Ում հաղթեց Կարավաջոյի Կուպիդոնը, ինչպես ժպտաց Դա Վինչիի պատկերած սուրբն ու ինչու է «վիճակն այդքան լուրջ»
Ասում են՝ դեմքին ամենահեշտ տրվող արտահայտությունը թեթև ժպիտն է․ դրա համար մարդը միայն մեկ մկան է շարժում՝ Zygomaticus major-ը։ Անկեղծ և ուրախ ժպիտի համար ավելանում է մյուսը՝ orbicularis oculi մկանը։
Դիմային մյուս արտահայտություններն ավելի շատ ջանք ու մկան են պահանջում․ վախն ու զայրույթը, օրինակ՝ մինչև 4 մկան են շարժում մեր դեմքին։
Ասում են նաև՝ ժպիտով համարյա ամեն զգացմունք էլ կարելի է արտահայտել․ սեր, զգայական հաճույք, ատելություն, բերկրանք, զզվանք, հեգնանք, զայրույթ, վախ, գայթակղություն կամ արհամարհանք։ Ու ի՞նչ։
Քանի՞ հայտնի կտավ գիտեք, որտեղ գլխավոր հերոսը ծիծաղում է, կամ, լավ՝ լայնորեն ժպտում։ Դրանց թիվն իրոք շատ չէ՝ չժպտալու պատճառներն են շատ և շատ տարբեր։
Կարծիք կա, թե մեզնից հարյուրամյակներ առաջ ապրողները, օրինակ՝ չէին ժպտում, որպեսզի չանմահացնեին իրենց ոչ այնքան հիգիենիկ ու հատ-հատ ատամնաշարը։ Բայց մյուս կողմից, ատամների հիգիենային ու առողջությանը հետևելը դարեր առաջ մի շարք պատճառներով, այնքան էլ տարածված չի եղել, ուստի մի ընդհանրական վարկած էլ կա․ կտավների մարդիկ այդքան լուրջ են նաև սոցիալ-մշակութային ու շատ «տեխնիկական» պատճառներով։
Մեր օրերում ժպիտով նկարվելու համար մի քանի վայրկյան է պետք, բայց պատկերացրեք մի բնորդի, ով ժամերով դեմքի մկաններն է ձգում՝ կտավում ուրախ երևալու համար։ Այս «խնդիրը» ավելի կարող է բարդանալ, երբ պատկերացնենք, որ պորտրետ պատվիրողը հարուստ ու ազդեցիկ մեկն է, և իր պալատի հետ որոշել է նաև ծոռների ծոռներին իր պորտրետը թողնել։ Այս պարագայում էլ, ֆրանսիացիների ասած՝ դիրքն է պարտավորեցնում։
Արվեստում «հակաթրենդային» համարվող ժպիտի մասին գրող Նիկոլաս Ջիվսը (Nicholas Jeeves) իր The Serious and the Smirk: The Smile in Portraiture էսսեում գրում է․ «Ժպտալն այսօր մենք ընկալում ենք որպես ընկերասիրության, ուրախության կամ սիրալիրության ցուցիչ։ Այդ լուսանկարների համար անհրաժեշտ պայման է։ Ի սկզբանե մենք կարող ենք մտածել, թե նախորդ դարի արևմուտքցիները խուսափում էին պորտրետներում ժպտալուց վատ ատամները ցույց չտալու համար։ Փաստ է, սակայն, որ ատամների վատ հիգիենան այնքան տարածված էր, որ այն գրավչությունը նսեմացնող չէր համարվում»։
Այս ֆոնին առաջարկում ենք վերհիշել նաև ծերացած Եղիսաբեթ I ոչ բարվոք ատամնաշարի պատճառով առաջացած «թրենդը»՝ կարդալով նաև նորաձևության և արվեստի մասին մեր լոնգրիդը։ Սփոյլեր՝ ծեր թագուհին այնքան ազդեցիկ էր, որ նրա փչացող ատամներն էին անգամ փորձում կրկնօրինակել։
Մի խոսքով՝ վիճակը լուրջ է, բայց ոչ այնքան․ ժպտալու առիթներ արվեստի պատմության մեջ եղել են։
Նախաքրիստոնեական շրջանից (օրինակ՝ Հին Հունաստանից) պահպանված բազմաթիվ արձաններ են բնորոշվում իրենց, այսպես ասած՝ «արխայիկ ժպիտով», թեթև ժպիտ անգամ կարելի է նկատել Հռոմեական կայսրությունից պահպանված դեմքերի վրա։ Կաթոլիկությունը, ասում են, որոշակի իմաստով ազդել է արվեստի դեմքի արտահայտության վրա՝ ժպիտին տալով չարամիտ ծիծաղի ենթատեքստ։
Ժպիտի ու սատանայի, ցածր խավի ու կակսածելի բարոյականության միջև ասոցիացիաներ, որոշ բացառություններով, «մոդայի մեջ» են մնացել բավական երկար ժամանակ։ Վաղ Վերածննդի շրջանից հայտնի նկարիչ Անտոնելո դա Մեսինան, օրինակ, ժպտացող ու կենսուրախ կերպարների է պատկերել՝ այս իմաստով տարբերվելով իր որոշ ժամանակակիցներից։
Այնուամենայնիվ, ժպիտի թեման պարզած թևերով ու գրկաբաց ընդունած առաջին դարաշրջանը Ֆլամանդական Ոսկեդարն էր։ Կյանքն իր կենսունակությամբ, ինքնաբուխությամբ, նաև ժպիտով և «ազատագրված դիրքերով» պատկերող այս շրջանի դեմքերը, սակայն, երբեմն անառակության հոմանիշ են համարվել։
Գրեթե համանման վերաբերմունքի է արժանացել նաև 18-րդ դարի Ֆրանսիայի հայտնի նկարչուհի, Մարի Անտուանետայի նկարների հեղինակ Եղիսաբեթ Վիժե լը Բրոնն իր մի կտավի համար։ Նկարչուհին ինքնանկարել էր իրեն ու դստերը, սակայն ինքն իրեն ժպիտով էր պատկերել այնքան, որ երևում են նաև ատամները։ 1787-ին Փարիզի Սալոնում ցուցադրված այդ նկարը բացասական գնահատականների էր արժանանացել հենց ատամները ցուցադրելու համար՝ դա անպարկեշտ էր համարվում։
Ավարտելով այս նախաբանը՝ նախապես ենք ասում՝ հաջորդիվ ցանկում Մոնա Լիզայի առեղծվածային ժպիտի մասին չեք կարդալու։
ՄՈՆԱ ԼԻԶԱՅԻՑ ԱՌԱՋ ՈՒ ՀԵՏՈ․ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԵՎ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԺՊԻՏՆԵՐԸ
«Ժպիտը շիկնելու պես է․ այն պատասխան է, ոչ թե ինքնին արտահայտություն, և, հետևաբար, չի կարող հեշտորեն պահպանվել ու հեշտությամբ արձանագրվել»,- գրում է Ջիվսին։
Հետազոտողները ենթադրում են, որ ժպիտը կարող էր նկարի առանցք դառնալ, իսկ իրենց պորտրետի համար վճարողները հազվադեպ էին սա ցանկանում։
Վերածննդի շրջանի նկարիչ Անտոնելո դա Մեսինան իր ապրած ժամանակաշրջանի այն հազվագյուտներից էր, որ արվեստի գործերի մեջ հաջախ է ժպիտ մտցրել։
Վերապատրաստվելով նկարչական նիդերլանդական տեխնիկայով՝ նկարիչն աշխատում էր իր կերպարներին ռեալիստորեն ձևակերպել ու կերտել։ Մեսինայի վրձնին պատկանող «Երիտասարդ տղամարդու դիմանկարը» (1470-ականներ) նախորդում է Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային (1503-19-թթ․), ու երկար ժամանակ համարվել է արվեստի պատմության ամենաառեղծվածային ժպիտի տերը։
Մեսինայից մի քանի տարի հետո Վերածննդի շրջանի իտալացի արտիստ Լեոնարդո դա Վինչին ստեղծեց «Սուրբ Հովհաննես Մկրտիչ» գործը:
Բազմաթիվ առեղծվածներով ու թաքնված նշաններով բացատրվող և մեկնաբանվող այս գործն այժմ Աբու Դաբիում է։ Ֆրանսիական Լուվրն այն 2 տարով (2022-ի նոյեմբերի 8-ից) փոխանցել է աշխարհի երկրորդ Լուվրին՝ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվողին։ Հայտնի չէ՝ Աբու Դաբիի Լուվրի 5-ամյակի առթիվ «իսկական» Լուվրից ինչու է նաև հենց այս կտավն ընտրվել, ու արդյոք ընտրության մեջ դեր է խաղացել նաև հանգամանքը, որ Հովհաննես Մկրտիչի մասին նաև Ղուրանում է գրված, բայց փաստ է՝ ֆրանսիացիներն ու Սրբին ընդունող երկրի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ են խոսում կտավի ժամանակավոր փոխադրման մասին։
Մինչ շքեղ Լուվրից այս չափազանց հարուտ տարածաշրջան գնալը Դա Վինչիի գործը նախկինում էլ իր հատուկ տեղն է ունեցել բազմաթիվ արքունիքներում․ նկարչի մահից հետո անավարտ մնացած Սուրբ Հովհաննեսը պատկանել է այնպիսի հայտնի սեփականատերերի, ինչպիսին, օրինակ Անգլիայի թագավոր Չարլզ I է, Ֆրանսիայի թագավոր Լուի XIV։ Այս կտավը Լուվրին է փոխանցվել բացումից հետո՝ 1793 թվականին։
16-րդ դարի սկզբին Դա Վինչին սկսեց այս կտավը՝ պատկերելով Ֆլորենցիա քաղաքի հովանավոր սրբին՝ Հովհաննես Մկրտչին։ Հայտնի չէ՝ այս աշխատանքը պատվիրվել է, թե նկարիչն ինքն է ընտրել թեման, բայց Դա Վինչին այս կտավի վրա մոտ 10 տարի պարբերաբար աշխատել է՝ կատարելագործելով կոմպոզիցիայի ամենափոքր դետալներն անգամ։ Նա կտավը հարստացրել է վիրտուոզ տեխնիկայով ու սիմվոլիկ տարրերով, բայց անգամ այս երկարատև աշխատանքից հետո սրբի ձախն ու նրան պարուրող մորթին անավարտ են մնացել։ 1516-ին Ֆրանցիսկոս I հրավերով Դա Վինչին տեղափոխվում է Ֆրանսիա՝ իր հետ տանելով նաև Սուրբ Հովհաննես Մկրտչի պատկերը։
151-ին, երբ մահացավ նկարիչը, Ֆրանսիան ձեռք բերեց այս կտավը, 1630-ին այն անցավ Անգլիային ու մոտ 32 տարի էլ մնաց Չարլզ I արքունիքում։
Սուրբ Հովհաննեսի պատկերը վերականգնվել է 2016-ին՝ Լուվրի նկարչական դեպարտամենտի կողմից․ շնորհիվ մանրամասն ռեստավրացիայի՝ վերականգնվել են կտավի գույները, որոշ կառուցվածքային մասեր։ 21-րդ դարից առաջ այս կտավը ռեստավրացվել էր 1802 թվականին։
Այս կտավի արժեքավոր տեսքն ու հոգևոր ենթատեքստն ապահովվում են Դա Վինչիի նկարչական տեխնիկայի շնորհիվ․ կիրառելով chiaroscuro ու sfumato տեխնիկաները՝ նկարիչն ակտիվացրել ու գոլորշիացրել է ուրվագծերը։
Լուվրում Հովհաննես Մկրտչին պաշտոնապես ներկայացնելիս զուսպ են, և ավանդական ձևակերպումներով են դա անում։
«Ներկայացնելով իդեալական գեղեցկության ձևը՝ ընդգծված նուրբ ժպիտով, Սուրբ Հովհաննես Մկրտիչը հիշեցնում է վարպետի այլ գործեր, ինչպիսին է, օրինակ՝ «Սուրբ Աննան» կամ «Մոնա Լիզան»,- գրում են Լուվրում։
Հովհաննես Մկրտիչը Հիսուս Նազովրեցու ժամանակակիցն էր, քրիստոնեության ամենահայտնի դեմքերից ու Վերածննդի շրջանում հաճախ պատկերված սրբերից մեկը։ Դա Վինչին նախընտրել է նրան պատկերել փարթամ գանգուրներով, երիտասարդ տեսքով, ձեռքին՝ փայտե խաչ, հագին՝ մորթի։
«Սուրբը գալիս է խավարից՝ իր դեմքը լուսավորելով մեղմ ու հուսադրող ժպիտով։ Նա իր ցուցամատը դեպի երկինք է բարձրացրել՝ դիտողին հրավիրելով շրջվել դեպի Աստված, մինչդեռ վստահ ժպիտը հոգու փրկության երաշխիք է տալիս»,- բացատրում են Լուվրում։
Իհարկե, դեպի երկինք մատնանշող սրբի ժեստը մեծապես կրոնական երանգ ստանալու լեգիտիմ պատճառներ ունի, բայց ուրիշ ասպեկտներ ու նկարին այլ աչքով նայելու առաջարկներ էլ կան։
Մաքրակենցաղ սրբի կյանքով ապրողին պատկերելու համար այս նկարը բավականաչափ կրակոտ համարողներ էլ կան։ Այստեղ Սբ Մովսեսին հերմաֆրոդիտ համարողներ էլ կան՝ կրկին հղումով Մոնա Լիզային ու Սուրբ Աննային։
Ասում են՝ այս ֆիգուրի հետապնդող գեղեցկությունը նաև գալիս է կերպարի սեռական ինքնության երկիմաստությունից։
ԿԱՐԱՎԱՋՈՅԻ ՀԵՐՈՍԻ ՍԱԴՐԻՉ ՈՒ ՀԱՆԴՈՒԳՆ ԺՊԻՏԸ
Իհարկե, ժպիտների պատմության մեջ Կարավաջոն իր վրձնահարվածի հետքը չթողնել չէր կարող․ սիրո հաղթանակը պատկերող կամ ավետող մորեմերկ Կուպիդոնը ոգեշնչել ու հետաքրքրել է շատերին։
Այս գործը Կարավաջոյի մոտ պատվիրվել է նրա հարուստ հովանավոր Վինչենզո Գուիստանիի (Vincenzo Guistanini) կողմից։ Ասում են՝ սա այդ մարդու ֆավորիտ կտավն է եղել։ Կտավը ոգեշնչման առիթ է դարձել նաև ժամանակի պոետների ու նկարիչների համար։
Սիրո աստվածը, որ կանգնած է երաժշտության, գիտության, պատերազմի և ղեկավարության սիմվոլների վրա, վերարտադրում է Վերգիլիոսի «Սերը հաղթում է բոլորին, բոլորս թող հանձնվենք սիրուն» տողերը։
Ակնհայտորեն կյանքային այս կերպարին Կարավաջոն խուսափել է հերոսական ու իդեալական ներկայացնելուց․ նա մի թեթև հեգնական է, մի քիչ հանդուգն, բայցև գիտակ։
Նա ներկայացվում է որպես ինտելեկտուալ կյանքի սիմվոլիկային հաղթող՝ կանգնած երաժշտական գործիքների, երկրաչափության ու աստղագիտության սիմվոլիկ արտահայտումների վրա։
Նրա մարմնակազմությունն ու դիրքը հուշում են՝ նկարիչը միտումնավոր որոշ անհամաչափություններով ներկայացրել է հաղթանակի դիրքը։
Բացարձակ ազատությամբ կանգնած այս Կուպիդոնը հաղթող է հենց իր դիրքով, ձևով, տեսքով․ վերջինով, ի դեպ, ասում են՝ հիշեցնում է Միքելանջելոյի «Հաղթանակը»։
Բայց Կարավաջոյի հերոսն աշխարհը ծաղրելու իր ակտի մեջ է՝ լիակատար անպատժելիությամբ ու ինքնավստահությամբ։ Այս երկիմաստ ժպտացող չարաճճի տղային նաև միասեռական կրքի տոն հրահրող են համարում։
ՈՒՐԻՇ ԺՊԻՏՆԵՐ
19-րդ դարի կեսերին՝ լուսանկարչության գյուտից հետո ժպիտի թեման նորովի ընկալվեց ու ներկայացվեց՝ առաջ բերելով նաև սոցիալ-քաղաքական իմաստներ։
Քերրի Ջեյմս Մարշալի (Kerry James Marshall) «Արվեստագետի դիմանկարը` որպես իր նախկին եսի ստվեր» (A Portrait of the Artist as a Shadow of His Former Self (1980) գործն այս շարքի հերթականներից ու ամենահայտնիներից է։
Ականջից ականջ ձգվող այս լայն, սև ժպիտում վկայակոչվում է Ռալֆ Էլիսոնի «Անտեսանելի մարդը» վեպն ու միաժամանակ առաջ քաշում ռասսայական հավասարության մասին հարցեր։
Մարշալն իր մի հարցազրույցում բացատրել է սև ու սպիտակ այս պատկերը որպես միաժամանակ՝ ներկա լինելու ու բացակայելու պայման։
Ժամանակակից աշխարհում նրա գործերն ընկալվում են որպես սևամորթների մշակույթի անբաժան մաս, բացատրում սոցիալ-մշակութային մի շարք ասպեկտներ ու ոգեշնչում այլ ստեղծագործողների։
Աշխարհի հանդեպ սարկաստիկ ու քննադատական վերաբերմունքի մեկ այլ, արդեն գունավոր օրինակ են չինացի Յուե Մինջունի (Yue Minjun) գործերը։ Այս «լայնածավալ», սառած ժպիտներում քաղաքական ու սոցիալական ենթատեքստով քննադատություն է թաքնված՝ թեկուզև դրանք մոլագար ինքնանկարների բնույթ կրելու տպավորություն ստեղծեն։
Եթե ցինիկ ժպիտով այս չինացու դեմքը ծանոթ է, ապա ճիշտ եք․ Մինջունիի աշխատանքներից կա նաև մեր Կասկադում։ Լայն ժպտացող արծաթագույն քանդակը հենց այս հեղինակինն է։