🖼️ #մշակութաPAN Weekly (189)
🖌️ Հռոմեացիները մեջբերում էին հույներին, Ռոդենը գիշերներն անցկացնում էր Միքելանջելոյի գործերն ուսումնասիրելով, իսկ Պիկասոն ամբողջ կյանքի ընթացքում վերադառնում էր Ռեմբրանդի հետ «զրույցին»։ Արվեստագետները միշտ էլ վերադարձել են իրենց նախորդների թողածին, որովհետև երբեմն առաջ շարժվելու համար պետք է ամուր հենվել անցյալի վրա։ Այս տարի ձմեռային ցուցադրությունների շրջանում արվեստաբանները համաշխարհային մակարդակով նկատում ու քննարկում են մի ուշագրավ և անգամ «տեկտոնիկ» տեղաշարժ՝ ուլտրաժամանակակից արվեստագետները, որոնք ծնվել ու ձևավորվել են թվային անհաստատ և գերհագեցած օրակարգերի դարաշրջանում, էլի ու էլի վերադառնում են Հին վարպետների արվեստին, ոգեշնչվում դրանցով ու մի պահ կտրվում ալգորիթմային իրականությունից։ Արվեստաբանների գնահատմամբ` այս կապի ինտենսիվությունը հասել է նոր մակարդակի և դրա պատճառները շատ ավելի խորն են, քան զուտ գեղագիտական նախապատվությունները։ Ու ինչպես նկատում է այս անդրադարձում մեջբերված արվեստաբաններից մեկը՝ արվեստագետներն այն մարդիկ են, ովքեր ամենից լավ են զգում ժամանակի հոսանքները։ Եվ եթե այսօր նրանց հայացքը դեպի անցյալ է ուղղված, ուրեմն հենց այնտեղ է թաքնված ներկան հասկանալու և ապագայի տագնապներին դիմակայելու բանալին։ #PAN-ը պատմում է փիքսելների, պիգմենտների, ուլտրաժամանակակիցների ու Հին վարպետների մասին՝
Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.
▪️ Կար ժամանակ, երբ ընդունված էր կարծել, թե կին կոմպոզիտորները հիմնականում խուսափել են մեծակտավ սիմֆոնիկ ստեղծագործություններից, բայց իրականությունն այլ է. Առաջարկում ենք բացահայտել դասական երաժշտության պատմության լավագույն սիմֆոնիաներից մի քանիսը, որոնք հեղինակել են կանայք և որոնք ոչնչով չեն զիջում հանրահայտ գլուխգործոցներին` https://tinyurl.com/56yntvve
▪️ Երբեմն թվում է, թե դասական երաժշտությունը փորձում է «հարմարվել» ժամանակակից տեմպին, ինչ-որ տարրեր ավելացնել, մրցել կամ էլ նմանվել փոփին. Սա գուցե լավ առիթ է կարդալու, թե ինչպես է իրականում իտալացի կոմպոզիտոր Ռոսինին «հայտնագործել» դիսկո ռիթմերը՝ https://tinyurl.com/en3umcph
🇦🇲 Փետրվարի 25-ին կկայանա մեր օրերի լավագույն թավջութակահար Մարիո Բրունելլոյի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որի ընթացքում անվանի կոմպոզիտոր Մեչիսլավ Վայնբերգի Թավջութակի կոնցերտի հայաստանյան պրեմիերան է սպասվում` https://tinyurl.com/4z4sxmac
▪️ Հոլանդական Ուտրեխտ քաղաքում գործող ARAR պատկերասրահը միջազգային հանրությանն է ներկայացնում հայ ժամանակակից արվեստագետների նոր սերնդին. Հոդվածում նշվում է, որ Հայաստանը, որը միշտ հայտնի է եղել իր հարուստ պատմական ժառանգությամբ, այսօր համաշխարհային ուշադրությունը գրավում է նաև նորարարական մոտեցումներով՝ https://tinyurl.com/2nna3xr5
▪️ Միջնադարյան քրիստոնեական արվեստը երբեմն այնպիսի խորհրդանիշներ է թաքցնում, որոնք անգամ այսօրվա արվեստասերին կարող են շոկային թվալ. Նյու Յորքի թանգարաններից մեկում ցուցադրվող կտավը ներկայացնում է հարյուրավոր տարիներ առաջ համարձակորեն պատկերված մարմնականի ու հոգևորի կապը ` https://tinyurl.com/3tr2j8y9
🇦🇲 Փետրվարի 18-ին Հայաստանի նկարիչների միության «Մարտիրոս Սարյան» ցուցասրահում կկայանա Աշոտ Թադևոսյանի և Վարդան Տեպիկյանի «Նկարչական մենամարտ» ստեղծագործական հանդիպումը. Միջոցառման ընթացքում արվեստագետները հանդիսատեսի ներկայությամբ կնկարեն միմյանց՝ ներկայացնելով ստեղծագործական ընթացքը` https://tinyurl.com/y8k2r58x
▪️ Երբևէ փորձե՞լ եք գիրք ընտրել` առանց շապիկը տեսնելու։ «Կույր ժամադրություն գրքի հետ» նախագիծն առաջարկում է գրքերը փաթեթավորել թղթով ու միայն փոքրիկ հուշումներ թողնել բովանդակության մասին. Ահա ևս մեկ միջոց՝ ընթերցանությունը հետաքրքիր արկածի վերածելու համար՝ https://tinyurl.com/4awuxujn
▪️ Էմիլի Բրոնտեի «Մոլեգին հողմերի դարավանդ» վեպն արդեն երկու դար է, ինչ հանգիստ չի տալիս ընթերցողներին, այժմ գրքի սիրահարներին գումարվել են նաև ֆիլմի սիրահարները. Բայց այս անգամ առաջարկում ենք բացահայտել 4 նկարչի, որոնք իրենց կտավներում վերակերտել են այս գոթական դրամայի ամենատպավորիչ տեսարանները՝ https://tinyurl.com/yxzbjjmd
🇦🇲 Իսահակյանը` երգերում․ Փետրվարի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային երգչախումբը կներկայացնի Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգային երեկո՝ https://tinyurl.com/5859fck3
▪️ Ջոն Շլեզինգերը 60-70-ականների կինոյի ամենաազդեցիկ դեմքերից էր, չէր վախենում էկրան բարձրացնել կենցաղային դրամաներն ու սոցիալական բարդ խնդիրները. Ծանոթացեք օսկարակիր ռեժիսորի բազմաշերտ ու երբեմն հակասական ստեղծագործական ուղուն, օրինակ՝ ինչպես «Կեսգիշերային կովբոյը» հաջողեց այն դեպքում, երբ շատերը կարծում էին, որ ֆիլմը կարող էր կործանել ռեժիսորին՝ https://tinyurl.com/3xyhsh7s
▪️ Սիրահարների տոնն արդեն անցյալում է, բայց իրական ու հուզիչ պատմությունները միշտ էլ արդիական են. The Guardian-ը ներկայացնում է քիչ հայտնի, բայց կաղապարներից դուրս ու էմոցիոնալ իմաստնությամբ լի մի քանի ռոմանտիկ ֆիլմ՝ https://tinyurl.com/23ty4cpy
🇦🇲 Փետրվարի 25-ին կկայանա ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի Լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը. այն պատմում է, թե ինչպես է հերոսուհին դիմակայում ճակատագրին՝ չկորցնելով մարդ մնալու կարողությունը` https://tinyurl.com/697r2c3w
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Ճապոնացի նկարիչ Կացուշիքա Հոքուսայն իր 9 տասնամյակ ձգվող կարիերայի ընթացքում ավելի քան 30,000 գործ է ստեղծել, բայց «Կանագավայի մեծ ալիքը» համաշխարհային մշակույթի ամենաազդեցիկ պատկերներից է. Հիմա էլ այս գլուխգործոցը ոգեշնչման աղբյուր է դարձել ժամանակակից լուծումներով շոտլանդական օպերա ստեղծելու համար՝ https://tinyurl.com/35wyvvjj
▪️ Գրականությունն ու երաժշտությունը միշտ էլ սերտորեն կապված են եղել. Օրուելից մինչև Բրոնտե՝ բացահայտեք, թե ինչպես են գրական կերպարներն ու սյուժեները ոգեշնչել փոփ երաժշտության հայտնի գործերի ստեղծմանը՝ https://tinyurl.com/4vyzx8nr
🇦🇲 Փետրվարի 20-ին Ուլիխանյան ակումբում TRITONE տրիոյի համերգն է. Կարեն Մամիկոնյանի (դաշնամուր), Դավիթ Մելքոնյանի (սաքսոֆոն) և Կարեն Քոչարյանի (հարվածային գործիքներ) կատարմամբ կարող եք վայելել երևանյան ջազային երեկոն՝ https://tinyurl.com/2s47nh6r
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N189)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan