Ինչպես Միքելանջելոն անորակ մարմարից Դավիթ ստեղծեց, Ռոդենն էլ` համբույր՝ «դժոխքից»
ՄԻ ԱՇԽԱՐՀ, ՄԻ ԴԱՎԻԹ՝ ՄԻՔԵԼԱՆՋԵԼՈՅԻՑ
Երիտասարդ մարմնի փառքն ու գեղեցկությունը խորհրդանշող ու փառաբանող այս գործը չի իջնում հռչակի, հայտնիության իր պատվանդանից արդեն մի քանի դար։
Դավթի արձանի շուրջ ու մասին տասնյակ պատմություններ կան, բազմաթիվ ուսումնասիրություններ՝ նրա տրամադրությունից մինչև մկանախմբեր, բարեմասնություններ ու բարեկազմություններ։
Հրեական «ծագմամբ» այս իտալացին Վերածննդի խոշորագույն դեմքերից է՝ այսօր արդեն ճանաչելի ու վերարտադրված խիստ տարբեր ոլորտներում․ Դավթի նկարով T-shirt-երից մինչև գիտական հետազոտություններ։
Բայց, նախ, մի քիչ վարպետի մասին․ Միքելանջելոյի գործերը գրեթե անքննելի են, վաստակը՝ հսկայական, բայց, ասում են` իտալացին երջանիկ էր հենց քանդակելիս։ Այս զգացական ինֆորմացիայի աղբյուրն ամերիկացի գրող Իրվինգ Սթոունի «Միքելանջելո» գիրքն է։
«Չնայած Միքելանջելոն իրեն հավասարապես դրսևորեց և՛ գեղանկարչության, և՛ ճարտարապետության մեջ, նա իրեն երջանիկ էր զգում միայն քանդակագործությամբ զբաղվելիս։ Սակայն հենց քանդակագործության մեջ նա չկարողացավ հասնել իր վիթխարի մտահղացումների իրագործմանը»: Դրան խանգարում էին պատերազմները, իր բարձրաստիճան պատվիրատուների կամակորությունները, մի կողմից՝ նրանց պայքարը միմյանց դեմ, մյուս կողմից՝ նկարիչների»,- կարդում ենք այս գրքում։
Միքելանջելոյի ու (ոչ միայն) կենսագիր Ջորջիո Վազարին իր ժամանակի Դավթի մասին գրել է՝ որպես հավասարը չունեցող գործի․ հսկա մարմարի կտորը Դավթի արձանին վերածելու գործը Միքելանջելոյին է հանձնարարվել, երբ նա 26 տարեկան էր, բայց արդեն ճանաչված նկարիչ ու քանդակագործ։
1501-1504 թվականներին ստեղծված այս 17 ոտնաչափանոց (5 մետրից ավելի) քանդակը Ֆլորենցիայի քաղաքային իշխանության պատվերն էր, որ անավարտ էր մնացել մի քանի տարի (պատճառներից մեկն այս մարմարի վատ որակն է համարվել. քանդակագործ Դոնատելլոն այն կիսատ թողածներից էր)։
Ի սկզբանե որոշված աստվածաշնչյան թեմայի նման մեկնաբանությունն անսպասելի, բայցև զարմանալի ազդեցություն ունեցավ։
Ասում են՝ սա այն Դավիթն է, որ դուրս է եկել Գողիաթի դեմ մենամարտի ու հաղթել նրան։ Աստվածաշնչյան հերոսին իր կյանքի կարևորագույն մենամարտից առաջ պատկերած Միքելանջելոն մի փոքր խախտել է «հերթականության ավանդույթը»․ սովորաբար Դավթին պատկերել են մենամարտից հետո՝ հաղթանակած, իսկ այստեղ քանդակագործն առաջ է ընկել իրեն հայտնի իրադարձություններից՝ ներկայացնելով հերոսին իր նախամենամարտային մտորումների ու լարվածության մեջ։
«Արվեստը ոչինչ է առանց կոնտեքստի։ Եթե չեք հասկանում՝ ինչու է այս քանդակը ստեղծվել, դուք բաց եք թողնում պատմության մեծ մասը։ Դրանք պարզապես գեղեցկության օբյեկտներ կամ ինքնարտահայտման միջոցներ չեն»,-բացատրում է քանդակագործ, արվեստի պատմաբան Ջեյսոն Էյքլեսը (Jason Arkles), հիշեցնելով՝ Դավթի արձանը պատվեր է, ու անդրադառնալով Դոնատելլոյի նախկին դավիթներին և այս մեկի կոնտեքստին։
Դոնատելլոն, այո, այլ դավիթներ քանդակել է․ նրանք ևս մորեմերկ են եղել ու կրել նույն՝ աստվածաշնչյան և ֆլորենցիական կոնտեքստները։ Ասում են՝ մեր այս Դավթի մարմնակազմության որոշ առանձնահատկություններ հենց Դոնատելլոյի՝ մարմարի վրա նախապես արած աշխատանքի պատճառով են։ Օրինակ՝ մարմնի թեթև կորությունը։
Հետաքրքիր է, որ Դավիթը ոչ միայն կրոնական իմաստով էր խորհրդանշական Ֆլորենցիայի համար, այլև քաղաքական ենթատեքստով։ Արձանի ստեղծման տարիներին քաղաքն իր անկախության ու ինքնավարության համար էր պայքարում ու թշնամու դեմ դուրս եկած իսրայելցիների հերոսի կերպարն իմաստային նոր երանգ էր ստանում։ Մասնավորապես, Դավիթն ընկալվում էր որպես Մեդիչի ընտանիքի դեմ Ֆլորենցիայի պայքարի խորհրդանիշ։
Ասում են՝ Դավթի հայացքի ուղղությունն է անգամ քաղաքականացվել․ երբ արձանը տեղադրվել է հրապարակում, այն դրվել է այնպես, որ նայի դեպի Հռոմ՝ Մեդիչիների նոր տան ուղղությամբ։
Միքելանջելոն հերոսին քարացրել է իր կենտրոնացման պիկին՝ փոխանցելով մտածող մարդու վերածննդյան բանաձևն ու հերոսին՝ որպես ուժեղ ու կենտրոնացած կերպար։
Պատմություն կա այն մասին, թե այս գործը ստեղծելիս Միքելանջելոն խիստ ժուժկալ էր ու քնի նվազագույն պահանջը բավարարող․ ասում են, թե գործը վարպետը խիստ գաղտնի պայմաններում է ստեղծել՝ աչքից հեռու, բայց հետագայում արդեն արձանի տեղը որոշելիս (ի դեպ, որոշողներից են եղել նաև Լեոնարդո դա Վինչին, Սանդրո Բոտիչելլին) ընտրվել է Ֆլորենցիայի կենտրոնը։
Ասում են, թե ժամանակին Դավթին իր տեղը՝ մի կես մղոն տանելու ու քաղաքի կենտրոնում դնելու համար 4 օր ու 40 տղամարդ է պահանջվել։ Տեղափոխումից հետո վարպետը շարունակել է աշխատել Դավթի կոսմետիկ կողմի վրա, հետո նաև որոշ դետալներ ոսկեզօծվել են, բայց արձանի ոսկին չքացել է եղանակային երկարատև ազդեցության պատճառով։ Իր նախնական տեղում՝ Պալացցո Վեկկիոյում այս արձանը մնացել է մինչև
1873 թվականը, հետո տեղափոխվել է՝ Galleria dell'Accademia պաշտպանելու համար դրսում մնալու բոլոր հնարավոր վտանգներից։
Հետաքրքիր կարծիք կա Դավթի մարմնի համամասնությունների մասին․ ասում են՝ Միքելանջելով դիտմամբ է հերոսի գլուխն ընդգծել ու մեծացրել, քանի որ ի սկզբանե նախատեսված էր, որ արձանը պետք է տեղադրվի տաճարի բարձրադիր մասում։ Մյուս կողմից կարծիք կա, թե այս քայլն ակնհայտ ակնարկ է մտածելուն։
Կատարելությանը հարող Դավիթը, չնայած աստվածաշնչյան կերպար է, բայց իր մարմինը ժառանգել է հին հռոմեական քանդակագործության սկզբունքներից ու Հերկուլեսի կերպարից (Հերկուլեսը երկար ժամանակ Ֆլորենցիայի խորհրդանիշն է եղել)։
Դավթի արձանի աչքերին վերջերս նայած գիտնականների խումբը Սթենֆորդից ասում է՝ արձանի աչքերը թեթևակի շլդիկ են․ սա բացատրվում է նրանով, որ վարպետը փորձել է սրանով հարգանքի տուրք մատուցել հին վարպետներին՝ ակնարկով իր գործը չունի նպատակ զբաղեցնելու նրանց տեղը կատարելության դաշտում։
Մնալով անկրկնելի՝ Դավթի իրական չափերով աշխարհում 30 կրկնօրինակ կա․ արձանի վերարտադրության այս փորձերը նաև Ֆլորենցիայում են տեղադրված։
Արձանի ամենահայտնի կրկնօրինակներից մեկը, սակայն, Մեծ Բրիտանիայում է։ Տոսկանայի դքսից Վիկտորիա թագուհուն ուղարկված այս կրկնօրինակն առանձնանում է նրանով, որ բրիտանական արքունական կանոնիկությունը խորը վիրավորանք էր համարել արձանի մորեմերկությունը․ դրա համար էլ գիպսե թզենու տերևով փակվել էին Դավթի բարեմասնությունները։ Արձանի այս տարբերակը, իր բոլոր հավելումներով, այժմ Լոնդոնի Վիկտորիա և Ալբերտ թանգարանում է։
Հետաքրքիր է այստեղ նաև մերկության թեման․ այն, ինչ կարմրել էր տալիս բրիտանական արքունական տիկնանց, այնքան էլ այն չէ, ինչ նրանք մտածում էին։
Դավիթը չի մեկնաբանվում որպես սեքսուալ տղամարդու պատկեր, որքան էլ այն պատկերում է մի տղամարդու՝ ամբողջ հասակով, մկանախմբերով կամ մերկությամբ։
Արձանի մորեմերկությունն ու սեռական օրգանների ցուցադրությունն արվեստի մեկնաբաններն ընկալում ու մեկնաբանում են որպես «հաշվարկած ապասեռականացում», «սեքսուալությունը նսեմացնելու միտումնավոր փորձ»։
Եվ, մինչ անցնելը հաջորդ քանդակին, առաջարկում ենք հիշել, թե ինչպես նացիստները փորձեցին Սկավառակ նետողին իրենցով անել ու երբ և ինչու թևերը Լուվրում բացեց Նիկեն։
«ԴԺՈԽՔԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԻՑ»՝ ՍԻՐՈ ԳԻՐԿԸ․ ՌՈԴԵՆԻ ՀԱՄԲՈՒՐՎՈՂՆԵՐԸ
Ի սկզբանե նախատեսված լինելով որպես մոնումենտալ «Դժոխքի դարպասներ» գործի մաս՝ ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի «Համբույրը» առանձնացվել է դրանից՝ հենց իր՝ քանդակագործի նախաձեռնությամբ, դառնալով ինքնուրույն ստեղծագործություն։
Այս գործը երկու կոնտեքստով է մեկնաբանվում՝ ինքնակենսագրական և այլաբանական։ Մարմարե քանդակը ստեղծվել է Ռոդենի ու իր աշակերտի, մոդելի, մուսայի, քանդակագործ Կամիլ Կոլդելի սիրո բուռն շրջանում (բայց Ռոդենը, ասում են` գործն ավելի վաղ էր նախաձեռնել)։
Կամիլի ու Ռոդենի հարաբերություններն այսպես հավերժական գրկախառնության մեջ չեն ավարտվել։ Կամիլը կյանքի մի մասը հոգեբուժարանում է անցկացրել՝ դրանից առաջ, սակայն, թողնելով քանդակների ժառանգություն, որոնց արժեքն ամենևին էլ Ռոդենի հետ սիրային կապով չէ պայմանավորված։
Ընդհանրապես, երկու արվեստագետն իրար հետ «հաղորդակցվել են» նաև քանդակներով, որոնք նրանց հարաբերությունների բուռն, ակնհայտ, բայցև լուռ վկաներն են։
Այլ կոնտեքստում այս գործը մեկնաբանվում է որպես Դանթեի «Աստվածային կատակերգության» երկու հերոսի՝ Պաոլոյի և Ֆրանչեսկայի պատկերում։ Դանթեի գործում սիրահարները սպանվել էին Ֆրանչեսկայի ամուսնու կողմից ու դժոխքում էին։ Համբուրվողներից մի փոքր հայացքը վար իջեցնելիս կարելի է տղամարդու ձեռքին գիրք տեսնել․ սիրահարները Դանթեի գործում կարդում էին պալատական սիրո պատմություններ։
Երջանիկ զգայականության այս պատկերում հոսող երկու կերպարին Ռոդենը մի քանի անգամ է քանդակել՝ տարբեր չափսերով։ 1880-ականների երկրորդ կեսին Ֆրանսիայի կառավարությունը նրան քանդակի ընդլայնված տարբերակն էր պատվիրել․ սա ստեղծելու համար Ռոդենից 10 տարի պահանջվեց։ Միայն 1898-ին նա ցուցադրեց իր այս ֆրանսիական համբույրը, որն արվեստի պատմության մեջ հայտնի է որպես սեռականացված, մարմնական սիրո ամենահայտնի պատկերներից մեկը։ Ի դեպ, ասում են` այս համբույրում շուրթերի հպում չկա․ ու սա որոշ պարագաներում մեկնաբանվում է որպես Դանթեի հերոսների անմեղության խորհրդանիշ։
Ընդհանրապես, մեծ էր Ռոդենի հետաքրքրությունը կանացի մարմնի գրավչությունների նկատմամբ․ բայց քանդակի էրոտիզմը, ասում են` հատկապես աչքի է զարնում բրոնզե տարբերակում, որն ուղարկվել էր Չիկագո ցուցադրության։ Այդ ժամանակ քանդակը հանրային ցուցադրության չէր ներկայացվել՝ միայն անհատական մուտքի հնարավորություն տալով հետաքրքրվողներին։