Մութ ու ցուրտ տարիներին 3 | 90-ականների հորինված դեռահասները կրկին պատմում են սիրելի ֆիլմերի մասին
90-ականների երեխայի համար ոչ մի տարբերություն չկար` տվյալ VHS կասետի մեջի ֆիլմը բարձրակարգ է, թե ակնհայտ աղբ, նկարված է կինոթատրոնի էկրանից, թե տանելի որակի է, նշանակություն չուներ ռեժիսորի անունը, դերասանի տաղանդը, սյուժեի խելամտությունը։ Կարևորը, նոր բան լիներ, որովհետև ինֆորմացիայի սղության պայմաններում ցանկացած նոր բան ոսկու արժեք ուներ։ Ու ցանկալի էր` ներառեր տպավորիչ հրաձգություններ, անհաղթահարելի հերոս ու հերոսուհի, որին կարելի կլիներ սիրահարվել։
Հունվարին ու մարտին մեր խմբագրությունն անցկացրեց երկու էքսպերիմենտ։ Պատկերացրեք, որ գոյություն ունեն անվերջ քանակի զուգահեռ տիեզերքներ։ Դրանց մի մասում Հայաստանի 90-ականներն անցնում են գրեթե նույն կերպ. պատերազմ, հովհարային անջատումներ, էներգակիրների դեֆիցիտ, տալոնով հաց։ Ու երեխաներ, ում համար նոր ֆիլմ դիտելը կամ Dendy-ով նոր խաղ խաղալն ահռելի իրադարձություն էր։ Նման 30 տիեզերքից ընտրել էինք 30 հոգու, ովքեր իրենց տիեզերքի 2025-ին արդեն հասուն մարդիկ են ու դեռ շատ վառ հիշում են իրենց մանկության կինոտպավորությունները։ Այդ հորինված (եթե զուգահեռ տիեզերքներ իրոք կան, ապա նրանք բոլորովին էլ հորինված չեն) մարդիկ պատմում էին ավելի շատ իրենց զգացումների, քան բուն ֆիլմերի մասին։
Այժմ PAN-ը ներկայացնում է զուգահեռ տիեզերքներում անցկացված մեծ ինտերվյուների երրորդ մասը։
1. «Մարսը հարձակվո՜ւմ է», (Mars Attacks!, 1996)
Սմբատ, 44 տարեկան, ռոբոտատեխնիկ
Մակաբրիկ մղձավանջների ու սատիրիկ հորրորի վարպետ Թիմ Բերտոնի նկատմամբ իմ վերաբերմունքը երկակի է։ Մի կողմից, ես պաշտում եմ իր վաղ շրջանի մռայլ գոթիկական կինոկտավները՝ դասական կոմիքսների վերաիմաստավորումից մինչև էլի դասական ամերիկյան լեգենդի մարմնականացում։ Մյուս կողմից էլ ես ատում եմ իր որոշ՝ ֆարսի ու խեղկատակության սահմանը հատող, անճաշակ ու «պոշլի» որոշ փորձեր, որոնցում նա, լինելով ծայրահեղ տաղանդավոր արարիչ, փորձում է իրեն տեղավորել իր մեծ, բայց տաղանդազուրկ կուռքի՝ Էդ Վուդի մաշկի տակ ու հերթով մեզ է հրամցնում անազնիվ ֆիլմեր, որոնք տարեցտարի մեզնից ավելի ու ավելի են խլում Բերտոնին ու ավելի ու ավելի են դեմ տալիս «քվազիվուդին»։ Բայց ի տարբերություն «քվազիվուդի», իրական Էդ Վուդն ազնիվ էր ու իր ամբողջ հմայքն այդ ազնիվ անտաղանդության մեջ էր, իսկ տաղանդավոր Բերտոնի «անտաղանդությունը» շինծու է, կեղծ ու անազնիվ։
Կզարմանաք, բայց «Մարսը հարձակվո՜ւմ է», որն արդեն իսկ կուլտային կինո է, Բերտոնի՝ Էդ Վուդ դառնալու միակ լավ փորձն է։ Ու չնայած սկզբում քննադատները այնքան էլ ջերմ չընդունեցին այս ահռելի բյուջեով ֆարսը, հետո նրանք հասկացան, որ սա ցնորհված, սեփական իդեալների համար իր տաղանդը զոհաբերող Բերտոնի խելագարության սկզբնական փուլում չարյաց փոքրագույնն էր։ Ինչո՞ւ։ Որովհետև էս ֆիլմում Բերտոնը երկաթբետոնե լրջությանբ չի հայտարարում իր տրանսֆորմացիայի մասին, նա ընդամենը կատակում է։
Պետք է հիշել, որ նույն 1996թ-ին կինոաշխարհը թեթև ցնցել էր Ռոլանդ Էմմերիխի «Անկախության օրը» (Independence Day)։ Էլի հսկա բյուջեով կոլոսս, որում չար այլմոլորակայինները փորձում էին ոչնչացնել մարդկությանը։ Ֆիլմը ներկայացվում էր որպես սրբազան բացահայտում, որպես հակառակում հոլիվուդյան մեյնսթրիմին, որտեղ այլմոլորակայինները ներկայացվում էին բարի եկվորների տեսքով (բարև, Սփիլբերգ)։ Այն, որ ԱՄՆ նախագահ Բիլլ Քլինթոնը հայտարարել էր, թե Էմմերիխի ֆիլմը դիտելուց վախեցել ու հուզվել է, զգալիորեն ազդեց մարդկանց ընկալման վրա։ Լրջության առումով։
Ինչի՞ վրա էր ծիծաղում Բերտոնը։ Նա ծաղրում էր հենց այդ լրջությունը՝ սնուցվող իռացիոնալ վախով՝ Սթիվեն Հոքինգի ու այլ հայտնի մարդկանց հայտարարություններից. «Պետք չէ աղմկել գալակտիկական «մութ անտառում», եթե չենք ուզում, որ մեզ խժռեն, ինչպես կոնկիստոդորները հնդկացիներին»։ Բերտոնն էլ ուզում էր ասել, որ նույն լրջությունն ու վախը, այս անգամ ատոմային զենքի նկատմամբ, դեռ 50-60-ականներին պռնկե պռունկ լցված էր զավթիչ եկվորների մասին ֆանտաստիկ ֆիլմերում։ Վախն այն ժամանակ ռացիոնալ էր, ատոմային պատերազմի վտանգը՝ իրական։ Իսկ այ ներխուժման մասին ֆիլմերի ճնշող մեծամասնությունը էքսպլուատացիոն աղբ էր։ Ու դրա ոճում ծաղրելու համար Բերտոնին պետք էր հագնել այդ ժանրի կարկառուն ներկայացուցիչ Էդ Վուդի դիմակն ու արարել։
Արդյունքում, ունենք առաջին հայացքից պարզունակ երգիծական կինո աստղային մի ամբողջ գալակտիկայով, որը ծաղրում է բոլորին ու ավելի շատ՝ ինքն իրեն։ Բայց դրա տակ նշմարվում է տաղանդավոր ստեղծագործողի ձեռքը, ու չգիտես ինչու, հետագայում Բերտոնը ձգտելու է ավելի շատ այնպես անել, որ այդ ձեռքն ընդհանրապես չերևա։
Ես «Մարսը հարձակվո՜ւմ է» ֆիլմը սիրում եմ։ Էն ժամանակ «Անկախության օրը» ինձ ցնցել էր, ու այլմոլորակայինների հարձակման մասին նոր ֆիլմը կարծես երկնքից մանանա լիներ, մանավանդ, որ ամենուր ասում էին, թե դա պատասխան է Էմմերիխին։ Ու չնայած սատիրիկ էլեմենտներին ու ակնհայտ ծաղրին (իհարկե, շատ բան ես չէի էլ հասկացել այն ժամանակ), առաջին դիտումը տպավորվել էր՝ հեղափոխական հատուկ էֆեկտներով, ավերածությունների մասշտաբով ու ՀԱԿԱ ՄԱՐԴԱՆՄԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՌՈԲՈՏՈՎ։
2. «Պինդ ընկույզ 3», (Die Hard with a Vengeance, 1995)
Մանան, 39 տարեկան, տիեզերագնաց
Ռեժիսոր Ջոն Մակտիրնանին կարելի է անվերջ գովաբանել։ Մյուս կողմից, ո՞նց չգովաբանես մի մարդու, ով 1988-ին կրակում է առաջին ֆիլմով, իսկ յոթ տարի հետո տալիս է տրիքվել, որը երբեմն գերազանցում է դասական օրիգինալին։ Ինչո՞ւ է երրորդ «Պինդ ընկույզն» այդքան լավը։ Դրա համար կա մի քանի պատճառ։
Առաջինն արդեն նշեցի՝ Ջոն Մակտիրնան։ Իսկական գիգանտ, մարտաֆիլմերի ժանրի աստվածներից, ով ունի բացարձակ տաղանդ՝ փոթորկային էքշնի հետ միասին հրամցնելու ծավալուն, խարիզմատիկ կերպարներ, որոնց բերանից պարբերաբար հնչող սրամտությունները անմիջապես դառնում են թևավոր խոսքեր։ Մակտիրնանի հոգեզավակը՝ Շեյն Բլեքն, ով մեծ ռեժիսորի մոտեցումներով ոգեշնչվել էր դեռ «Գիշատչի» (Predator, 1987) նկարահանման հրապարակում, իր ողջ հետագա ռեժիսորական կարիերայի ընթացքում պարբերական հաջողությամբ կրկնօրինակելու է Մակտիրնանին։
Երկրորդը՝ Բրյուս Ուիլլիս-Սեմյուել Լ. Ջեքսոն դերասանական տանդեմը, որոնց միջև քիմիան արդեն կոտրում էր բոլոր հնարավոր պատերն անմահ «Քրեական ընթերցվածքում» (Pulp Fiction, 199 այն դեպքում, երբ Տարանտինոյի մոտ նրանք ուղիղ չեն էլ հանդիպում։ Երկու դերասանի միջև կար ջերմամիջուկային քիմիա մեկ ֆիլմի սահմաններում անգամ երբ նրանց կերպարները գրեթե ոչ մի ձև չեն շփվում միմյանց հետ։ Դե պատկերացրեք, քանի մեգատոննա ռումբի պայթյունի է հավասար նրանց միաժամանակյա ներկայությունը էկրանին (ու պատկերացրեք, թե ինչ հիմար է Մ. Նայթ Շյամալանը, որ անգամ այս տանդեմը չկարողացավ նորմալ կիրառել)։ Ուիլիսն ու Ջեքսոնը, երկուսն էլ խարիզմայի կծիկներ, կարող են առանձին-առանձին վառել էկրանը։ Միասին նրանք կարող են վառել ամեն ինչ։
Երկրորդ՝ սա ծայրահեղ սրամիտ մարտաֆիլմ է։ Ջոնաթան Հենսլիի սցենարը խաղ է (որը նա հետո կզարգացնի «Ջումանջիում» (Jumanji, 1995), հնարամիտ գլուխկոտրուկներ են, խելահեղ էքշն է, բրուտալ չարագործ է (Այրոնսի ձայնը մենակ ամեն ինչ արժի), սուր հումոր է ու լիքը, ԼԻՔԸ արյուն։ Ու այս ամենը՝ ծայրահեղ ոչ պոլիտկոռեկտ։ Ես միշտ նայել եմ Գավրիլովի թարգմանությամբ, ու իր У меня бошка трещит от похмелья արտահայտությունը շատ հաճախ կիրառել եմ։ Սա լավագույն մարտաֆիլմերից մեկն է՝ հարուստ, հագեցած, անընդհատ աճող դինամիկայով, կերպարների միջև ուժգին քիմիայով։ Իդեալական մարտաֆիլմ՝ անընդհատ վերանայելու ներուժով։
Անձամբ ես ֆիլմն առաջին անգամ կիսատ էի նայել, լավ հիշում էի մետրոյում պայթյունի դրվագը։ Բայց ամբողջական նայելուց ահավոր տպավորել էր հատկապես թունելի հեղեղման դրվագը, երբ ջրի ալիքը հետապնդում է բեռնատարին։
3. «Բարդ թիրախ», (Hard Target, 1993)
Մեր մանկության տարիներին գոյություն ուներ մարտաֆիլմերի առանձին ժանր՝ «վանդամի կինո»։ Այդ ժանրի բոլոր ֆիլմերում գլխավոր դերում Ժան Կլոդ Վան Դամն էր, էդ ֆիլմերում ինքը մարտարվեստների վարպետ էր, չնայած իր ցուցադրած մարտարվեստը քիչ կապ ուներ ընդհանրապես մարտարվեստների հետ։ Էդ ֆիլմերում հերոսին ամբողջ ընթացքում նեղում, տանջում, տառապացնում էին, բայց վերջում նա անպայման բոլորին էպիկական ձևով հաղթում էր՝ հաճույքի հորմոնի փղի դոզաներ ներարկելով կինոդիտողի ուղեղ։ Ես տանն ունեի էպիկական «Քիքբոքսերի» (Kickboxer, 1989) ու դրամատիկ «Առյուծասիրտի» (Lionheart, 1990) կասետներն ու անբռնազբոս հաճախականությամբ նայում էի, ես առիթ բաց չէի թողնի «Արյունոտ սպորտը» (Bloodsport, 1988) վերանայելու համար (կասետն ունեի, բայց կորցրել էի), «Ունիվերսալ զինվորն» (Universal Soldier, 1992) ու «Ժամանակի ոստիկանը» (Timecop, 1994) ահագին հետաքրքիր ֆանտաստիկ մարտաֆիլմերի օրինակ էին։
«Կրկնակի հարվածի» (Double Impact, 1991) հետ կապված ընդհանրապես կուրյոզ էր, երբ շշուկներ հայտնվեցին, որ Մարալիկում ինչ որ մեկի ծանոթն անցել է այդքան գովազդվող «Двойной Ван Дамм, Двойной удар» -ի կասետի կողքով։ Մի քանի օր տևած բանակցություններից հետո հնարավոր եղավ քաղաքում միակ այդ կասետը 1 ու կես ժամով վերցնել, բայց պայմանով, որ կասետի տերն անձամբ է ներկա լինելու ցուցադրությանը, мало ли что. ու երբ Մարալիկի կեսը լցվեց մեր տուն այդ բախտորոշ դիտմանը մասնակցելու համար, կասետի տերն անձամբ ստուգեց իմ վիդեոմագնիտոֆոնի գլխիկը (որ ժապավեն չվնասի), անձամբ միացրեց, անձամբ արագացրեց էրոտիկ տեսարանը (հա բա, երեխեք են նայում), վերջում անձամբ անջատեց ու ժապավենը նորից ստուգեց։ Ընդ որում, նա պնդում էր (մենք էլ հավատում էինք), որ կասետը (սովորական VHS սովորական տուփի մեջ, որի կողքին տպագիր գրված էր Двайной удар Ван Дам баевик) Ամերիկայից են ուղարկել՝ չնայած ֆիլմում Վոլոդարսկու թարգմանությանը։
Ինչո՞ւ եմ ես էսքանը պատմում։ Որովհետև որ պարզ լինի՝ «վանդամի կինո» ժանրը ինձ համար ոչ միայն նորություն չէր, ոչ միայն ուղն ու ծուծով ուսումնասիրված էր, ոչ միայն կարևոր էր, ոչ միայն ոգևորիչ էր, այլև առօրյայի մաս էր։ Դժվար լիներ մի շաբաթ, որի ընթացքում ժանրի ոչ մի կինո չնայեի։ Բայց քանի որ հասցնում եք իմ վրա առավելապես ազդած ֆիլմերի մասին, ես կպնդեմ, որ վերևում ներկայացված ֆիլմերը այնպես չէ, որ ազդում էին ստեղծագործելու ցանկության առումով ու այնպես չէ, որ երևակայությունս խառնում էին իրար։ Այո, ես սիրում էի այդ ֆիլմերը, բայց դրանք հետք չէին թողնում։
Բացի մեկից։ Շելդոն Լետիչն ու Ռոլանդ Էմերիխն, իհարկե, լավ են, բայց, իմ կարծիքով, ոչ ոք չի բացահայտել Վան Դամի ներուժն այնպես, ինչպես դա արեց հոնգքոնգյան մարտաֆիլմերի վարպետ Ջոն Վուն։ «Բարդ թիրախն», իմ համոզմամբ, դերասանի լավագույն ֆիլմն է։ Այն չի պատկանում «վանդամի կինո» ժանրին, այլ սյուժետային առումով ավելի շատ հարում է արդարության մարտիկի մասին հին վեսթերններին (հետո դերասանը կփորձի կրկնել հաջողությունը անհաջող «Ինֆերնոյում» (Inferno, 1999)։ Այստեղ ուղղակի աննկարագրելի ու ջերմամիջուկային խարիզմա ունեցող Լենս Հենրիկսեն է, ում ստվերում խամրում է բացառապես ամեն ինչ։ Այստեղ հիանալի վարպետությամբ բեմադրված մարտական տեսարաններ են թե արևելյան մարտարվեստների, թե հրազենի կիրառմամբ, երբ վերջապես Վան Դամի պլաստիկան ցուցադրվում է այնպես, ինչպես երբեք նախկինում։ Ու, իհարկե, օձի հետ կապված անմոռանալի տեսարանը։
Հենց «Բարդ թիրախի» շնորհիվ Ջոն Վուն հաստատվեց Հոլիվուդում ու նկարեց լավագույն մարտաֆիլմերը։ Ու հենց էս ֆիլմը մի անգամ ընկերոջս տանը նայելուց հետո ես երկար ժամանակ չէի կարողանում գտնել, բայց հստակ գիտակցում էի, որ դա լավագույն բանն է ֆիլմերի այն երկար շարքից, որ ես նայել էի այս դերասանի մասնակցությամբ։
4. «Տասներեքերորդ մարտիկը», (The 13th Warrior, 1999)
Եթե հոլիվուդյան ռեժիսորների թվում կա տիտանից ամորձիներով մեկը, ապա դա Ջոն Մակտիրնանն է։ Մենակ «Գիշատիչի» ու «Ամուր ընկույզի» (Die Hard, 1988) շնորհիվ արդեն Մակտիրնանն ապահովել է իր տեղը մարտաֆիլմերի ռեժիսորների աստծո կողքին։ Բայց այդքանով Մակտիրնանն, իհարկե, չի սահմանափակվել։ Իր բրուտալ, վառ արտահայտված ձեռագիրը ահռելի հետք է թողել ժանրի վրա, այնքան խորը, որ մինչև հիմա ցանկացած նորմալ մարտաֆիլմ առանց մակտիրնանյան հղումների ուղղակի չի կարող գոյություն ունենալ։
«Տասներեքերորդ մարտիկը» ռեժիսորի ամենաթերագնահատված ֆիլմերից մեկն է։ Ավելի ճիշտ, սկզբում Ռոջեր Էբերտն ու իր նմանները ֆիլմին ցածր գնահատականներ շարեցին, ինչը ազդեցություն ունեցավ նաև վարձույթի վրա։ Հետագայում, լավ սարաֆանի ու կրիչների վրա վերաթողարկման շնորհիվ ֆիլմը վերադարձրեց կորցրածն ու այսօր արդեն ունի կուլտային ստատուս, ճիշտ այնպես, ինչպես անարդարացիորեն քլնգված բազում նման ֆիլմեր։
Ֆիլմի հիմքում հոլիվուդյան մեկ այլ հսկայի՝ Մայքլ Քրայտոնի Eaters of the Dead գիրքն է (Քրայտոնը ևս մեկն է այն մարդկանցից, ովքեր փոքր ժամանակ զբաղվել են իմ դաստիարակությամբ): Գիրքն, իր հերթին, հիմնված է մի կողմից հռչակավոր արաբ ճանապարհորդ Ահմադ իբն Ֆադլան իբն Ալ-Աբբաս իբն Ռաշիդ ալ-Բաղդադիի ճամփորդության վրա դեպի Վոլգյան Բուլղարիա, մյուս կողմից՝ Բեովուլֆի մասին լեգենդի սեփական ինտերպրետացիան է։ Արդյունքում Քրայտոնի մոտ ստացվել է հորրորի ու կենսաթրիլլերի խառնուրդ՝ համեմված պատմական ակնարկներով, ու ասեմ ձեզ, ահագին լավ խառնուրդ է։ Իսկ Մակտիրնանի ֆիլմը գրքի մաքսիմալ լավ էկրանավորում է։
Պատկերացրեք, թե ինչ ահռելի մշակութային անդունդ գոյություն ունի արաբների ու նորմանների միջև։ Ֆիլմն առաջին 20 սքանչելի րոպեների ընթացքում հանճարեղ Օմար Շարիֆի ու խելացի օպերատորական աշխատանքի շնորհիվ աստիճանաբար կամուրջ է գցելու այդ անդունդի վրայով, ընդ որում՝ անելու է դա այնքան ոչ կպչուն, հանդարտ ձևով, որ ինքներդ էլ չեք նկատի։ Իսկ հետո միանգամից կնետի արյունով ու սարսափով լցված իրադարձությունների հորձանուտը, որից դուրս չեք գա ընդհուպ մինչև վերջին տիտրերը։
Բրուտալ, խարիզմատիկ կինոպատման ընթացքում արնաշաղախ մարտական տեսարաններին կհաջորդեն սասփենսը, հետո՝ սթելս էքշնը, ու հետո էլի՝ հերոսական, էպիկական մսաղաց։ «Տասներեքերորդ մարտիկը» ոչ մի րոպե իզուր չի կորցնում, ոչ մի վայրկյան դինամիկայի անկում չի ունենում, ինչը Մակտիրնանի ֆիլմերի այցեքարտն է։ Առանց ավելորդությունների ու չափազանցությունների, սա զուտ տղամարդկային մարտաֆիլմ է, որը, եթե նկարված լիներ հիմա, ապա հեղինակների կգամեին անարգանքի սյանին ֆեմինիստներն ու սոցիալական արդարության մյուս մարտիկները (հատկապես որ, օ՜ սարսափ, չարագործները սևամորթ են, իսկ բարի նորմանների թվում գոնե մի սևամորթ չկա, ամո՜թ, հազա՜ր ամոթ):
Ինչ վերաբերում է ինձ, ապա էս հրաշալի ֆիլմն առաջին անգամ նայել եմ 1999-ին՝ Երևանում, երբ դեռ նոր էի ընդունվել համալսարան։ VHS կասետը խանութներում շատ էի հանդիպել, բայց բուն ֆիլմը լրիվ միամիտ բռնացրեցի հեռուստացույցով։ Իսկ երբ լսեցի Մակտիրնան-Քրայտոն ազգանունները միասին (մարդիկ, ում անուններն ինձ համար այն ժամանակ ամենաբարձր որակի նշան էին), դա արդեն հերիք էր ամբողջ ֆիլմը բերանս բաց նայելուն։ Ասել, որ տպավորված էի, կնշանակի ոչինչ չասել։ Ավելի ուշ, երբ առաջին անգամ խաղացի երրորդ Warcraft-ը, իմ մոտ հստակ պատկերացում կար արդեն, որ ոչ ոք չի կարողանա այնքան լավ մարմնավորել Արտաս Մենեթիլին, որքան Վլադիմիր Կուլիչը (կոնունգ Բուլվայֆը ֆիլմում): Ու ես մինչև հիմա այդ կարծիքին եմ։
5. «Դոկտոր Մորոյի կղզին», (The Island of Dr. Moreau, 1996)
Գրիշա, 43 տարեկան, բալետմեյստեր
Եթե դուք կարծում եք, թե «Օտար 3»-ը (Alien 3, 1992) եղել է արտադրական դժոխքում, ապա ասեմ, որ «Դոկտոր Մորոյի կղզու» արտադրության համեմատությամբ Դեյվիդ Ֆինչերի ֆիլմի ստեղծումն ուղղակի գերմանական կազմակերպվածության օրինակ է։ Հերբերթ Ուելսի լեգենդար գրքի երկրորդ էկրանավորումը պետք է նկարեր ոչ պակաս լեգենդար Ռիչարդ Սթենլին։ New Line Cinema կինոընկերությունը հենց սկզբից ահռելի հույսեր էր կապում նոր էկրանավորման հետ։ Սթենլիի տեսլականը տարբերվում էր օրիգինալ գրքից, նա ցանկանում էր առավել ակնհայտ դարձնել Մորոյի կղզու պատմության ու Ջոզեֆ Կոնրադի Heart of Darkness-ի միջև կապը։ Բայց ստուդիային ինչ-որ բան դուր չեկավ, ու ֆիլմը հայտնվեց արտադրական դժոխքում։ Սկզբում, որովհետև Սթենլիի թիկունքում բանակցում էին Ռոման Պոլանսկուն ռեժիսորական աթոռը տրամադրելու շուրջ։ Հետո նախագիծը լքեց Բրյուս Ուիլիսը, ապա՝ Ջեյմս Վուդսը, ստուդիան ու Սթենլին մտան կոնֆրոնտացիայի մեջ ու ռեժիսորին հեռացրին։
Նախագիծը փրկելու համար հրավիրվեց վետերան Ջոն Ֆրանկենհայմերն, ով, օգտվելով անելանելի դրությունից, ոչ միայն պահանջեց հոնորարի ավելացում, այլև իսկական դիկտատուրա սահմանեց նկարահանման հրապարակում։ Սկսվեց մոտ կես տարի տևած նկարահանումների դժոխային փուլը․ Մարլոն Բրանդոյի ու Վել Քիլմերի միջև պատերազմի, ամեն օր սցենարը փոփոխելու, դեկորացիաները վնասելու, բողոքների, սաբոտաժի հետևանքով ֆիլմի վրա աշխատելը դառնում է գրեթե անհնար, լարվածությունը նկարահանման հրապարակում ու թիմի անդամների միջև ատելությունը, անընդհատ միմյանց կոկորդ կրծելը շատ ավելի վառ են արտահայտված, քան ֆիլմում նույնատիպ իրադարձությունները։ Դերասանները հաճախ ստիպված ինքնուրույն ու տեղում են հորինում ռեպլիկները, Բրանդոն կապիկություն է անում ու ծերունական կապրիզներ, ռեժիսորը իրեն պահում է գեստապոյի նման, բոլորը բոլորից զզվում են ու սպասում միայն, թե երբ կավարտվի այդ անիծյալ ֆիլմի ստեղծումը։ Բրանդոյի ու Քիլմերի կոնֆրոնտացիան հասնում է նրան, որ վերջինը բացահայտ պարոդիա է անում Բրանդոյին, ու այդ դրվագը հայտնվել է ֆիլմում։
Իսկ ֆիլմն իրոք անիծյալ է։ Կինոքննադատներն ու կինոդիտողները պատառ-պատառ արեցին այն ու լրիվ արդարացված։ «Դոկտոր Մորոյի կղզում» թերի, կիսատ ու ակնհայտորեն գրդոնած է գրեթե ամեն ինչ՝ սկսած Բրանդոյի բացահայտ անտանելի խաղից մինչև սյուժետային անհարկի թռիչքներ։ Սակայն այդ ամենի տակ, չնչին, բայց երևում է այն ամրությունը, այն հզոր, մթնոլորտային պատմությունը, որը մենք կստանայինք, եթե ղեկին մնար Ռիչարդ Սթենլին։ Կարելի է ասել, որ ֆիլմը ստեղծելուց թերացել են բացարձակապես բոլորը՝ բացի հանճարեղ Սթեն Ուինսթոնից, ում ստեղծած հրեշները հիանալի են, հատկապես Բորենախոզը։
Ինչ վերաբերում է անձամբ իմ կարծիքին․ օբյեկտիվորեն սա շատ վատ կինո է, սակայն սուբյեկտիվորեն ես էս ֆիլմը սիրում եմ։ Դա կապված է այն հանգամանքի հետ, որ ես ֆիլմը նայել եմ հեռավոր 1997թ-ին, սկզբում՝ կեսից, ու ահավոր տպավորվել էի։ Երեխաներին, ընդհանրապես, շատ հեշտ է տպավորել, մանավանդ, եթե խոսքը գնում է վիզուալ առումով այդքան տպավորիչ ֆիլմի մասին։ Հետագա դիտումների ընթացքում ևս թերությունները նպատակային աչքաթող էի անում, որովհետև եթե ֆիլմը հենց սկզբում սիրել ես, հետագայում շատ դժվար է հրաժարվել կապվածությունից։
6. «Հրամայված է ոչնչացնել», (Executive Decision, 1996)
Հենց սկզբից ասեմ, որ փոքր տարիքում առանձնապես տարված չեմ եղել Սթիվեն Սիգալի մասնակցությամբ անվերջ «նիկոներով»։ «Օրենքից վերը» (Above the Law, 1988), որը հենց Նիկո Տոսկանիի մասին է (մյուս ֆիլմերում էլ Նիկո չի, բայց դե պիռատները բոլոր VHS-ների վրա գրում էին Нико-2, Нико-3, Нико-4… Нико-n) աղոտ եմ հիշում։ Իր ամենապոպուլյար «Պաշարման մեջը» (Under Siege, 1992), չնայած իմ տարեկիցների հիացմունքին, ինձ էնքան էլ չէր ոգևորել։ Սիքվելը՝ «Պաշարման մեջ 2. Մութ տարածքը» (Under Siege 2: Dark Territory, 1995), փոքր ժամանակ ահագին տպավորել էր, բայց հիմա որ նայեք, կզգաք, ինչ տիպի աղբ է («պոյեզի կինոն» տպավորել էր, որովհետև գժվում էի գնացքների համար)։ Մի ֆիլմ էլ կար՝ Ալյասկայում նավթամշակողների մասին, «Մահացու տարածքում» (On Deadly Ground, 1994) էր կոչվում, էլի աղոտ եմ հիշում, բայց էլի հիմա որ նայեք, ահավոր աղբ է (ինքն էլ ռեժիսորն է)։ Կարճ ասած, միջինում Սթիվեն Սիգալի կարիերայում նորմալ կինո գրեթե չի եղել, 2000-ականներին ընդհանրապես խրցով աղբի մեջ էր նկարվում։ Զարմանալի ոչինչ չկա, Սիգալի նման անդուր, անտաղանդ, հակակրանք առաջացնող մարդ դեռ պետք է փնտրել։ Բայց «Հրամայված է ոչնչացնելը» լրիվ այլ պատմություն է։
Ինչո՞ւ է «Հրամայված է ոչնչացնելը» լրիվ այլ պատմություն։ Եթե հիմա ասեմ, ահավոր սփոյլեր արած կլինեմ նրանց համար, ովքեր ֆիլմը չեն նայել։ Հավատացեք, էդ պահի համար էս ֆիլմն արժի նայել։ Ինքը մի եսիմինչ չի, ահագին ամուր ու սովորական մարտաֆիլմ է պատանդներով ինքնաթիռի մասին, բայց էդ պահի համար էս ֆիլմն արժի սիրել։ Պրոդյուսեր Ջոել Սիլվերը, ով 90-ականների բլոկբաստերային հսկաներից էր, սիրում էր ռիսկի դիմել. «Մատրիցան» (The Matrix, 1999) ձեզ օրինակ: Սցենարիստներ Ջիմ և Ջոն Թոմասները, ովքեր ստեղծել են լեգենդար «Գիշատչին», ունեն հումորի շատ նուրբ զգացում, որն էլ արտահայտվում է ֆիլմի էդ դրվագով։ Ֆիլմը նկարած Սթյուարտ Բեյրդը ոչ թե ռեժիսոր է մասնագիտությամբ, այլ մոնտաժող․ նա, բացի սա, նկարել է միջինոտ «Միացյալ Նահանգների մարշալները» (U.S. Marshals, 1998) Թոմի Լի Ջոնսով ու Ուեսլի Սնայպսով, որը լեգենդար «Փախստականի» (The Fugitive, 1993) սփինօֆֆն է ու էլի միջինոտ «Աստղային ուղի. Նեմեզիսը» (Star Trek: Nemesis, 2002)։
«Հրամայված է ոչնչացնելը», էլի եմ կրկնում, ահագին պինդ մարտաֆիլմ է, էստեղ ուղղակի աննկարագրելի, դեմոնիկ Դեյվիդ Սուշե է (Պուարոյի լեգենդար դերակատարը «Ագաթա Քրիստիի Պուարոն» (Agatha Christie’s Poirot, 1989-2013) հիանալի սերիալում)՝ լրիվ այլ ամպլուայում, էստեղ կա դրայվ, էստեղ կա լարվածություն․․․բայց, ամենակարևորը, էստեղ կա անսպասելիության էն դրվագը, որի համար ֆիլմն արժի նայել։
Լավ հիշում եմ, առաջին անգամ նայել եմ Մարտունիում, տանը, Մարտունու կաբելային ալիքով։ Ու էդ պահին աչքերս չռել էի, չէի հավատում տեսածիս։ Իսկ, ընդհանուր առմամբ, ֆիլմը ինձ ահավոր տպավորել էր, ինքը էն ժամանակ ահագին հագեցած, հարուստ մարտաֆիլմի տպավորություն թողեց։
Հ. Գ. Ֆիլմի կոմպոզիտոր Ջերի Գոլդսմիթը շատ չի խորացել, դրել է սեփական «Օտարի» (Alien, 1977) կոմպոզիցիաներից կտորներ է օգտագործել:
7. «Գայլ», (Wolf, 1994)
Մարդագայլերը կամ վեռվոլֆերը էն հրեշներն են, որոնք, վամպիրների հետ գրեթե հավասար, մեծապես ազդել են իմ երևակայության վրա՝ անընդհատ փոթորկելով այն։ Հա, ես նկարել եմ տարբեր չափերի, ձևերի, կատաղության մարդագայլեր, իսկ նրանց մասնակցությամբ հորրոր դրվագները, որ գրել եմ մեծաքանակ մակուլատուրայի տեսքով, թիվ չունեն։ Ես էնքան եմ սիրում մարդագայլերին, որ պատրաստ եմ նայել իրենց մասնակցությամբ ցանկացած թռեշ։
Այս բարի ու փափլիկ արարածների հետ իմ առաջին գիտակցական հանդիպումը, թերևս, վաղ մանկության այն ջերմ ամառային երեկոներից մեկն էր, երբ մութն ընկնելուն պես թաղի երեխեքով հավալայից ու հալամուլայից հոգնած՝ հավաքվում էինք՝ միմյանց տարբեր տեսակի վախենալու պատմություններով վախեցնելու։ Գիշերը տեղերում երեխեքին խեղդող սև ձեռքեր, հարևանի լքված տան ուրվականներ (տանտիրոջ նեխող դիակը՝ հատակի տակ) և այլն։ Պատմությունները բոլորը հորինած էին, մեծ մասը հորինվում էր տեղում, որոշներն էլ այլ մարդկանցից լսելուց հետո էին փոխանցվում։
Նման երեկոներից մեկի ժամանակ մեր ընկերներից մեկն, ով մեզանից մի քանի տարով մեծ էր, պատմեց, թե ինչպես է իր պապը գյուղի մոտի անտառում «գյոռնափշտիկ» բռնել թակարդի մեջ։ «Գյոռնափշտիկը», նրա նկարագրությամբ, դա գայլի գլխով բրդոտ մարդանման արարած է՝ շատ կատաղի ու վտանգավոր։ Պապը էգ «գյոռնափշտիկ» էր բռնել՝ ձագի հետ։ Ու մեր ընկերը պատմում էր, որ անձամբ է տեսել գոմում շղթայով կապված հրեշին։ Պապն, իբր, մոր աչքի առաջ կացնով սպանել էր ձագին, ինչից հետո մայրն ամբողջ գիշեր գայլի նման ոռնացել էր։
Իհարկե, մենք հավատում էինք յուրաքանչյուր բառին, որովհետև չհավատալու պատճառ չկար։ Փոքր ժամանակ աշխարհում ինչ սատանայական բան ասես, կար։ Ու մարդագայլի այդ կերպարը, շատ հստակ դաջված իմ երևակայության մեջ, դեռ երկար ժամանակ գիշերները հանգիստ չէր տալիս։ Հետո, երբ եղան առաջին ֆիլմերը, երևակայության մեջ ձևավորված կերպարն ավելի հստակ դարձավ։ Ու այդ հստակեցնող առաջին ֆիլմերից մեկը հենց Մայք Նիկոլսի «Գայլն» էր։
Ֆիլմի մասին, հիշում եմ, ինչ-որ փոքր դրվագ տեսել էի հեռուստացույցով ինչ որ հաղորդման ընթացքում։ Բուն ֆիլմը նայեցի ընկերուհուս տանը։ Ու թեև ինքնին ֆիլմում «մարդագայլային» էքշնը քիչ է, անկրկնելի Ջեք Նիկոլսոնին ու Ջեյմս Սփեյդերին, գրպանից մատեր հանելն ու վերջին մենամարտը անհնար է մոռանալ։ Հիմա էլ պարբերաբար վերանայում եմ։
8. «Ժայռամագլցող», (Cliffhanger, 1993)
Ռեժիսոր Ռենի Հարլինն ախր շատ հակասական կերպար է։ Մի կողմից, իր մի շարք ֆիլմեր շատ կարևոր են 90-ականների մեյնսթրիմի (ինչպես նաև՝ ինձ) համար, բայց մյուս կողմից Հարլինը բառի բուն իմաստով ոչնչացրեց իր ժամանակի ամենաբեղմնավոր ու մեծ հեռանկարներ ունեցող ստուդիաներից մեկը՝ Carolco-ն, իսկ պրոդյուսերներ Մարիո Կասսարն ու Էնդրյու Վայնան հայտնվեցին դրսում ու զրկվեցին իրենց մի կտոր հաց ու սև խավիարից։ Դա աններելի է, որովհետև երբ պատկերացնում ես, թե ինչ ֆիլմեր կարող էր տալ մեզ ստուդիան հետագայում, սիրտդ ճմլվում է։
Բայց Հարլինը դրական կողմեր էլ ունի։ Թեկուզ մեզ մանկությունից քաջ հայտնի «Ժայռամագլցող» մարտաֆիլմը, որը, չնայած լեռնագնացության հետ կապ ունի այնքան, որքան Դմիտրի Ռոգոզինը՝ տիեզերագնացության հետ, բայց թե իր ժամանակին, ու թե հիմա ահագին լարված, հագեցած ու փոթորկային էքշնով մարտաֆիլմ է։ Սիլվեստր Ստալոնեի մասնակցությամբ լավագույն մարտաֆիլմերից մեկը։
«Սկալալազի» մասին մինչև նայելը ես իմացել էի հեռուստացույցով անընդհատ պտտվող գովազդային հոլովակից։ Հիշո՞ւմ եք, էն հիանալի տարիներին ամեն ուրբաթ օր «Երրորդ ալիքն» էր՝ իր հետաքրքիր թեմատիկ բլոկերով (օրինակ՝ Party Zone-ը հիշո՞ւմ եք), իսկ օրվա վերջում՝ Արտավազդ Եղոյանի թարգմանությամբ ֆիլմով։ Այ, «Ժայռամագլցողն» առաջին անգամ նայել եմ հենց այդ ժամանակ։
Ասել, որ տպավորված էի, կնշանակի ոչինչ չասել։ Հենց սկզբում իմ համար մանկական հոգեբանական տրավմա էր կնոջ անկման տեսարանը, որը դեռ երկար էր ինձ հետապնդելու։ Ու չնայած չափազանցվածությանը, ֆիլմի էքշնը իրոք տպավորիչ է ու հնարամիտ, լարվածությունը չի թողնում, իսկ գլխավոր հերոսին լրիվ ապրումակցում ես, որովհետև սա ոչ թե անհաղթելի Ջոն Ռեմբոն է, այլ սովորական փրկարար։
9. «Փախստականը», (The Fugitive, 1993)
Եվպրաքսիա, 45 տարեկան, մանկավարժ
Պաշտում եմ էս ֆիլմը։ Փոքրուց եմ սիրել։ Էն, որ առաջին իսկ դիտումից սիրահարվում ես ու հետո էնքան ես նայում, որ առանձին դրվագների ու ցիտատների ես բաժանում մտքում։ Հա, 90-ականների սկզբին «բեգլեցը» (էդպես գիտենք ֆիլմը) պարբերաբար ցուցադրում էին «Երրորդ ալիքով»։ Հիշում եմ, ինչ աստիճանի էր տպավորել հատկապես գնացքի պահը, ինչ կարգի էինք «բալետ անում» էդ խեղճ մարդու համար (էն ժամանակ չէի պատկերացնում, որ «խեղճ մարդը» Ինդիանա Ջոնսն ու Հան Սոլոն էր, չնայած երկուսին էլ մինչ այդ տեսել էի, բայց դերասանին տեղը չէի բերել, այ էդքան խեղճ էր էս ֆիլմում)։ Կարճ ասած՝ մանկությանս ամենավառ հիշողություններից մեկն է այս ֆիլմը։
Իսկ եթե զուտ անձնական էմոցիաներից կտրվենք ու փորձենք օբյեկտիվորեն նայել, ապա, նորից, «Փախստականը» հիանալի թրիլլեր է, որը ժամանակի հետ բացարձակ չի կորցրել իր հմայքը։ 60-ականներին ահագին պոպուլյար սերիալի հիման վրա նկարված ֆիլմի դրամատուրգիայով զբաղվել է Դեյվիդ Տուին, ով զրոյականներին կհիացնի բոլորին իր Ռիչարդ Ռիդիկով։ Ծուղակն ընկած մարդու պայքարն իր կյանքի ու անվան համար, սխալի պատճառով կործանված կյանքից կառչելու ճիգերը, ինքնապահպանման բնազդն ու արդարության զգացումն այս ֆիլմում այնքան վառ ու սուր են արտահայտված, որ հասնում են հերոսին ապրումակցելու բարձրագույն աստիճանի։ Ամեն անգամ նայելուց վերապրում ես այն ամենն, ինչ ապրում է հերոսը։
Առանձին անհրաժեշտ է նշել Էնդրյու Դեյվիսի պինդ ու վստահ ռեժիսուրան, ով անգամ PG-13 ռեյթինգով հասնում է լրիվ ոչ մանկական լարվածության։ Դեյվիսից մի քանի այլ ֆիլմ էի նայել՝ Սթիվեն Սիգալով «Օրենքից վերն» ու «Պաշարման մեջը», որոնք բացարձակ չեն տպավորել, ու «Շղթայական ռեակցիան» (Chain Reaction, 1996) Կիանու Ռիվսով, որը տպավորել էր, բայց հիմա սպանեք, չեմ հիշի։ Զգո՞ւմ եք ինչ կարևոր է դրամատուրգիան։ Նաև անհրաժեշտ է առանձին նշել Թոմի Լի Ջոնսի աննկարագրելի խաղը, ով այս դերի համար արժանացավ «Օսկար» մրցանակի «Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դեր» անվանակարգում։ Կարճ ասած, պարբերաբար նայելու ու վերհիշելու կինո է:
10. «Եզրը», (The Edge,1997)
Կոլյա, 38 տարեկան, ջրասուզակ-փրկարար
Ֆիլմ, որն 90-ականներին ահռելի ազդեցություն է թողել ինձ վրա։ Տո ի՞նչ ահռելի․ էս ֆիլմի առաջին դիտումն ինձ համար ունեցավ ջերմամիջուկային ռումբի էֆեկտ։ Նորզելանդացի Լի Տամահորին առանձնահատուկ տաղանդի տեր անձնավորություն չի, միջինոտ արհեստավոր է, ով ի վիճակի է նկարել միջին բյուջեով ու միջին ամրության բլոկբաստերներ, պլյուս՝ զարհուրելի «Մեռիր մի ուրիշ օրը» (Die Another Day, 2002)։ Բայց «Եզրը» լրիվ այլ պատմություն է, ու սխալ կլինի էս ֆիլմի ազդեցությունն իմ վրա կապել միայն այն հանգամանքի հետ, որ ես այդ ժամանակ 10 տարեկան էի, որովհետև ցանկացած նոր դիտման ընթացքում այն ունենում է նույն ազդեցությունը․ ոգեշնչում, ոգևորություն, մանկական հրճվանք։ Մոտավորապես նույնն, ինչ ես զգում էի փոքր տարիքում Ջեք Լոնդոն, Արթուր Կոնան-Դոյլ, Վախթանգ Անանյան կարդալուց։
Նկարագրել այն, թե ինչ եմ զգացել առաջին դիտմանը, երբ լրիվ միամիտ Աբովյանի կաբելային ալիքով սկսեցի նայել ֆիլմը, անհնար է։ Արջի հայտնվելու պահից ոգևորությանը խառնվեց ահարկու սասփենսը, որից արյունը երակներումդ սառչում է։ Էն, որ համ վախենում ես, համ ուզում ես նայել։ Դրա արդյունքն այն էր, որ որոշեցի ապագայում նկարել այլ ֆիլմ՝ ավելի մեծ գրիզլիի մասին, որը բառի բուն իմաստով պատառ-պատառ է անում մարդկանց։ Հետո վերցրի ինչ-որ տետր ու սկսեցի պատմվածք գրել Դիլիջանի անտառներում կորած դեռահասների մասին, ովքեր վերջում անտառի խորքում դիվային տուն են գտնում, մտնում են էդ տուն ու հանդիպում տարբեր տեսակի հրեշների՝ վամպիրներ, զոմբիներ և այլն։ Բայց մինչ այդ, մթին անտառում նրանց արջ է հանդիպում, որը ծանր վիրավորում է նրանցից մեկին (խժռում է ոտքը, գրեթե ֆիլմի նման)։ Հետո վիրավորի ոտքն ուռչում է, սա ջերմում է, տառապում, բայց գիշերով խեղճին անհայտ հրեշները տանում, լափում են․․․կարճ ասած, երեխական ֆանմեյդ պատմություն Goosebumps-ի ոճում՝ մասամբ ոգեշնչված էս ֆիլմով։
Լոնդոնի ու Անանյանի վրա մեծացածները լավ կհասկանան, թե ինչի եմ ես էդքան սիրում էս, կարծես, պարզունակ ֆիլմը։ Սա էն ժամանակների մասին է, երբ աշխարհում դեռ կային անհայտ ու անհասանելի, վայրի տեղեր, որոնք վտանգավոր էին մարդու համար ու բաց, որ խիզախներն իրենց հայտնաբերեն։ Էն ժամանակվա կինոյում արկածների ոգին մի քիչ այլ կերպ էր մատուցվում, քան հիմա, ու հենց էդ ոգին է, գումարած Էնթոնի Հոպքինսի ու Ալեկ Բոլդուինի հիանալի խաղի, վառ ու հիշվող երաժշտության հետ, որ էս ֆիլմն էդքան արժեքավոր է դարձնում։
11. «Ջնջողը», (Eraser, 1996)
Նախ, մի փոքր պատմական ակնարկ։ 90-ականների վերջերին ու զրոյականների սկզբին, ինտերնետի բացակայության պայմաններում, կինոյի մասին նորություններ հիմնական աղբյուրը, բացի հեռուստատեսությունից, տարբեր շաբաթաթերթերն էին։ Իսկ ավելի կոնկրետ, «Եթեր» ու «TVալիք» շաբաթաթերթերը, որտեղ, բացի հեռուստաալիքների ծրագրից, տպվում էին նաև նորություններ շոու բիզնեսի, այդ թվում՝ կինոյի մասին (չգիտեմ, ինչ թարմության)։ Կոնկրետ ես ամեն շաբաթ գնում էի «Եթեր»-ի ռուսերեն տարբերակը՝ «Эфир»-ը, որովհետև, նախ, այստեղ կինոյի մասին ավելի շատ էր ու մանրամասն, տեքստերն էլ շատ ավելի լավն էին (երևի ինչ-որ ռուսական աղբյուրներից էին օգտվում)։ Համարներում կարելի էր գտնել ինչպես նորություններ սպասվող ֆիլմերի մասին, այնպես էլ հարցազրույցներ, շշուկներ, ռեվյուներ և այլն։ Ես էդ ամենը խնամքով կտրում էի ու սոսնձով կպցնում առանձին տետրերի մեջ (որոնք մինչև հիմա կան)։
«Ջնջողի» գոյության մասին ես իմացա հենց «Эфир»-ի հերթական համարից (կարծեմ, 1997թ-ի փետրվարի համարներից մեկն էր), իսկ Առնոլդ Շվարցենեգերի ֆիլմ բաց թողնելն ինձ համար խայտառակություն էր։ Տեքստում նշվում էր, որ ֆիլմի բյուջեն աստղաբաշխական է (100 մլն դոլար), ու որ նման հզոր Արնի ոչ մի ուրիշ ֆիլմում երբեք չի եղել (բացահայտ սուտ)։ Իհարկե, դա գտնելն ու նայելը դարձավ գերագույն նպատակ։
Չակ Ռասելը, լինելով միջին ձեռքի արհեստավոր, նկարել է մի քանի կուլտային ու կիսակուլտային ֆիլմ, որոնցից կարևորը, թերևս, «Դիմակն» (The Mask, 1994) էր, որը գերաստղի կարգավիճակի հասցրեց Ջիմ Քերիին ու Կեմերոն Դիասին։ Ու թեև «Ջնջողը» Շվարցենեգերի կարիերայի մի երևելի կետ չէր, սակայն սա ահագին պինդ եփված «քյալփաթի» մարտաֆիլմ է ուղիղ 90-ականներից՝ մի քանի խիստ տպավորիչ դրվագներով, որոնցից ամենաթունդն ինձ համար էն ժամանակ կոկորդիլոսների դրվագն էր։ Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվեց Հ2-ով, ընդ որում՝ CamRip-ով (ես էլ դեռ զարմանում էի, ինչի է ամբողջ ֆոնը դեղին)։ Բայց տպավորիչ էր. ինքնաթիռի դրվագը, Ջեյմս Կաանը, սուպերզենքերը...
12. «Դանթեի լեռնագագաթը», (Dante's Peak, 1997)
Դեռահաս տարիքում, ֆանտաստիկայից ու հորրորից զատ, իմ սիրելի ժանրն էր ֆիլմ-աղետը։ Երկրաշարժ, հրաբուխ, փոթորիկ, հրդեհ՝ տարերքի ու դրա անսահման հզորության մոտ մարդկային անկարողության մասին պատմությունները գրավում էին, գրգռում երևակայությունը։ Իսկ քանի որ փոքր ժամանակ ամեն ինչ իր իրական մասշտաբներից մեծ է երևում, ազդեցությունը շատ ավելի ուժեղ էր։
Նորզելանդացի Ռոջեր Դոնալդսոնի «Դանթեի լեռնագագաթի» մասին առաջին անգամ իմացա «Կոմպյուտեր ժամ» հաղորդաշարից (կանոնիկ հաղորդաշարից, որը վարում էին Բագրատ Սարգսյանն ու Լուսինե Շահբազյանը, ոչ թե հետո «Արմանիա»-ով եթեր գնացող խղճուկ կրկնօրինակից). ֆիլմերի ու հատուկ էֆեկտների մասին բաժնում հենց նույն Բագրատ Սարգսյանը պատմում էր հրաբխի մասին ֆիլմից, դրա «հարյուր միլիոնավոր դոլարների հասնող բյուջեի» ու բացառիկ էֆեկտների մասին՝ միաժամանակ ցույց տալով ահավոր տպավորիչ դրվագներ։ Բուն ֆիլմը ես նայեցի մեկ կամ երկու տարի հետո, ու ի տարբերություն նույն ժամանակներում դուրս եկած՝ Միկ Ջեքսոնի «Հրաբուխի» (Volcano, 1997), սա իրոք ինձ տպավորեց։
Դժվար է ասել, թե ինչով է այս ֆիլմը լավը։ Սյուժետային առումով պարզունակ պատմություն է փոքր քաղաքի գլխին պատուհասած հրաբխի մասին, ընդ որում՝ հերոսները կարողանում են ողջ մնալ անգամ ամենաանելանելի իրավիճակներում ու միշտ՝ վերջին պահին։ Բայց մթնոլորտը, հատուկ էֆեկտները, չարագույժ երաժշտությունը, նախկին Բոնդ Փիրս Բրոսնանն ու հավերժական Սառա Քոնոր՝ Լինդա Հեմիլտոնը բացասական կողմերը ուղղում էին, շտկում սուր անկյունները։ Արդյունքում, չնայած ֆիլմն իրոք երկնքից աստղեր չի որսում, ամեն անգամ նայելուց հաճույք եմ ստանում։
13. «Վիրուս», (Virus, 1999)
Նազելի, 45 տարեկան, մանկաբարձ-գինեկոլոգ
Ջեյմի Լի Կերտիսը հարցազրույցներից մեկում նշել էր, որ «Վիրուսը» դա ամենավատ ֆիլմն է, որում նա ընդհանրապես խաղացել է։ Դերասանուհին մի քանի այլ, ավելի սուր ածականներ էր օգտագործել, բայց դրանց մասին ավելի լավ է լռեմ։ Մի կողմից՝ լրիվ հասկանալի է. խաղալ «միակ ճիշտ կնիկ» հիմարների թվում, կասկածելի հաճույք է։ Կրկնակի տհաճ է, երբ քեզ հրավիրում են 75 միլիոն դոլար, այսինքն՝ բարձր բյուջե ունեցող բլոկբաստերում խաղալու, բայց կինոթատրոնից դուրս ես գալիս երկրորդ սորտի B-movie նայած լինելու կայուն զգացումով։ Այ էդպիսին է հատուկ էֆեկտների մասնագետ Ջոն Բրունոյի «Վիրուս» գիտաֆանտաստիկ հորրորը՝ հիմնված Չակ Պֆարերի ու Dark Horse Comics-ի համանուն կոմիքսի վրա։
Իսկ ամեն ինչ սկսվում էր այնքան լավ։ Ինքը՝ կոնցեպտը, հրաշալի է։ Գաղափարը, որ կյանքը, ավելին՝ բանականությունը, կարող է ներկայացված լինել ոչ միայն ածխածնային հիմքով, նորություն չի։ Այն կարող է լինել նաև, օրինակ, էլեկտրամագնիսական ճառագայթման, պլազմայի, քվանտային դաշտերի տատանումների, ջերմային տատանումների և այլնի տեքսով, բնականաբար, դա խիստ սպեկուլյատիվ միտք է։ Ու, իհարկե, մենք ոչ մի դեպքում, անգամ դեմ-դիմաց հանդիպելիս, չենք կարող հասկանալ, որ դա կյանքի տեսակ է։ Բայց եթե այն լինի, այդ կյանքը կլինի շատ ավելի «ամենաթափանց» ու կկարողանա անել բաներ, ինչի մասին մենք չենք էլ պատկերացնի։ Օրինակ, գրավել ռուսական գիտահետազոտական նավ, սկսել ռոբոտների արտադրություն, ապա՝ հայտնաբերել նոր ֆետիշ՝ ռոբոտներին խառնելով մարդկանց հետ ու ստանալով բիոմեխանիկական արարածներ, կիբորգներ։ Նորից եմ կրկնում, գաղափարը հրաշալի է, բայց, այ, իրագործումը, մեղմ ասած, ոչ։
Հիմնական խնդիրը ոչ միայն ֆիլմի հերոսների, այլև անգամ գլխավոր չարիքի «տափակությունն է». հեղինակները փորձում են ստանալ «Alien-ը ծովում», բայց ստացվում է «հիմարները փախչում են անհայտ, անհասկանալի բանից»։ Այդ դեպքում կհարցնեք՝ ինչո՞ի եմ ես ընտրել հենց էս ֆիլմը։ Պատասխանը շատ պարզ է. չնայած ֆիլմն ահավոր միջակություն է, ես այն սիրում եմ։ Որովհետև էստեղ ուղղակի շքեղ հրեշներ են ու աննկարագրելի creature effect-ներ։ Միգուցե Ջոն Բրունոն չի հասկանում ռեժիսուրայից, օպերատորական աշխատանքից, դրամատուրգիայից ու դերասանական խաղից, բայց նա հրաշալի տիրապետում է իր մասնագիտությանը. հատուկ էֆեկտների ու հրեշների հարցում ամեն ինչ շատ լավ է, իսկ 90-ականների վերջին կինոյի իմ պրիորիտենտների թվում դրանք առաջին տեղերում էին։ Դրանով ֆիլմը հիշեցնում է դրանից մեկ տարի առաջ էկրաններ բարձրացած «Վերելքը խորքից» (Deep Rising, 1998), որը ես էլի նույն պատճառներով եմ սիրում։
14. «Ջրաշխարհ», (Waterworld, 1995)
Կլառա, 41 տարեկան, տնային տնտեսուհի
Mad Max-ը՝ օվկիանոսում, Գրետա Թունբերգի մղձավանջը (չնայած Երկրի վրա այդքան սառույց չկա, որ ցամաքի զգալի մասը ծածկի հալվելուց), իր ժամանակ՝ երբևիցե նկարված ամենաթանկարժեք ֆիլմը (95թ-ի համար 175 մլն դոլարը ֆանտաստիկ էր), ծայրահեղ ռիսկային ու ոչ միանշանակ, բայց, նաև, էպոխալ ֆիլմ։ «Ռոբին Հուդ. Գողերի արքայազնը» (Robin Hood: Prince of Thieves, 1991) ֆիլմի ռեժիսոր Կևին Ռեյնոլդսի ֆիլմը՝ հիմնված Պիտեր Ռեյդերի՝ դեռ 1986թ-ին գրված սցենարի վրա, քացու տակ գցեցին բոլորն, ով հասցրեց. կինոքննադատները, կինոդիտողները, կարճ ասած՝ բոլորը։ Անգամ Դենիս Հոպերին «Ոսկե ազնվամորի» տվեցին տեղական Immortan Joe-ին՝ Դյակոնին մարմնավորելու համար։ Բայց ես ամբողջ սրտով, առաջին իսկ դիտումից, սիրում եմ էս ֆիլմը ու երբեք չեմ հասկացել քննադատությունները։
Նախ, պետք է նշեմ, որ եթե դուք չեք նայել ֆիլմի՝ երեք ժամ տևողությամբ ռեժիսորական տարբերակն, ապա, կարող եք հաշվել, որ ֆիլմն ընդհանրապես չեք նայել։ Էպիկական, մասշտաբային, հագեցած բազում էլեմենտներով ու հնարամիտ էքշնով, բայց, էս ֆիլմում երկու ամենակարևոր բան կա։ Առաջինը՝ սեթինգը. «ծովային մարդկության» պատմության հիման վրա հնարավոր է ստեղծել բազում-բազում ֆիլմեր, կոմիքսներ, սերիալներ, խաղեր, տո ինչ ուզես, որովհետև օվկիանոսի վրա ապրող մարդկային քաղաքակրթության հետ տեղի են ունենում անթիվ-անհամար հետաքրքիր պատմություններ։ Ես զարմանում եմ, որ մինչև հիմա էս հրաշալի սեթինգը ոչ ոք չի կիրառում, զարգացնում, ընդլայնում, որպես լիարժեք, ինքնաբավ տիեզերք՝ իր տրամաբանությամբ ու կանոններով։
Երկրորդը՝ տեխնոֆաշիստի երազանքը, դիզելպանկոտ միջավայրը, դետալներ, որոնք ոչնչով չեն զիջում «Խելառ Մաքս. Ցասման ուղի» (Mad Max: Fury Road, 2015) ֆիլմին, իսկական այգազմ. ժանգոտված, կեղտոտ, մրոտ ու նավթոտ անիվներ, պտուտակներ, լամպեր, նավակներ, գնդացիրներ, խայտաբղետ կոստյումներ, մարդիկ։ Սա լավ մտածված ու մշակված սեթինգի ոչ պակաս լավ մտածված գեղարվեստական հավելումն է։ Ուղղակի աննկարագրելի, ահռելի մասշտաբի աշխատանք է տարվել այն ժամանակ, երբ CGI-ը դեռ պոպուլյար չէր ու պետք էր աշխատել ձեռքերով։ Կասկադյորների մի հսկա խումբ նկարահանման ընթացքում ուղղակի աներևակայելի հնարքներ է կատարել, որոնք անգամ այժմ կասկադյորական դպրոցներում են ուսումնասիրում։
Կարճ ասած՝ մոնումենտալ ֆիլմ է։ Նայեք անպայման ռեժիսորական տարբերակը։
15. «Ցերեկային լույս», (Daylight, 1996)
Համլետ, 43 տարեկան, երաժշտական պրոդյուսեր
Վերջերս փորձեցի նայել Ռոբ Քոենի վերջին՝ «Փոթորկային կողոպուտը» (The Hurricane Heist, 2018) ֆիլմ-աղետը. խայտառակություն էր։ Ահավոր տխուր է, որ «Վիշապի սրտի» (Dragonheart, 1996) ու «Ցերեկային լույսի» նման ֆիլմերի հեղինակը, ամուր վարպետություն ունեցող արհեստավորը, կարիերայի մայրամուտին վերածվել է թռեշ ստեղծողի։ Բայց էս գրառումը դրա մասին չի։ Էս գրառումն իմ սիրած ֆիլմ-աղետներից մեկի մասին է, որն իր ժամանակին ահավոր մեծ ազդեցություն էր թողել իմ վրա։
«Ցերեկային լույս» ես առաջին անգամ նայել եմ հեռավոր 97թ-ին։ Նայելն ուժեղ է ասված, որովհետև մենք ապրում էինք բավականին հետաքրքիր ժամանակահատվածում, երբ կեսից միացրած ֆիլմի մասին ինֆորմացիա անհնար էր ստանալ։ Հիմա ինչպե՞ս է. հեռուստացույցով միամիտ ֆիլմ միացրիր, կարաս կամ ինտերնետով, կամ կաբելայինի ֆիլմացանկով նայես, իմանաս ինչ ֆիլմ է։ 90-ականներին միակ հնարավորությունը կամ նախօրոք իմանալն էր, կամ էլ «Եթեր» ու «TV ալիք»-ով գտնելը։ Բայց Կիրովականում կար տեղական հեռուստաալիք, որը ոչ մի «եթերներում» էն ժամանակ չկար։ Ու հենց էդ ալիքով ես բռնացրի «Ցերեկային լույս»՝ կեսից, երբ թունելն արդեն պայթել էր, իսկ Ստալոնեն փորձում էր փրկել մարդկանց։ Ու հա, ես ահավոր, ահավոր տպավորվել էի։ Անգամ կինոն կեսից նայելուց հետո ես էն աստիճանի էի տպավորվել, որ (ինչպես և սովորաբար լինում էր) իմ ստեղծագործական ռեպերտուարում ընդգրկվեցին նաև թունելում փակված մարդկանց փրկվելու պատմություններն ու թեմատիկ նկարները։
Ինչն է հետաքրքիր։ Բնականաբար, ես այն ժամանակ ոչինչ չգիտեի Մանհեթենում Հոլանդի ավտոմոբիլային թունելի մասին, որն անցնում է Հուդզոնի տակով ու որում էլ տեղի են ունենում իրադարձությունները։ Միակ ստորջրյա թունելը, որի մասին էն ժամանակ գիտեի, դա Լա Մանշի տակով անցնող թունելն էր, ու մինչև երկրորդ դիտումը ես համոզված էի, որ իրադարձությունները հենց էդ թունելում են տեղի ունենում։ Իմ թեմատիկ մակուլատուրայում ու նկարներում էլ ես նորից տեղափոխում էի իրադարձությունները նույն այդ թունել, կամ ավելի խոշոր թունելներ էի հորինում, որոնք անգամ Ատլանտյան օվկիանոսի տակով միացնում էին Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի հետ:
Ֆիլմը ես ամբողջությամբ նայեցի ավելի ուշ։ Ինքը հիանալի է մինչև հիմա։ Սա ամենավախենալու ու լարված ֆիլմ-աղետներից մեկն է, իսկական նեռվի կծիկ, որը ոչ մի վայրկյան հանգիստ չի թողնում ու պահում է լարվածության մեջ։ Ֆիլմը հենց սկզբից ընդհանուր շտրիխներով կառուցում է լրիվ տարբեր, բայց հետաքրքիր կերպարների, որ հետո նրանց բոլորին նետի դժոխքն ու տեսնի, ինչ է ստացվելու։ Էս ֆիլմում կտեսնեք ամենավաղ շրջանի Վիգո Մորտենսենին ու Էմի Բրեննեմանին, էստեղ տպավորիչ ու մասշտաբային հատուկ էֆետներ են, ու էստեղ հզոր ու խարիզմատիկ Ստալոնե է։ Էս ֆիլմը լավ բլոկբաստերի հիանալի օրինակ է։