#մշակութաPAN
Today

🖼️ #մշակութաPAN Weekly (198)

🖼️  Լուվրի ամենամարդաշատ սրահներից մեկում մարդիկ կտավը դիտելու համար հերթ են կանգնոմ։ Ու բոլորը նույն ուղղությամբ են նայում։ Շատերը նույնիսկ չեն հասցնում ծանոթանալ կտավի դետալներին՝ պարզապես լուսանկարում են ու փաստում, որ եղել են այնտեղ։ Դե, որովհետև խոսքն աշխարհի ամենահայտնի ու տպավորիչ կտավներից մեկի մասին է։ Բայց հենց այդ նույն սրահում, նույն մարդկանց մեջքի հետևում, բառացիորեն մի քանի քայլ հեռավորության վրա կախված է կտավ, որը ֆիզիկապես հնարավոր չէ չնկատել, և որը, այնուամենայնիվ, գրեթե միշտ աննկատ է մնում։ Խոսքը Լուվրի ամենամեծ կտավի՝ Վերածննդի իտալացի գեղանկարիչ Պաոլո Վերոնեզեի «Կանայի հարսանիքը» ստեղծագործության մասին է։ Իսկ այն դիմանկարը, որը գերում է բոլորին և որը տեսնելու համար տարեկան միլիոնավոր մարդիկ են այցելում թանգարան, «Մոնա Լիզան» է։ «Կանայի հարսանիքը» տեսնելու համար Լուվրում լրացուցիչ ջանք պետք չէ գործադրել։ Հերթեր չկան, պետք է միայն շրջվել։ Ու այս համեմատությունն ինչ-որ առումով գեղարվեստական փոխաբերություն ունի իր մեջ։ Սրահում, որտեղ բոլորը նույն ուղղությամբ են նայում, շրջվելն ու հոսանքին հակառակ գնալը նշանակում է հրաժարվել նախապես ուրիշների կանխորոշած ուղուց ու ժամանակ հատկացնել մի բանի, որն արժանի է ուշադրության, բայց ջանք չի գործադրում դրան արժանանալու համար։ #PAN-ը պատմում է, թե ինչու են Լուվրում բոլորը մեկ ուղղությամբ նայում, երբ «Մոնա Լիզայի» հակառակ կողմում ևս գլուխգործոց է՝

✍️ https://lav.pan.am/lenozzedicana


Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🎻  Դասական երաժշտությունից…

▪️  Ինչքան էլ զարմանալի թվա, դասական երաժշտությունն ու մետալն ընդհանուր գծեր ունեն, և սահմաններն անցնելու ձգտումը դրանցից մեկն է. Կարդացեք, թե ինչու են մետալն իր էներգետիկայով և տեխնիկայով երբեմն համարում դասականի ժառանգորդը՝ https://tinyurl.com/bp7njjbs

▪️  Սթիվեն Ռայխը մինիմալ երաժշտության տեխնիկայի առաջին հեղինակներից էր. 90-ամյակի նախաշեմին կոմպոզիտորն ամփոփում է իր անցած ճանապարհն ու պատմում, թե ինչպես է այն փոխել ժամանակակից դասական երաժշտության ընթացքը՝ https://tinyurl.com/43t6b43r

🇦🇲  Ապրիլի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 105-ամյակին նվիրված երեկո, որի ընթացքում ելույթով հանդես կգա նաև ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ https://tinyurl.com/45nfrnef

🎶  Ժամանակակից երաժշտությունից…

▪️  Մադոննան վերադառնում է իր երաժշտական արմատներին՝ ակումբային մթնոլորտին. Նոր սինգլի ռիթմերը հիշեցնում են գիշերային պարային տրամադրությունն ու ազդարարում փոփ թագուհու ստեղծագործական նոր փուլի մեկնարկը` https://tinyurl.com/4tkpkn24

▪️  Փրինսի մահից 10 տարի անց ընկերները վերհիշում են հանճարեղ արտիստի կյանքի հետաքրքիր դրվագները, բացահայտում նրա ամենատպավորիչ ճամփորդությունների, երազանքների և անգամ կատակների մանրամասները՝ https://tinyurl.com/38sy5cbv

🇦🇲  Ապրիլի 29-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հրավիրում է ֆրանսիահայ սաքսոֆոնահար Ալեքսի Ավաքյանի և Միքայել Ոսկանյան քառյակի համերգին՝ https://tinyurl.com/ywvsttkz

🎬  Կինոյից…

▪️  Հոլիվուդյան արդեն մահացած դերասանի մասնակցությամբ առաջին ֆիլմն իրականություն է դառնում. Թողարկվել է As Deep As the Grave-ի թրեյլերը, որտեղ Վել Քիլմերը «կենդանացել» է արհեստական բանականության օգնությամբ՝ https://tinyurl.com/58v5c6vh

▪️  Սթենլի Կուբրիկի՝ նախկինում չցուցադրված լուսանկարներն այժմ հասանելի են Նյու Յորքում. Դրանք արվել են, երբ ապագա ռեժիսորն ընդամենը 17 տարեկան էր, բայց արդեն որսում էր մարդկային բնավորության ամենանուրբ գծերը՝ https://tinyurl.com/dmzy4p3y

🇦🇲  Մայիսի 1-ին «Պատի Հենքը» նոր էներգիայով վերադառնում է այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվել է, որտեղ ամեն ինչ այլ կերպ է հնչում՝ Հայֆիլմ կինոստուդիա https://tinyurl.com/yfw56jsj

📚  Գրականությունից…

▪️  Կուբիզմը սոսկ երկրաչափական պատկերների խաղ չէր, այն արվեստի և իրականության փոխհարաբերությունները վերանայելու համարձակ փորձ էր. Բրիտանացի պրոֆեսորը նոր գրքում ներկայացնում է, թե ինչպես են նկարիչները ձգտել ստեղծել տեսողական նոր լեզու՝ https://tinyurl.com/tukayc7f

▪️  Վինի Թուխի մասին պատմող 1926 թվականի հայտնի գրքից դուրս մնացած 2 անհայտ պատկերազարդում առաջին անգամ ներկայացվել է հանրությանն ու հնարավորություն տվել ուսումնասիրելու հերոսի նախնական կերպարները՝  https://tinyurl.com/jvmhamb8

🇦🇲  Ապրիլի 29-ին տեղի կունենա «Վարպետը և Մարգարիտան․ գեղարվեստական հայացք հարյուր տարվա միջակայքից» թեմայով գրական միջոցառումը, որի ընթացքում կբացահայտեք վեպի շուրջ ձևավորված նոր մեկնաբանությունները` https://tinyurl.com/yjadaj4j

🏛️  Կերպարվեստից…

▪️  Աբրահամ Լինքոլնի` կորած համարվող դիմանկարը, որը 6 տարի զարդարել էր Սպիտակ տանը Թեոդոր Ռուզվելտի աշխատասենյակը, մեկ դար անց վերջապես հայտնաբերվել է՝ https://tinyurl.com/2p9f6c

▪️  Լոնդոնում բացահայտում են 20-րդ դարի կեսերին միջինարևելյան մշակութային շրջանակում ավանգարդի և մոդեռնիզմի առանցքային դեմքերից համարվող նկարչուհուն և ուսումնասիրում, թե ինչպես է նա իր մշակույթը համադրել արևմուտքի գեղանկարչական ավանդույթների հետ՝ https://tinyurl.com/mu58f8fm

🇦🇲  Ապրիլի 26-ին կարող եք մասնակել «Նյութեղեն աշխարհներ» կացարանային ծրագրի ռեզիդենտ Էրֆան Ղիասիի հետ հանդիպում-զրույցին, որի շրջանակում Զիասին համադրությունը դիտարկելու է որպես դիմադրության, սպեկուլյատիվ մտածողության և աշխարհաստեղծման ձև՝ https://tinyurl.com/5458hf92


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N197)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan