#մշակութաPAN
October 31, 2023

Ինչպես երեք նկարիչ մի կտավի վրա աշխատեց ու մի կին Գերմանիայի սովը պատկերեց 

Սնունդը կյանքի անբաժան մասն է եղել ու բազմաթիվ կտավների հայտնի դերակատար, բայց ոչ հենց այնպես կամ պարզապես․ այն կարող էր քաղաքական ու կրոնական սիմվոլ լինել, հարստություն խորհրդանշել, կամ, այսօրվա պես՝ ինքնության ցուցիչ համարվել։

Հետաքրքիր է, որ մշտականի ու հավերժականի փնտրտուքի մեջ արվեստի առաքելությունը տեսնող՝ հին, բայց հզոր ընկալումներում վեհի ու անանցի կողքին են եղել նաև այն, ինչ կարելի էր օգտագործել, շոշափել և, այո` ծամել։

Բայց սրան զուգահեռ էլ՝ գեղագիտական այլ դպրոցներ պնդում էին՝ այն, ինչ կարելի է տենչալ մարմնով կամ պարզապես անել սեփական հաճույքի համար, արդեն արվեստ չէ։

Ուտելու թեման իրապես կյանքային է, մյուս կողմից կա հարց՝ «ինչ և ինչքան են ուտում»։ Այսօր, իհարկե, սննդի, առողջության ու ապահովվածության մասին էթիկական հարցերը նույնկերպ չեն արծարծվում, ինչպես 17-րդ դարում, բայց կրկին՝ մտածելու հարցեր են։ Ու հենց այս հարցերի շուրջ ենք առաջարկում մտածել․ ինչպես Վերածննդի շքեղ, աստվածային խնջույքները, որտեղ եռում էր կյանքն իր բոլոր գույներով, մեզ ու արվեստին բերեցին սննդի ավելի էքզիստենցիալ հանգրվանի, ասենք՝ սովամահ լինող երեխաներ։ PAN-ն այսօր սննդի թեմայով է մտորում՝ «հեշտ մարսվող» ու կոկորդին մնացող գործերով։

«Մեր պատմության մեծ մասի ընթացքում ավելի շատ էներգիա ու հմտություն է պահանջվել բողկ նկարելու, քան աճեցնելու համար»,- գրում են WP-ում՝ հիշեցնելով՝ սննդամթերքի մերօրյա պատկերներում, հավանաբար, հեշտ է մոռանալ բուն սննդի երկար պատմությունն ու նշանակությունը։

Իհարկե, սնունդն առաջնային է գոյատևման համար, բայց այն կերպարվեստում, քանդակագործության մեջ գոյության մյուս բաղադրիչներն է ներառել՝ սեռական ցանկությունից մինչև սոցիալական անհավասարություն։

Հին հռոմեցիները, օրինակ, ոչ միայն իրենք էին ուտում-խմում, այլև դա վերագրում էին իրենց աստվածներին՝ Բաքոսին վիզուալացնելով խաղողով, Ցերեսին՝ հացահատիկով։

ԱՍՏՎԱԾՆԵՐ, ՈՒՏԵԼԻՔ ՈՒ ԽՆՋՈՒՅՔ․ ԲԵԼԼԻՆԻ

Սովորաբար քրիստոնեական թեմաներ ու դիմանկարներ նկարող Ջովաննի Բելլինիի համար աստվածային կերուխումի այս պատկերը, ասում են՝ մարտահրավեր ու նկարչի արվեստին ոչ բնորոշ սյուժե է եղել։ Նկարիչն այս կտավը ստեղծել է իր մահից երկու տարի առաջ․ այն թվագրվում է 1514-1529 թվականներին (նկարի այս ընդգրկուն թվագրության բացատրությունն այն է, որ կտավի վրա բացի Բելլինիից ևս 2 նկարիչ է աշխատել)։

WP-ի հոդվածում արվեստի մեկնաբաններից մեկը նշում է՝ դժվար է հավատալ, որ Բելլինիի երկարատև կարիերայում ախորժակի ու ցանկության այս գործն այդքան ուշ է նկարվել, երբ արտիստը 80 տարեկան էր։ Այնուամենայնիվ, կարևոր մի փաստ՝ մինչ աստվածային ախորժակին անցնելը․ Բելլինիի այս գործը հետո կատարելագործել է նկարչի աշակերտը՝ ոչ ավել, ոչ պակաս՝ Տիցիանը։ Վերջինս հեղինակել է աստվածների թիկունքը՝ նկարի ախորժակին համապատասխան ֆոն ստեղծելով։ Հենց այս պատճառով է, որ հաճախ նաև Տիցիանի անունն է գրվում Բելլինիի անվան կողքին։ Բայց Տիցիանից առաջ այս կտավի վրա նաև մեկ այլ նկարիչ է աշխատել՝ Դոսսո Դոսին, կտավի սկզբնական պատվիրատու դուքս Ալֆոնսո դ՛Էստեի պատվերով (Բելլինիի մոտ կտավը հենց այս մարդն էր պատվիրել)։

«Աստվածների խնջույքը», Ջովաննի Բելլինի

Փարթամ անտառում ուտող-խմող աստվածների այս պատկերը վենետիկյան գեղանկարչության սկզբունքներին համապատասխան ու դպրոցի կանոններին բնորոշ է։

Ֆիլիպ Քեննիկոթը (Philip Kennicott) բացատրում է, թե որտեղ է այս կտավի դրաման․ ըստ նրա՝ կտավի աջ հատվածի այն տեսարանում, որտեղ պտղաբերության աստված Պրիապուսը մերկացնում է կամ փորձում է մերկացնել նիմֆ Լոտիսին։ Մեր օրերում, սա իհարկե, սեռական ոտնձգություն են կոչում, բայց մեկնաբանը նաև ընդգծում է՝ գործողությունն ամեն դեպքում ընդհատվում է կտավի ձախ կողմում գտնվող ավանակի հանած ձայնից (կինն արթնանում է)։

Դետալ կտավից
Որտեղի՞ց գիտենք անշարժ կտավի մասին այս «գործողություն պահանջող» փաստը. նկարիչն օգտվել է հռոմեցաի գրող Օվիդի «Ֆաստի» տեքստից, որտեղ ոչ միայն այս պատմությունն է տեղ գտել, այլև յուրաքանչյուր ամսվա համար ներկայացվում էին տոները։
Ով՝ ով է կտավում

Կարծիք կա, թե Բելլինիի աստվածներն այս կտավում կարող են ներկայացնել նաև տարվա ամիսները՝ հաշվի առնելով, որ նա ծանոթ է եղել Օվիդի գործին։

«Որպես ուտել-խմելու պատկեր այն զգուշացնում է ավելորդության վտանգների մասին, բայց այն նաև առաջարկում է մի ֆանտազիա, որը կենսականորեն կարևոր է ուտել-խմելու մեր այսօրվա մտածելակերպում՝ հատկապես խմիչքի ու ֆասթֆուդի գովազդներում․ ինչ-որ իմաստով՝ մենք կարող ենք վայելել մեր հագեցման պրոցեսը՝ առանց որևէ բացասական հետևանքների»,- գրում է Քեննիկոթը՝ նաև հիշեցնելով՝ 19-րդ դարում մարդիկ ենթադրում էին, որ աստվածները մարդկային արժեքների պրոյեկցիան են։

Իսկ այս կտավում, առանց խաթարելու իր խիստ քրիստոնեական արժեքները, Բելլինին օգտագործում է աստվածներին՝ նախագծելու համար մարդկային սպառման իդեալական և անհնար ֆանտազիան։

Միևնույն ժամանակ, այստեղ ակնարկ կա դեպի Եդեմի պարտեզ ու օրինակներ այն մասին, որ ուտելիքն ավելին է, քան պարզապես սնունդ։ Վերջինը հաստատում են նկարի լուսավոր գույները։ Չնայած շատակերության ու ավելորդության մասին մեկնաբանների ակնարկին՝ ամեն դեպքում, այս կտավը դիտարկվում է վայելքի, ցանկության ու այդ ամենի գեղեցկության մասին ակնարկին․ ի՞նչը կարող է մրցել կամ էլ համեմատվել գինի լցնող ջահել Բաքոսի կամ էլ Ապոլլոնի հետ։

«Բաքոս և Արիադնե», Տիցիան

Իսկ սա արդեն հենց Տիցիանի կտավն է․ ասում են՝ այն ստեղծված է ուսուցչի «Աստվածների խնջույքի» նմանությամբ, այդ կոնտեքստում։

ԽՆՋՈՒՅՔՆԵՐԻՑ ԲԱՑԻ․ ՍՈՎԸ

Այս խնջույքներից հետո կյանքի իրական, դառնահամ կողմն էլ կա, այն նաև արվեստում է։ Ուտելու հաճույքն ու հաճույքի գաղափարին, առհասարակ, միս ու արյուն տալու բոլոր փորձերից զատ՝ մարդկության հարաբերությունը սննդի հետ նաև այլ ասպեկտներ ունի, ու կեղծավոր կլինի չհիշել, չնշել դրանք, որքան էլ հաճելի չլինեն։

Գերմանացի էսքպրեսիոնիստ Կետե Կոլվիցի «Գերմանիայի երեխաները սովամահ են լինում» (Käthe Kollwitz, Germany’s Children Are Starving!) գործի օրինակով ենք նայելու խնջույքների հակառակ կողմին, այն մյուսին, որտեղ թասը բարձրացնում են հաց աղաչելու համար։

«Գերմանիայի երեխաները սովամահ են լինում», Կետե Կոլվից

Գրաֆիկական արվեստում իր գործերով աչքի ընկած Կոլվիցին այս գործը 1924-ին է ստեղծել․ Առաջին համաշխարհայինի սարսափներից հետո ստեղծված այս աշխատանքը սննդի մասին է՝ փշրանքներով։ Պարզագույն պատկերը սիրտ խոցող լուծումներով է ներկայացվում։

«Երբ մենք սնվելուց անցնում ենք ուրիշներին կերակրելուն, մտնում ենք սոցիալական հարթություն՝ ունենալով պարտավորություններ և պարտականություններ, որոնք գերազանցում են մեր սեփական կարիքներն ու հաճույքները»,- գրում են WP-ում՝ բացատրելով Կոլվիցիի գործը։

Բայց սոված երեխաներն իրենց թասերը բարձրացնում են ոչ թե դեպի դիտողը, այլ աջ կողմում գտնվող, չերևացող, բայց ակնհայտորեն գոյություն ունեցող որևէ անձի-համակարգի կողմը։ Այս գործը մեկնաբանողներն այն պաթոսի հետ չեն կապում, որքան էլ աչքերը փոս ընկած երեխաները թաս պարզած սնունդ են աղաչում։ Սա զայրույթի մասին է, ասում են։ Զայրույթ, որտեղ «ինչո՞ւ են երխաները սոված» հարցը հռետորական չէ, այլ ուղղված է վատ կառավարմանը։

Սևով սպիտակի վրա, պարզ, ազդեցիկ․ Կոլվիցի արվեստը մեծ հաշվով հենց աղքատներին ու ճնշվածներին էլ նվիրված է, բայց արտիստի ողբեգրությունը նաև անձնական է։

Առաջին աշխարհամարտի ժամանակ նա որդուն էր կորցրել, ու նաև նրա մահն է ստիպել նկարչին սգի ու զոհաբերության թեմաներն ավելացնել իր գործերում։

Հետպատերազմական Գերմանիայի ողբերգական պատկերները նրան մշտապես էին ուղեկցում, քանի որ նկարչի ամուսինն էլ բժիշկ էր ու Կոլվիցի արվեստանոցը բժիշկ ամուսնու կլինիկայում էր։ Հավանաբար հենց կլինիկայում էլ նա նայել, տեսել է սովահար երեխաների այս պատկերները։

Լայնացած աչքերով, սոված երեխաների այս պատկերը, չնայած քննադատությանը, իրականության ողբերգականության արտացոլում է, բայցև կոչ և ուշադրությունը երեխաների վրա հրավիրելու պարզագույն խնդրանք՝ քաղաքական ճգնաժամերում հայտնված Գերմանիայի համար։

Կետե Կոլվիցին

Եզրափակելով թեման՝ առաջարկում ենք ընթերցել նաև PAN-ի մեկ այլ հոդված՝ Արցախի չծնված, զոհված, թերսնված երեխաների մասին, որոնք Կոլվիցի գործից մեկ դար հետոյի՝ այսօրվա կտավից են։


✍️ Անահիտ Հակոբյան / PAN