք բացել զույգ ծաղիկների գաղտնիքները։

«ՏԵՐ ԵՎ ՏԻԿԻՆ ԱՌՆՈԼՖԻՆԻ»․ Ի՞ՆՉ ԿԱ ԹԱՔՆՎԱԾ ԱՐՎԵՍՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԿՏԱՎՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ

Յան վան Էյքի վարպետության, նկարչական տաղանդի ու տեխնիկայի համադրության ամենահայտնի արդյունքներից մեկն է «Տեր և տիկին Առնոլֆինի» կտավը (այն հայտնի է նաև «Առնոլֆինիի հարսանիքը», «Առնոլֆինիի ամուսնությունը» անուններով):

Առանց ճերմակ շորի, նվագողի ու գցված ճոխ սեղանի, բայց հարսանեկան կտավ՝ 15-րդ դարից․ «Տեր և տիկին Առնոլֆինի» դեմքը, անշուշտ, շատերին է ծանոթ, ինչո՞ւ է սա համարվում հարսանեկան կտավ ու արժեքավոր գործ՝ դարերով են քննարկել ու վերլուծել։

Վան Էյք, «Տեր և տիկին Առնոլֆինի», 1434, Լոնդոնի Ազգային պատկերասրահ
Ռենեսանսի հայտնի դեմքերից մեկի՝ նկարիչ Յան վան Էյքի (1390-1441թթ․) անունն առաջիններից կհանդիպեք 14-15-րդ դարերի հյուսիսեվրոպական արվեստի մասին հիշատակումներ փնտրելիս. չնայած դրան՝ նկարչի մասին շատ բան հայտնի չէ: Գիտենք, որ նա ծնվել է Բելգիայի ֆլամանդական հատվածում, մեծացել Նիդերլանդներում, դուքսերի հետ շփված, բարեկեցիկ կյանքով ապրած ու ճամփորդած նկարիչ է եղել։ Նա համարվում է վաղ միջնադարի ամենահայտնի ու հեղափոխական արտիստներից մեկը, որի տեխնիկան ու ոճը հետագայում բազմիցս են կրկնվել և կնկնօրինակվել։
Վան Էյքի՝ Առնոլֆինիին պատկերող դիմանկարը․ նկարիչն իր ժամանակին հայտնի է եղել հենց դիմանկարներով

Ասում են՝ Վան Էյքի դիմանկարները փակում էին «անզգայացված» պորտրետների շղթան ու բացում նորը՝ կենդանի, իրական, շարժուն ու մարդկայնացված կտավներինը։ Ակնհայտորեն այս նկարի տղամարդն ու «Տեր և տիկին Առնոլֆինի» կտավինը նմանություններ ունեն։ Համարվում է, որ երկու կտավում էլ նույն Առնոլֆինին է։ Իսկ ո՞ր մեկը։ Ընդհանրապես, «Տեր և տիկին Առնոլֆինի» կտավում ծագումով իտալացի ու վաճառականությամբ զբաղվող Առնոլֆինի գերդաստանի տղամարդկանց բնորդության մի քանի տարբերակ է պատմության մեջ քննարկվել։

Բավականին երկար ժամանակ համարվել է, որ այս կտավում պատկերված են հայտնի գերդաստանից թանկարժեք կտորների առևտրով զբաղվող Ջիովաննի դի Նիկոլլո Առնոլֆինին ու նրա կինը՝ Ջիովաննա Չենամին: 1997 թվականին, սակայն, հայտնի դարձավ, որ ամուսնական կապերով այս զույգը կապվել էր 1447 թվականին, այսինքն՝ արվեստի գործի ստեղծումից 13 տարի, իսկ Վան Էյքի մահից՝ 6 տարի անց։

Արվեստի պատմաբանների շրջանում շարունակում է գերիշխող լինել կարծիքը, թե Վան Էյքի այս կտավում Ջիովաննի դի Նիլոլաո Առնոլֆինիի առաջին ամուսնության պատկերն է՝ հարսնացու Կոստանցա Տրենտայի (Costanza Trenta) հետ (մյուս կողմից՝ Տրենտան էլ մահացել է 1433-ին՝ ծննդաբերության ժամանակ, կտավի ստեղծումից մեկ տարի առաջ)։

Կարծիք կա նաև, որ սա ոչ թե ամուսնության մասին կտավ է, այլ հենց հարգանքի տուրք՝ արված Կոստանցայի հիշատակին ու նրա մահից մեկ տարի անց։

ԴԵՏԱԼՆԵՐ՝ ՀԱՐՍԱՆԻՔԻՑ․ ԻՆՉ ԿԱ 80x60 ԱՅՍ ԿՏԱՎՈՒՄ

Նկարից երևացող 4 հոգին (այո՝ 4, նայեք տղամարդու ու կնոջ թիկունքում կախված հայելու մեջ), ձախից պատուհանագոգի նարինջներն ու մյուս ատրիբուտները փոքրիկ հուշումներ կամ գոնե ակնարկներ են այս կտավի ու դրա հերոսների պատմության մասին։

Չնայած Լոնդոնի Ազգային պատկերասրահը պնդում է, թե չկա այստեղ ոչ մի թաքնված իմաստ, ժամանակակից մեդիան, արվեստի մեկնաբաններն ու պատմաբաններն այլ կարծիքի են։ Այստեղ, օրինակ, առաջարկվում է ավելի քաջ լինել, քան Լոնդոնի Ազգային պատկերասրահն է, և խորանալ իրար ձեռք բռնած այս տղամարդու ու կնոջ՝ հավերժությանը տրված մանրամասներում։

Ի դեպ, արվեստի այս գործն իր տարիքի համար բավականին լավ վիճակում է գտնվում․ եղել են փոքրիկ վնասվածքներ ու ներկերի կորուստներ, բայց վերականգնվել են։

Նկարը հարուստ է դետալներով․ պատուհանագոգի նարինջները, հայելին, ջահը, կտավի հերոսների զգեստներն ու թիկունքի շքեղ մահճակալը, անգամ՝ հողաթափերը նշանակություն ունեն։ Այս ամենն իրապես ճոխություն էր 15-րդ դարում, բայց կտավում տեղ գտած դետալները նաև իմաստավորվել են կրոնական ու վերարտադրողական հղումներով։ Կարմիրով ծածկված մահճակալն ու նարինջները, օրինակ, այստեղ ասոցացվում են պտղաբերության հետ։

Ուշադիր նայելով կտավի դետալներին՝ կարելի է որոշել նաև եղանակը․ պատուհանից երևացող բալենին հուշում է՝ գարնան վերջ, ամռան սկիզբ է՝ չնայած հերոսների հագուստների մորթե դետալներին։

Կտավի հենց կենտրոնում տղամարդն իր ափի մեջ պահում է կնոջ ձեռքը։ Տղամարդու բարձրացրած ձեռքը հուշում է՝ նա երդվում է, կնոջ զգեստն ու ֆորմալ դիրքը գալիս են ապացուցելու հարսանեկան կոնտեքստը։ Հայելու մեջ երևացողներն այդ հարսանիքի ականատեսներն են (կարծիք կա, որ հետին պլանում արտացոլվածներից մեկը հենց նկարիչն է, սակայն առանց ներկի ու վրձնի)։

Կտավի հայելին ու դրա շուրջ պտտվող «Քրիստոսի չարչարանքները»
Հայելին և հայելու մեջ արտացոլված կերպարները՝ Վան Էյքի կտավում

Այս ամուսնության պարզ գործում բազմաթիվ ենթաշերտեր կան․ նախ՝ Առնոլֆինին բռնում է կնոջ ոչ թե աջ, այլ ձախ ձեռքը։ Ասում են՝ սա կարող է մորգանատիկական ամուսնության մասին վկայել՝ տղամարդու գերակշռությամբ։

Մորգանատիկական ամուսնությունը հանրային անհավասար դիրքով անհատների միջև ամուսնությունն է, որի ժամանակ «ցածր դիրքով» ամուսինը (կամ կինը) չի ստանում կողակցի սոցիալական բարձր դիրքը։ Մորգանատիկական ամուսնությունը համարվում է մեզալյանսի առանձին դեպքերից։ Մեզալյանսն էլ իր հերթին սոցիալական տարբեր դիրքերում գտնվողների ամուսնական միությունն է, որտեղ, սակայն, համեմատաբար ցածր դիրքով ամուսինը ձեռք է բերում կողակցի սոցիալական կարգավիճակը։ Օրինակ՝ 19-րդ դարի Ռուսաստանում կանայք, որոնք ամուսնանում էին ազնվականի հետ, դառնում էին ազնվական։ Եթե դա տեղի չէր ունենում, ուրեմն նման «անհավասար ամուսնությունը» կոչվում էր մորգանատիկ։

Արդյունքում՝ հավանական է, որ հայելու միջի երկու արտացոլանքը հենց ամուսնության ժամանակ կնքվող ֆինանսական պայմանագրի ներկաներն են։

Ամուսնության համատեքստում է բացատրվում նաև ջահի վրա վառվող միակ մոմը՝ որպես Քրիստոսի խորհրդանիշ, որը միշտ ներկա է և ամուսնության արարողության անտեսանելի վկան է։

ԴԵՏԱԼՆԵՐ, ՈՐ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ԱՄՈՒՍՆԱՆԱԼԻՍ ․ FASHION-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ

Եթե սա հարսանեկան իրադարձության մասին պատմող կտավ է, ապա նախ կենտրոնանանք կենտրոնականի՝ հարսի շորի վրա։ Ընդհանրապես, կտավի խոնարհ հարսի կերպարում նորաձևությանը հղումով թեմաներ շատ կան՝ սկսած հարսանեկան հագուկապից, ավարտած արևելյան մոտիվներով գորգով ու մահճակալի ալ կարմիր ծածկոցով։

Ենթադրվում է, որ ժամանակին տիկին Առնոլֆինիի նման հագուստ կարելու համար բրդյա, 35 մետրանոց բարձրորակ կտոր էր պետք՝ բերված Անգլիայից և ավելի թանկ, քան մետաքսն էր։

Համանման զգեստ կրող կինը պետք է նաև սպասուհի կամ օգնական ունենար, ինչի մասին էլ խոսում է կանաչ զգեստի փեշի երկարությունը։ Ի դեպ, պետք է հենց կանաչի վրա ուշադրություն դարձնել՝ այս գույնն է, որ հուշում է՝ զգեստը թանկ է։ 15-րդ դարում այս ծավալի բրդյա կտորից կանաչ գույն ստանալու և զգեստ կարելու համար երկար ժամանակ, հատուկ, մանրակրկիտ աշխատանք էր պահանջվում, նաև համապատասխան ներկանյութեր։

Կտավի մյուս դոմինանտ գույները կարմիրն ու սևն են, և սա ևս պատահականություն չէ․ կրկին թանկի ու ճոխի խորհրդանիշ են։

Մյուս կողմից՝ կնոջ թևերի երևացող կապույտն է, որպես ազնվական ու թագավորական գույնի խորհրդանիշ․ հաշվի առնելով, որ այս կապույտը չի երևում իր ամբողջ երկարությամբ, բայց երևում է, որ ձգվում է մինչև հարսի ոտքեր, կարելի է ենթադրել, որ թանկարժեք կանաչի տակ նաև թանկարժեք կապույտ է թաքնված։

Կտավում երևացող կանացի հողաթափերը

Եվ կրկին՝ մենք կարող ենք միայն ենթադրել, թե ինչ շքեղ կոշիկներ է հագել հարսը, բայց ոչ միայն այն պատճառով, որ զգեստը թանկ է ու փեշը երկար, իսկ կոշիկները չեն երևում, այլ որովհետև գլխավոր հերոսների թիկունքում ու նկարի կենտրոնից քիչ վար տիկնոջ հողաթափերը կամ սանդալներն են՝ կարմիր, Հնդկաստանից բերված կաշվից (ժամանակներն էին այդպիսին), ու կրկին թանկ։ Պատկերավոր համեմատությամբ՝ թանկ այնքան, որքան Jimmy Choo-ն արժե այսօր։

Տիկնոջ՝ ժամանակակից նորաձևությանը հետևելու փաստն արձանագրվում է նրա վեր հանված հոնքերով ու սանրվածքի՝ սափրված գծով, իսկ ծածկված գլուխն արդեն խորհրդանշում է՝ նա ամուսնացած է։

Արվեստի պատմաբանները հղում են անում նաև փեսացուի՝ ժամանակի համար թանկ ու շքեղ հագնվելու փաստին, բայց զգուշորեն հիշեցնում են՝ զույգն անշուշտ ապահովված է ու նորաձև, բայց ոչ արիստոկրատ։ Կտավում չի երևում որևէ նշան, որ նրանց ժամանակի արիստոկրատներից լինելու մեջ կմատներ. չկան ոսկեզօծ հագուստներ, թանկ ասեղնագործություններ ու թանկագին զարդեր։ Ակնհայտորեն շքեղ հագնված այս զույգից միայն կինն է ոսկեղեն կրում․ վզնոց ու երկու մատանի։

Վան Էյքի այս գործը համարվում է աշխարհիկ իմաստով ու կրոնական ենթատեքստով խոշորագույն ստեղծագործություններից մեկը՝ բազմաթիվ մեկնաբանություններով ու դրանց շուրջ հարյուրամյակներ տևած քննարկումներով։ Սա ոչ միայն համարվում Արևմտյան արվեստի ամենաբարդ ու շքեղ գործերից մեկն է, այլև ամուսնության յուրօրինակ պայմանագիր՝ կնքված կտավով։ Նկարում շան պատկերը ևս խորհրդանշական անդրադարձ է համարվում առ նվիրվածություն․ զույգի երջանկությունը երաշխավորելու համար ոտքերի առաջ շուն են տեղադրում։ Հանված կոշիկները ևս կարող են հղում լինել Աստվածաշնչյան «Մի՛ մոտեցիր, հանիր կոշիկներդ, քանի որ քո կանգնած տեղը սուրբ վայր է» խոսքին։

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑԸ՝ ՀՂԻ Է ՀԱՐՍԸ, ԹԵ ՈՉ

Այս գործի մասին պատմող աղբյուրների մեծ մասում առաջարկվում է չշտապել ու միանգամից հղիություն չվերագրել նոր ամուսնացող տիկին Առնոլֆինիին․ կտավում երևացող նրա որովայնը կարող է ապագայի «բարի ցանկության» խորհրդանիշ լինել, Աստվածամոր անուղղակի հիշատակում, պարզապես նորաոճ հագուստի ձև կամ պտղաբեր կնոջ մարմին պատկերելու փորձ։

Վան Էյք, «Գենտի տաճարի խորան», 1432, Տիկին Առնոլֆինիի մարմնակազմվածքի մասին հղումն ու հղի չլինելու մասին պնդումը տանում է նաև ժամանակի կանացի իդեալական կերպարի ստեղծման փորձերին։ Այս կտավում՝ աջից։

Մյուս կողմից, տիկնոջ «ակնհայտ հղիությունը» շեշտողներ էլ կան․ այս կարծիքն առաջարկում է հիմնվել «աչքի տեսածի», ջերմ և սուրբ միջավայրի ու ծննդյան մոտալուդ իրադարձության վրա՝ հիշեցնելով նաև Վան Էյքի կտավի հիմքով ստեղծված այլ գործերի։

Տիկին Առնոլֆինիի հղիության մասին վարկածը կիսում է նաև արվեստի պատմաբան Մարգրեթ Քոսթերը՝ հղում անելով 1933 թվականին ու տիկին Առնոլֆինիի մորը վերագրվող մի նամակի, որտեղ նա նշում է, թե դուստրը մահացել է։

Արվեստի պատմաբանը կարծում է՝ սա նկարի տիկնոջը հետմահու պատկերող գործ է, և նա մահացած է եղել, երբ կտավն ավարտին է հասցվել։ Իր այս կարծիքը հիմնավորելու համար պատմաբանը հղում է անում հենց Էյքի կտավում առկա մեկ այլ սիմվոլի` աղոթող Սուրբ Մարգրեթի կերպարին, որը հղի կանանց հովանավոր սուրբն էր։

Հավանաբար, հենց այս կարծիքի շուրջ է պտտվում նկարում կախված ջահի վերաբերյալ մեկ այլ մեկնաբանություն․ տղամարդու կողմից ջահի վրա վառվող մոմը նրա կյանքի շարունակության խորհրդանիշն է, կնոջ կողմում մոմ չլինելը՝ ավարտված կյանքի վկայություն։ Նույն թեման շարունակելով՝ շան պատկերը կարող է ոչ միայն հավատարմության խորհրդանիշ լինել, այլ, ըստ հավատալիքների, հանդերձյալ կայնքում կնոջն ուղեկցող կերպար։

ՄԱՐԿ ՇԱԳԱԼ․ ԱՄՈՒՍՆԱՑՈՂՆԵՐԸ, ԱՔԱՂԱՂՆ ՈՒ ՓԱՐԻԶԸ

Իհարկե, Շագալն անկրկնելի է, երբ խոսքը Երկրի ձգողականության ուժը կասկածի տակ դնելու ու սիրուց թռչելու մասին է․ նկարչի «Նշանադրվածները և Էֆելյան աշտարակը» (ֆր․“Les mariés de la tour Eiffel) սրա հերթական ու վառ օրինակներից է։

Մարկ Շագալ, «Նշանադրվածները և Էֆելյան աշտարակը» , 1913 թ.

Տղամարդու ու կնոջ «թռչող ամուսնության» տեսարանը Շագալն ուղեկցել է երևակայության ու ռեալիզմի քամով․ սա նկարչի սիմվոլիստական լավագույն գործերից է համարվում՝ հիմնված կուբիզմի տարրերի վրա։

Անտեսելով գրավիտացիան և միավորելով երկու խիստ տարբեր քաղաքն ու մի քանի մշակույթ՝ Շագալը 77x70 այս կտավում տեղավորել է բազմաթիվ իմաստներ։ Բայց նախ գլխավոր հերոսների մասին․ կտավում ինքն է՝ Մարկ Շագալը, կնոջ՝ Բելլայի հետ։

Իր կյանքի ընթացքում երկու Համաշխարհայինները տեսած Շագալը (նկարիչն ապրել է 97 տարի՝ 1887-1985թթ) այս գործը ստեղծել է 1913 թվականին՝ Առաջին աշխարհամարտից մեկ տարի առաջ։

Նկարի գլխավոր հերոսների թիկունքում կտավի երկրորդ գլխավոր հերոսն է՝ Էֆելյան աշտարակը՝ կապույտով։ Նկարի ներքևի մասում երևացող քաղաքն արդեն Վիտեբսկն է․ սա բացատրվում է Փարիզում Շագալի ստեղծագործական մեծ ազատություն ստանալու և քաղաքը շատ սիրելու փաստով։ Նկարիչը միացնում է իրեն հարազատ երկու քաղաքները՝ Փարիզն այդպիսով կոչելով իր Վիտեբսկը։

«Դուք կարող եք նկարիչ լինել միայն Փարիզում»,- ասում էր Շագալը։

Նկարում տեղ գտած կենդանիները ևս սիմվոլիստական նշանակություն ու բացատրություն ունեն․ աքաղաղի վրա պատկերված ջութակահարը, օրինակ, հղում է հղիության պատկերմանը և կնոջ բարությանն ու ուժին։

Շագալի կտավներում հաճախ հանդիպող կենդանիներից որոշները, ըստ հետազոտողների, պարունակում են աստվածաշնչյան հղումներ՝ զոհաբերության, մեղքերի քավության կոնտեքստում, նաև որպես մաքրության ու ներդաշնակության նշան․ համարվում է, որ այս կտավում ավելի շատ երկրորդ մեկնաբանությունն է ակտուալ։

Շագալի և կնոջ՝ Բելլայի լուսանկարներից, 1923 թ․
Զույգի միությունը Շագալի ստեղծագործական կյանքի արգասաբեր դրվագներից է։ Բելլայի պատկերն է Շագալի «Կապույտ սիրահարներ» (1914), «Կանաչ սիրահարներ» (1914), «Վարդագույն սիրահարներ» (1916), «Գորշ սիրահարներ» (1917), «Սիրահարներ» (1914), «Ծննդյան օր» (1915), «Բելլան սպիտակ օձիքով» (1917) և «Բելլան սպիտակ ձեռնոցներով» (1909) նկարներում։ Մարկ Շագալը Բելլայի հետ իր հարսանիքը պատկերել է «Հարսանիք» (1916) և «Շագալը Բելլայի հետ» (1934) ստեղծագործություններում։

Շագալն ամուսնության ու հարսանիքի թեմայով տասնյակ կտավներ ունի, դրանց մեծ մասը հենց իր ու Բելլայի սիրո փառաբանությունն են։ Այդ սիրո մասին ավելի վաղ պատմել էինք։

Ասում են՝ կնոջ մահից հետո Շագալն ինն ամիս ի վիճակի չի եղել նկարել․ դեպի պատն է շրջել իր նկարակալներն ու էսքիզները։ 1944-ից՝ Բելլայի մահից հետո Շագալը նկարել է «Հարսանեկան լույսեր» (1946), «Նրա կողքին» և «Միայնություն» կտավները։
Մարկ Շագալ, «Հարսանիքը», 1944 թ․
Մարկ Շագալ,«Ամուսնություն», 1950 թ․

Ամուսնության, հարսանիքի թեմաները նկարիչների կողմից տարբեր ժամանակաշրջաններում ուղեկցվել են խիստ անհատական ու շատ հասարակական մեկնաբանություններով։

Այս ցանկում արժե հիշել, օրինակ, ռուս նկարիչ Վասիլի Պուկիրևի «Անհավասար ամուսնություն» (ռուս.՝ Неравный брак) գործը։

Պուկիրև, «Անհավասար ամուսնություն», 1862 թ.

Արտիստների ամուսնական կարգավիճակի պատկերում կարելի է տեսնել նաև Ժեն Մամմենի (Jeanne Mammen) այս կտավում։

Մամմեն, «Արտիստների ամուսնությունը», 1928 թ.

Հարսանիքի հիշատակությամբ ու 16-րդ դարի եվրոպական գյուղերի ավանդույթների արտացոլումն էլ պատկերվել է հոլանդացի նկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի կտավներում։

Պիտեր Բրեյգել Ավագ, «Հարսանեկան պար», 1566 թ․
Բրեյգել Ավագ, «Գյուղական հարսանիք», 1568 թ․

✍ Անահիտ Հակոբյան / PAN