#մշակութաPAN
December 17

🖼️ #մշակութաPAN Weekly (182)

🎭  20-րդ դարասկզբի Նյու Յորքում Ֆլորա Զաբելի անունը շրջանառվում էր տարբեր միջավայրերում՝ թատրոնում, մամուլում, երբեմն էլ կինոյի մասին զրույցներում։ Նա հայտնի էր որպես Բրոդվեյի դերասանուհի, բայց նրա կենսագրական փաստերը հաճախ շատ ավելի մեծ ուշադրության էին արժանանում, քան մասնագիտական հաջողությունները։ Կոստանդնուպոլսում ծնված, վաղ տարիքում Ամերիկա տեղափոխված, ինքնուրույն կարիերա կառուցած կնոջ ճանապարհը դեպի Բրոդվեյ կամ համր կինո չէր համապատասխանում ժամանակի ընդունված սցենարներին։ Նրա համար «պատրաստի» պայմաններ ու հստակ, կանխավ որոշված մասնագիտական ճանապարհ նախատեսված չէր, փոխարենը՝ մերժումներ, երկար փորձաշրջաններ, հանրային տարատեսակ մեկնաբանություններ։ Արդյունքում նրա կշիռն ավելանում էր, հետևաբար նաև՝ անձի հանդեպ հետաքրքրությունը։ Նա կին էր, որը դուրս էր եկել իրեն վերագրված սոցիալական շրջանակներից։ Այս պատմությունը գուցե նախ Բրոդվեյում հաջողելու մասին է, բայց ոչ միայն դրա։ Ի՞նչ է լինում, երբ մասնագիտական ընտրությունն անընդհատ «բացատրություն» է պահանջում։ Ֆլորա Զաբելի կյանքը թույլ է տալիս հետևել իրական կյանքի՝ ֆիլմ հիշեցնող մի ընթացքի՝ իր ռիսկերով, հակասություններով և որոշումներով։ #PAN-ը պատմում է Բրոդվեյի հայուհի աստղի, ամուսնու հետ մասնագիտական տանդեմի և թողած ժառանգության մասին՝

✍️ https://lav.pan.am/florazabel


Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🏛️  Կերպարվեստից…

▪️  Վերջին տարիներն արվեստի շուկայում բարդ էին, ու թեև 2025-ին վերականգնման որոշ նշաններ նկատվեցին, ընդհանուր պատկերը դրանք շատ չփոխեցին: Որ ոլորտներն են պատրաստ վերականգնման և որ հանգամանքներն են վերաձևակերպում արվեստի շուկան. Ահա երեք հիմնական կանխատեսում 2026-ի համար՝ https://tinyurl.com/387bj9v3

▪️  Սիքստինյան կապելլայի որմնանկարներում Միքելանջելոն աստվածաշնչյան տեսարաններ էր պատկերել, բայց ամեն ինչ այդ կետում չի ավարտվում. Պատկերների մեջ նաև անձնական հաշվեհարդարի դեպքեր կան, որովհետև դրանցում վարպետն իրեն «ատող» քննադատներին վերածել է ոչ այնքան հաճելի կերպարների՝ https://tinyurl.com/cxwbdjjh

🇦🇲  CAF 2025-ը տեղի կունենա դեկտեմբերի 22–29-ը՝ Հայաստանի Նկարիչների միությունում. Սա հարթակ է, որն արդեն 4 տարի շարունակ միավորում է արվեստագետների, հավաքորդների, պատկերասրահների և արվեստասերների։ Ներկայացված են ամենատարբեր ժանրերի ու տեխնիկաների աշխատանքներ՝ նկարներ, քանդակներ, դեկորատիվ և կիրառական արվեստ՝ https://tinyurl.com/ymr5t83w

📚  Գրականությունից…

▪️  Վինի Թուխի հեղինակը՝ Ալան Ալեքսանդր Միլնը, շատերի համար մանկական գրականության խորհրդանիշներից է, բայց նրա ստեղծագործական աշխարհը դրանով չի սահմանափակվում. Այս հոդվածը բացահայտում է Միլնի՝ քիչ հայտնի ռոմանտիկ վեպերն ու մանկական հայտնի պատումների հեղինակին ներկայացնում գրական այլ դիտանկյունից` https://tinyurl.com/4en7h9vk

▪️  Ի՞նչ է կատարվում, երբ Z սերնդի աշակերտները ծանոթանում են Հին Հռոմի նշանավոր բանաստեղծներից մեկի՝ Կատուլլուսի ստեղծագործությունների հետ. Բանաստեղծն առավել հայտնի է իր կարճ, նրբակերտ ու կրքոտ, սիրային բանաստեղծություններով, որոնք մի ժամանակ արգելված տեքստեր էին՝ https://tinyurl.com/f9jvexm5

🇦🇲  Դեկտեմբերի 17-ին կարող եք մասնակցել Էրիկ Պողոսյանի «Օպերացիա Նեմեսիս» գրքի շնորհանդեսին. Այն պատմում է 1921-ին Բեռլինում Սողոմոն Թեհլիրյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության մասին։ Պողոսյանը, հիմնվելով բազմաթիվ պատմական աղբյուրների, արխիվային նյութերի ու վկայությունների վրա, ներկայացնում է այս գաղտնի ծրագրի ստեղծման պատմությունը` https://tinyurl.com/4ccvxw92

🎬  Կինոյից…

▪️  «Ավատար» ֆիլմաշարն իր պատկերային լուծումներով գուցե հեղափոխական էր, բայց երաժշտությունը պակաս կարևոր ազդեցություն չի ունեցել. Սաունդթրեքի ստեղծման պատմությունը մի առանձին ֆիլմ է՝ յոթ տարվա աշխատանք, 1907-էջանոց նոտաներ և բարդ գործընթաց, որի արդյունքում «Ավատարի» աշխարհը հնչյունային նոր կյանք է ստացել` https://tinyurl.com/52x34s92

▪️  1920-ականներին Շերլոք Հոլմսն արդեն էկրաններին էր, բայց համր կինոյի ձևաչափով. British Film Institute-ի կողմից վերականգնված երեք ֆիլմն էլ դեռ այն ժամանակ հավանություն էին ստացել հենց Սըր Արթուր Կոնան Դոյլից, ու այսօր հասանելի են Շերլոքի՝ նոր սերնդի երկրպագուներին՝ https://tinyurl.com/mra5b2sx

🇦🇲  Candlenight Concerts-ը հրավիրում է վայելելու բացառիկ տոնական համերգ՝ նվիրված ֆանտաստիկ ֆիլմերի և Սուրբ Ծնունդի դասական ստեղծագործություններին. Դեկտեմբերի 19-ին ավելի քան 3000 մոմի ներքո կայանալիք համերգին ելույթ կունենա տաղանդավոր Սարյան քառյակը՝ https://tinyurl.com/4hjva78w

🎶  Ժամանակակից երաժշտությունից…

▪️  Թեյլոր Սվիֆթի համերգային շրջագայությունն ամփոփող վավերագրական շարքն այս օրերին ամենուր է. Ահաբեկչական սպառնալիքներ, հարձակումներ, երկրպագուների մեծ սեր, աշխատակիցների պարգևատրումներ։ Ահա, թե ինչ է պատմում The End of an Era-ն՝ https://tinyurl.com/2xnvvahr

▪️  Pink Floyd-ի Wish You Were Here ալբոմը դարձավ խմբի ամենաառանցքային աշխատանքներից մեկը, բայց դրա ստեղծման ճանապարհը հեշտ չի եղել. Ալբոմի 50-ամյակի առթիվ Նիք Մեյսոնը պատմում է երկար ու բարդ ստեղծագործական գործընթացի մասին՝ https://tinyurl.com/jefat2xp

🇦🇲  Դեկտեմբերի 21-ին Pop Out-ն ու Tonelab-ն առաջարկում են մասնակցել նոր ձևաչափով մի երեկոյի՝ առաջին Pop Out x Tonelab Vinyl Night-ին. Առանց դիջեյների ու ելույթների՝ միայն վինիլներ՝ Pop Out-ի անդամների անձնական հավաքածուներից՝ https://tinyurl.com/ycyshshe

🎻  Դասական երաժշտությունից…

▪️  Վատիկանում կայացած Concert with the Poor միջոցառման ընթացքում Հռոմի պապ Լևոն XIV անսպասելիորեն դիմել է Մայքլ Բուբլեին ու խնդրել կատարել Շուբերտի Ave Maria-ն. Ահա միջոցառման ամենատպավորիչ դրվագները՝ https://tinyurl.com/3v5xvutv

▪️  «Ամադեուսը» վերադառնում է, այս անգամ՝ մինի-սերիալի ձևաչափով, որը փորձում է նորից կենդանացնել Մոցարտի ու Սալիերի դրամատիկ պատմությունը. Կկարողանա՞ այն կրկնել 1984-ի հաջողությունը և կօգնի՞ արդյոք դասական երաժշտությունը մոտեցնել նոր սերնդին` https://tinyurl.com/yc5bxbah

🇦🇲  Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնի շրջանակում դեկտեմբերի 17-ին խաչատրյանական երաժշտության երեկոյի շրջանակում կարող եք հատվածներ վայելել «Սպարտակ» և «Գայանե» բալետների սյուիտներից. Երեկոյի ընթացքում կհնչի Պրոկոֆևի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը՝ Դենիս Կոժուխինի կատարմամբ` https://tinyurl.com/3fduc48b


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N181)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan