#մշակութաPAN
July 1

🖼️ #մշակութաPAN Weekly (208)

👨🏻‍🎨 2014-ին Գերմանիայում աճուրդային տանը վաճառքի հանվեց XVII դարի նիդերլանդական դպրոցի անանուն մի կտավ: Այն ներկայացվում էր որպես հին, բայց ոչ բացառիկ աշխատանք՝ «Նիդերլանդական դպրոց, XVII դարի կեսեր» ձևակերպմամբ։ Արդյունքում կտավը վաճառվեց 1.5 միլիոն եվրոյով։ Ու միայն տարիներ անց պարզ դարձավ, որ այս կտավն իրականում կրոնական հանդուրժողականության շուրջ բանավեճերի, այդ ժամանակների հախուռն Եվրոպայի ու բազմաթիվ այլ, թաքնված շերտերի մասին էր։ Ռեմբրանդի այս կտավը կոչվում է «Թու՛յլ տվեք այդ մանուկներին գալ ինձ մոտ»։ Այն պատկերում է Նոր Կտակարանի այն դրվագը, որտեղ մարդիկ իրենց երեխաներին բերում են Հիսուսի մոտ, իսկ աշակերտները փորձում են նրանց հետ պահել։ Հիսուսը հանդիմանում է աշակերտներին և ընդունում երեխաներին: Սյուժեն արվեստում նոր չէր, բայց ժամանակը ցույց տվեց, որ Ռեմբրանդի պատկերած տեսարանը պարզ, կանոնավոր և բարեպաշտական կոմպոզիցիա չէր։ Այս կտավի շուրջ վերականգնողական աշխատանքները հիմնովին փոխեցին մասնագետների պատկերացումը։ Կտավից հեռացվեցին ուշ շրջանում արված շերտերն ու պարզ դարձավ, որ կենտրոնական կերպարներից մեկը սկզբում պատկերված է եղել թյուրբանով: Հետագայում անհայտ մի ձեռք՝ գուցե այլ նկարիչ, կամ կտավի հետագա սեփականատերերից մեկի պատվերով աշխատած վարպետ, այդ թյուրբանը փոխարինել էր ավանդական հոլանդական փափուկ գլխարկով։ Ակնհայտ է, որ այս փոքր թվացող փոփոխությունն իրականում ամբողջ տեսարանի իմաստն էր փոխում։ Թյուրբանը կերպարին դարձնում էր այլ մշակույթի, կրոնի կամ առնվազն այլ աշխարհագրական միջավայրի ներկայացուցիչ։ Բայց Ռեմբրանդին «գրաքննության ենթարկած» նկարիչը չէր սահմանափակվել միայն դրա «փոշիացմամբ»։ Նա նաև հագուստ էր ավելացրել մերկ երեխայի կերպարին։ Եվ ահա՝ կտավի վերականգնումը, փաստորեն, վերադարձրեց այն գաղափարական իմաստը, որը կտավը դարձնում էր անսովոր, բարդ և համարձակ։ #PAN-ը պատմում է Ռեմբրանդի կտավի, միջամտության և դրա հետևանքով անհետացած հստակ ձեռագրի ու ասելիքի մասին՝

✍️  https://lav.pan.am/rembrandt


Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🎬 Կինոյից…

▪️ «Խաղալիքների պատմություն 5»-ը կարող է դառնալ տարվա ամենատրավմատիկ անիմացիոն մուլտֆիլմը, բայց ոչ թե երեխաների, այլ ծնողների համար. Այն անդրադառնում է թվային աշխարհի վտանգներին և պատկերում երեխաների միայնությունը՝ https://tinyurl.com/562eb3e7

▪️ Մայքլ Ջեքսոնի մասին պատմող ֆիլմը պաշտոնապես դարձել է պատմության ամենաեկամտաբեր կենսագրական ֆիլմը. Մինչ այս ֆիլմն արդեն հասցրել էր դառնալ ամենահաջողված երաժշտական կենսագրական ֆիլմը՝ https://tinyurl.com/6mdhvx7n

🇦🇲 Հուլիսի 7-ին Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը կներկայացնի «Կինոերաժշտություն ազգային հնչյուններով» երաժշտական նախագիծը՝ https://tinyurl.com/3ze964ye

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Այս արտասովոր ֆերմերը կեսօրին նախիր է արածեցնում, իսկ երեկոյան ռետինե երկարաճիտ կոշիկները փոխարինում է փայլփլուն կոստյումներով և որպես Էլթոն Ջոն ելույթ է ունենում Միացյալ Թագավորության տարբեր դահլիճներում՝ https://tinyurl.com/ayk4xjvn

▪️ Իսլանդական մի խումբ էլ արդեն տասը տարի է՝ համադրում է բույրերը, ձայնն ու վիզուալ պատմությունները՝ օծանելիքի նոտաները վերածելով բազմաշերտ երաժշտական ու վիզուալ նոտաների՝ https://tinyurl.com/mry3crcs

🇦🇲 Ամառային երեկոն հիշարժան դարձնելու հրաշալի տարբերակ ենք գտել. Հուլիսի 7-ին իսկական երևանցի Լևոն Մալխասյանը և իր բենդը հանդես կգան բաց երկնքի տակ՝ անկրկնելի ջազային կատարումներով՝ https://tinyurl.com/yr9j24pp

📷 Լուսանկարչությունից…

▪️ Մեկ լուսանկարիչ և ժամանակակից Մեծ Բրիտանիայի հազար դիմանկար. Լուսանկարիչ Մարկ Լեմն իր ուշագրավ դիմանկարային նախագծի միջոցով ամփոփում է դիմանկարներին նվիրված ծրագիրը` https://tinyurl.com/2deentcw

▪️ Լուսանկարիչ Մայքլ Շեյնբլումն էլ իր նոր տեսանախագծում վերադառնում է Նոր Զելանդիայի անկանխատեսելի ու փոփոխական բնության գիրկը և ներկայացնում բնապատկերներ ստեղծելու իր ստեղծագործական ու տեխնիկական մոտեցումները՝ https://tinyurl.com/2jzzd4pz

🇦🇲 Հուլիսի 3-ից Հայաստանի պատմության թանգարանում բացվելու է «Հայաստան. բաց դուռ» ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված Մեծ հայրենադարձության 80-ամյակին. Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ մեծ ծավալով կներկայացվեն 1946-1949 թթ․ հայրենադարձված ընտանիքների մասնավոր արխիվները՝ https://tinyurl.com/2v58txfd

📚 Գրականությունից…

▪️ Գրաքննադատները վեպերի մասին երբեմն խոսում են այնպես, ասես դրանք մեխանիկական ճշգրիտ կառույցներ են. Այս հոդվածը պնդում է, որ թեև կերպարների ու երկխոսությունների միջոցով պատմություն կառուցելու տեխնիկական իր տրամաբանությունն ունի, վեպն ամենևին էլ «մեքենայական» չէ՝ https://tinyurl.com/478xrx7k

▪️ Ճարտարապետություն՝ խորհելու համար. Մարիա Էլկինայի նոր աշխատությունն օգնում է ամբողջովին նոր դիտանկյունից բացահայտել մեզ շրջապատող կառույցները, դրանց ճարտարապետական լուծումներն ու ստեղծագործական շերտերը՝ https://tinyurl.com/3xtxkbdv

🇦🇲 «ՏԵՂ» հոգեբանական և մշակութային կապի հիմնադրամը հուլիսի 6-ին 6-8 և 9-11 տարեկան երեխաներին հրավիրում է մասնակցելու «Կար-չկար» խմբային ինքնաճանաչողական գրքակումբին` https://tinyurl.com/yje6etya

🏛️ Կերպարվեստից…

▪️ Բոտիչելիի «Վեներայի ծնունդը» կտավի բնորդուհին Վերածննդի դարաշրջանի մուսա Սիմոնետա Վեսպուչին էր. Կա վարկած, որ այս կտավում թաքնված է Վերածննդի դարաշրջանի առաջին գեղեցկուհու վաղաժամ մահվան պատճառը՝ https://tinyurl.com/fz78u7at

▪️ Ռուբենսի կտավը 18 ամիս տևած վերականգնողական աշխատանքներից հետո վերադարձել է Մադրիդի՝ թանգարանային ցուցադրության. Կարդացեք, թե ինչպես է վերականգնումը նոր շունչ տվել բարոկկոյի վարպետի հանրահայտ կտավին` https://tinyurl.com/bdzjn3ea

🇦🇲 Հուլիսի 2-ին կկայանա Լիլիթ Մարտիրոսյանի՝ «Հողի մարմինը» ցուցահանդեսի պաշտոնական բացումը. Ցուցահանդեսում ներկայացված է չորս աշխատանք՝ հողային տարածական ինստալացիաներ, որոնք միասին կազմում են մի ամբողջական իմերսիոն ցուցադրություն` https://tinyurl.com/ys7vnzsu


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N207)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan