#մշակութաPAN
January 22

🖼️ #մշակութաPAN (138)

🪟 Ըստ հին առասպելների՝ մի ժամանակ մարդիկ պատերին որսի տեսարաններ էին նկարում ու հավատում, որ դա կօգնի հաջող որս ունենալ։ Հազարամյակներ անց մենք շարունակում ենք տան պատերը զարդարել պատկերներով, բայց այժմ դրանց նպատակը մի փոքր այլ է։ Ժամանակակից աշխարհում բարձր արվեստին մոտ ու ծանոթ լինելն ինտելեկտի ու բարձր ճաշակի նշան է, իսկ սեփական տանն արվեստի որևէ նմուշ ունենալը՝ կարևոր նախապայման։ Մի կողմից ցանկանում ենք, որ մեր տան պատերին կախված նկարներն արտահայտեն մեր անհատականությունը, մյուս՝ վախենում սխալ ընտրություն կատարել և «փչացնել» ինտերիերը։ Ոմանք խուսափում են վառ գույներից ու կարծում, որ դրանք կխախտեն ներդաշնակությունը, մյուսները չեն համարձակվում ընտրել աբստրակտ արվեստ՝ վախենալով, որ չեն կարողանա բացատրել դրա իմաստը հյուրերին։ PAN-ը բացահայտում է արվեստի գործերի ընտրության գաղտնիքները՝ գործնական խորհուրդներից մինչև հոգեբանական նրբություններ։ Կարդացեք, թե ինչպես կարելի է անշունչ տունը վերածել ոչ միայն հարմարավետ, այլև ոգեշնչող տարածքի, ինչպես է արվեստն ազդում մեր տրամադրության և ինքնազգացողության վրա, ինչպես կարող է մեկ կտավը փոխել ամբողջ սենյակի էներգետիկան, և, ի վերջո՝ ինչպես ընտրել արվեստի գործեր՝ վստահելով մեր ինտուիցիային ու ճաշակին՝
📖 lav.pan.am/interiorart


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Շշուկով խոսում եք հսկայական դահլիճի մի անկյունում, իսկ ձեր խոսքը հստակ լսվում է հարյուրավոր մետրեր այն կողմ՝ դահլիճի հակառակ կողմում. Միջնադարյան որոշ եկեղեցիներում ու պալատներում թաքնված են նման «ակուստիկ հրաշքներ», որոնք մինչև օրս էլ հետազոտողների համար ուսումնասիրման առարկա են: Կարդացեք, թե ինչպես են դարեր առաջ կառուցված շինությունները ձայների սիմֆոնիա ստեղծել, և ինչպես են ակուստիկ այս հատկությունները ոգեշնչել կոմպոզիտորներին` https://tinyurl.com/67wj3yxm

▪️ Ռութ Սլենչինսկան՝ 100 տարեկան վիրտուոզ դաշնակահարուհին, դեռ ութ տարեկանում է սկսել հաճախել դաշնամուրի դասերի, իսկ ուսուցիչը մեծանուն կոմպոզիտոր Ռախմանինովն էր. Այսօր ստացվել է այնպես, որ դաշնակահարուհին Ռախմանինովի վերջին ողջ մնացած աշակերտն է: Սա նշանակում է, որ նրա պատմություններում ամփոփված են բացառիկ մանրամասներ դարաշրջանի հանճարեղ կոմպոզիտորի, նրա խորհուրդների ու աշակերտի երաժշտական ճակատագրի մասին՝ https://tinyurl.com/5by5kfw9

🇦🇲 Հունվարի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Հայկ Մելիքյանի 2025-ի առաջին մենահամերգը՝ նվիրված հայ և շվեյցարացի մերօրյա կոմպոզիտորների ստեղծագործություններին՝ 2000+ նախագծի շրջանակում. Համերգի ընթացքում հնչելու են մի շարք հայաստանյան պրեմիերաներ՝ Հայնց Հոլիգեր, Բեթ Ֆուրեր, Միքայել Ժարել, Պիեռ-Անդրե Բովե, Վարդան Աճեմյան, Տաթև Ամիրյան և այլոք` https://tinyurl.com/5bn22yhs

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ 1910-ականների սկզբին իտալացի հեղափոխական Լուիջի Ռուսոլոն ստեղծեց աշխարհի ամենատարօրինակ նվագախումբը՝ բաղկացած մեքենա-գործիքներից, որոնք նման էին խողովակաձև բարձրախոսների և պահարանների. Այս զարմանահրաշ գործիքների անսամբլն առաջին անգամ հնչեց Լոնդոնում՝ 1914 թվականին: Ավելի քան 100 տարի անց ֆուտուրիստական նվագախումբը վերադառնում է՝ ներկայացնելու XX դարասկզբի ամենահամարձակ երաժշտական փորձարարություններից մեկը` https://tinyurl.com/4brb3k5t

▪️ Ի՞նչ կարող է պատմել գյուղական համայնքից սերող ուելսցի ոստիկանը, որը դարձավ աշխարհահռչակ Ուիթնի Հյուսթոնի անձնական թիկնապահը և որոշ վկայություններով անգամ ոգեշնչեց «Թիկնապահը» ֆիլմի ստեղծմանը. Դեյվիդ Ռոբերտսը՝ այժմ 72-ամյա նախկին թիկնապահը, իր գրքում բացահայտում է վեց տարվա ընթացքում երգչուհու կողքին ապրած ամենահետաքրքիր ու անսպասելի դրվագները: Ի դեպ, երբ նրան առաջարկել են աշխատել Հյուսթոնի հետ, տղամարդը հարցրել է. «Ուիթնի Հյուսթո՞ն, դա ո՞վ է»` https://tinyurl.com/mr29ynzn

🇦🇲 Հունվարի 26-ին The Armenian Colors կվարտետի ելույթը և երաժշտական գույները կարող եք վայելել Stop Club-ում. Համերգի առանցքային հարցն է՝ «որտե՞ղ է սկսվում կախարդանքը»՝ https://tinyurl.com/ytt9tfab

🎬 Կինոյից…

▪️ Դեյվիդ Լինչի ստեղծագործությունները ցնցեցին կինոյի ու արվեստի աշխարհը՝ առօրեականի մեջ բացահայտելով անբացատրելին և անգամ սարսափելին. Աշխարհահռչակ ռեժիսորը, որի անունով կոչվում է ստեղծագործական մի ամբողջ էսթետիկա՝ «լինչյան», բացի կինոյից, տասնամյակներ շարունակ ստեղծել է նաև կտավներ, լուսանկարներ և արվեստի այլ գործեր՝ ոգեշնչվելով մեծ արվեստագետներից ու ինքն էլ դառնալով ոգեշնչման աղբյուր: Կինոյի հանճարի պատգամն ու արվեստում թողած ժառանգությունը՝ Լինչի հիշատակին՝ https://tinyurl.com/2dtksju6

▪️ Հոլիվուդը սիրում է վերադարձի պատմություններ՝ comeback-եր, հատկապես երբ մոռացված աստղերը կրկին փայլում են հանճարեղ կինոնկարներում ու արժանանում վաղուց արժանի պարգևների. տասնամյակների լռությունը խզելու համար երբեմն բավական է մեկ դիպուկ դերակատարում: Բացահայտեք, թե ինչպես են Ջոն Տրավոլտայի, Դեմի Մուրի և այլ աստղերի փառահեղ comeback-երը ոգեշնչում հանդիսատեսին և գործընկերներին, և ինչու են մարդիկ այդքան սիրում «երկրորդ շանսի» պատմությունները` https://tinyurl.com/mr3vbn2v

🇦🇲 Բանակի օրվան ընդառաջ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում հունվարի 26-ին տեղի կունենա «Թևանիկ» ֆիլմի ցուցադրությունը, որից հետո կլինի քննարկում ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի և գլխավոր դերակատարների հետ` https://tinyurl.com/prf9j49x

📚 Գրականությունից…

▪️ Լինում են դեպքեր, երբ մեկ գիրքը կարող է արժենալ ավելին, քան Porsche մեքենան. Ամեն դեպքում՝ այդպես է մտածել նյույորքցի նյարդավիրաբույժ Յուջին Ֆլամմը, որը տասնամյակներ առաջ վաճառել է իր մեքենան՝ ձեռք բերելու 1555 թվականին տպագրված բժշկական հազվագյուտ մի գիրք: Կարդացեք, թե ինչպես է բժշկական գրքերի այս եզակի հավաքածուն դարձել նյարդավիրաբույժի ամբողջ կյանքի գործը` https://tinyurl.com/56t39w5u

▪️ Ի՞նչն էր «ստիպում» հարուստ ու կրթված կնոջը պայքարել հասարակության կարծրատիպերի դեմ, երբ կարող էր պարզապես վայելել իր արտոնյալ կյանքը. Իզաբելլա Սթյուարթ Գարդները՝ տիպիկ ամերիկյան մեծահարուստի դուստրը, որոշեց իր կյանքը նվիրել մի առաքելության՝ արվեստը հասանելի դարձնել ամերիկացիներին: Ժամանակի լավագույն մտավորականներով շրջապատված կինը ոչ միայն արվեստի բացառիկ հավաքածու ձևավորեց, այլև դարձավ մշակութային հեղափոխության առաջամարտիկ՝ ապացուցելով, որ «երիտասարդ Ամերիկային» արվեստ էր հարկավոր ճիշտ այնքան, որքան տնտեսական զարգացում՝ https://tinyurl.com/ttyv2wyr

🇦🇲 Պոեզիան երբեմն կարող է դառնալ ճանապարհորդություն դեպի մեր ենթագիտակցության խորքերը. Յանա Շահնազարովան՝ ճանապարհորդող բանաստեղծուհին և մեծն Շիրվանզադեի ժառանգը, ներկայացնում է բանաստեղծական-թերապևտիկ երեկո, որը խոստանում է դառնալ յուրօրինակ ուղեցույց դեպի հոգու անծանոթ խորքերը` https://tinyurl.com/nh8bjtuw

🏛️ Կերպարվեստից…

▪️ Այս պատմությունը սկսվեց արծաթե մի մատանուց, որը ֆրանսիացի քանդակագործ Բերնար Վենեն ինքն էր ստեղծել ապագա կնոջ համար. Ահա այսպես սկիզբ դրվեց զարդերի յուրահատուկ մի հավաքածուի, որտեղ կարելի է գտնել Պիկասոյի, Դալիի և այլ հանճարների ձեռքով պատրաստված եզակի զարդեր: Այժմ ավելի քան 150 նմուշից բաղկացած այս հավաքածուն ցուցադրվում է թանգարանում՝ բացահայտելով արվեստի պատմության քիչ հայտնի էջերից մեկը` https://tinyurl.com/euszprpv

▪️ 180 արտեֆակտ, բազմաթիվ պատմություններ, հազարավոր տարիների կանացի ճակատագրեր. Աթենքի արվեստի թանգարանը ներկայացնում է բացառիկ ցուցահանդես, որը բացահայտում է հին հունական կղզիների կանանց կյանքի անհայտ էջերը: Նախապատմական շրջանից մինչև միջնադար ընկած ժամանակահատվածում ստեղծված արձանները պատմում են աստվածուհիների, կրոնական պաշտամունքի առարկաների, մայրերի և մարմնավաճառների մասին՝ ցույց տալով, թե ինչպես են կանայք դիմակայել խիստ հայրիշխանական հասարակության մարտահրավերներին` https://tinyurl.com/yer8vb8d

🇦🇲 Երևանաբնակ արվեստագետ Լուսինե Նավասարդյանի «Լռություն» մուլտիմեդիա նախագիծը 2021-2024 թվականների ընթացքում իրականացված աշխատանք է, որը բաղկացած է չորս մետրանոց մոնումենտալ գծանկարից և դրա ստեղծման ընթացքը վավերագրող վիդեոպրոեկցիայից: Վերացականության ու փաստագրության միջև տատանվող գծանկարի սևագուշակ առարկան վկայակոչում է պատերազմի բնաջնջող ուժը, սակայն ուշադիր ու երկար դիտելու դեպքում սկսում են ի հայտ գալ գույներ և տարատեսակ ձևեր, որոնք հետզհետե ցրում են պատկերի մռայլությունը: «Լռություն» նախագծով մեկնարկում է Հայաստանի ազգային պատկերասրահի՝ ժամանակակից հայ արվեստագետների ստեղծագործությունների ցուցադրությանը նվիրված «Հեռապատումներ» ծրագիրը. Ցուցադրությունը բաց կլինի մինչև փետրվարի 2-ը՝ https://tinyurl.com/nhk9t8xh


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N137)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan