Լուվրի ամենահայտնի թևերը, օվկիանոսի ափին դրված դուռը և դրա միջով անցնող մի ամպ․ Հաղթանակը՝ տարածության ու կտավի մեջ
Հաղթանակի հունական աստվածուհի Նիկեն Լուվրում համարյա փյունիկի պես է հառնել․ Հին աշխարհի ամենաճանաչելի ու հայտնի քանդակներից մեկը գտնվելուց հետո բազմիցս ռեստավրացվել է, հաղթանակի ու հաղթողների այս խորհրդանիշին փորձել են մոտեցնել իր նախնական տեսքին՝ ընթացքում նաև հնագիտական բացահայտումներ անելով։ PAN-ն այսօր պատմելու է հաղթանակի թեմայով և հաղթելուն ձոնված երկու արվեստի գործի մասին․ մեկի հեղինակը հայտնի չէ, մյուսինը՝ Ռենե Մագրիտն է։
Հայերիս համար հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը նշանավորվում են մայիսի 9-ով։ Եվ չնայած մայիսյան եռատոնի ցավոտ «վերաձևակերպմանը», մայիսն ավանդաբար հենց հաղթանակների հետ է ասոցացվել։ Հաշվի առնելով նաև սա՝ այսօրվա մեր լոնգրիդն արվեստի համաշխարհային գործերին նետված հաղթական հայացքների, այդ գործերում տեղ գտած հաղթողների ու առհասարակ՝ հաղթանակի մասին է։
Ու կրկին՝ սկզբից գալով․ հաղթանակների թեմայի սկզբնական ու անտիկ «լոգոն», իհարկե, Հին հույներինն է ու Լուվրինը՝ Նիկեն։
Թևերը բացած աստվածուհին` Նիկե Սամոթրակյան Հին հունական դիցարանում ավանդաբար հաղթանակի աստվածուհին էր ու հաղթողների ուղեկիցը։
Ասում են՝ Սամոթրակյան անունն աստվածուհուն տրվել է Էգեյան ծովի կղզիներից մեկի անունով․ հենց այդ կղզում էլ գտնվել է աստվածուհու քանդակը։ Լուվրի Նիկեն թվագրվում է Ք․ա. 295-290 թվականներին՝ Դեմետրիուս I կառավարման տարիներին, քանդակը Հելլենիստական դարաշրջանի հունական մշակութի ամենահայտնի նմուշներից է, որ նաև բազմիցս ռեստավրացիայի է ենթարկվել։
Լուվրի Escalier Daru-ի կենտրոնական այս քանդակն իր այսօրվա տեղում է հայտնվել 1883-ից ի վեր։
Ի դեպ, Escalier Daru-ն նախագծվել է 1850-ականներին ու այսօրվա տեսքը ստացել 1930-ին։ Լուվրի այս հատվածն անվանակոչված է Նապոլեոն Բոնապարտի զորականներից Պիեռ-Անտուան Դարուի անունով։
Նա Նապոլեոնի վստահությունը վայելող ու հաղթական բազմաթիվ ճակատամարտեր վայլած ռազմական գործիչ էր։
1807-ին հենց նրան հանձնվեց գրավված Ավստրիայի ու Պրուսիայի կառավարումը։ Նապոլեոնի՝ 1814-ի պարտությունից հետո Դարուն ևս թոշակի է անցել ու կրկին կայսրության գործերին վերադարձել Հարյուր օրվա ընթացքում։ Բոնապարտի իշխանության տարիներից հետո նա մեծամասամբ զբաղված է եղել գրական ու պատմական ուսումնասիրություններով։
Իսկ մերօրյա Նիկեն կրկին «լույս աշխարհ» է եկել 1863-ին․ հենց այդ թվականին Շառլ Շամպուազոն (Charles Champoiseau) հունական կղզում գտավ կանացի մարմին ու փետուրներ ունեցող սպիտակ մարմարե քանդակը, և այն տեղափոխեց նախ՝ Թուլոն, ապա՝ Փարիզ։
Հազարամյակների փոշու մեջ կորած, կիսաքանդ աստվածուհին 1864-1866 թվականների ընթացքում նախանական վերականգնման փուլ անցավ։ Նիկեի մարմնի անտիկ մասերը, ասում են՝ մինչ այսօր Լուվրի պահեստում են․ դրանց ահռելի չափսերը թույլ չեն տալիս, որ ամրացվեն քանդակին։
Քանդակն առաջինը գտած Շամպուազոն ու ավստրիացի հետազոտող գիտնականները երկար ժամանակ են ծախսել աստվածուհուն իրական տեսքի մոտեցնելու համար։ 1891-ին Շամպուազոն անգամ երրորդ անգամ Սամոթրակի կղզի գնաց՝ Նիկեի գլուխը գտնելու հույսով, սակայն ապարդյուն․ այդ անգամ նա միայն մի քանի փոքրիկ դետալ իր հետ բերեց Փարիզ։
Իր ռեստավրացված կյանքին զուգահեռ՝ աստվածուհուն մի անգամ նաև նշանավոր այս պատվանդանից են իջեցրել․ պատճառը Երկրորդ համաշխարհային պատերազմն էր։ Լուվրի մյուս արվեստի գործերի հետ Նիկեն թաքցվեց Château de Valençay-ում ու կրկին վերադարձավ միայն պատերազմի ավարտից հետո՝ 1945-ի հուլիսին, բարեբախտաբար՝ անվնաս մնալով։
1938-ին, սակայն, մինչև Երկրորդ աշխարհամարտը Նյու Յորքի համալսարանի հետազոտողները՝ Կառլ Լեհմանի (Karl Lehmann) գլխավորությամբ, շարունակեցին ուսումնասիրել աստվածուհու մարմինն ու պեղել՝ նորություններ գտնելու հույսով։ 1950-ին արդեն նրանց կցված մեկ այլ հետազոտող՝ Ժան Շարբոն, գտավ Նիկեի աջ ձեռքի ափը։ Սրանից հետո վերադարձվեց նաև աստվածուհու՝ Ավտրիայում պահվող երկու մատը, որոնք Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում էին 1875-ից։
Նիկեի կորած գլուխն ու ձեռքերը գտնելու հնագիտական բազմաթիվ փորձեր են արվել։ Տարբեր տարիների գտնված նմուշներից հավաքվել է միայն ձեռքի այս հատվածը՝ հաղթական ժեստով։ Այս ձեռքը Լուվրում առանձին է ցուցադրվում։
Նավի վրա հենց նոր թռիչքն ավարտած աստվածուհու այս քանդակի սկզբնական ու ամենաիրական տեսքի մասին բազմաթիվ ենթադրություններին զուգահեռ՝ ամբողջական փաստեր չկան։ Օրինակ՝ հետազոտողները դեռ չգիտեն, թե ինչպիսի տեսք ու դիրք է ունեցել Նիկեի ձախ ձեռքը․ ենթադրություն կա, որ այն իջեցված ու մի փոքր թեքված է եղել։
«Ի տարբերություն Մերձավորարևելյան ու Հունական նախորդ քանդակների՝ Նիկեն միտումնավոր երևակայական կապ է հաստատում աստվածուհուն շրջապատած տարածության հետ»,- գրում են Art in Context-ում։
Ընդունված կարծիք կա, որ աստվածուհին նավի վրա հավասարակշռությունն է պահում՝ քամուն ընդառաջ ու քամուն հակառակ։ Նիկեի անտեսանելի երկու ուղեկցողի՝ նավի ու քամու մեջ խորհրդանշական իմաստներ է դրվում է՝ մեծացնելով այս աշխատանքի փոխաբերական ազդեցությունը․ քամին ու օվկիանոսը ներկայացվում են որպես կոնֆլիկտի, ճակատագրի և գերբնական օգնության խորհրդանիշեր։
Նավի ենթադրյալ հիմքը նմանեցվում է Հելլենիզմին բնորոշ ռազմածովային նավի։
Հնագետները ենթադրում են, որ այս արձանի պատմական ենթատեքստը կապված է ծովային պատերազմների հետ։ Միևնույն ժամանակ, արձանի ստեղծմանը թվագրվող տարիներին Էգեյան ծովում մարտերը բազմաթիվ են եղել։
Նիկեի «հասակակից» մանրադրամ՝ արձանի ռեստավրացիայի մասին Լուվրի թանգարանի կողմից լույս տեսած գրքից։ Մանրադրամը թվագրվում է Ք․ա. 301-292 թվականներին։
Հանրահայտ քանդակը Լուվրից դուրս չգալով նաև ֆիլմերում է հայտնվել՝ Սթենլի Դոնենի Funny Face-ում (1957թ․) Օդրի Հեփբերնը կարմիր զգեստով կադրում թռչկոտում է հենց Նիկեի ֆոնին։ 1964-ին կրկին Լուվրում ու կրկին Նիկեի «ներկայությամբ» դրվագներ են Ժան-Լյուկ Գոդարի Bande à part ֆիլմում, ու նույն ֆիլմի մի դրվագով ոգեշչված՝ Բերնարդո Բերտոլուչիի The Dreamers (2003) ֆիլմի հերոսները «նոր ռեկորդ են սահմանում»:
ՄԻ ԲԱՑ ԴՈՒՌ․ ՄԱԳՐԻՏԻ «ՀԱՂԹԱՆԱԿԸ»
1939-ին բելգիացի սյուռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտը նկարել է իր, ինչպես հետագայում կբնորոշեին, դռների մոտիվներով արված ամենապոետիկ գործերից մեկը՝ «Հաղթանակը» (Ֆր․La Victoire)։
Դռներն ու պատուհաններն արտիստի ստեղծագործական աշխարհում հաճախ են օգտագործվել որպես փոխաբերություններ։ Դրանք առավելապես առաջարկվում է դիտարկել որպես տարբեր իրականությունների հատման խորհրդանիշեր։
«Հաղթանակի» ստեղծման տարում Մարգրիտն արդեն հստակեցրել էր իր արվեստի նպատակներն առարկաների թքնված իմաստների որոնման ու դրանց, ինչպես ինքն էր բնորոշում, ընտրովի հարաբերակցության մեջ։
«La Victoire-ում Մագրիտը միավորում է երեք տարր մեկ հզոր և իր համար զարմանալի ռոմանտիկ պատկերում»,- մեկնաբանում են նկարը։
Երկինք ու երկիր իրար միացնող այս միստիկական պատկերն ու դռնից ներս մտնող ամպը, կարծես «հրահրում» են ավելի վսեմ խորհրդածությունների, միևնույն ժամանակ՝ դիտողի առաջ բացելով նոր հնարավորությունների մի նոր հորիզոն։
Նկարի մյուս դետալների որպես «միջոց» կամ «այլընտրանք» ներկայացվածությանը զուգահեռ՝ մի անհնազանդ ամպի ամենից մարդկայնացված և անհատականացված կերպարն է բաժին հասել․ հստակորեն ընդգծված «բնավորությամբ» այս ամպը քնքշորեն խոսում է այլընտրանքային իրականության մասին` հրավիրելով անցնել դրանցից մեկի կողմը։
Ասում են՝ ամպերն իրենց պարադոքսալ, միստիկական բնույթով նկարչի սիրելի մոտիվներից են եղել ու պատճառն այդ առեղծվածայնությունն է։
Ինչո՞ւ է Մագրիտի այս գործը հենց «Հաղթանակ» կոչվում, ո՞վ, ի՞նչ ու ո՞ւմ է հաղթում և որտե՞ղ պետք է փնտրել իմաստները․ այս հարցերը շարունակելու են մնալ նկարչի «Հաղթանակին» նայելիս։ Դրանց առաջ անընդհատ նոր դուռ է «բացվում»՝ տարածության ու ժամանակի մեջ պատասխաններ կամ իմաստներ գտնելու համար։ Դուռն իր տեղից հանելու ու օվկիանոսի, ցամաքի ու երկնքի միջև տեղադրելու Մագրիտի այս գործը, միգուցե, մեր ընկալման սահմանների ընդլայնման համար է․ ի վերջո, հաճախ, մինչև դուռ չբացենք, չենք հավատալու, որ անցանք, հաղթեցինք կամ հաղթահարեցինք։
Եվ, ամփոփելով հաղթանակի թեման, դիտարկելով այն նաև պայքարի տեսանկյունից՝ առաջարկում ենք ընթերցել նաև սպորտային հաղթանակների, իրար կոկորդ կրծող տղամարդկանց, կոկորդ կտրող կանանց մասին։