#մշակութաPAN
January 10, 2023

Արևելյան կողմն աշխարհի․ «Ֆուձի լեռան 36 տեսարան»-ներից ամենահայտնին ու չինական փիլիսոփայությունը՝ մի բնապատկերում

Գնալով աշխարհի արևելք, այս անգամ PAN-ը պատմում է ամենահայտնի «ճապոնական ալիքի» մասին, գնում Չինաստան՝ բնապատկերների հետևից, հիշում Յայոյի Կուսամային, ընթացքում պատմելով նաև՝ ինչպես է արևելյան արվեստը ոգեշնչել Արևմուտքի իմպրեսիոնիստներին և ոչ միայն:

Ու՞Ր Է ՏԱՆՈՒՄ «ԿԱՆԱԳԱՎԱՅԻ ՄԵԾ ԱԼԻՔԸ»

Ճապոնացի նկարիչ Կացուշիքա Հոքուսայի (1760-1849) այս ալիքը «Ֆուձի լեռան 36 տեսարան» շարքի առաջին ստեղծագործությունն է, այն փորագրություն է փայտի վրա։ Ուկիյո-է ոճով արված այս նկարը Հոքուսայը հեղինակել է 70 տարեկանում ու 19-րդ դարում, բայց այն այսօր էլ համարվում է ճապոնական կիրառական արվեստի ամենահայտնի ու ճանաչված ստեղծագործություններից մեկը։

Կացուշիքա Հոքուսայ, «Կանագավայի մեծ ալիքը», 1826–1836թթ․

Այս գործը ստեղծված է Ուկիյո-է ոճով, բուն շարքում 36+10 նկար է, վերջին տասնյակն ավելացել է ավելի ուշ։

«Ինչո՞ւ հենց Ֆուձիյաման» հարցին պատասխանելով՝ շարքի բոլոր տեսարաններում Ֆուձին, Ֆուձիյաման է՝ Ճապոնիայի ամենաբարձր գագաթը (3776մ), այն Ճապոնիայում սուրբ լեռ է համարվել ու ասում են, նաև նկարչի անձնական հետաքրքրության առարկան է եղել։

Ի դեպ,  ժամանակին Ֆուձիյաման իրենց փորագրություններում օգտագործելը նաև առևտրային նպատակ է ունեցել․ ճապոնական սուրբ սարն ու փորագրությունները նաև որպես հուշանվեր են դիտարկվել, հասանելի են եղել քաղաքաբնակների գրպանին ու վաճառվել։

«Հաղթական քամի. պարզ օր» կամ «Կարմիր Ֆուձի», շարքի հերթական նկարներից
«Անակնկալ անձրև լեռան վրա»
«Ֆուձի լեռան պատկերը Սենձյուից»

Չնայած դրան՝ Ճապոնիայում Ֆուձիյաման ավանդաբար ասոցացվել է հավերժական կյանքի հետ։ Եվ չնայած լեռը գլխավոր հերոսն է, այն ոչ բոլոր տեսարաններում է գերիշխող։

Նկարի գործողությունը կատարվում է Կանագավա նահանգում։ «Կանագավայի մեծ ալիքը» փորագրության կենտրոնում առջևի պլանում հսկայական մի ալիք է, հետին պլանում՝ Ֆուձիյամա լեռը, որի հենց դիմաց այդ ալիքները պատրաստվում են բախվել 3 ձկնորսական նավակի։ Հեռանկարի շնորհիվ տպավորություն է, թե ալիքը կուլ կտա նաև լեռը։

39x26 չափսով այս նկարը գոյության երկու հակադիր կողմերը ներկայացնող պատկեր է համարվում․ Հոքուսայն առաջին պլանում ալիքը, թիկունքում՝ լեռը պատկերելով միայն տեխնիկական լուծումներ չէ որ փոխանցում է․ սա նաև կյանքի անկանխատեսելիության ցուցադրություն է։

Իսկ տեխնիկական իմաստով «Ֆուձի լեռան 36 տեսարան» շարքում ուշագրավ է համարվում Բեռլինյան կապույտի առատ օգտագործումը՝ երկնքի ու ջրերի տեսարանները պատկերելիս։ Բեռլինյան կապույտը (Berlin blue) Prussian blue, Brandenburg blue անուններով է նաև հայտնի, այս ներկը ժամանակին փոխարինել է «օձի ձվի» համբավ ունեցող ու չափազանց թանկարժեք համարվող ուլտրամարինին։ Ասում են՝ ներկը 1830-ականներին Ճապոնիա է ներմուծվել Հոլանդիայից (Նիդերլանդներից)։ «Ֆուձի լեռան 36 տեսարան» շարքի առաջին 10 նկարում հենց այս կապույտն է ու, ամենայն հավանականությամբ, շարքի նկարները Ճապոնիայում առաջիններից են եղել, որտեղ հենց այս կապույտն է օգտագործվել։ Կապույտի երանգներին PAN-ն անդրադարձել է։

Նկարչի կերպարվեստի ազդեցությունը նկատելի է նաև Կլոդ Մոնեի, Պիեռ Օգյուստ Ռենուարի, Վինսենթ վան Գոգի, Պաբլո Պիկասոյի աշխատանքներում։ Հենց այս ալիքն է ներշնչանք դարձել իմպրեսիոնիզմով ոգեշնչված կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսիի «Ծովը» (ֆր․ La Mer) սիմֆոնիկ ստեղծագործության համար։

Վան Գոգի «Հայր Տանգիի դիմանկարը» Ուքիյո-է արվեստի ազդեցության օրինակ է համարվում Արևմտյան կերպարվեստում։ Ի դեպ, այս կտավը նկարչի դուստրը հոր մահից հետո վաճառել է Օգյուստ Ռոդենին։

Հետաքրքրական է, որ Հոքուսայը միայն իմպրեսիոնիստների ոգեշնչումը չի եղել․ նա ստեղծագործել է նաև էրոտիկ ժանրում՝ շունգայով։ Շունգայի ստեղծագործությունների մեծամասնությունը ուքիյո-է ոճի փորագրություններ են, հեղինակին պատկանող ու 1814-ին թվագրվող «Ձկնորսի կնոջ երազը», օրինակ, ոգեշնչել է Պաբլո Պիկասոյին, նկարիչը 1903 թվականին ստեղծել է նկարի իր տարբերակը։

Եվ քանի ալիքի վրա ենք ու ճապոնական թեմայի մեջ՝ գալով Հոքուսայի ստեղծագործական երկար կյանքին ու փաստին, որ նկարիչը, ըստ կենսագրական տվյալների, 70+ տարեկանում է իր ստեղծագործական կյանքի շատ նշանավոր գործերը ստեղծել (օրինակ՝ «Գետի բադերը» շարքը նա ավարտել է 87 տարեկանում՝ 1847 թվականին), արժե հիշել նաև արևելյան երկարակեցության ու աշխատունակության մասին։

Երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը բացահայտելուն ուղղված մի գիրք ունեն Հեկտոր Գարսիան ու Ֆրանսեսկ Միրալեսը՝ «Իկիգայ»։ Այս գրքում, հղում անելով 100 տարվա կեցություն ունեցող ճապոնացիներին, առաջարկվում է լավ քնել, շատ չուտել, նոր բաներ փորձել, միտքն ու մարմինը շարժել, սթրեսին տեղ չտալ, ֆրանսիացիների ասած՝ raison d’etre-ն էլ գտնել ինքդ քո մեջ, գտնել նաև ալիքն ու քո իկիգայը՝ առողջ ու երկարակյաց լինելու համար։

ՖԱՆ ԿՈՒԱՆ․ ՄԱՐՄՆԱՎՈՐԵԼՈՎ ՉԻՆԱԿԱՆ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ

Դաոսական լեռնական, մայր բնության ու գինու սիրահար Ֆան Կուանի արվեստում, ասում են, բացատրվում է իսկական վարպետ չինացի նկարիչ արտահայտությունը։

Նա հիշատակվում է որպես բնության մեծ սիրահար, որը միայնակ ժամանակ էր անցկացնում չինական բնության մեջ՝ իր նկարներով նաև արժեքավոր մանրամասներ թողնելով իր ու Չինաստանի մասին՝ մինչև 1000-ականները։

Չինաստանում 5 դինաստիայի կառավարման շրջանում ցնցումների ժամանակ բազմաթիվ նկարիչներ անվտանգություն ու մեկուսացում են գտել հենց լեռներում. ամենայն հավանականությամբ, Կուանը դա արել է՝ հաշվի առնելով նաև իր նկարների լեռնային բովանդակությունը։

Նկարիչը ստեղծագործական կյանքի վաղ շրջանում ոգեշնչվել է Լի Չենգի գործերով, ավելի ուշ, սակայն, համարել՝ եթե իրապես ցանկանում է նկարել երկիրը, բնությունը լավագույն ուսուցիչն է։ Այն ժամանակ, երբ Արևմուտքում լանդշաֆտը ֆոն էր, Արևելքում այն կատարելության ու փառաբանության աստիճանի են հասցրել։ PAN-ն այս թեման բացել է նաև «բնության գրկում»։

Վաղ ժամանակներում Չինաստանում լեռները սրբացնում ու այն անմահների բնակավայր էին համարում։
«Ճանապարհորդները՝ լեռների ու առվակների մեջ»

Կուանի «Ճանապարհորդները՝ լեռների ու առվակների մեջ» (անգ՝ Travelers Among Mountains and Streams) գործը հազարամյակ անց էլ համարվում է չինական ամենահայտնի նկարներից մեկը՝ բնանկարչության հմուտ և արժեքավոր տեխնիկայով։ Ենթադրաբար, այստեղ պատկերված է չինական Շենսի շրջանը, ասում են, հենց այստեղ էլ նկարիչն անցկացրել է իր կյանքի վերջին տարիները։

Ասում են նաև, այս հազարամյա շքեղությունը Կունայի պահպանված միակ գործը կարող է լինել։

Կուանի նկարից մի հատված

Այս հսկա գործը (այն 7 ոտնաչափ է) բնության մեջ բացարձակ ճշմարտության որոնման փորձ է համարվում՝ պարզորոշ ուրվագծվող ժայռերով, սաղարթներով, մարդկանցով, կենդանիներով ու նույնիսկ մառախուղով։ Կուանն այստեղ լանդշաֆտը բացել է մասշտաբով՝ ընդարձակելով ու տարածության զգացողություն փոխանցելով։ Այս նկարն առաջարկվում է նայել Նեո-կոնֆուցիականության փիլիսոփայության դիտանկյունից

Եվ խոսելով արևելյան մշակույթի մասին արժե գալ նաև մեր օրեր ու հիշել արևելքցի՝ ճապոնացի նկարիչ Յայոյի Կուսամային։

Կուսամային այս օրերին Նյու Յորքում Louis Vuitton-ի խանութի ցուցափեղկին կարելի է տեսնել․ իհարկե, ոչ անձամբ հենց նկարչուհուն, այլ նրա նմանությամբ ռոբոտին, որը թարթում է աչքերն ու նկարում իր հայտնի կետերը։

Ռոբոտ Կուսաման luxury բրենդի ցուցափեղկին է, իսկ իրական կյանքում արդեն նկարչուհի Կուսաման իր կամքով՝ հոգեբուժարանում։ 90-ամյա նկարչուհին The Art Newspaper-ին հարցազրույցում ասել է․ «Ես ամեն օր նկարում եմ։ Շարունակելու եմ ստեղծել կյանքի հիացմունքով լցված մի աշխարհ՝ ընդունելով սիրո, խաղաղության ու Տիեզերքի ուղերձները»։

✍ Անահիտ Հակոբյան / PAN