Մթության մեջ՝ գիշերվա թեմայով. Ինչու էր Վան Գոգը գիշեր պատկերում, Միքելանջելոն էլ՝ ժամանակ քանդակում
Ինչպես Վան Գոգը հոգեկան առողջության կենտրոնի իր սենյակի պատուհանից «Աստղալից գիշեր» նկարեց, այդ գիշերվա մեջ գյուղ երևակայեց ու, ասում են նաև` Էյֆելյան աշտարակի մասին հիշատակում թողեց։
Գիշերվա թեման արվեստի գործերում կրկնվող է. Մթի մեջ էր Ջենտիլեսկու Հուդիթը գլուխ կտրում, մթի մեջ էին Ռուբենսի Սամսոնի մազերը կտրում, մութ էր Վան Գոգի կարտոֆիլ ուտողների համար։ Բայց երեկոյան այս տեսարաններում գիշերվա թեման այդպես, այդքան շեշտված չէր. ահա երկու շեշտված օրինակ՝ Վան Գոգի ու Միքելանջելոյի մոտ։
ՎԱՆ ԳՈԳԻ ԱՍՏՂԱԼԻՑ ԳԻՇԵՐՆ ՈՒ ԱՅԴ ԳԻՇԵՐՎԱ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
«Աստղալից գիշեր Ռոնի վրա», «Նոճիներով և աստղերով ճանապարհ», «Գիշերային սրճարանը», «Սրճարանի գիշերային տեռասը» ու վերջապես «Աստղալից գիշեր»․ հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի` գիշերային թեմայով ստեղծված, հավանաբար, ամենահայտնի գործերն են, և ոչ միայն նկարչի կյանքում։
«Աստղալից գիշերը», ինչպես Վան Գոգի այլ հայտնի գործերից շատերը նկարվել է հեղինակի՝ հոգեբուժարանում գտնվելու ընթացքում։
Սեն Ռեմի դե Պրովանսի հոգեկան առողջության կենտրոնում Վան Գոգը հայտնվել էր Գոգենի հետ առճակատումից, սեփական ականջը կտրելուց ու ծանր հոգեկան ապրումներից հետո։ Եվ, չնայած սրան, հաշվարկված է՝ հոգեբուժարանում անցկացրած ժամանակի մոտ 75%-ը նա նկարում էր։
Գտնվելով ոչ լիարժեք ազատության մեջ՝ Վան Գոգը ստեղծագործական ազատություն, լույսն ու մութը էսքիզելու, ֆրանսիական լանդշաֆտները նկարելու ու երևակայելու ուղով էր ընթանում։ Համաձայն տվյաների՝ հոգեկան առողջության այս կենտրոնում նկարիչը որոշ արտոնություններ ուներ․ որոշ դեպքերում մյուսներից շատ կարող էր տեղաշարժվել, նկարելու ազատություն կար։
Վան Գոգի սենյակի պատուհանը նայել է դեպի արևելք՝ ֆրանսիական Ալպիլ լեռնաշղթայի ուղղությամբ։ Պատկերն այդ հաճախ կարելի է հանդիպել նրա գործերում, բայց հարստացված հենց նկարչի երևակայությամբ, այլ լանդշաֆտներից արած էսքիզներով։ Այս տեսարանում հատկապես հետաքրքիր է փաստը, որ վառ ու աստղազարդ գիշերվա տակ ապրող գյուղի «տեղը չեն գտնում»։ Վան Գոգի կտավում երևացող գյուղն իրականում չի երևացել նրա պատուհանից. կարծիք կա, որ սա Սեն Ռեմիում արված էսքիզներից մեկն է՝ բերված աստղալից գիշերվա մեջ։ Մեկ այլ պնդման համաձայն՝ Վան Գոգը հիշողությամբ նկարել է իր ծննդավայրը։ Այս պնդման օգտին է խոսում նկարի եկեղեցու գմբեթը․ այն, ասում են՝ նման է հոլանդական եկեղեցիների ճարտարապետությանը, այլ ոչ ֆրանսիականի։
Այստեղ արժե հիշել` Վան Գոգը Գոգենի, Սեզանի, Թուլուզ-Լորտեկի հետ համարվում է պոստիմպրեսիոնիստ։ Նկարներում զգացականության, զգացողությունների ու երևակայության չափաբաժինը հենց պոստիմպրեսիոնիստական էր։
Բրիտանիկան ասում է՝ նկարչին հուզում ու հետաքրքրում էին նաև գիշերային տեսարանները, այնքան, որ այդ մասին նա գրել-պատմել է եղբորը՝ Թեոյին, նաև նկարիչ Էմիլ Բեռնարին և իր քրոջը՝ Վիլին։ Հենց վերջինիս գրած նամակում էլ նկարիչն ասում է, թե գիշերն ավելի գունեղ է, քան ցերեկը, իսկ աստղերն ավելին են, քան պարզապես կետեր մթության մեջ։
Վան Գոգի այս գործը թվագրվում է 1889-ի հունիսով, որոշ դեպքերում անգամ աստղալից գիշերվա կոնկրետ օրն է նշվում՝ հունիսի 19, առավոտյան ժամը 4-ին։
Այս երկնքում մոտ 11 աստղ է փայլում՝ պարուրված լուսնի լույսով։ Հետազոտողները կարծում են, որ Լուսնի ուղիղ դիմաց կտավում Վեներան է՝ առավոտվա աստղը։ Այս մասին անգամ եղբորն ուղղված նամակում Վան Գոգը գրել է իր պատուհանից երևացող և «շատ մեծ թվացող» աստղի մասին։
Խորհրդանիշերի իմաստով հետաքրքիր են նաև նոճիները․ ասում են՝ դրանք կարող են մահվան խորհրդանիշ համարվել (միջերկրածովյան մշակույթում է այդպես), իսկ Վան Գոգն այս պատկերը նկարել է որպես իր ներքին իրարանցման արտահայտում։ Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ նոճիներն այստեղ ոճական, այլ ոչ դրանց բնորոշ մշակութային իմաստով են նկարված։ Նոճիների թեման ու այս ծառերի մասին Վան Գոգն անգամ իր նամակներից մեկում է գրել՝ նշելով՝ կցանկանար արևածաղիկների նման այս թեմային էլ անդրառնալ։
Մեկ այլ հետազոտող նոճիների թեման անսպասելի ուղղությամբ է տանում․ Ջեյմս Հալի կարծիքով, նկարում երևացող նոճին ստեղծված է Էյֆելյան աշտարակի նմանությամբ։
2202-ի տվյալով, 107 մլն դոլար գնահատվող այս գործում ինքը՝ նկարիչը «ձախողում» է տեսել․ հենց այդպես է նա որակել «Աստղալից գիշերը» իր եղբայր Թեոյին գրած նամակներից մեկում։ Պատճառը կտավում ներառված երևակայության ակտիվ տարրերն են:
Արվեստի պատմությանը քաջատեղյակ Վան Գոգը, ասում են՝ ճապոնական գույներով ու տրամադրությամբ էլ է հետաքրքրվել․ «Աստղալից գիշերվա» մեջ նկարչի մոտեցման մեջ հետազոտողները նմանություն են տեսնում ու գտնում Կացուշիքա Հոքուսայի, թերևս, ամենահայտնի գործի՝ «Մեծ ալիք Քանագավայում» ստեղծագործության հետ (այս գործի մասին նախկինում արդեն պատմել ենք)։
Այս կտավը Վան Գոգի ուշ շրջանի գործերից ու վերջիններից է․ «Աստղալից գիշերվա» հաջորդ տարին նա ինքնասպան եղավ։
Վան Գոգի ստեղծագործական կարիերան կարճ էր՝ 10 տարի, բայց նկարիչը մահից հետո եղբորը թողեց 800 կտավ և 700-850 գծանկար։ 1941-ին, երբ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը գնեց այս գործը մի կոլեկցիոներից, «Աստղալից գիշերը» այնքան էլ հայտնի չէր․ դրանից հետո, սակայն, կտավը դարձավ Վան Գոգի գործերից ամենաճանաչվածներից ու հայտնիներից մեկը։
ՄԻՔԵԼԱՆՋԵԼՈ, «ԳԻՇԵՐ»
1526-1531 թվականների ընթացքում իտալացի հանրահայտ քանդակագործ, նկարիչ Միքելանջելոն գիշերվա ու ցերեկվա հետքերով գնաց նաև՝ ամբողջացնելով իր Sagrestia Nuova մեծ գործը, հայտնի նաև «Գիշեր, ցերեկ/օր, լուսաբաց ու մթնշաղ» (Night, Day, Dawn, and Dusk) անունով։
Միքելանջելոյի մարմարե այս «Գիշերը» ստեղծվել է, երբ արտիստն արդեն մոտ 50 տարեկան էր, մեծ համբավ ուներ ամբողջ Իտալիայում և մարմարի հետ աշխատելու տարիների փորձ։
Պոեզիան մարմարի թարգմանելով՝ Միքելանջելոն այստեղ ժամանակի ընթացքի, ու դրան հետևող մարդկային կյանքի կործանման թեման է առաջ տանում։
«Հմտորեն փորագրված և հույզերով մշակված՝ նրաք հույս են արտացոլում, որ մահով վերջապես կարելի է հաղթահարել ժամանակի սահմանանափկումները»,- գրում են այստեղ։
Հայտնի չէ՝ ինչու է Միքելանջելոն որոշել քանդակների թեման հենց ժամանակը դարձնել․ հավանական պատճառներից մեկը պոեզիայի ու Ֆրանչեսկո Պետրարկայի բանաստեղծություններից մեկի հետ է կապվում։
Հենց իր՝ քանդակագործի մոտ էլ տարիքի շեշտադրման, կյանքի մոտալուտ ավարտի մասին հիշատակումներ կարելի է տեսնել ու ափսոսանք, որ ոչ բոլոր նախագծերը կարող են ավարտին հասցվել։ Ժանտախտների, պատերազմների, վայրիվերումների ժամանակներում Միքելանջելոն, սակայն, իր ժամանակի համար երկար կյանք ապրեց՝ 88 տարի։
Բայց Մեդիչիների դամբարանի վրա աշխատելիս Միքելանջելոն կորցրեց իր հորն ու եղբորը․ անձնական ողբերգությունները ևս, հնարավոր է, ժամանակի թեման են ամրապնդել այստեղ։
«Գիշերը», ասում են՝ շարքում միակն է, որ ինչ-որ չափով հասկացվում է, որ գիշեր է․ նա քնած է։ Մյուսների դեպքում կարծիք կա, թե Միքելանջելոն պատրաստվում էր լրացուցիչ դետալներ փորագրել, որոնք կհուշեին արձանի ինքնությունը։
Ֆլորենցիայի Սան Լորենցո եկեղեցին ու Մեդիչիների դամբարանը զարդարող այս քանդակը տարածքի ամենահայտնիներից է, բայց, փաստորեն, նաև անավարտներից։
Ընդհատվելով պատերազմով, պապական քաղաքականության շրջադարձերով՝ քանդակի ստեղծման նախագիծն ու բուն քանդակը, ասում են, չեն համապատասխանել։ 1534-ին Միքելանջելոն ստիպված էր հեռանալ Ֆլորենցիայից՝ 4 քանդակը չհասցնելով ավարտել՝ ըստ նախատեսվածի։
Ընդհանուր առմամբ, այլաբանական այս մեծ գործը, որ ստեղծվել է որպես Մեդիչիների դամբարանի զարդ, Միքելանջելոյից 15 տարի է խլել, իսկ այս 4 կերպարն աննախադեպ են համարվում Վերածննդի պատկերագրության մեջ։
Հետաքրքիր է նաև գիշերվա նուդը. Միքելանջելոն, որ սովոր էր արական մարմին քանդակելու, այստեղ իր համար մարմնական նոր դետալներ է գտել։ Ահա այս պատճառով էլ հաճախ հայացք է ուղղվում այս կնոջ կրծքերի անհամաչափությանը, որից սակայն, տիկնոջ էներգետիկան չի փոխվում, չի կորչում։