#մշակութաPAN
January 31, 2023

Մերժված իմպրեսիոնիստներն ու ցնցված Փարիզը․ Ինչպես Մոնեի այգու կանայք ու Սարջենթի Տիկին Իսքը տեղ չգտան մայրաքաղաքում

Անահատական ընկալումից, կրթությունից, ճաշակից, մշակույթից ու հազար ու մի այլ հանգամանքից կախված՝ մի բան գեղեցիկ եք համարելու, մյուսը ոչ այնքան, բայց ժամանակին արգելված պտուղներն այսօր արդեն բոլորովին ուրիշ համ ունեն․ PAN-ն այս անգամ առանձնացրել է իրենց ժամանակին մերժված երկու կտավ՝ Կլոդ Մոնեի կնոջ բնորդությամբ ստեղծված «Երեք կանայք» ու Սարջենթի «Տիկին Իքսը»։

ԻՆՉՊԵՍ ՓԱՐԻԶՅԱՆ ՍԱԼՈՆԸ ՄԵՐԺԵՑ ՄՈՆԵԻ ԿՏԱՎՆ ՈՒ ԴՐԱՆԻՑ  55 ՏԱՐԻ ԱՆՑ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ  ԳՆԵՑ ՆՈՒՅՆ ԳՈՐԾԸ 80 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ

Հավանաբար, բոլորին է հայտնի «Իմպրեսիոնիզմ» բառի ծագումը․ Կլոդ Մոնեին քննադատել ցանկացող մի լրագրող այդպես էր կոչել նկարչի կտավը, իր կարծիքով, դրա անավարտ լինելու պատճառով (ֆր․՝ impression - տպավորություն)։ Հեգնանքով գրված այդ խոսքն, ասում են, վերաբերել է նկարչի «Ծագող արևին», այժմ՝ ավելի հայտնի՝ «Տպավորություն. Ծագող արև» գործին։

Այս բառը թերթից պոկվել ու մի ամբողջ շրջան է բնորոշել, մի շրջան, որի հետևողները բազմիցս են մերժվել, հաճախ չգնահատվել, նրանց գործերն էլ լուսանցքում են մնացել։ «Մերժվածների» այս ցանկում կարող եք կարդալ՝ Պոլ Սեզանի, Էդուարդ Մանեի, Կլոդ Մոնեի անունները։

Մերժված իմպրեսիոնիստներից այս անգամ Կլոդ Մոնեի «Կանայք այգում» կտավի հետքերով ենք գնալու, բայց մինչ այդ՝ նախապատմություն։

18-19-րդ դարում պատկերասրահներում ցուցադրվելը նկարիչների համար լայն հանրությանը ներկայանալու տարբերակ էր, նկարներ վաճառելու հնարավորություն․ Փարիզյան սալոնը տալիս էր կամ չէր տալիս այդ հնարավորությունը։

Այստեղ ցուցադրվելիք գործերն ընտրվում էր «ամենավերևում»՝ կառավարական մակարդակով ու որոշմամբ ձևավորված ժյուրիի կողմից, իսկ աշխատանքները պիտի համապատասխանեին Փարիզի Գեղարվեստական ակադեմիայի որդեգրած չափանիշներին։

Նկարներում ակադեմիական ստանդարտների բացակայությունը մերժման հիմք էր։
Այս «ընդունելիի ու ակադեմիականի» սահմանը հաճախ կարող էր փոխվել՝ կախված ժյուրիի անդամների ճաշակով, քաղաքական օրակարգով և անգամ՝ սուբյեկտիվ համակրանքով։

Ասում են՝ իմպրեսիոնիզմի հայրերի օրոք Ֆրանսիայում իրավիճակը փրկել է Նապոլեոն 3-րդը՝ «մերժվածներին» տեղ տալով պալատի մի սրահում։

Բայց մեծ հաշվով՝ հանրային ճաշակը ակադեմիական կարծիքից կախված լինելով՝ շարունակում էր ոգևորվել կենտրոնական և ընտրված գործերով։ Մոնեի հիշողություններում նշվում է՝ թե չլինեին այդ ժամանակ իմպրեսիոնիստներին աջակցող անհատները, ինչպես օրինակ՝ Փոլ Դյուրան-Ռուելը, ապա ինքն ու ընկեր-իմպրեսիոնիստները սովամահ կլինեին։

Ընդհանրապես, Մերժվածների սալոնը (ֆր.՝ Salon des Refusés) հարուստ ցուցասրահ էր․ այստեղ ցուցադրվում էին Փարիզյան սալոնի ժյուրիի մերժած կտավներն ու քանդակները։ Այս շրջանում՝ 1866-ին Փարիզյան սալոնի հասցեին քննադատական հոդվածներով է հանդես եկել գրող, իմպրեսիոնիստների բարեկամ Էմիլ Զոլան, ինչն իհարկե, բարկացրել է Ակադեմիային։ Նա մասնավորապես գրել էր, թե ժյուրին «փշրում է արվեստն ու ամբոխին խեղված դիակ առաջարկում»։

Մոնեի՝ Մերժվածների սալոն մտած գործերի մեջ հայտնի է, թերևս «Կամիլ» կամ «Կանաչ հագած կինը» գործը, չնայած այն ոչ ավանդական էր համարվում՝ Կամիլի դիրքի, չափազնաց մթնած լինելու համար։

Կլոդ Մոնե, «Կամիլլա» կամ «Կանաչ հագած կինը», 1866

Այս կտավը քննադատները բավական լավ ընդունեցին․ այն անգամ պոեզիայի ոգեշնչում դարձավ ու Մոնեն կտավի փոքրամասշտաբ տարբերակի պատվեր ստացավ Ամերիկայից։
Մոնեն այստեղ կանաչ է հագցրել իր 19-ամյա կնոջը՝ Կամիլ Դոնսյոն։

Սա Մոնեի հերթական գործն է իր կնոջ բնորդությամբ․ Կամիլին Մոնեն նկարել է երիտասարդությունից մինչև տիկնոջ մահվան մահճ․ «Պարտեզի նստարանին նստած Կամիլը», «Կամիլի՝ մանուշակներով նկարը», «Հովանոցով տիկինը», «Մադամ Մոնեն ու իր որդին», «Կամիլը մահվան մահճում» և բազմաթիվ այլ կտավների հերոսուհին նկարչի առաջին կինն ու երկու երեխայի մայրն է։
Կլոդ Մոնե, «Կանայք այգում», 1866

Մոնեի՝ «Կանայք այգում» կտավում կրկին Կամիլն է․ քանի որ նկարչին այդ ընթացքում ավելի շատ հուզում էր լույսը, ասում են, կանայք այստեղ ֆոն են պարզապես, այլ ոչ ռեալիստական դիմանկարի փորձ։

Այս գործի ստեղծման շրջանում Մոնեն դեռ այնքան պոպուլյար չէր, արտիստի պատվերները քիչ էին, իսկ դժվարությունները ստիպում էին պարտք վերցնել իր ընկերներ գրող Էմիլ Զոլայից, նկարիչ Ֆրեդերիկ Բազիլից։

Մոնեն 1866-ի աշնանը որոշում է կնոջ հետ տեղափոխվել Ֆրանսիայի հյուսիսային Հավր քաղաքն ու շարունակել աշխատել այս կտավի վրա։

«Նկարն արժանիքներ ունի, բայց ընդհանուր առմամաբ ինձ փոքր-ինչ ձանձրալի է թվում, անկասկած, անբավարար կոնտրաստի պատճառով, չնայած՝ գույներն ինտենսիվ են․․․: Խեղճը սաստիկ ուզում է իմանալ, ինչ են լսել արվեստանոցներում։ Ամեն օր ինձ հարցնում է՝ ձեզնից նորություն չկա՞»,- Մոնեի «Կանայք այգում» կտավի ստեղծման ընթացքի մասին այսպես է գրել նկարչի ընկերներից Վիկտորյա Դյուբուրն իր մեկ այլ նկարիչ ընկերոջ՝ Էժեն Բուդենին։

Ասում են՝ Մոնեի այս կտավը գնել է իմպրեսիոնիզմի համահիմնադիր, գեղանկարիչ Ֆրեդերիկ Բազիլը 2500 ֆրանկով ու պարտավորվել վճարումն անել ամսական 50 ֆրանկով․ սա Մոնեի համար կայուն եկամուտ է դարձել։ Բայց իր կնոջ բնորդությամբ ստեղծված այս կտավի վաճառքը Մոնեի ընտանիքի հոգսը չի թեթևացրել։ Նկարիչը ստիպված է եղել տեղափոխվել Սենտ-Ադրեսում գտնվող մորաքրոջ տուն` Կամիլին թողնելով Փարիզում։

Փարիզյան սալոնի ցուցադրությունը 1867-ին համընկավ Համաշխարհային ցուցահանդեսի հետ․ այդ թվականին Սալոնում հայտնվել կնշանակեր հասանելիություն դեպի լայն հանրույթ և բազմաթիվ շահավետ պատվերներ։ Բայց անակնկալ չեղավ․ ժյուրին մերժեց Մոնեին։ Նրանք համարեցին, որ կտավի սյուժեն անբավարար էին համարել։

Այս մերժումից հետո նկարիչներն, այդ թվում նաև Մոնեն, կրկին խնդրագիր են գրել՝ հուսալով ցուցադրվել Մեևժվածների սալոնում, բայց մերժվել են կրկին։

Մոնեի՝ «Կանայք այգում» գործը մնացել է այն գնած նկարիչ Բազիլի մոտ մինչև վերջինիս մահը՝ 1870 թվականը։ Հետո այս կտավը Մանեին է անցել, ավելի ուշ գնվել Մոնեի կողմից։ 1921-ին, երբ Կլոդ Մոնեն արդեն անվանի նկարիչ էր, Ֆրանսիայի կառավարությունն այս կտավը 200,000 ֆրանկով գնեց․ սա 80 անգամ ավելի շատ էր, քան դրա համար առաջարկվող գինն՝ Ակադեմիային։

Եվ քանի որ Մանե-Մոնե նկարիչների մեջ միշտ նմանություն գտնելու հակում կա, առաջարկում ենք նաև վերհիշել Մոնեի ժամանակակից Մանեի՝ երկու տղամարդու կողքին մորեմերկ ու անխռով նստած մի կնոջ պատկերող «Նախաճաշ խոտի վրա» գործը։ Այս կտավն, ասում են, ժամանակին վուլգար է համարվել, նկարիչն էլ այն ցուցադրել է Մերժվածների սալոնում։ Հիմա «Նախաճաշ խոտի վրան» ֆրանսիական ամենահայտնի թանգարաններից մեկում է՝ Օրսեում։ Ի դեպ, հիշենք նաև՝ Մոնեն Մանեի «Նախաճաշի» իր տարբերակն էր նկարել։

ՏԻԿԻՆ ԻՔՍԻ ԲԱՑ ՈՒՍԸ՝ ՓԱՐԻԶԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱ․ ԻՆՉՊԵՍ ԵՐԿՈՒ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՑՆՑԵՑԻՆ ՓԱՐԻԶԸ ՈՒ ՆՐԱՆԻՑԻՑ ՄԵԿԸ ՍՏԻՊՎԱԾ ԵՂԱՎ ԼՔԵԼ ՖՐԱՆՍԻԱՆ

Ամերիկացի-կոսմոպոլիտ նկարիչ Ջոն Սինգեր Սարջենթը (1856-1925) մոտ էր եվրոպական արվեստին ու համարվում էր Belle Époque-ի դեմքերից մեկը մի բաց ուսի պատճառով մեծ պատմության մեջ է ընկնում 20-րդ դարավերջի Փարիզում։

Սարջենթին համարում են իմպրեսիոնիստ նկարիչ, նա իր կարիերայի ընթացքում նաև մտերիմ էր որոշ իմպրեսիոնիստների (այդ թվում Մոնեի) հետ, որոշներն էլ (օրինակ Կամիլ Պիսարոն) նրա արվեստին թերահավատորեն էին մոտենում։ 20-րդ դարում Սարջենթը ճանաչում ունեցող նկարիչ էր, որի աշխատանքները եվրոպական ու ամերիկյան ցուցասրահներում կարելի էր տեսնել։

Ջոն Սինգեր Սարջենթ, «Մադամ X-ի դիմանկար», 1884 թվական, նկարչի կողմից չվերախմբագրված տարբերակը

Իր ապրած ժամանակում, նկարչին հեղինակություն, ճանաչում է բերում «Էդվարդ Դարլի Բոյթի դուստրերը» կտավը, բայց նկարչի անունը հակասական քննարկումների կիզակետում է հայտնվում «Տիկին Իքս» կամ «Տիկին Իքսի դիմանկարը» (անգլ.՝ Portrait of Madame X) գործից հետո։ Սև սաթե զգեստի ու ճեփ ճերմակ մարմնի հակադրության մեջ իր կազմվածքի գեղեցկությունը ցուցադրելու և թաքցնելու մասին այս կտավը, ասում են, անագամ պատճառ է դառնում, որ նկարիչն ազատազրկման ենթարկվի Փարիզում․ դրանից հետո նա, իհարկե, ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց, բայց ինչո՞ւ առաջին հայացքից անմեղ այս կտավն այսպես աղմուկ հանեց։

Ջոն Սինգեր Սարջենթ, «Մադամ X-ի դիմանկար», 1884 թվական

Նկարի բնորդուհին Վիրջինիա Ամելի Ավեգո Գաութրեուն (Virginie Amélie Avegno Gautreau) է՝ ԱՄՆ-ից գաղթած ու ֆրանսիացի բանկիր Պիեր Գաութրեուի հետ ամուսնացած մի տիկին, որը նկարչի կտավում է հայտնվել հենց իր՝ Սարջենթի խնդրանքով։

Ավազե ժամացույցի նմանվող իր կազմվածքով, սև աչք ու հոնքով, իր բարեմասնությունները հօգուտ փարիզյան բոմոնդում տեղ գտնելու և սոցիալական կարգավիճակը բարձրացնելու օգտագործող Ամելին մեկ անգամ չէ, որ հայտնվել էր ֆրանսիացիների ու նկարիչների ուշադրության կենտրոնում։

Փարիզում էլեգանտության ու ոճային տիկնոջ խորհրդանիշ դարձած ամերիկուհին ամուսնացած էր ֆրանսիացի հարուստ ու տարեց բանկիրի հետ, բայց տիկնոջը վերագրվում էին բազմաթիվ դավաճանություններ։ Փարիզյան վերնախավը ցանկանում էր այս ոչ ստանդարտ գեղեցկությանը մոտ կանգնել, տիկնոջ վրա էր նաև Սարջենթի աչքը․ նա հավատացած էր, որ Գաութրեուի դիմանկարն իրեն հայտնիություն ու համբավ կբերի, կշատանան դիմանկարների պատվերները։

Վիրջինիա Ամելի Ավեգո Գաութրեուի լուսանկարը, 1878 թվական

1883-ին նկարիչը վերջապես համոզում է տիկնոջը հայտնվել իր վրձնի տակ, նախատեսվում էր Գաութրեուի դիմանկարը ցուցադրել 1884-ի Սալոնում։

Որպես նորաձև կին՝ Գաութրեուն սև զգեստ է ընտրում, փոքր-ինչ բացում կուրծքն ու ուսը, դիմափոշով ընդգծում իր ճերմակ դեմքն ու ձեռքին սև հովհար պահում, Սարջենթի օրիգինալ նկարում նրա կազմվածքն ընդգծող զգեստի մի կանթն էլ ուսից վար է ընկել ու սահում։

Ասում են՝ այս դիմանկարից հետո եղավ այն, ինչ անհնար էր թվում․ երկու ամերիկացի ցնցեցին Փարիզը։ Սալոնը, որ Փարիզի մշակութային կյանքում կենտրոնական դեր ուներ, որտեղ ամեն ինչ պաշտոնապես էր ընտրվում ու ցուցադրվում, պատ էր տրամադրել փարիզեցիների համար սկանդալային այս նկարին։ Արվեստի քննադատներին այս կտավում ոչինչ դուր չէր եկել, տիկնոջ դեկոլտեից մինչև գույն, ատելով ատել էին։

Ֆրանսիացի քննադատներից մեկի խոսքով՝ եթե մեկը ցուցադրության ժամանակ կանգներ այս կտավի դիմաց՝ կլսեր ֆրանսերենի բոլոր հայհոյանքները։ 1884-ին The Times-ն այս գործը «ծաղրանկար» կոչեց։

Ասում են՝ այս աղմուկի պատճառն այն էր, որ տիկնոջ կոկետ կեցվածքն այստեղ վիրավորում էր ֆրանսիացիների զգայնությունը և անզգուշորեն ակնարկում կնոջ հեղինակության մասին։ Նկարիչը կտավում, ասում են, հենց տիկնոջ ոչ բարեպաշտ վարքագիծն է ընդգծել։ Այն ժամանակվա աչքի համար ցնցող էին ոչ այնքան բաց կուրծքը, որքան, օրինակ, զգեստը կրելու ձևը, ներքնազգեստի բացակայությունը։

Սալոնում ցուցադրվելուց հետո տիկին Գաութրեուն ծաղրի արժանացավ, տիկնոջ մայրն, ասում են, անձամբ էր նկարչին սպառնացել ու պահանջել Սալոնից հեռացնել այս կտավը։ Դա իհարկե, չեղավ, բայց նկարիչն ավելի ուշ փոքր-ինչ «ուղղեց» տիկնոջ կրծքավանդակը, ավելացրեց հագուստի կապիչները։

Այս սկանդալից հետո տիկինը երկար ժամանակ հեռացած մնաց փարիզյան բոմոնդից, հետո, սակայն, հայտնվեց ավելի պահպանողական կտավներում։

Սարջենթը՝ Փարիզյան իր ստուդիայում, 1885 թվական.

Քննադատների հայացքը ոչ միայն կնոջ ուղղությամբ էր, այլ նաև նկարչի․ նա ստիպված եղավ Լոնդոն մեկնել ու ապրեց կյանքի մնացած տարիները հենց այնտեղ։

Սարջենթը երկար տարիներ այս կտավն իր արվեստանոցում է պահել, հետո 1916-ին վաճառել այն Մետրոպոլիտեն թանգարանին՝ պայմանով՝ նկարի վերնագիրն է «Մադամ իքս»։ Նյույորքյան թանգարանի փոխանցմամբ՝ կտավը վաճառելիս Սարջենթը հայտարարել է «Կարծում եմ՝ սա լավագույն բանն է, որ երբևէ արել եմ»։

Ի դեպ, չնայած ժամանակին այս զգեստն ու բնորդուհու տեսքը մերժվել է, բայց այսօր կարմիր գորգերի վրա հաճախ կարելի է տեսնել համանման զգեստներ։


✍ Անահիտ Հակոբյան / PAN