Մի անգամ Մեծ Հայքում. ինչպիսի՞ն կլիներ կինոն հայերի դարավոր անցյալում
Կինոյի պատմությունը հազիվ է գերազանցում մեկ դարը, բայց արվեստներից գլխավորը խիստ ամուր նստած է մեր կոլեկտիվ գիտակցության մեջ։ Սակայն մարդկային երևակայությունը ունակ է պատկերացնել անգամ անպատկերացնելին, օրինակ` ձգել կինոյի պատմությունը` հասցնելով այն մինչև դարերի խորքը ու տեսնել, թե ինչ կստացվի։ Քանի որ մենք շատ ենք սիրում նման մտախաղեր, փորձեցինք մեր երևակայությանը հետաքրքիր մարտահրավեր նետել. պատկերացնել, որ մուլտիվերսի բազում տիեզերքներից մեկում մարդկությունը ինչ-որ ձևով հորինել է կինոն ոչ թե 19-րդ դարի վերջին, այլ մ.թ.ա. մի քանի հարյուրամյակ առաջ. մնացած ամեն ինչ, այդ թվում` բոլոր պատմական իրադարձությունները ու անձինք նույնն են։ Ի՞նչ կլիներ այդ դեպքում։ Ինչպիսի՞ կինո կնկարվեր պատմական Հայաստանի տարբեր ժամանակաշրջաններում։
Մեր մյուս խելահեղ էքսպերիմենտների մասին կարդացեք «Իսկ ի՞նչ, եթե... Պատկերացնում ենք ալտերնատիվ հայալեզու կինոմամուլը», «Ղուկասավանցի Չղջոն, Կապիտան Արմենն ու Անհավատալի Հայկը. AI-ը հորինում է հայտնի ֆիլմերի հայկական տարբերակները» և «Ի՞նչ եթե... լեգենդար հայ ռեժիսորները նկարեին հոլիվուդյան հայտնի ֆիլմերը» հոդվածները։
Պատկերացրեք, որ ընթերցում եք այդ զարմանալի աշխարհ այցելած ու վերադարձած PAN-ի հոդվածագրի զեկույցը։ Նա օգտագործում է հասկացություններ ու չափման միավորներ մեր աշխարհից, բայց ճշմարտացի ներկայացնում է այն, ինչ տեսել է` լինելով երեք տարբեր ժամանակային կետերում։
Երվանդունիների թագավորությունում մ.թ.ա. 212 թվականին էկրաններ բարձրացավ «Երվանդաշատի հարճը» գեղարվեստական կինոնկարը, որի ռեժիսորն էր Միհրան Վանեցին։ Վերջինս այնքան էլ սիրված չէր արքունիքում խիզախ էքսպերիմենտալ ֆիլմերի ու իր կտավներում թագավորության սոցիալական, քաղաքական ու հասարակական կարգի սուր քննադատության համար։ Ի հակառակ դրան, Վանեցու ֆիլմերը բարձր էին գնահատվում արտասահմանում։ Նույն «Երվանդաշատի հարճը» արժանացել էր Անտիոքի կինոփառատոնի գլխավոր` «Ոսկե ցուլ» մրցանակի։ Երվանդունիների արքունական կինոգետները ֆիլմն անվանում էին «օտարի ջրաղացին ջուր լցնող», «անկախ թագավորության անունը ապականող» ու կոչ էին անում արքային միջոցներ ձեռնարկել ռեժիսորի դեմ։ Արդյունքում, Երվանդ Դ արքան որոշեց կալանավորել ըմբոստ հեղինակին, ով էլ մեկ տարի անց մահացավ բանտում` իր հռչակավոր «Բանտային օրագրերը» ինքնակենսագրական աշխատությունն ավարտելուց հետո։ Միաժամանակ, անհրաժեշտ է շեշտել թագավորության լիբերալ քաղաքականությունը կինոցուցադրության հարցում։ Չնայած նրան, որ ֆիլմի ռեժիսորը ենթարկվեց հետապնդման, կտտանքների ու կալանավորման, Երվանդաշատի կինոթատրոնները դեռ երկար ժամանակ ու առանց որևիցե խոչընդոտի ցուցադրում էին ֆիլմը։ Կարծիք կա, որ կինոթատրոնային վարպետները ապահովում էին թագավորական գանձարանի մի զգալի մասը, ու նրանց անհանգստացնելն այնքան էլ խելամիտ չէր լինի։
Ինչևիցե, խոսենք ֆիլմի մասին։ Նկարահանման համար ռեժիսորը օգտագործել էր ոչ թե տեղական, այլ անտիոքյան տեխնոլոգիաներ։ Նոր հայելային կինոխցիկները` հատուկ արկղում փակված հայելիների ու ոսպնյակների բարդ համադրություն, ավելի լավ էին ֆոկուսացնում լույսը, իսկ նորագույն պրիզմաները` Անտիոքի վարպետների հմուտ աշխատանքի արդյունքը, ավելի հստակ էին լույսը բաժանում տարբեր գույների։ Դրա շնորհիվ պատկերը շատ ավելի վառ էր, հյութեղ, ազատված տեղական կինոխցիկների արտեֆակտներից, երբ ցուցադրության ընթացքում պատկերի պերիֆերիկ հատվածը կարող էր ավելի մգանալ, քան թույլատրելի է։
Սյուժեն պարզ է ու առանց խորամանկությունների։ Գլխավոր հերոսը 16-ամյա գյուղացի տղա է` Վահագն անունով։ Վահագնը ստիպված է լինում լքել առանց այն էլ երաշտի պատճառով ծանր վիճակում գտնվող ընտանիքը` աշխատանքային պարհակի համար ուղևորվելով մայրաքաղաք։ Պարհակը, բնականաբար, չի վճարվում, ու Երվանդաշատում գոյատևելու համար Վահագնը ստիպված սկսում է զբաղվել մանր գողությունով։ Բուն պարհակը ենթադրում էր այգեպանի աշխատանք տեղի հարուստ ընտանիքներից մեկի առանձնատանը, որը իր հարստությունը դիզել է անասնապահական տնտեսությունների ընդլայնման ու ազատ համայնականներին պատկանող հողատարածքները զավթելու միջոցով։ Երեկոները տարբեր տներ թափանցելու ու մանր իրեր գողանալու ընթացքում Վահագնը ծանոթանում է տեղի ծպտյալ ապստամբական խմբի երիտասարդների հետ, ովքեր համաձայն չեն իրականացվող պետական քաղաքականության հետ։ Ծանոթությունը վերածվում է ընկերության, ու շուտով գլխավոր հերոսին հանձնարարվում է դիվերսիոն գործողություն անել այն տանը, որտեղ նա վճարում է իր պարհակը։
Սակայն կա խոչընդոտող հանգամանք։ Ընտանիքի ավագ դուստրը` Շամիրամը, անտարբեր չէ Վահագնի նկատմամբ։ Արդարության շատ սուր զգացումով օժտված աղջիկը հաճախ է հակառակվում հորը։ Ու Վահագնի նկատմամբ զգացմունքները Շամիրամի ապստամբ ոգու դրսևորումն են։ Հաշվի առնելով Վահագնի մեջ աճող փոխադարձ զգացմունքները, ու իր պարտականությունները խմբի նկատմամբ, գլխավոր հերոսը հայտնվելու է բարդ հոգեբանական դիլեմայի առջև, որի ողբերգական հանգուցալուծումը տեղի կունենա «Երվանդաշատի հարճի» երրորդ ակտում։ Ռեժիսորը պնդում էր, որ ֆիլմի այդ հատվածների նկարահանման համար օգտագործվել է մեծ քանակությամբ ընտանի կենդանիների փորոտիք ու արյուն։ Հաշվին առնելով, որ հանդիսատեսը հաճախ լքում էր կինոդահլիճը ֆիլմի հենց այս հատվածում, դժվար է չհավատալ ռեժիսորի խոսքերին։ Այդուհանդերձ, այս ֆիլմի նկարահանման ժամանակ աննախադեպ ցածր է եղել մահացությունը նկարահանող խմբի շրջանում. երեք տարի նկարելու ընթացքում զոհվել է ընդամենը 12 մարդ։
Եթե Միհրան Վանեցու ճակատագիրը ողբերգական էր, ապա նրանից շուրջ մեկ ու կես դար հետո ստեղծագործած ռեժիսոր Արշավիրի կարիերան փայլուն էր` թագավորական արքունիքին մոտ լինելու շնորհիվ։ Արշավիրը Տիգրան Բ Մեծ արքայի սիրելի հեղինակն էր, ում ֆիլմերի ֆինանսավորման համար արքայական գանձարանը միջոցներ չէր խնայում։ Կարելի է ասել, որ Արշավիրը այն ժամանակների խոշորագույն բլոկբաստերների հեղինակն էր, ում ֆիլմերը ցուցադրվում էին գրեթե ամբողջ քաղաքակիրթ աշխարհում` հավաքելով տասնյակ հազարավոր հանդիսատեսներ ու վարձույթում ահռելի գումարներ աշխատելով։ Արտաշատի պայմանագրի կնքումից հետո Արշավիրի յուրաքանչյուր նոր ֆիլմի պրեմիերան տեղի էր ունենում Հռոմում, ու յուրաքանչյուր անգամ ներկա էին լինում թե կայսրը, թե հայոց արքան։
Արշավիրն առաջին հերթին զբաղվում էր տեխնոլոգիական նորարարությամբ։ Յուրաքանչյուր նոր ֆիլմ ստեղծելու գլխավոր պայմանը ռեժիսորի համար նոր տեխնոլոգիական լուծումներ ու ֆիլմի ցուցադրության նոր մեթոդներ գտնելն էր։ Օրինակ, Արշավիրի ճարտարագիտական հանճարի արգասիքն էր այսպես կոչված «ծաղկաթերթիկը». կինոթատրոնային էկրանը այս դեպքում իրենից ներկայացնում էր շատ բարակ, կիսաթափանցիկ կտորների խումբ, որոնք կախված էին միմյանցից որոշակի հեռավորության վրա, կարծես ծաղկի թերթիկներ։ Յուրաքանչյուր կտոր ուներ իր գույնը, ու յուրաքանչյուր կտորի վրա առանձին պրոեկտորը ստեղծում էր ֆիլմի պատկերը լույսի տեսանելի սպեկտրի որևիցե հատվածում (պրոեկտորների անդադար աշխատանքի համար դրանցից յուրաքանչյուրին միացված էր անիվ, որը պտտում էր երկու ստրուկ)։ Էկրանային այս շերտերը հանդիսատեսի առջև ստեղծում էին պատկերի խորության ու եռաչափության պատրանք։ Ֆիլմը նույնպես նկարահանվում էր հատուկ մշակված տեսախցիկներով, որոնց ներսում տեսանելի լույսը ենթարկվում էր պրիզմատիկ բաժանման ըստ գույների, ու յուրաքանչյուր գույն արտատպվում էր առանձին ժապավենի վրա։
Արշավիրի գլխավոր ստեղծագործությունը` «Նվաճողը» էպիկական եռագրությունը, պատմում էր Հայոց արքա Տիգրան Մեծի նվաճումների, նրա վարած արշավանքների ու պատերազմների մասին։ Բնականաբար, սա իրական արքայի սիրելի ֆիլմն էր, որը նա պարբերաբար վերանայում էր ծեր տարիքում։ Մ.թ.ա. 65, 63 ու 60 թվականներին էկրաններ բարձրացած եռագրության մասերը յուրաքանչյուր անգամ նվաճում էին հանդիսատեսի սերն ու բոլոր հնարավոր կինոմրցանակները։ Յուրաքանչյուր հաջորդ մասի արտադրությունը նախորդից ավելի թանկ էր մոտ երեք անգամ, իսկ ընդհանուր եռագրության տևողությունը մոտ 22 ժամ էր (տանը յուրաքանչյուր մաս դիտելու համար անհրաժեշտ էր մի քանի առողջ ստրուկ, ովքեր անդադար կպտտեին ժապավենը, այնպես որ ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ տնային դիտման շքեղությունը)։
Առավել տպավորիչ են Տիգրանակերտի ճակատամարտի դրվագները երրորդ ֆիլմում։ Տասնյակ հազարավոր հագուստներ էին կարվել ու զենքեր էին պատրաստվել այդ էպիկական դրվագի համար, որն անդադար արյունալի էքշնի տեսքով տևում է մոտ չորս ժամ։ Արշավիրը պահանջում էր ռեալիզմ, այդ իսկ պատճառով մասսովկային տրված սրերը իրոք սուր էին, իսկ նրանցից պահանջվում էր իրոք կռվել ու մեռնել։ Արդյունքում, դրվագի նկարահանման ընթացքում հանուն արվեստի մահացել է մոտ հինգ հազար մարդ։ Ֆիլմում Տիգրանակերտի ճակատամարտը ավարտվում է «ուժեղները կռվեցին ուժեղների դեմ, երկու կողմն էլ հաղթեցին ու դարձան բարեկամներ» սկզբունքով, ինչը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականում տեղի ունեցածին։ Սակայն Արշավիրը պետական քարոզչության կարևոր օղակ էր, իսկ պետությանն անհրաժեշտ էր քաղաքացուն ներկայանալ ուժեղ, մանավանդ, որ Հռոմը սկզբունքորեն դեմ չէր։
Հերոսի ճամփորդության արքետիպային մոտիվները պոպուլյար էին հայկական կինոյի համար բոլոր դարաշրջաններում։ Առանձնահատուկ հետաքրքիր է Պետրոս Կիլիկեցու ստեղծագործական գործունեությունը, ով այս արքետիպային սյուժեն տարածեց ինքն իր վրա։ Կիլիկեցու «Այնտեղ վիշապներ են ապրում» կտավը բազում բանավեճերի առիթ է անգամ ռեժիսորի անհետանալուց դարեր անց։ Ու կենտրոնական թեման հետևյալ է. ֆիլմի ո՞ր մասն է իրական, իսկ ո՞րը` շատ վարպետորեն պատրաստված հորինվածք։ Ինքը` Կիլիկեցին, պնդում էր, որ իր ֆիլմում հորինվածք բացարձակ չկա ու ամենը վավերագրական նկարահանման արդյունք է։
Պետրոս Կիլիկեցին ծնվել է Կիլիկիայի հայկական թագավորությունում` 1220 թվականին։ Փոքրուց սիրել է ճամփորդել, իսկ երբ հայրը նվիրեց իր առաջին տեսախցիկը, Պետրոսի ճամփորդելու կրքին միացավ նաև այդ ճամփորդությունները նկարահանելու կիրքը։ Այսպես ծնվեց ապագա կինովավերագրողը։ Կիլիկեցին ճամփորդել է ամբողջ թագավորությունում ու անգամ եղել դեպի արևելք գտնվող հայկական հողերում։ Վավերագրողին հետաքրքրում էր բացարձակապես ամեն բան. կենդանական ու բուսական աշխարհը, ճարտարագիտական ու բնական հուշարձանները, տեղացիների հետ զրույցները` ավանդույթների ու ավանդությունների մասին։
1245 թվականին Կիլիկեցին իր «Սիս» առագաստանավով, բեռնված պարենով ու գիտական և նկարահանման սարքավորումներով, մեն-մենակ դուրս եկավ Միջերկրական ծով։ Վերադարձավ նա միայն 10 տարի անց` 1255թ-ին։ Ինչպես նշում են վկաները, Կիլիկեցին դրանից հետո մոտ երկու տարով փակվեց իր առանձնատակը, որը գտնվում էր Սիսի արվարձաններում ու խնամվում ծառաների կողմից, ովքեր այդքան տարիներ շարունակում էին սպասել տիրոջը։ 1257թ-ին ծերացած ու հյուծված ռեժիսորը հանրությանը ներկայացրեց իր «Այնտեղ վիշապներ են ապրում» վավերագրական կինոկտավը, որը ուղղակի պայթյունի էֆեկտ ունեցավ։
Մոտ վեց ժամանոց ֆիլմի առաջին մասերը Միջերկրական ծովի ջրերն են. այստեղ հեղինակը հատուկ սարքավորումների միջոցով կարողացել է սուզվել մինչև մի քանի մետր` հատուկ ջրակայուն տեսախցիկով (օգտագործվել էր երնջակի արգանդով իզոլյացիայի ինովացիոն մեթոդը) նկարելով ստորջրյա տարատեսակ բնակիչների։ Ապա, նավը հայտնվում է հուժկու փոթորիկի մեջ ու գրեթե մինչև վերջին ժամը հեղինակը դեգերում է անհայտ ու անծայրածիր ծովերում` նկարելով ահռելի ծովային արարածների, որոնք թիկունքից ջրի շիթեր են թողնում, ջրի վրա լողացող հսկա սառցե բեկորներ և այլն։ Սննդի ու ջրի պաշարի սպառվելու հետ մեկտեղ հեղինակը հյուծված է, երբ բախտի բերմամբ տեսնում է հեռավոր ափը։ Ու այստեղ սկսվում են ամենատարօրինակ իրադարձությունները։ Ափ դուրս գալուց հետո Կիլիկեցին բախվում է տեղի տարօրինակ ֆաունային. հսկա մազոտ ցլանման արարածներ, վայրի ձիերի երամակներ, փոքրամարմին գայլեր։ Սակայն ամենից տարօրինակը տեղի բնակիչներն են. թուխ մաշկով, երկարամազ, տարբեր անհասկանալի իրերով զարդարված կիսամերկ մարդիկ, ովքեր ապրում են կենդանիների մաշկից պատրաստված վրաններում։
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
Ֆիլմի ցուցադրությունից հետո քննադատների մեծ մասը մեղադրեց Կիլիկեցուն ֆիլմի շատ դրվագներ տարբեր հնարքների միջոցով կեղծելու մեջ։ Կիլիկեցին չէր ընդունում մեղադրանքները` պնդելով, որ տարիներ շարունակ ապրել է այդ հեռավոր աշխարհի ժողովրդի հետ։ Ֆիլմի ցուցադրությունից մի քանի տարի անց Կիլիկեցին իր ամբողջ ունեցվածքը ծախսեց լրիվ նոր նավի կառուցման վրա ու հերթական անգամ ծով դուրս գալով` այլևս չվերադարձավ։