#մշակութաPAN
August 8, 2023

Հովանավորելով արվեստը․ Ինչպես Մեդինչիները գումար տվեցին ու դիմացը փառք ստացան  

Ֆլորեցիայում փառքի հասած Մեդիչիների դեմքերը պատմության մեջ մնացել են որպես Վերածննդի իտալական արվեստի հովանավորների։ Ինչպես «Վեներայի ծնունդ» պատվիրած ընտանիքն իր տեղն ու դիրքը հաստատեց, միֆական հերոսների հետ ասոցացվեց ու նկարիչների հովանավորեց, և ինչու Մեդիչիների օրոք Ֆլորենցիան լքեց Միքելանջելոն։

Այս ընտանիքը Ֆլորենցիան դարձրեց Եվրոպայի մշակութային կենտրոնն ու ամենից ազդեցիկ քաղաքներից մեկը:

«Մեդիչիները լիարժեքորեն հասկացան արվեստի հսկայական ներուժն ու գրավչությունը և օգտագործեցին այն Ֆլորենցիայում բացարձակ իշխանություն ունենալու իրենց ձգտումներում»,- գրում են Widewalls-ում։

1434-1737 թվականներին այս ընտանիքը ղեկավարում էր Ֆլորենցիան ու կրքոտ կերպով երկրպագում արվեստը՝ լինելով ճարտարապետների, նկարիչների, նաև գիտնականների աջակիցը։ Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Սանդրո Բոտիչելլին Մեդիչիների կողմից հովանավորություն ստացած արվեստագետներից են։

Բոտիչելլի, «Վեներայի ծնունդը»

Հանրահայտ գործեր են ստեղծվել Մեդիչիների պատվերով․ Բոտիչելլիի «Վեներայի ծնունդը», «Վեներայի թագավորությունը», Դոնատելլոյի բրոնզե Դավիթը, տասնյակներով դիմանկարներ ու քանդակներ, բայց ինչո՞ւ։

Եվրոպայի ամենահզոր բանկերից մեկը ղեկավարելով՝ Մեդիչիները փողն ու արվեստը որպես ներդրում էին ընկալում իրենց իշխանությունը պահպանելու մեջ․ այսօր արդեն ազդեցիկ ընտանիքի փողերը դոլարի վերածելիս գիտենք՝ 1471-ին, Լորենցո Մեդիչիի հաշվարկով, ընտանիքը մոտ 30 տարում 663,000 ֆլորին է ծախսել բարեգործության, շինարարության ու հարկերի վրա։ Դա այսօրվա տնտեսության մեջ $460 մլն-ի է համարժեք։

Լորենցոն նաև «մեկնաբանություն» է թողել այս մասին՝ նշելով, որ շատերը, գուցե, համարեն, թե ավելի լավ կլիներ այդ գումարն ունենալ սեփական դրամապանակում, բայց ոչ ինքը։ Մեդիչին գոհունակ է եղել իրենց ծախսերից ու բավարարված՝ շռայլորեն սա համարելով «պատիվ իրենց պետության համար»։

Անյոլո Բրոնձինո, ձախից՝ «Տղամարդու դիմանկար», աջից՝ «Գարսիա դե Մեդիչի»

Այս աստղաբաշխական փողերը, սակայն, չեն ծախսվել Մեդիչիների միայն նուրբ հոգու, էքզիստենցիալ մտորումների ու բարիք գործելու անկառավարելի, անդիմադրելի ցանկությունների պատճառով: 15-րդ դարում 663,000 ֆլորին ունեցողները նաև հաշվարկել գիտեին։

Ավելի վաղ շրջանում Կազիմո Մեդիչին արդեն հասկացել էր, որ իշխանությունը պահելու համար ժողովրդի բարեհաճությունը գործի կեսն է։ Ու սրա համար նա օգտագործում էր արվեստն ու դրա ընձեռած լայն հնարավորությունները՝ մարդու սիրտ հասնելուց մինչև աչք շոյել։

Նա, օրինակ, առաջինն էր, որ Եվրոպա բերեց հանրային գրադարան՝ Սան Մարկոյում, Կազիմո Մեդիչին նաև առաջինն էր, ով Դավթի մերկ արձանը պատվիրեց Դոնատելլոյի մոտ ու ավարտին հասցրեց Ֆլորենցիայի տաճարի գմբեթի կառուցումը։ Կյանքի մայրամուտին այս մարդուն «երկրի հայր» էին կոչում։

Բրոնձինո, ձախից՝ «Կոզիմո Մեդիչին՝ որպես Օրփեուս», աջից «Սուրբ Հովհաննես Մկրտիչ» (Ջիովանի Մեդիչիի դիմանկարը)
Բրոնձինո, «Կոզիմո Մեդիչիի դիմանկարը», 1545թ., Ուֆֆիցի, Ֆլորենցիա

Թագավորական ընտանիքին հավասար ու իտալական վերածնունդը հովանավորելու մեջ հավասարը չունեցած․ Մեդիչիների՝ իշխանության և իշխանությունն արվեստով ամրապնդելու, սեփական դիրքն ընդգծելուն նվիրված բոլորովին վերջերս՝ 2021-ին MET-ում ցուցահանդես էր։ Այստեղ ծավալուն անդրադարձ է արվել ընտանիքի՝ Ֆլորենցիայից քշվելուն, երկրորդ վերադարձին ու արվեստի աշխարհում ունեցած նշանակությանը՝ հենց կտավներով ու արվեստի գործերով։ Մեդիչիների համար դիմանկարները պարզապես դիմանկար չէին․ դրանք քաղաքական հավակնությունների պատկերում էին, որ նաև դիվանագիտական ելքեր կարող էին ունենալ։ Օրինա՞կ։ 1518-ին Ռաֆայելի պատկերած Լորենցո Մեդիչիի դիմանկարը․ 1518-ին Մեդիչին ամուսնացավ Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկոս I ընտանիքի անդամի հետ։

Ռաֆայել, «Լորենցո դի Մեդիչի»

Ամուսնությունից հետո Լորենցոն Ռաֆայելի ևս 3 նկար ուղարկեց Ֆրանսիա, այդ թվում հանրահայտ պատկերը՝ կարդինալ, Մեդիչի ու պապ, բայց հենց դիմանկարն էր դեպի Ֆրանսիայի արքունիք «մուտքի բանալին»․ այն նրբորեն ու զգուշորեն, բայց լի էր ակնարկներով դեպի Ֆրանսիան ու երկրում այն ժամանակ տարածված ոճը․ Լորենցոյի հագուստի թևքերը, մորթին արտահայտում են դեպի Ֆանսիա ուղղված այս հայացքը։

Ռաֆայել, «Լեո X դիմանկարը», Ուֆֆիցի, Ֆլորենցիա

Դիրքի ամրապնդման մասին է նաև Ալեսանդրո դե Մեդիչիի դիմանկարը։ Այստեղ նրան որպես ամուր առաջնորդի ընկալելու խնդիր էր դրված, քանի որ Մեդիչին հեղինակության վերականգնման խնդիր ուներ․ նրան ատում էին ֆլորեցիացիները։

Պոնտորմո, «Ալեսանդրո դե Մեդիչի», 1534-35թթ․

Նկարիչ Պոնտորոմոն, որը Մեդիչիի մտերիմներից էր, նրան պատկերեց մութ սենյակում, պատկառելի տեսքով ու նշմարելի մուգ մաշկով, որը բնավ էլ արևայրուք չէ․ տվյալներ կան այն մասին, որ Ալեսանդրոն Մեդիչիների ընտանիքում նախկինում ստրկացված կնոջ որդին էր։ Նրան, ի դեպ, նաև անվանում էին «ժամանակակից Եվրոպայի առաջին սևամորթ ղեկավարը»։ Այստեղ հետաքրքիր է այն, թե ինչով է զբաղված դիրքն ամրապնդել ցանկացող Մեդիչին կտավում․ նա նկարում է։

Տարածված ընկալման համաձայն՝ հենց նկարելու պրոցեսն էր ընդունվում որպես մտավոր ավելի բարձր վիճակի գալու, անհատին բարձրացնելու գործընթաց։ Ջորջիո Վազարիի պնդմամբ՝ Մեդիչին մի կնոջ է նկարում։

Բայց, MET-ի՝ «Մեդիչիներ․ դիմանկարներ և քաղաքականություն» վերնագրված ցուցահանդեսում և առհասարակ աստղերն ուրիշ մարդիկ են եղել․ օրինակ՝ Կոզիմո Մեդիչին ու նրա սիրելի նկարիչ Անյոլո Բրոնձինոն են եղել։ Ուշ Վերածննդի այս նկարիչն անսահման հաշտ և ստեղծարար էր պատկերել Մեդիչիների տոհմը պատմության մեջ թողած Կոզիմո Մեդիչիին․ նա մի կտավում մարտիկ է, մեկում լրջախոհ քաղաքական գործիչ, մյուսում՝ պարզապես դիցական մի կերպար։ Բրոնձինոյի կտավները Մեդիչիի դիվանագիտության մասն էին․ այստեղ ընտանիքի թերևս ամենանշանավոր դեմքը սառը, խոհուն, իմաստուն, կատարելության մոտեցող մի տղամարդ է՝ ստեղծված «շողոքորթ նրբագեղությամբ»։

Բայց ամենից գրավիչը, իհարկե, Մեդիչիներին դիցաբանական կապեր տալն է։ Պատշաճ հագուստն ու դրա վրայի շքեղ տեսքը երբեմն քիչ էր գործչին իր ամբողջ փառքով ու պոտենցիալով ներկայացնելու համար, Բրոնձինոն ու Կոզիմո Մեդիչին դա հասկանում ու հղում էին անուն Հին հունական դիցաբանությանը։

Քնար նվագող ու արվեստի ուժը խորհրդանշող Օրփեոսը Մեդիչի է դառնում՝ ամբողջացնելու գերդաստանի ամենանշանավոր դեմքի բոլոր արժանիքները։

Օրփեոսի կերպարով Մեդիչին

Երաժշտական գործիքը մկանոտ ձեռքում, մերկ ու բազմագլուխ շան առաջ նստած Մեդիչին դիտողի կողմն է թեքվում՝ իր թիկունքում թողնելով մի կրակոտ անդունդ՝ անդրաշխարհը խորհրդանշող։ Կոզիմո-Օրփեոս զուգահեռի անցկացումը Բրոնձինոյի կողմից ակնարկ է նրան, որ Մեդիչին Օրփեսոսի պես պետք է զգուշավոր գործեր՝ ճգնաժամներից խուսափելու համար։

Կոզիմոն իշխանության էր եկել 17 տարեկանում, քաղաքական բուռն շրջանում, երբ քաղաքական դժգոհություններն ավարտվել էին նրա զարմիկի՝ Ալեսանդրոյի սպանությամբ։

Հետաքրքիր է այս ֆոնին կարդալ Միքելանջելո-Կոզիմո Մեդիչի հարաբերությունների մասին։ Եթե Բրոնձինոն Մեդիչիների դիմանկարների ու ընտանիքի համար կտավներ ստեղծելու գործի նվիրյալ էր, ապա նույնը չի կարելի ասել նաև Միքելանջելոյի մասին։ Տվյալներ կան, որ Վերածննդի շրջանի նշանավոր այս նկարիչը (նաև քանդակագործը) Ֆլորենցիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ անցել է Հանրապետականների կողմն ու ընդմիշտ լքել քաղաքը, երբ Կոզիմո Մեդիչին իշխանության է եկել։

Կոզիմոն նրան գայթակղելու ու Ֆլորենցիա վերադարձնելու անհաջող փորձեր է արել, բայց դա հաջողվել է միայն արտիստի մահից հետո․ Միքելանջելոյի մարմինը Ֆլորենցիա է բերվում ու պետական շքեղ թաղում կազմակերպվում (ի դեպ, շքեղ բառն այստեղ անհարկի շռայլություն չէ թաղման համար․ Մեդիչիների օրոք Ֆլորենցիայի հուղարկավորությունները մռայլ իրադարձություններից հանրային, հասարակական առիթներ էին դարձել)։

Իր այս ժեստով մտքի ճկունությամբ աչքի ընկած Մեդիչին հույս ուներ սեփական անվան հետ կապել հանճարեղ Միքելանջելոյին ու պատմության խորքն ուղարկել վերջինիս «հանրապետական համակրանքները»։

Կոզիմոն այդ ժամանակ արդեն հիմնադրել էր Accademia del Disegno-ն ու մի հարկի տակ հավաքել Ֆլորենցիայի արվեստագետներին, մահացած Միքելանջելոյին Ֆլորենցիա բերելու  փորձն այսօր համարվում է իշխողի՝ «պատմության նարատիվը կառավարելու ձգտում»։ Artnet-ի հոդվածագիրը հիշեցնում է՝ պատմությունը հաճախ ցույց  է տալիս, որ արվեստը հաճախ իշխանության ծառայության մեջ է հայտնվում, բայց հենց Կոզիմո Մեդիչիի դեպքն է հուշում՝ արվեստի ուժի նկատմամբ հովանավորների վերահսկողությունը սահմանափակ է։

Վկան Միքելանջելոյի Դավիթն է՝ քանդակ, որ պատմության մեջ, ամեն դեպքում, մնաց որպես բռնակալության դեմ պայքարի խորհրդանիշ [Դավթի մասին մեր անդրադարձը]։ 

Մեդիչի ընտանիքի կանայք ևս կտավներում են հատնվել՝ կրկին՝ ելնելով դիրքից, ամրապնդելով այն։

Էլեոնորան իսպանացի դքսի դուստր էր, որին սիրահարված Կոզիմոն նույնիսկ մեծ օժիտի դիմաց չհամաձայնեց փոխարինել կնոջ մեծ քրոջ հետ։ Այդ առաջարկը հնչել էր Էլեոնորայի հորից։

Այս տիկնոջ մասին երկու ծայրահեղ կարծիք կա պատմության մեջ․ մեկը, որ նա խիստ մոլեռանդ, կրոնամոլ մի կին էր, մեկը՝ խաղամոլ ու խորամանկ։ Ամեն դեպքում, կիսահեգնանքով նրան բարեբեր կին են համարում Մեդիչիների համար․ նա 11 Մեդիչի էր լույս աշխարհ բերել։

Կոզիմո Մեդիչիի կինը Բորոնզինոյի այս կտավներում երևում է որդիների հետ՝ Ջիովաննիի և Ֆրանչեսկոյի։

Բորոնզինո, «Էլեոնորա դի Դոլեդոն որդու՝ Ֆրաչեսկո դե Մեդիչիի հետ», 1550թ․

Էլեոնորայի մուգ կարմիր զգեստը՝ հակադրվելով թիկունքի կանաչի հետ, պատկերին միանգամից հավելյալ շքեղություն ու լարվածություն է տալիս։ Այստեղ նկատելիորեն ընդգծվում է Էլեոնորայի պտղաբերությունը։ Պատկերված լինելով որդու հետ, տիկնոջ մի ձեռքը որովայնին է․ սա ակնարկ է այն բանի, որ նա կարող է հղի լինել։

Էլեոնորայի ու մյուս որդու՝ Ջիովաննիի դիմանկարը, հավանաբար, տիկնոջ մասնակցությամբ ամենահայտնիներից է․ այստեղ առանձին պատմություն են նրա հագուկապն ու արդուզարդը։

Բորոնզինո, «Էլեոնորա դի Տոլեդոն որդու՝ Ջիովաննիի հետ», 1545թ․

Առողջ, ընդգծված փայլուն դեմքով մայրն ու որդին իրենց թանկարժեք հագուստներով ոչ միայն տոհմի արժանիքներն ու շարունակությունն են ընդգծում, այլև համեմատություն դառնում․ այս կտավն ասոցացվում է Տիրամոր ու որդու կտավների հետ՝ ցույց տալով տիկնոջ և նրա որդու կարևորությունը։


✍️ Անահիտ Հակոբյան / PAN