🖼️ #մշակութաPAN (136)
👨🏻🎨 Տարեսկզբին մեծ երազանքներն էլ ավելի վառ են ընդգծվում, ոգեշնչումն ու մոտիվացիան տասնապատկվում են, որոշում ենք, որ հենց այս տարի սարեր ենք շուռ տալու: Մի քանի ամիս էլ չի անցնում, ու կայծը, կարծես, մարում է: Իրականում ոգեշնչումը գործի կեսն է միայն, մյուս կեսը պահանջում է համառություն և կարգապահություն: Խոստանում ենք տարվա ընթացքում օգնել ձեզ պահել ոգեշնչման անհրաժեշտ չափաբաժինը, դե, իսկ կարգապահության մասով գնդակը ձեր դաշտում է: Տարին սկսենք արտառոց պատմություններից, որոնք ապացուցում են, որ իրական արվեստագետը չի որոշվում միայն դիպլոմով, արվեստն էլ չի սահմանափակվում զուտ ֆորմալ կրթությամբ, այլ ծնվում է անձնական փորձառության, տաղանդի, համառության միաձուլմամբ: PAN-ը պատմում է ինքնուս վարպետների մասին, որոնք ապացուցեցին, որ երբեմն հենց թերություններն ու փորձի պակասը կարող են դառնալ ստեղծագործության ամենաարժեքավոր ուղեցույցները՝
📖 lav.pan.am/selftaught
Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ
Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…
▪️ 2024-ը դասական երաժշտության համար ավանդական մոտեցումների և նորարարական լուծումների համադրման տարի էր. Տարվա ամենատպավորիչ և ազդեցիկ կատարումները նշանավորվեցին պրեմիերաներով, նվագախմբերի փայլուն ելույթներով, անհատ կատարողների համերգային շրջագայություններով, օպերաների նոր մեկնաբանություններով, երաժշտական ու թատերական բացահայտումներով. 2024-ին դասական երաժշտության գլխավոր նոտաներն ամփոփված են մեկ անդրադարձում՝ https://tinyurl.com/4b3wjkrh
▪️ Երաժշտությունը կարող է միավորել անգամ ամենափակուղային հանգամանքներում. Կա պատմություն, ըստ որի Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, 1914-ի դեկտեմբերին, երբ մարտեր էին ընթանում արևմտյան ճակատում, հակամարտող կողմերի զինվորները սուրբծննդյան տոնին երաժշտական «ընդմիջում» հաստատեցին և երգեցին տոնական երգեր ու բալլադներ: Կարդացեք, թե ինչպես կարող էին տոնն ու երաժշտությունը մի պահ կանգնեցնել անգամ համաշխարհային պատերազմը՝ https://tinyurl.com/yc784tvf
🇦🇲 Հայաստանում տարին սկսում ենք դասական երաժշտությամբ. Հունվարի 9-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում ելույթ կունենան միջազգային մրցույթների դափնեկիրներ, երիտասարդ տաղանդավոր հարավկորեացի երաժիշտներ Սյուզի Յունը (ջութակ) և Իսադորա Ջիին Կիմը (դաշնամուր)՝ https://tinyurl.com/2p8h923x
▪️ 2025-ը խոստանում է մի շարք հետաքրքիր ցուցահանդեսներ Եվրոպայում՝ Փարիզից մինչև Լոնդոն և Ցյուրիխ. Եթե այս տարի եվրոպական ճանապարհորդություն եք պլանավորում, ապա բաց մի թողեք Արտեմիզիա Ջենտիլեսկու ցուցադրությունը Փարիզում, որտեղ իտալացի նկարչի արվեստը նորովի բացահայտելու հնարավորություն կլինի, դիտարկեք նաև Յոշիտոմո Նարայի դեբյուտը Մեծ Բրիտանիայում, որը ներկայացնում է իր յուրահատուկ ոճը՝ արևմտյան արվեստի համատեքստում: Մյուս ցուցահանդեսները ներառում են նաև Մառլեն Դյումայի արդի մոտեցումը հին Աթենքի արվեստին, ինչպես նաև ժամանակակից և դասական արվեստի կապերը ներկայացնող մի շարք այլ ցուցահանդեսներ ևս՝ https://tinyurl.com/3mmparsv
▪️ 2025-ին մի շարք արվեստի գործեր, որոնք տարիների ընթացքում եղել են հեղինակային իրավունքի պաշտպանության տակ, կդառնան հանրային սեփականություն. Առհասարակ, տարբեր երկրներ այս առումով խիստ տարբեր օրենքներ ունեն, կան նաև դեպքեր, երբ օրենքները բավականին լղոզված են, ինչի հետևանքով էլ կերպարվեստում ևս հեղինակային իրավունքի պաշտպանության հարցը շարունակում է լուրջ հիմնախնդիր մնալ՝ https://tinyurl.com/34v88v9j
🇦🇲 Էդուարդ Մանեի «Մաքսիմիլիան կայսրի գնդակահարությունը» երկար տարիներ բաժանված էր չորս մասի, մինչև Էդգար Դեգայի միջոցով կտավը վերամիավորվեց. Այս կտավը, որը պատկերում է Մաքսիմիլիան I մահը, նախ մասերի էր բաժանվել հենց Մանեի կողմից, իսկ մահից հետո նրա ընտանիքը կտավը մաս-մաս վաճառել էր, վերականգնված տարբերակում էլ բացահայտ տարածություն էր թողնված՝ կտավի չգտնված մասերի համար՝ https://tinyurl.com/3h238jmb
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Ազնավուրից մինչև Շեր․ 2024-ին շատերը նորովի վայելեցին երաժշտության՝ ժամանակի ու սերունդների միջով անցած լեգենդար ստեղծագործությունները: Այս անդրադարձում մեկտեղված են տարվա ընթացքում նոր դիտանկյունից հայտնաբերված կամ վերածնված հին երաժշտական գործերը, որոնք շարունակում են լինել անսահման հուզիչ, բայցև թարմ շունչ են փոխանցում. Դասական դարձած գործերից մինչև անհայտ կամ մոռացված ստեղծագործություններ՝ բոլորն էլ երկրորդ կյանք ստացան, որովհետև ունկնդրի մոտ հուզական նոր շերտեր ձևավորեցին՝ https://tinyurl.com/yyvyddv9
▪️ Բոբ Դիլանի մասին պատմող նոր՝ A Complete Unknown ֆիլմը ներկայացնում է երաժշտի կյանքն ու կարիերան՝ հետաքրքիր մեկնաբանությամբ. Ֆիլմը փորձում է բացահայտել Դիլանի անհատականության և ստեղծագործության խորությունը՝ դիտարկելով նրան ոչ միայն որպես երաժշտի, այլև որպես մշակութային ֆենոմեն: Ֆիլմը ստեղծողները կանգնած էին բարդ ընտրության առաջ՝ դրվագային որոշ իրադարձություններ իրականում տեղի չեն ունեցել, բայց զգացմունքային առումով ու սցենարական իմաստով չափազանց տեղին էին: Այս ֆիլմը շոշափում է ոչ միայն Դիլանի երաժշտությունը, այլև այն յուրօրինակ աշխարհը, որ նա ստեղծել է՝ https://tinyurl.com/2xxwbn7t
🇦🇲 Հունվարի 9-ին Ուլիխանյան ակումբում ջազային մեղեդիներ կհնչեն. Վահագն Հայրապետյանի The Osmose Trio-ն խոստանում է ստեղծել երաժշտական միջավայր, որտեղ հավասարապես կան և իրականության տարրեր, և համարձակ երևակայություն՝ https://tinyurl.com/2arbpe5v
▪️ 2025-ը նոր է սկսվել, բայց կինոմաններն արդեն անհամբեր սպասում են տարվա գլխավոր ֆիլմերին. Համաձայնեք, որ այդ շարքում վավերագրականները վաղուց արդեն իրենց արժանի տեղն ունեն: Այս տարվա համար նախատեսվող ամենահետաքրքիր և սպասված դոկումենտալ ֆիլմերի ցանկը ներառում է ոգեշնչող պատմություններ՝ Ռիհաննայից մինչև Իլոն Մասկ, սոցիալական խնդիրներ բարձրացնող թեմաներ, պատմաքաղաքական անդրադարձներ: Կարդացեք, թե ովքեր են դառնալու այս տարվա փաստավավերագրականների թիրախները՝ https://tinyurl.com/394f78wp
▪️ Ռիդլի Սքոթը, որի համբավը լավ ֆիլմերից բացի հաճախ կախված է նաև իր սուր ու կտրուկ մեկնաբանություններից, կրկին հայտնվել է քննարկման կենտրոնում՝ այս անգամ Մալթայում հասունացող քաղաքական ճգնաժամի մեղադրանքով. Հարցազրույցներից մեկում Սքոթն ասել է, որ Մալթան իր ճարտարապետությամբ «պատմական գանձարան է», բայց նա «խորհուրդ չի տա գնալ այնտեղ արձակուրդներն անցկացնելու համար»: Այս խոսքերն արագ տարածվեցին սոցիալական մեդիայում, Մալթայի մշակույթի նախարարությունում էլ հրաժարականների կոչեր հնչեցին՝ https://tinyurl.com/2snrnzc7
🇦🇲 Տոնական տրամադրությունն ամեն կերպ փորձում է հեռանալ, բայց մենք չենք թողնում. Ամենասիրելի տոնական ֆիլմը՝ Home Alone-ը, գալիս է Արամ Խաչատրյան համերգասրահ. «Տանը մենակ» համերգային նախագիծը կկայանա հունվարի 9-ին, սիրելի երաժշտական հատվածները կհնչեն մեծ բեմում՝ https://tinyurl.com/yyjnay6n
▪️ Նյու Յորքում գործում է յուրահատուկ մի ցուցահանդես, որտեղ ներկայացված են գոյություն չունեցող գրքեր, որոնք ամբողջովին կյանքի են կոչվել արվեստի միջոցով. «Անհայտ և անավարտ գրքեր» խորագրով աշխատանքը ստեղծվել է գրող Ռիդ Բայերսի կողմից, որը դեռ 15 տարի առաջ էր հետաքրքրվել գոյություն չունեցող գրքերի գաղափարով: Այս ցուցահանդեսի շրջանակում ներկայացված է ավելի քան 100 գիրք, որոնք բաժանվում են երեք կատեգորիայի՝ անհետ կորած, անավարտ և երևակայական՝ https://tinyurl.com/mwf7svsh
▪️ Դե, իսկ տաճարներից մեկում գտնվող գրադարանում գրքերը բառացիորեն պահվում են կողպեքների տակ. Այս հազվագյուտ գրադարանը պահում է մի շարք գրքեր, որոնք ավելի հին են, քան Ամերիկայի պատմությունը: Այս գրքերի ու կրոնական մատյանների մեծ մասը միջնադարում են ստեղծվել, անհավանական ջանքեր ու ժամանակ են պահանջել, հետևաբար, դրանց պահպանման համար հավելյալ ջանքեր են անհրաժեշտ՝ https://tinyurl.com/d66dmvrd
🇦🇲 «Ես կանգնել էի ճանապարհին, շողերի փայլից շնչահեղձ… և հանկարծ շողշողացող անդունդներից թևերի փոթորիկ ելավ»... Հունվարի 14-ին կբեմադրվի ներկայացում՝ ըստ Վլադիմիր Նաբոկովի «Խոսքը» պատմվածքի՝ https://tinyurl.com/ye272tmc
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N135)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan