Խոպանչիները. Հոլիվուդում հաջողության հասած օտարերկրացի ռեժիսորների մասին
Համաշխարհային վարձույթում ու հանդիսատեսի սրտում երկրորդ «Դյունայի» շլացուցիչ հաջողությունն ամբողջությամբ ռեժիսոր Դենի Վիլնյովի արժանիքն է։ Կանադացի Վիլնյովը հայրենիքում մի քանի անսահման տաղանդավոր կտավներ ստեղծելուց հետո Հոլիվուդում ինքնադրսևորվելու ավելի լայն հնարավորություններ ու բյուջեներ ստացավ` իրար հետևից նկարելով փառահեղ ֆիլմեր ու հասնելով Ֆրենկ Հերբերտի անմահ գործի էկրանավորմանը, ինչին տասնամյակներով ոչ մի ռեժիսոր չէր խիզախում դիպչել։
Նախորդ լոնգրիդն այն մասին էր, թե ինչպես է հոլիվուդյան մամլիչը ճզմում օտարերկրյա տաղանդավոր ռեժիսորներին։ Այս անգամ PAN-ը պատմում է հակառակ պրոցեսի մասին, երբ Հոլիվուդը դառնում է տաղանդների հաջողության գրավականը։
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
Իհարկե, կարելի է որպես հաջողակ արտասահմանցիներ նշել Ռիդլի Սքոթի, Գայ Ռիչիի ու Քրիստոֆեր Նոլանի անունները, բայց, խոստովանենք՝ բրիտանացիները հոլիվուդի համար ավանդաբար այնքան էլ արտասահմանցիներ չեն։ Ինչ վերաբերում է կանադացի Ջեյմս Քեմերոնին, վերջինս ընտանիքի հետ ԱՄՆ է տեղափոխվել նախորդ դարի 60-ականներին` մինչև կինոկարիերան սկսելը. այնպես որ, կինոյի առումով Քեմերոնն ուղն ու ծուծով ամերիկացի է։
Այստեղ խոսելու ենք իսկական արտասահմանցիների մասին, ովքեր սկսել են կինո նկարել սեփական հայրենիքում, հասել են հաջողության, նկատվել Հոլիվուդում ու նույն հաջողությունը կրկնել այնտեղ։
Սկսենք մեքսիկական մեծ եռյակից` «երեք ամիգոներից»։ Ամեն մոգականի մեծ սիրահար, անսպառ երևակայության ու էնտուզիազմի, անսահման տաղանդի տեր Գիլյերմո Դել Տորոն` Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆթի ստեղծագործական հոգեզավակը, իր փառահեղ ուղին սկսեց հայրենի Մեքսիկայում` 1992-ին ներկայացնելով վամպիրների մասին էլեգանտ ու, միաժամանակ, խելացի «Քրոնոս» (Cronos) դրաման, որը ռեժիսորի շռնդալից ու աղմկոտ դեբյուտն էր մեծ կինոյում։ Մռայլ, վիզուալ առումով հարուստ, էմոցիոնալ խորը կտավը նախանշեց Դել Տորոյի ռեժիսորական ոճը ու միանգամից գրավեց Հոլիվուդի ուշադրությունը։
Արդեն չորս տարի անց Miramax-ի հովանու ներքո Դել Տորոն Հոլիվուդում նկարեց իր առաջին ֆիլմը. «Մուտանտները» (Mimic, 1997) ծայրահեղ մռայլ ու ոճային վիզուալ խրախճանք է մուտացիայի ենթարկված միջատների մասին, ու այս զուտ կենսաբանական, կարելի է ասել` գիտաֆանտաստիկ պատմությունը Դել Տորոն պատմում է գոթիկական հորրորի ոճում, պարուրում հանդիսատեսին խտոնիկ սարսափով, ու անգամ ֆիլմի դերասաններն էին պատմում նկարահանման օրերին իրենց հետապնդող մղձավանջների մասին։ Ու դա` չնայած Հարվի Վայնշթայնի հետ անդադար բախումներին ու նրան, որ Դել Տորոն դժգոհ էր ֆիլմի վերջնական տարբերակից։
Ֆիլմը ֆինանսապես տապալվեց ԱՄՆ-ում, սակայն արագ դարձավ կուլտային, իսկ Դել Տորոն ձեռք բերեց ունիկալ վիզիոների համբավ։ Դրանից հետո ռեժիսորը հաջողությամբ ֆիլմեր է նկարում թե Մեքսիկայում ու Իսպանիայում, ու թե Հոլիվուդում, աշխատում է առաջատար դերասանների հետ, ստանում իր ցանկացած բյուջեները, երբեք չի բախվում ստեղծագործական սահմանափակումների հետ ու արդեն երեք «Օսկարների» ու բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր է։
Ամիգոներից երկրորդը նույնպես դեբյուտով գրավեց Հոլիվուդի ուշադրությունը։ Ալֆոնսո Կուարոնը իր փայլուն կինոկարիերան սկսեց «Միայն քո զուգընկերոջ հետ» (Sólo con tu pareja, 1991) սև կատակերգությունով` կնամոլ գովազդային գործակալի մասին, ով մտածում է, որ վարակվել է ՄԻԱՎ-ով։ Կուարոնի ռեժիսորական բացառիկ տաղանդը արդեն իսկ նկատելի էր այս հիանալի ֆիլմում, որը շատ արագ մեծ հաջողության հասավ թե հայրենիքում, ու թե ամբողջ աշխարհում։ Ու, ինչպես ցանկացած հեքիաթում, երիտասարդ մեքսիկացուն հրավիրեցին կախարդական աշխարհ` Հոլիվուդ։
1995-ից 1998-ին Կուարոնը նկարեց երկու հայտնի վեպի էկրանավորում. առաջինը` Ֆրենսիս Հոջսոն Բըրնետի «Փոքրիկ արքայադուստրը» մանկական հեքիաթի խիստ տաղանդավոր փոխանցումն էր էկրաններ; երկրորդը` Չառլզ Դիքենսի «Մեծ սպասումների» ժամանակակից ադապտացիան։ Վերջինը սկսվում է որպես հիասքանչ կինոկտավ, բայց ավարտվում որպես ուղղակի լավ ֆիլմ, որը քննադատներն ընդունեցին բավականին սառը, իսկ ինքը` Կուարոնը, համարում էր անհաջող։
Կուարոնը բազմապատկեց իր նախորդ հաջողությունը հայրենիքում` «Եվ քո մորը նույնպես» (Y tu mamá también, 2001) ռոադ մուվիով։ Ներկայանալով որպես երկու դեռահասների հասունացման պատմություն, ովքեր սեքսուալ ճամփորդության են մեկնում իրենցից տարիքով մեծ կնոջ հետ, ֆիլմը ուշադիր հանդիսատեսի համար բացում է իր մնացած հատակները` շատ ավելի լուրջ, քան դեռահասության սեքսուալիզացիան` քննարկելով այն ժամանակվա Մեքսիկայի քաղաքական ու տնտեսական իրավիճակը, ձևական անլրջության տակ շոշափվելով որպես շատ լուրջ կինո։ Ֆիլմի շնորհիվ մեքսիկացի դերասաններ Դիեգո Լունան ու Գաել Գարսիա Բերնալը վերածվեցին աստղերի, իսկ Կուարոնը` իր զարմանալի ռեժիսորական ձեռագրով, լիարժեք քարտբլանշ ստացավ Հոլիվուդում` հաջողությամբ նկարելով թե հեղինակային կինո, թե թանկարժեք բլոկբաստերներ, որոնք, կրկին, խիստ հեղինակային էին։ Իսկ 2018-ին ռեժիսորը հայրենիքում նկարեց հանճարեղ «Ռոմա» (Roma) դրաման` աղեկտուր ճիչ անցյալի անվերադարձ հեռանալու մասին, որը արժանացավ երեք «Օսկարի» ու Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին։
Երրորդ ամիգոն 2000-ին Մեքսիկայում կրակեց իր Amores Perros ոչ գծային դրամայով, որում տարբեր մարդկանց ճակատագրերը ու որոշումները խճճված էին զարմանահրաշ նախշի տեսքով։ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի դեբյուտը մեծ էկրաններին դարձավ «Օսկար» մրցանակի թեկնածու լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում, իսկ ռեժիսորին շատ արագ կանչեցին Հոլիվուդ, որտեղ մարդկային ճակատագրերի կինոճարտարապետը շարունակեց դրանք միմյանց հետ խառնելու էքսպերիմենտները։
2003-ին` «21 գրամ» (21 Grams) ու 2006-ին` «Բաբելոն» (Babel) դրամաները ռեժիսորի այսպես կոչված «մահվան եռագրության» երկրորդ և երրորդ մասերն են. Amores Perros-ով մեկնարկած եռագրությունը ոչ միայն փայլուն ռեժիսուրայի, օպերատորական աշխատանքի ու դերասանական պարտիաների իսկական գանձարան է, այլև սյուժեի կառուցման յուրահատուկ ստրուկտուրա, որում մի ֆիլմի ճակատագրերի նախշերը, ցանկության դեպքում, կարելի է շարունակել մինչև մյուս ֆիլմ, որի նախշերը հնարավոր է կապել երրորդին, իսկ վերջինինը` առաջինին. ի վերջո, մեզանից ոչ ոք իզոլացված չի այս աշխարհում ու յուրաքանչյուր որոշում և գործողություն դետերմինիստիկ անխուսափելիությամբ ազդում է այլոց ճակատագրերի վրա։
2010-ին հայրենիքում նկարելով սքանչելի «Բիութիֆուլը» (Biutiful), Ինյարիտուն վերադարձավ Հոլիվուդ` նոր ասելիքով։ Ստեղծագործական կյանքի ծանրության մասին հիասքանչ «Բըրդմենը» (Birdman or (The Unexpected Virtue of Ignorance, 2014) ոչ միայն տեխնիկապես էր բացառիկ` ամբողջ պատմությունը պատմելով, թվում է, մեկ անդադար պլանի միջոցով, այլև արվեստը «բարձրի ու ցածրի» տարանջատող սնոբիզմի անթաքույց ծաղրով, ինչը գնահատվեց այդ տարվա գլխավոր «Օսկարով»։ Մեկ տարի անց էկրաններ բարձրացած «Փրկվածը» (The Revenant) դարձավ Լեոնարդո Դի Կապրիոյի տաղանդի գնահատման գլխավոր ֆիլմը. ծայրահեղ դաժան ու ռեալիստիկ, միաժամանակ` անսահման գեղեցիկ վրեժի պատմություն` մարդու ու բնության հավերժական պայքարի, մարդու, որպես բնության անբաժանելի մաս լինելու մասին։
Մեքսիկայից անցնենք Հին աշխարհ, մասնավորապես` Գերմանիա։ Այստեղից առնվազն երկու տաղանդավոր ռեժիսոր (իրականում` ավելի շատ) իրենց ճանապարհը հարթեցին դեպի Հոլիվուդ` աճեցնելով ֆիլմերի բյուջեներն ու դառնալով ավելի հոլիվուդյան, քան անգամ ամերիկացի ռեժիսորները։ Վոլֆգանգ Պետերսենը կարիերան սկսեց որպես հեռուստատեսային ռեժիսոր, սակայն առաջին անգամ նրա մասին խոսեցին պրովոկատիվ «Հետևանքներ» (Die Konsequenz, 1977) ֆիլմից հետո, որը պատմում էր միասեռական կալանավորի ու բանտապահի որդու սիրո մասին։ Ֆիլմը գերմանական հասարակության մեջ սուր ռեակցիա առաջացրեց` կիսելով ֆիլմի վերաբերմունքը երկու մասի. մի կողմում այն ամբողջությամբ արգելելու կողմնակիցներն էին, մյուսում ֆիլմին հեղինակավոր մրցանակներ էին հանձնում։ Ամենից զատ, ակնհայտ էր, որ Պետերսենը բացառիկ տաղանդի ու աշխարհայացքի տեր մարդ է։
Դա հաստատվեց չորս տարի հետո, երբ էկրաններ բարձրացավ ռեժիսորի գլխավոր ֆիլմը` «Սուզանավը» (Das Boot, 1981), որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական U-96 սուզանավի յոթերորդ մարտական արշավի մասին։ Ֆիլմը մինչև հիմա համարվում է լավագույն գերմանական ֆիլմն ու պատերազմի մասին լավագույն ֆիլմերից մեկը. լարված, գրավիչ ու խելացի այս կտավն անթաքույց ռեալիզմով ցույց է տալիս մարտական գործողությունների ընթացքում սովորական մարդկանց ապրումները, մարտի դաշտում տիրող սարսափն ու ազարտը, ու այդ ամենի անելանելի անիմաստությունը։ Գերմանացու երկրորդ լիամետրաժ ֆիլմը ներկայացվեց «Օսկարի» միանգամից վեց անվանակարգում ու համաշխարհային համբավ բերեց Պետերսենին։
Որն էլ հաստատվեց երեք տարի անց` դիամետրալ հակառակ թեմատիկայով ֆիլմով։ Հոլիվուդն արդեն աչք էր դրել Պետերսենի վրա, բայց առայժմ զգուշությամբ. «Անվերջանալի պատմությունը» (The Neverending Story, 1984) հեքիաթը` հիմնված Միխայել Էնդեի համանուն գրքի վրա, չնայած սկզբնաղբյուրի հեղինակի քննադատությանը ու ֆինանսական անհաջողությանը, ժամանակի ընթացքում դարձավ կուլտային, իսկ Պետերսենը վերջնականապես հաստատվեց Հոլիվուդում` նկարելով թե խիստ տաղանդավոր բլոկբաստերներ, թե քաղաքական ու հոգեբանական թրիլլերներ։
Մյուս գերմանացին` Ռոլանդ Էմմերիխը, անգամ տանն առանձնակի չէր թաքցնում Հոլիվուդում հայտնվելու ձգտումը։ Ռեժիսորի դեբյուտային «Նոյյան տապանի սկզբունքը» (Das Arche Noah Prinzip, 1984) գիտաֆանտաստիկ ֆիլմի հերոսների կեսն ամերիկացիներ են, ովքեր զբաղված են աշխարհը փրկելով։ Արդեն այն ժամանակ նկատելի էր նաև Էմմերիխի սերը գլոբալ աղետները հնարավորինս մասշտաբային պատկերելու նկատմամբ։
1985-ի «Կապի դուրս գալով» (Making Contact) ֆիլմն արդեն ամբողջությամբ նկարված էր անգլերեն լեզվով, իսկ 1990-ի «Լուսին-44» (Moon-44) ֆիլմը, չնայած չարժանացավ քննադատների գովասանքին, Էմմերիխի համար դարձավ տոմս դեպի Հոլիվուդ։ Մնացածը գիտեք. Էմմերիխը իր ֆիլմերում տարբեր եղանակներով փորձելու է ոչնչացնել մարդկությունը։
Ասիական հատվածում նույնպես հայտնաբերվում են գանձեր։ Թայվանցի Էնգ Լին ստացել էր ամերիկյան կինոկրթություն ու դեռ կարիերայի վաղ շրջանում շփվել ամերիկյան անկախ կինոյի ներկայացուցիչների հետ։ Սակայն իր ռեժիսորական դեբյուտը` «Հարկադրող ձեռքեր» (推手, 1992) դրաման նկարել է տանը։ Մեկ ընտանիքում ամերիկյան ու չինական մշակույթների բախման մասին ֆիլմը, կարծես, Լիի ստեղծագործական հոգեվիճակի արտացոլումն էր։ Հաջորդ երկու ֆիլմը` «Հարսանեկան տոնակատարություն» (喜宴, 1993) կատակերգությունն ու «Ուտել, խմել, տղամարդ, կին» (飲食男女, 1994) շարունակում են մշակույթների բախման թեման ու երեքը միասին կենտրոնանում ժամանակակից Չինաստանում ընտանիքի հոր դերի փոփոխության վրա։
Իսկական հաջողությունը Էնգ Լիի մոտ եկավ 1995-ին` «Գիտակցություն և զգացմունքներ» (Sense and Sensibility) մելոդրամայի էկրաններ բարձրանալով։ Ջեյն Օսթինի համանուն վեպի էկրանավորումը արժանացավ Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակին, «Օսկար» մրցանակի` լավագույն ադապտացված սցենարի համար (վեց անվանակարգ, այդ թվում` տարվա լավագույն ֆիլմ) ու կինոքննադատների հիացմունքին։ Հոլիվուդի դռները միանգամից բացվեցին Լիի առջև։ Այդուհանդերձ, իր գլխավոր ֆիլմը` «Սողոսկող վագր, թաքնված վիշապ» (臥虎藏龍, 2000) ուսյան (չինական ֆենթեզիի ենթաժանր, որում շեշտը դրվում է արևելյան մարտարվեստների ցուցադրության վրա) Լին նկարեց հայրենիքում. ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ վարձույթում, արժանացավ չորս «Օսկար» մրցանակի (այդ թվում` լավագույն օտարալեզու ֆիլմ) ու ժամանակի ընթացքում դարձավ կուլտային։ Իսկ դրանից հետո Լին նկարում է բազմաժանր ֆիլմեր թե Հոլիվուդում, թե տանը։
Վերջապես, նայենք իզոլացված աշխարհամասերի կողմը։ Ավստրալիայում Ջորջ Միլլերը գրեթե ազգային հերոս է իր «Խելագար Մաքս» (Mad Max) ֆիլմաշարի համար, որի առաջին երեք մասերը` սկսած 1979-ից, նկարահանվել են հենց Ավստրալիայում` միջազգային համբավ բերելով թե ռեժիսորին, թե գլխավոր դերակատար Մել Գիբսոնին։ Սակայն իսկական տրիումֆը Միլլերի մոտ եկավ 2015-ին, երբ էկրաններ բարձրացավ արդեն հոլիվուդյան «Խելագար Մաքս. Զայրույթի ճանապարհ» (Mad Max: Fury Road) ֆիլմը` բառի լավագույն իմաստով խելահեղ կինոկտավ, որն ապացուցեց, որ մարտաֆիլմը նույնպես կարող է արվեստ լինել։
Իսկ եթե նայենք մի փոքր ավելի հարավ, կհայտնվենք Միջերկրում ու կծանոթանանք հաջողության ամենազարմանալի պատմություններից մեկին։ Նորզելանդացի Պիտեր Ջեքսոնը 1987-ին ձեռքի տակ եղած առարկաներից հավաքեց ու նկարեց «Վատ ճաշակ» (Bad Taste) ֆանտաստիկ ֆիլմը. ընդամենը $26 հազար բյուջեով, Ջեքսոնի ու իր ընկերների մասնակցությամբ սիրողական ֆիլմը, որում այլմոլորակայինները ներխուժել են նորզելանդական գյուղ` տեղի բնակիչներին իրենց արագ սննդի միջգալակտիկական կետերի ճաշացանկում ներառելու համար, խելահեղ ու անսովոր, ռեժիսորի բացառիկ տաղանդի առաջին ակնհայտ դեմոնստրացիան էր։
«Ծանոթացեք Ֆիբլերի հետ» (Meet the Feebles, 1989) տիկնիկային սև կատակերգությունը նախերգանքն էր խելագարության, որը եղավ 1992-ին. Ջեքսոնը նկարեց բոլոր ժամանակների ամենաարյունալի ֆիլմերից մեկը` Braindead-ը։ Զարմանալի է, որ հորրոր նկարողների հսկայական բանակում քչերը կարող են հպարտանալ դրանով այսքան տարիների ընթացքում։ Բայց էականն այստեղ այն էր, որ Ջեքսոնին նկատեցին Հոլիվուդում։ Հետագայում նա իրեն դրսևորեց որպես բավականին լուրջ ստեղծագործող, ինչպես նաև թանկարժեք բլոկբաստերների մեծ վարպետ։ Բայց անգամ այդ պարագայում իր երազանքների կինոն նկարելու համար Ջեքսոնը ստիպված էր պայքարել հոլիվուդյան մեքենայի դեմ (դրա մասին կարդացեք մեր մեկ այլ լոնգրիդում)։ Արդյունքում ունեցանք «Մատանիների տիրակալը» (The Lord of the Rings) եռագրությունը, հարյուրավոր մրցանակների, այդ թվում` 17 «Օսկարի» դափնեկիր, համաշխարհային մշակութային ֆենոմեն` հարյուր միլիոնավոր երկրպագուներով ամբողջ աշխարհում։
2007-ից 2016 թվականները Նոր Զելանդիայում լրիվ անսպասելի ծագեց նոր կինոաստղ` իրար հետևից աշխարհին տալով բացառիկ հումորով ու պատմության ստրուկտուրայով չորս ֆիլմ. հետաքրքիր վիզուալ լուծումներով «Արծիվն ընդդեմ շնաձկան» (Eagle vs Shark, 2007) կատակերգությունը, «Տղա» (Boy, 2010) կատակերգական դրաման հասունացման մասին, «Ինչով ենք մենք զբաղված ստվերում» (What We Do in the Shadows, 2014) հիասքանչ մոքյումենթարին վամպիրների ընտանիքի մասին ու «Վայրի մարդկանց որսը» (Hunt for the Wilderpeople, 2016) արկածային կատակերգական դրաման։ Ու բոլորի ռեժիսորական աթոռին ունիկալ հումորի զգացում ունեցող մարդ էր` Տայկա Վայտիտին։
Ու արդեն մեկ տարի հետո նորզելանդացին Marvel-ի համար նկարեց թանկարժեք կինոկոմիքս, 2019-ին ցնցեց կինոաշխարհը «Ջոջո ճագարը» (Jojo Rabbit) տրագիկոմեդիայով ու պատրաստվում է նկարել «Աստղային պատերազմների» (Star Wars) հերթական մասը։
Այնպես որ, Հոլիվուդը ոչ միայն կոտրում ու ոչնչացնում է, այլև ավելի լայն ստեղծագործական գործունեության հնարավորություն է տալիս։