#մշակութաPAN
March 21, 2023

Ընկնող հրեշտակներ՝ սատանայական դետալներով․ Հրեշտակների ուղին կտավներում՝ երկնքից՝ երկիր  

Ժամանակին երկնքից խնձորների հետ հրեշտակներ էլ են ընկնել։ Անբիծ այս կերպարները միայն Տիրամոր կողքին կամ Քրիստոսի շուրջ չէ, որ պատկերվել են։

Հռոմեացի մարտիկի կամ հունական դիցարանի՝ մեր պատկերացրած աստծո տեսք ունեցող «Ընկած հրեշտակին» ժամանակին շատ են քննադատել։ Ալեքսանդր Կաբանելի այս Լյուցիֆերը, ասում են՝ ակադեմիական ոճով ստեղծված առաջին սատանաներից է, մեկ ուրիշ նկարչի՝ Պիտեր Բրեյգելի ապստամբ հրեշտակներն էլ մի հրեշ դառնալու ճանապարհին մի ամբողջ մայրցամաքի ֆլորա ու ֆաունա են ակնարկել։

Անշուշտ, ժամանակի միջից և արվեստի պատմությունից այսպիսի բազմաթիվ կտավներ կարելի է գտնել՝ Աստծո ու Աստվածածնի կողքին մի անմեղ, ճերմակ ու լուսեղեն հրեշտակ։ Իհարկե ոչ միշտ, ու ոչ հաճախ են հրեշտակներն այնպես պատկերվել, բայց վերադառնանք սկիզբ։ Արդեն 19 դար է՝ արվեստում ապրում են հրեշտակների կերպարներ․ երկնային այս արարածները երկրային արվեստի գործերում երևացել են 4-րդ դարից, հրեշտականման կերպարները, սակայն, հազարամյակների պատմություն ունեն։

Ասորական մշակույթից հայտնի է պահապան աստվածությունը՝ Լամասուն, մարդու գլխով, ցլի կամ առյուծի մարմնով ու թռչնի թևով. տեղադրվել են պալատների մուտքերի մոտ, իսկ ամենավաղ օրինակները թվագրվում են Ք․ա․ 10-րդ դարին։

Հին Հունական դիցաբանության թռիչքի պատրաստ դեմքերից երկուսը, օրինակ, Էրոսն ու Նիկեն էին։ Մ․թ․ա. 510-323-ի ընթացքում սիրո աստվածն ու Աֆրոդիտեի որդին հենց այսպես է պատկերվում՝ դեռահասի տեսքով ու թևերով։

Մեզ արդեն հայտնի՝ վաղ քրիստոնեական շրջանի հրեշտակների առաջին գեղարվեստական մեկնաբանությունը գտնվել է Պրիսցիլլայի (Priscilla) կատակոմբում (կրոնական ծեսերի, թաղումների համար նախատեսված ստորգետնյա սրահներ) 3-րդ դարում: Ասում են՝ այդտեղ հրեշտակներից, թերևս, ամենահայտնին Գաբրիելն է պատկերված եղել, ենթադրաբար՝ նաև իրեն վերագրվող թևերով։

Արդեն երևացող առաջին հրեշտակներն ու իրենց թևերը գալիս են 3-րդ դարի Բյուզանդիայից։ Հաջորդող դարերում այս, համենայն դեպս, ոչ երկրային արարածների պատկերման թեման ընդլայնվել, դերը փոփոխվել, իմաստավորվել ու նաև հակադրվել է այդ իմաստներին։ Միջնադրաում, օրինակ՝ որդեգրելով բուզանդական ոսկեզօծը՝ Աստծո, Սուրբ Մարիամի կողքին են դրվել հրեշտակային կերպարները։

«Տիրամայրն ու մանուկը հրեշտակի հետ», Պիետրո դի Դոմենիկո դա Մոնտեպուլչանո (Pietro di Domenico da Montepulciano), 1420 թ․
Այստեղ արժե հիշեցնել՝ հրեշտակների կերպարները միայն քրիստոնեական թեմաներով արվեստի գործերում չէ, որ ներկայացված են։ Իսլամական աշխարհում ևս հրեշտակների պատկերով և կրոնական ենթատեքստով գործեր կարելի է տեսնել։ Մահմեդական հավատքի համաձայն՝ նրանք Ալլահի խոսքն են փոխանցում մարդկությանը։

Վաղ Վերածննդի շրջանում նկարիչները շարունակեցին թևավոր թեման՝ հրեշտակներին, սակայն, հանելով եթերային կերպարներից ու մոտեցնելով երկրայինի։ Սա, ասում են՝ ակնարկ էր նաև Բարձր Վերածննդի ներկայացուցիչների վերջնական հետաքրքրությանը դեպի նատուրալիզմ։

«Տիրամայրը՝ մանկան ու երկու հրեշտակի հետ», Ֆրա Ֆրիլիպպո Լիպպի, 1460-1465 թթ.
Եվ, իհարկե, հրեշտակների պատկերմամբ հայտնի գործերի մասին խոսելիս արժե հիշել «Սիքստինյան Տիրամոր» ոտքերի առաջ պատկերվածներին։ Ասում են՝ այստեղ երկու հրեշտակի գոյությունը, հավանաբար, պայմանավորված է կոմպոզիցիան լրացնելու Ռաֆայելի ջանքով․ հրեշտակներն ավելացել են ամենավերջում։

ԿԱԲԱՆԵԼԻ «ԸՆԿԱԾ ՀՐԵՇՏԱԿԸ»․ ԵՐԲ ՍԱՏԱՆԱՆ ԴԵՏԱԼՆԵՐՈՒՄ Է

19-րդ դարում ֆրանսիական կերպարվեստում ակադեմիզմի, դիցաբանական և խիստ պահպանողական թեմաների շարունակական պատկերմամբ Ալեքսանդր Կաբանելի անունն ու կտավները հասել էին մինչև Նապոլեոն III արքունիք։

Կաբանելը ծնվել է 1823 թվականին՝ Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում, որտեղ էլ այժմ գտնվում է «Ընկած հրեշտակը»։

Նրա ակնհայտ նկարչական տաղանդը զգացվել ու զարգացել է մանկուց, 17 տարեկանում նկարիչն արդեն Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում ուսանող էր, հետո անձամբ է այնտեղ դասավանդել։ Ասում են՝ հարյուրավորների ուսուցիչն է եղել։ Կաբանելը Սալոնում առաջին անգամ ցուցադրվել է 1844 թվականին, ավելի ուշ նա ընտրողներից մեկն էր՝ ինչ ցուցադրվի այնտեղ, ինչ՝ ոչ։

Այն տարիներին, երբ ֆրանսիական կերպարվեստի գլխավոր կենտրոնը՝ Սալոնը մերժում էր, օրինակ, Մանեի «Նախաճաշ խոտի վրա» գործը (թե ինչու), Ալեքսանդր Կաբանելի կրոնական, դիցաբանական ու «կատարելապաշտական» կերպարները գնվում էին արքունիքի կողմից, կախվում՝ Սալոնի պատերից։

Կաբանելի հայտնի ու իր ժամանակին մեծ ճանաչում ստացած գործերից մեկը «Վեներայի ծնունդն» է․ կերպարվեստի պատմության մեջ անհաշիվ անգամներ կրկնված այս թեման 1863-ի Սալոնի իսկական «հիթն» էր՝ գովերգված որպես ակադեմիական ոճի լավագույն արտահայտում: Հրեշտակներով շրջապատված սիրո աստվածուհուն պատկերող գործն անձամբ գնել ու արքունիք է տարել հենց Նապոլեոն III թագավորը։

Կաբանել, «Վեներայի ծնունդը», 1863 թ.

Սակայն ավելի վաղ Սալոնում մերժվելուց հետո նկարիչը փոքր-ինչ շեղվել է իր՝  ընդունված արվեստի գործերից, գնացել մեկ այլ ճանապարհով ու քննդատվել «Ընկած հրեշտակի» պատճառով։

Ալեքսանդր Կաբանել, «Ընկած հրեշտակը», 1847 թ.

Հեռու հրեշտակային մեղմությունից ու մանկությունից, ակնհայտորեն ատլետիկ կազմվածքով, թիկնեղ, մկանոտ և բոլորովին մերկ տղամարդու այս ցասումնառատ կերպարը, եթե երկու թև չունենար, դժվար թե հրեշտակ լինելու մեջ կասկածվեր։ Բայց սա, իհարկե, «Ընկած հրեշտակի» միակ առավելությունը չէ, նա նաև սատանայության մեջ է մեղադրվում։

Ասում են՝ «Ընկած հրեշտակը» առաջին նկարներից է, որ այդպես ակնհայտորեն և այդքան անկաշկանդ պատկերում է Սատանային։

Կաբանելն այս գործը 24 տարեկանում է ստեղծել, այն ժամանակ, երբ ապրում ու սովորում էր Հռոմում և ծանոթանում Վերածննդի շրջանի նկարիչների ոճին, փորձում կրկնել այն։

Քննադատները, սակայն, միանշանակ չեն ընդունել այս կտավը․ այն նկարագրվել է որպես «չափազանց ռոմատիկ», անճիշտ գծագրությամբ, անհամաչափ կատարմամբ։

«Ընկած հրեշտակը», դետալ կտավից

Լյուցիֆերի առաջին ակադեմիական պատկերներից մեկը ստեղծելիս, Կաբանելը ոգեշնչվել է անգլիացի պոետ Ջոն Միլթոնի «Կորուսյալ դրախտ» (Paradise Lost, 1667) գործից, որը կենտրոնանում է Ադամի ու Եվայի՝ դրախտից վտարման, Աստծո դեմ՝ Սատանայի ըմբոստացման աստվածաշնչյան թեմաների շուրջ։ Պոեմում երկնքից 5 հրեշտակ է ընկնում,Կաբանելը նրանցից մեկին է պատկերել՝ Բեհեղզեբուղին կամ, որ ավելի հայտնի է՝ Լյուցիֆերին։

Միլթոնի «Կորուսյալ դրախտը» 17-րդ դարի էպիկական պոեմ է, որը հեղինակին հասցրել է ժամանակին ապրած անգլիացի մեծագույն պոետներից մեկը համարվելու փառքին։ Միլթոնի գործն իր հերթին նկարազարդել է ֆրանսիացի փորագրող, նկարիչ Գյուստավ Դորեն։ Նա հայտնի է մի շարք դասական գործերի նկարազարդումներով, այդ թվում՝ Դանթեի «Աստվածային կատակերգության» նկարազարդմամբ։

Այն ոգեշնչված է նաև աստվածաշնչյան «Երկնային պատերազմներից»՝ Սատանայի՝ Աստծոն խաբելու ու դրախտից վռնդվելու պատմությամբ։

Երկնքից, հավանաբար, սարի կամ ժայռի վրա ընկած խարտյաշ հրեշտակը Կաբանելի կտավում թիկնել է քարին, նրա ոտքերի մոտ կանաչած մի որթատունկ է, իսկ թիկունքում՝ հրեշտակների խումբ։ Տպավորություն է, թե հրեշտակների խումբն ուրախանում ու տոնում է, ի հակադրություն այս խմբի՝ նրանցից ընկածն աչքին արցունք ունի։ Սա կարող է խորհրդանշել նրա խոցված սատանայական էգոն ու զայրույթը, ինչպես նաև դրախտից վտարվելու հիասթափությունը։

Դետալ «Ընկած հրեշտակի» թիկունքից

Ընդհանրապես, Սատանան այստեղ այնպես գրավչորեն է ներկայացված, կարծես անձամբ է բնորդել․ իրար միացված ձեռքերն ու, երևի, զայրույթից հարվածելու պատրաստ կերպարը բացատրելու են գալիս վտարված հրեշտակի դրությունը։ Ի հակադրություն Ռոկոկոյին բնորոշ մուգ և թունդ գույների, Կաբանելն այստեղ կիրառել է համեմատաբար մեղմ գույներ՝ շեշտն ու լույսը դնելով կենտրոնական կերպարի վրա։

«Ես երկու բնություն եմ պատկերում, երկու մրցավազք։ Մեկն անխուսափելիորեն դատապարտված է, կանխորոշված դեպի չարն ու դժբախտությունը, վերջապես՝ անկմանը։ Մինչդեռ մյուսը՝ անբիծ ու մաքուր, ճառագելով, բարձրանում է դեպի Աստված՝ փառաբանելով նրան։ Ինչևէ, իմ կտավի գլխավոր մոտիվը հանճարեղ չարությունն է, Սատանա՛․․․»,- իր գործի մասին ասել է նկարիչը։

Կաբանելն իր այս գործի նախնական տարբերակը և ուսումնասիրությունը ստեղծել է 1846-ին՝ կտավի ամենահայտնի տարբերակից մեկ տարի առաջ, Study for Fallen Angel անվամբ։

Այդ առաջին տարբերակում ընկած հրեշտակի դեմքը չի երևում, գլուխն ափի մեջ է, շուրջն ավելի մռայլ։ Համարվում է, որ կտավի նախնական տարբերակում այս թաքնված դեմքը նրա ցավոտ հիասթափության ակնհայտ պատկերն է։

Կաբանելի «Ուսումնասիրություն Ընկած հրեշտակի համար» գործը

Ակնհայտորեն «Ընկած հրեշտակում» նկարիչը մեծացրել է դիտողի ու կտավի միջև կապն ու կերպարի ազդեցիկությունը՝ Սատանային շրջելով մարդու կողմ, նրա հայացքը պատկերելով։

Ասում են՝ Լյուցիֆերի մոնումենտալ մարմնակազմությունը նաև հղում է պարզ ճշմարտության՝ մարմնական գեղեցկությունն ու բարոյականը նույնը չեն։

ՈՒՐԻՇ ԱՊՍՏԱՄԲ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ

Ֆլամանդացի գեղանկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի «Ապստամբ հրեշտակների անկումը» (The Fall of the Rebel Angels) Բելգիայի Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանի գլուխգործոցներից մեկն է։ Թանգարանն այս գործը ձեռք է բերել 1846 թվականին՝ կարծելով, թե այն Բրեյգել Կրտսերի աշխատանքներից է։ Այս գործն ավելի ուշ և մինչև 1898 թվականը վերագրվել է նաև Հիերոնիմոս Բոսխին՝ մինչև նկարի վրա կգտնվեր իրական հեղինակի ստորագրությունն ու նկարի ստեղծման ամսաթիվը։

Բրեյգել, «Աբստամբ հրեշտակների անկումը», 1562 թ.

Այստեղ ևս «Դրախտի առաջին պատերազմի» պատկերումն է, և ապստամբած հրեշտակների անկումը։ Այդ անկումից հետո հրեշտակները վերածվում են դևերի ու փակվում խավարի փոսերում։

Իմաստային առումով նկարը երկու մասի է բաժանված՝ դրախտը զբաղեցնում է կտավի վերին հատվածը, դժոխքը ներքևում է։ Դրամատիկ այս իրադարձության կենտրոնում Միքայել Հրեշտակապետն է։

Հովհաննես առաքյալի Հայտնության գրքում ներկայացվում է Վերջին դատաստանի ժամանակ Միքայել հրեշտակապետի և երկնային ուժերի պայքարն ու հաղթանակը Սատանայի և նրա աջակիցների դեմ։ Հայտնություն, 12․ «Եվ երկնքում պատերազմ եղավ։ Միքայելը և իր հրեշտակները կռվում էին վիշապի դեմ. վիշապը կռվում էր իր զորքերով, բայց նրանք չկարողացան դիմադրել, և երկնքում նրանց համար տեղ չգտնվեց։ Եվ ընկավ մեծ վիշապը՝ առաջին օձը, որ կոչվում է Բեեղզեբուղ և Սատանա, և որ մոլորեցրեց ամբողջ աշխարհը. և նրա հետ ընկան նաև նրա հրեշտակները»։

Հրեշտակապետի ձեռքին վահան է՝ վրան լատինական կարմիր խաչը՝ Հարության խորհրդանիշը։ Հրեշտակապետը սպանում է Ապոկալիպտիկ հրեշին, որի մարմինը պատրաստ է շպրտվել դեպի ցած՝ դժոխք։

Դժոխք իջնողների հանդեպ նկարչի թեթևակի ծաղր է նկատվում՝ կիսամարդ, կիսամողես դարձող, սեփական սրունքը կծող սատանաներով։

Բրեյգելի այս գործի ստեղծման ընթացքը համընկել է Ամերիկայի լիարժեք բացահայտման հետ, ու որոշ դետալներ հղում են հենց նոր աշխարհի նատուրալիստական բարիքներին։ Օրինակ՝ կենտրոնից քիչ վար՝ դժոխք ընկնող թիթեռի թևերով կերպարի թևերը հղում են Papilio machaon տեսակի թիթեռներին։ Ընդհանրապես, այս ծաղկի ցողունով էկզոտիկ ու անուշիկ դևիկին նկարի ամենագայթակղիչ դևերից մեկն են համարում։

Հատված կտավից․ վայր ընկնող դևերից մեկը՝ թիթեռի թևերով

Համանման օրինակ է նաև Արմադիլլո (Armadillo) տեսակի կենդանու պատկերումը: «Բնիկ ամերիկացի» այս կենդանու պատկերումը դևերի վերածվող հրեշտակների մեջ ակնհայտորեն հղում է փաստին, որ նկարիչը լավ ուսումնասիրել է Նոր մայրցամաքի առաջին նկարագրությունները։

Ընդհանրապես, Բրեյգելի ոգեշնչման աղբյուրներն ու դրանց ներկայացվածությունն ապստամբների այս կտավում հերթական անգամ շեշտում է հեղինակի խորը գիտելիքներն իրեն շրջապատող աշխարհի մասին ու խոհափիլիսոփայությունն այն ընկալելու և մատուցելու տեսանկյունից։

«Բրեյգելն այստեղ իրեն բացահայտում է որպես հիանալի կոլորիստ, որը հմտորեն բաշխում է կարմիրի, կանաչի, կապույտի և սպիտակի ակցենտները և, փոխարինելով մուգ շագանակագույնն ու բաց բեժն օխրայով»,- գրում է Վերոնիք Բաքենը (Véronique Bücken) Բելգիայի Գեղեցիկ արվեստների թանգարանից։

Ասում են՝ «Ապստամբ հրեշտակների անկումով» Բրեյգելը փորձել է գերազանցել Բոսխի «Երկրային վայելքների այգուն»։ Երբեմն այս կտավը խորհրդանշորեն որպես նախազգուշացում ու կանխազգացում է ընկալվում Նիդերլանդների 1562-ի պատերազմին ու դրա արհավիրքներին ընդառաջ։

Հրեշտակների թեման, իհարկե, այսքանով չի ավարտվում․ այս կերպարներին կտավ են բերել նաև Կարավաջոն, Պիտեր Պոլ Ռուբենսը, Ռեմբրանդը, Պոլ Գոգենը, Ուլիամ Բուգրոն։

Հենց Բուգրոյի երկու իրար համբուրող հրեշտակով էլ կավարտենք այս թեման՝ վերադառնալով հրեշտակների ավելի եթերային «էությանը»: Այն պատկերում է Փսիքեին ու Էրոսին՝ մանուկ։


✍ Անահիտ Հակոբյան / PAN