#մշակութաPAN
April 18, 2023

Ինչպես «Սկավառակ նետողին» հավանեց Հիտլերը, ու ինչու 19-րդ դարում կտավներում սպորտ երևաց․ Հին Հունական մկաններից մինչև «փափկասուն տիկնանց» զբաղմունք՝ սպորտը կտավներում  

Մարդկության պատմությունն անընդհատ ուղեկցվել է մրցապայքարներով, դրանք իրենց հերթին ուղեկցվել են ուժեղ մկաններով, մկաններն էլ երբեմն ռազմից դուրս են դիտարկվել, օրինակ՝ սպորտում։ PAN-ն այսօր փորձել է հետ նայել ու գտնել՝ ինչպես է սպորտն արտացոլվել մշակույթում, և ովքեր են այն պատկերել կտավներում։

Գիտության ու կերպարվեստի կապի մասին ավելի վաղ գրել էինք, բայց քանի որ սպորտն անմիջականորեն է առնչվում մկանների թեմային, նախ սկսելու ենք այստեղից։

Հետաքրքրական է նկատել, որ պատմության մեջ ոչ միշտ ու ոչ բոլորի համար են մկաններն ու ուժեղ բազուկները նախընտրելի եղել։ Մկանների պատմությունը լավ ուսումնասիրած ժամանակակից հեղինակ Դենիել Կունիտցը (Daniel Kunitz, նա Lift: Fitness Culture from Naked Greeks and Acrobats to Jazzercise and Ninja Warriors գրքի հեղինակն է) իր «Պատմության ընթացքում ինչպես է արվեստը պատկերել տղամարդկային մարմինը» հոդվածում մանրամասնում է խիստ սպորտային կեցվածքի մասին որոշ ընկալումներ ու մի ընդհանրական եզրահանգում անում՝ առնականության պատմության մեջ ավելի մեծ նշանակություն է ունեցել փողը, քան մկանները։

Տղամարդու կարգավիճակը որոշիչ գործոն է եղել նրա՝ հանրային ընկալման հարցում․ Արևմուտքում թե Արևելքում՝ բարձր դասի տղամարդու իդեալականացված և ընդհանրացված պատկերն էլ հենց գեղեցկության սիմվոլ է եղել։ Ըստ նրա, 19-րդ դարի նախընտրելի պատկերները, օրինակ՝ մկանները համարում էին ավելի շուտ վուլգար, քան ցանկալի։ Եղել են նաև ժամանակներ, երբ մկանների մասին առասպելներ են հյուսվել․ իբր դրանք նպաստում են սրտի հիվանդությունների զարգացմանը և ոչ թե մարզումների, աշխատանքի ընթացքում հավաքված զանգված են, այլ ցածր դասին ի վերուստ տրված «պատիժ»: Կունիտցի բնորոշմամբ՝ բարձրահասակ ու գունատ կերպարները մոտ կես դար առաջ են թեմայից դուրս «եկել»՝ Ֆիթնեսի առաջին զանգվածային հեղափոխության ժամանակ․ հեղինակի թվագրությամբ՝ 1970-ականներին:

Ահա այդ ժամանակների ամենահայտնի մկանոտ պատկերներից մեկը՝ Առնոլդ Շվարցնեգերը, 1976 թվականին։ Շվարցնեգերի այս պատկերը ցուցադրվել է Օսլոյում՝ Մունկի թանգարանում:
Անտոնինո դել Պոլլայոլո, «Մերկ տղամարդկանց մարտը», 1470-ականներ։ Սա առաջին գործերից է, որտեղ մարդու մարմնակազմությունն արտահայտվում ու ներկայացվում է՝ հիմք ընդունելով ավելի վաղ արված ուսումնասիրությունները

Մկանների թեման, սակայն, այսօր դիտարկելու ենք ոչ թե ռազմական, այլ խիստ սպորտային տեսանկյունից։ Ինչպես է սպորտը կտավներ մտել կամ արվեստի գործերում հայտնվել։

ՀԻՆ ՀՈՒՆԱԿԱՆ ՄԱՐՏԵՐ ՈՒ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐ

Հին Հերակլեսի (Հերկուլես) կերպարը թերևս միանգամից շոշափում է և մկանների, և (ըմբշա)մարտի թեմաները. Հերոսի սխրագործությունների մասին տասնյակից ավելի պատմություններ կան։ Նա, ով դեռ օրորոցում օձ էր խեղդել, բազմաթիվ անգամներ հայտնվել է նաև վաղ շրջանի արվեստի գործերում՝ սափորների վրա պատկերվելուց մինչև քանդակներ։

Հերակլեսի ու Անթեյի մարտը՝ Լուվրում

Հերակլեսի՝ Լիբիայի արքա Անթեյի հետ մարտը (դրա մասին պատմությունը) սիրելի թեմա է եղել հին ու Վերածննդի շրջանի արվեստի գործերի ստեղծման ընթացքում։ Մայր հողից իր ուժը ստացող թագավորին գետնից կտրելու պահին Հերակլեսին պատկերող քանդակների պակաս էլ չկա։

Լեգենդն ասում է, թե Անթեյը բոլոր օտարականներին մենամարտի էր կանչում ու, հաղթելով՝ սպանում նրանց։ Ինչպես ըմբշամարտի մերօրյա կանոններով, այնպես էլ լեգենդում, ըմբիշը հաղթում էր՝ մրցակցին գետնին գցելով։ Իսկ Անթեյը հաղթում էր, քանի որ մարտի ժամանակ մայր հողից էր ուժ ստանում։ Հերակլեսի հետ մարտում, սակայն, սխրանքներով հայտնի հերոսն Անթեյին պոկում է գետնից՝ այդպես խլելով ուժն ու սպանելով։
Հերակլես և Անթեյ, բրոնզե արձան, 1500-1510թթ., Իտալիա։ Արձանն այժմ Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում է՝ Լոնդոնում:
Մարտը պատկերող ևս մեկ արձան, այն թվագրվում է Ք․ա. 2-րդ դարով։ Քանդակի այս տարբերակը վերականգնված օրինակ է, այն այժմ Ֆլորենցիայում է:
«Հերակլեսը սպանում է Անթեյին», Անտոնիո դել Պոլայոլո, 1460թ․, գտնվում է Ֆլորենցիայում՝ Ուֆֆիցի թանգարանում
Հերակլեսը՝ Անթեյի հետ մարտում, 1634թ․, կտավի հեղինակն իսպանացի նկարիչ Ֆրանսիսկո Սուրբարանն է

ՍԿԱՎԱՌԱԿ ՆԵՏՈՂՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑԻՑ ՄԵԿԻ «ՆԱՑԻՍՏԱԿԱՆ ԱՆՑՅԱԼ»․ ԻՆՉՊԵՍ ՀՈՒՅՆ ՏՂԱՆ ԴՈՒՐ ԵԿԱՎ ՀԻՏԼԵՐԻՆ

Իհարկե, հին աշխարհի սպորտային ամենահայտնի պատկերներից մեկը, եթե ոչ ամենահայտնին՝ «Սկավառականերտորդը» չենք շրջանցելու։ Համարվում է, որ այս քանդակի բրոնզաձույլ բնօրինակը չի պահպանվել, եղածները միայն կրնօրինակում են Հին աշխարհից հայտնի այս մարզիկին ու փորձում կրկնել հեղինակին՝ Միրոնին։

Օլիմպիական խաղերին մորեմերկ (այդպես էր կարգը) մասնակցող ու սկավառակ նետող հերոսի անձը հայտնի չէ, սակայն, նրա նետման ուժն ու կեցվածքը թերևս կարող են հուշել՝ առնվազն վատ մարզիկ չէ (չնայած ասում են՝ Լոնդոնում պահվող օրինակի գլուխը ճիշտ կողմ չի նայում)։

Հույն քանդակագործ Միրոնին վերագրվող «Սկավառակ նետողը» գտնվում է Բրիտանական թանգարանում

Հին հունական մշակույթի այս սպորտային կերպարը նաև «կենտրոնական ոգեշնչում» է եղել Օլիմպիական խաղերից մեկի ժամանակ։ Իսկ ի՞նչ կա զարմանալու․ դա պատմության ամենանացիստական Օլիմպիադան էր։ 1936-ին Ադոլֆ Հիտլերի ղեկավարած Գերմանիան Երկրորդ աշխարհամարտի քթի տակ հյուրընկալեց ավանդաբար խաղաղություն խորհրդանշող Օլիմպիական խաղերը։ Սա նաև պատմության առաջին Օլիմպիադան էր, որ եթեր հեռարձակվեց։ Գերմանիայի Օլիմպիական կոմիտեն կինոռեժիսոր Լենի Ռիֆենշթալին (Leni Riefenstahl) հանձնարարեց նկարահանել խաղերը։ Ռեժիսորի «Օլիմպիա» ֆիլմում կիրառված տեխնիկան այսօր էլ սպորտային միջոցառումներ լուսաբանելու, նկարահանելու տեխնիկաների նախատիպն է համարվում։

«Նացիստական էսթետիկան»՝ ոգեշնչված հունական հայտնի քանդակից․ Ռիֆենշթայլի ֆիլմի բացման կադրերից

Ռիֆենշթայլի երկմասանի «Օլիմպիան» թողարկվեց 1938-ին, իսկ ֆիլմը սկսում էր 1936-ի Օլիմպիադայի բացման տեսարանով՝ Սկավառակ նետողի հայտնի պատկերով։

Ռիֆենշթայլը նացիստական պրոպագանդայի ռեժիսորներից էր․ նա 1936-ի Օլիմպիադան նկարելուց առաջ արդեն հեղինակել էր «Կամքի հաղթանակը» (Triumph des Willens) ֆիլմը՝ նվիրված նացիզմին ու պատվիրված Հիտլերի կողմից։

Ֆիլմի սկզբում «Սկավառակ նետողի» պատկերը մշուշվում է՝ վերածվելով քանդակի դիրքով կանգնած իրական սկավառակ նետողի։ Ասում են՝ ռեժիսորը խելամիտ է գտնվել՝ Հին Հունական քանդակներից հենց այս մեկն օգտագործելով, քանի որ այն շոյում էր նաև Ֆյուրերի աչքը։ Հիտլերը, իհարկե, առաջին ղեկավարը չէր պատմության մեջ, որ խիստ հավանել է անտիկ արվեստը, սակայն, հաշվի առնելով նրա «խիստ հայացքները», առնվազն հետաքրքիր է, որ նա անգամ գնել է Դիսկոբոլի հերթական ու հայտնի կրկնօրինակներից մեկը՝ 1781-ին հայտնաբերված տարբերակը, որն այժմ Հռոմի Ազգային թանգարանում է։

Lancellotti Discobolus անունով հայտնի այս մի Սկավառակ նետողին ձեռք բերելու շանսն աշխարհի դաժանագույն դեմքերից մեկը ստացել է 1930-ականներին, երբ սեփականատեր Լանսելոտ ընտանիքը դժվարությունների պատճառով որոշել է վաճառել այն։ Հավանական գնորդների ցանկում Հիտլերն առաջ է անցել Նյու Յորքի Մետրոպոլիտենից․ թանգարանն արձանը ձեռք բերել չի կարողացել բարձր արժեքի պատճառով։ 1938-ին արդեն Դիսկոբոլը Գերմանիայում էր՝ Մյունխենի Glyptothek թանգարանում․ նույն թվականի հուլիսի 9-ին այն պաշտոնապես ներկայացվեց որպես նվեր գերմանացի ժողովրդին։ Այդ ժողովրդին դիմելով՝ Հիտլերը հայտարարել էր․

«Ձեզնից ոչ ոք թող բաց չթողնի Glyptothek այցը, քանի որ այնտեղ կտեսնեք՝ որքան շքեղ էր մարդն իր մարմնի գեղեցկությամբ․․․ և դուք կհասկանաք, որ մենք կարող ենք խոսել առաջընթացի մասին միայն այն ժամանակ, երբ ոչ միայն հասնենք նման գեղեցկության, այլ, եթե հնարավոր է՝ գերազանցենք այն»։

Մյունխենի Ludwig Maximilian համալսարանի պրոֆեսոր Ռոլֆ Մայքլ Շնեյդերի (Rolf Michael Schneider) խոսքով՝ քանդակն օգտագործվում էր նացիստների կողմից, քանի որ «ոչ» ասել չէր կարող։ Նա համարում է, որ առանց դասական ավանդույթի՝ նացիստական վիզուալ գաղափարախոսությունն այլ կլիներ։

«Բոլոր որսորդների պես, նրանք (նացիստները) որսում էին անգին օբյեկտներ, և քանի որ արձանը «ոչ» ասել չի կարող, նրանք օգտագործում էին Դիսկոբոլն իրենց այլանդակ գաղափարախոսությունների համար։ Իդեալական, արիական մարմին, սպիտակ գույն (մարմարի գույնն է), գեղեցիկ, իդեալական սպիտակ տղամարդ․ կոպիտ ասած՝ այն դարձավ Herrenrasse-ի, ինչպես իրենց ու գերմանացիներին կոչում էին նացիստները, պատկեր»,- ասում է պրոֆեսորը։

Ու չնայած այս «Սկավառակ նետողը» Գերմանիայում ապրել է միայն մեկ տասնամյակ ու 1948-ին վերադարձվել Իտալիային, Դիսկոբոլի սպիտակ մարմարի վրա «դեռ նացիստական բծեր ու ասոցիացիաներ են մնացել», կարծում է Բրիտանական թանգարանի ավագ համադրող Յան Ջենքինսը (Ian Jenkins):

ԻՄՊՐԵՍԻՆԻԶՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՆԱՆՈՒՆ ԳՆՈՐԴՆԵՐ․ ԿՏԱՎՈՒՄ ՄՆԱՑԱԾ ՇԱՐԺՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԽԱՂԵՐԸ

19-րդ դարն ու իրենց տեսածը նկարող իմպրեսիոնիստները մաքրեցին սպորտային թեմաների վրայից փոշին՝ կտավ բերելով ժամանակակիցների հոբբիները․ Էդգար Դեգայի, Կլոդ Մոնեի, Էդուարդ Մանեի, Ալֆրեդ Սիսլիի կտավներից որոշներն այդ օրինակներից են։

Մանե, Մրցավազք՝ Լոնգշանում (Les Courses à Longchamp), 1867թ․

Մանեի այգիներում շատ բան ենք տեսել՝ խոտի վրա նախաճաշողներից մինչև նկարչի կին ու դուստր՝ բնության գրկում: Այս մեկը, սակայն, սպորտային միջավայր է՝ կրիկետի խաղ՝ համանուն վերնագրով։

Մանե, Կրիկետի խաղ

1873-ին Էդուարդ Մանեն բնական լույսի տակ կանանց է պատկերում «Կրիկետի խաղը» կտավում՝ սպորտային խաղի համար խիստ հանգիստ ու խաղաղ դրությամբ։

Այս խաղի նպատակը մկաններով փոքրիկ գնդակներին հարվածելն ու դրանք դռնակների միջով անցկացնելն է։ Կրիկետն անգլիական խաղ է, ու Մանեի՝ այս կտավը ստեղծելու ժամանակ արդեն բավականաչափ տարածված էր՝ չնայած խաղի արմատները թվագրվում են մի քանի դար առաջվան։

Իհարկե, Մանեի այս գործը հեղինակի ամենահայտնիներից չէ, բայց սրա վերաբերյալ էլ կարելի է հակասական կարծիքներ գտնել․ ասում են՝ սա նաև թեթև ակնարկ է այն փաստին, որ կանանց, այնուամենայնիվ, վերագրվել է «ոչ մրցապայքարային» կեցվածք այս կտավում՝ հաշվի առնելով նրանց հագիստ, անվրդով խաղը։

Նույնը չի կարելի ասել, սակայն, Ջոն Լավերիի այս սպորտային կտավի մասին, որտեղ տիկինն ակնհայտորեն խաղալիս ջանք է դնում։

Լավերի, A Rally, Գլազգոյի թանգարան, 1885թ.

Կրկին կանանց մասնակցությամբ ու կրկին կրիկետ է պատկերում նաև Սըր Ջոն Լավերին (Sir John Lavery)-ն իր The Croquet party կտավում։

Սըր Ջոն Լավերի, The Croquet party, 1890թ., անձնական հավաքածու

Քլայդ գետի ափին բարեկեցիկ ընտանիքի պատկերող այս մոնումենտալ կտավը (91.4 x 182.9 սմ) մոտ 1 տարի առաջ՝ 2022-ին Christie’s Modern British and Irish Art Evening Sale աճուրդում վաճառվել է 3 մլն ֆունտ սթերլինգով․ գնորդն անանուն է մնացել։

Սպորտային պատկերները որքան մոտենում են մեր օրերին, այնքան ավելի քիչ են ցանկանում արտահայտել բուն-կատարվողը․ դրանք փոքր-ինչ ընդարձակվել են՝ հասնելով և ընդգրկելով կատարողականության ավելի լայն շրջանակ։

Նիկոլա դե Ստալ, Ֆրանսիա-Շվեդիա ֆուտբոլային հանդիպումը, 1952թ.

✍️ Անահիտ Հակոբյան / PAN