#մշակութաPAN
November 15, 2022

Ֆրոյդի կտավի թագուհու շուրջ պտտվող լեգենդն ու Էդուարդ Մանեի շնորհակալությունը՝ Զոլային․ Իրական կերպարները՝ կտավներում

Մոլորակի ամենաճանաչելի դեմքն ու դեմք գրողը՝ երկու խիստ տարբեր նկարիչների կտավներում հերոս են դարձել․ Եղիսաբեթ Երկրորդի ու Էմիլ Զոլայի դիմանկարների, թերևս, նմանությունն այն է, որ երկուսի դեպքում էլ նկարիչներն իրենք են նախաձեռնել կտավը։

Ինչպես Զիգմունդ Ֆրոյդի թոռը խնդրեց նկարել Նորին մեծության փոքրիկ դիմանկարը, ինչու իմպրեսիոնիստ Մանեն որոշեց «ստատիկ» դիմանկար անել Էմիլ Զոլայի համար․ PAN-ն այս անգամ իրական, պատմական կերպարների կտավի մեջ անմահացնելու 2 փորձի է անդրադարձել։

ԼՅՈՒՍՅԵՆ ՖՐՈՅԴ․ ԵՂԻՍԱԲԵԹ ԵՐԿՐՈԴԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ

Մեծ Բրիտանիայի պատմության մեջ որպես ամենաերկարակյաց միապետ մնացած ու բոլորովին վերջերս իր մահկանացուն կնքած Եղիսաբեթ Երկրորդի դեմքն աշխարհում ամենաճանաչելին է․ թագուհին սիմվոլ էր բառի բոլոր հնարավոր իմաստներով։ Նրա մշակութային ազդեցության մասին արդեն գրել ենք ու ակնարկել նաև Եղիսաբեթ 2-րդի ամենահակասական դիմանկարներից մեկի մասին։

Դրա հեղինակը Զիգմունդ Ֆրոյդի թոռն էր՝ նկարիչ Լյուսյեն Ֆրոյդը։

Բայց, նախ. Ֆրոյդը հայտնի է իր «մարմնական և մարմնեղ» նկարներով։ Նացիստական Գերմանիայից Անգլիա տեղափոխված հրեա-գերմանական ծագումով նկարիչն իր ստեղծագործական կյանքում բազմաթիվ դիմանկարներ է հեղինակել․ նրա վրձինն անցել է Ֆրենսիս Բեկոնի, Ֆրենկ Աուերբախի, փերֆորմանս արտիստ Լեյ Բոուերի դեմքերի վրայով։ 1990-ականների կեսերից Ֆրոյդի կտավների կենտրոնում էր հայտնվում Սյու Թիլլին (Sue Tilley): Նրա նկարներից մեկը Christie's-ում 2008-ին վաճառվել է ռեկորդային գնով՝ $33.6 մլն-ով, դառնալով այդ պահին կենդանի արվեստի գործչի ամենաթանկ վաճառված աշխատանքը։ Ֆրոյդի մարմնեղ գործերի թեման դեռ բացվելու տեղ ունի․ այսօր, սակայն, թագուհու դիմանկարի մասին։
Benefits Supervisor Sleeping, 1995թ․

Չնայած Լյուսյեն Ֆրոյդը դիմանկարների ստեղծման գործում վարպետ էր, երբեք պատվերով գործ չի արել․ ասում են՝ նա նկարում էր միայն ու բացառապես նրանց, ովքեր իրեն էին հետաքրքիր, «աստղային» կերպարներով ու հերոսներով էլ չէր գրավվում։

Բայց թագուհի Եղիսաբեթ 2-րդը, պարզվում է, նկարչի հետաքրքրության շրջանակում է եղել։ 2000-ականներին Ֆրոյդն անձամբ է դիմել թագուհուն՝ դիմանկար անելու խնդրանքով, զարմանալիորեն թագուհին համաձայնել է ու 19 ամիս համբերատարորեն աշխատել որպես բնորդ սեփական դիմանկարի համար։ Արդյունքում՝ Նորին մեծությունը փոքրիկ (նկարչի մյուս աշխատանքների համեմատ) դիմանկար է ունեցել՝ 15.28*23.5 սմ-ի վրա մի կտավ՝ չափազանց «ֆրոյդյան» վրձնահարվածներով, որոնք թագուհու դեմքն ընդգրկում ու ընդգծում են այնքան հստակորեն, որ տպավորություն կա՝ ուր որ է այս վրձնահարվածները միմիկա են դառնալու, ամենայն հավանականությամբ, կամ ավելի շուտ՝ զայրույթ արտահայտելով։

Ասում են՝ թագուհու այս լուսանկարի մասին երրորդ կարծիք չկա․ եղածները տատանվում են՝ կամ «սարսափելի վատն է» կամ «սաստիկ լավն է»-ի մեջ։ Այս դիմանկարից հետո որոշները Ֆրոյդին մեր ժամանակի լավագույն նկարիչ են կոչել, մյուսները հորդորել՝ «թագուհին նկարչին բանտ պիտի նստեցնի այս տգեղ դիմանկարից հետո»։ Որոշ լրատվամիջոցներ այն անգամ կոչել են արտիստի ամենամեծ ձախողումը։ Չնայած դրան՝ The Guardian-ն այն համարել է վերջին 150 տարվա թագավորական լավագույն պորտրետը։

Եթե Ֆրոյդի նկարին նայելիս ձեզ ևս թվում է, որ «թագուհին մերկ է», հաստատել կամ ժխտել այս զգացողությունը չի ստացվի իհարկե, բայց բացատրել հնարավոր է․

«Տարեց նկարիչը համարձակություն է ունեցել նկարել պարզապես տարեց կնոջ, որի դեմքը զբաղեցնում է մի փոքրիկ կտավի գրեթե ամբողջ տարածքն ու ավելի մերկ է թվում, քան նկարչի բոլոր մերկ նստած հերոսները միասին»,- գրում է Եվգենյա Սիդելնիկովան՝ հավելելով՝ նույնիսկ թագը նկարվել է ավելի ուշ՝ դիմանկարի հերոսուհուն առաջին հայացքից ճանաչելի դարձնելու համար։

Ամեն դեպքում, Ֆրոյդն անձամբ էլ իր նկարը թագուհու մոտ է տարել։ Համաձայն նկարչի կենսագիր Ուիլյամ Ֆիվըրի (William Feaver), Եղիսաբեթ 2-րդը չի ասել, թե ինչ է մտածում կտավի մասին, բայց շատ գոհ է թվացել։

«Շատ հաճելի է, որ Դուք արեցիք սա։ Ինձ շատ դուր է եկել նայելը, թե ինչպես եք խառնում գույները»,- թագուհու խոսքերն ամրագրել է նկարչի կենսագիրը։

Սրա կողքին արժե նաև նշել՝ կա չհաստատված կարծիք, որ թագուհին Ֆրոյդի արած դիմանկարն իրականում առանձնապես չէր հավանել։

Բայց, ինչպես արվեստի յուրաքանչյուր գործի՝ այս մեկի մասին էլ շրջադարձային, հեգնական ու համարձակ տեսակետ կա․ սա բնավ էլ թագուհու պորտրետը չէ, նկարը Ֆրոյդի ինքնանկարն է։ Այս տեսակետի կողմնակիցներն առաջարկում են նայել թագուհու դիմանկարին ու դրանից մեկ տարի առաջ նկարչի կողմից արված սեփական ինքնանկարին։

Դիմանկարը, գուցե, խիստ քննադատության է արժանացել, բայց այն բարձր են գնահատել կուրատորները։ Էնդի Ուորհոլի, Էննի Լեյբովիցի ստեղծագործությունների հետ մեկտեղ, Ֆրոյդի այս նկարը 2012-ին Վինձոր ամրոցում թագուհու դիմանկարների հոբելյանական ադամանդե ցուցադրության կարևորագույն մասն էր:

Ի դեպ, Ֆրոյդի գործերին հենց այս պահին Լոնդոնում գտնվողները մոտիկից կարող են ծանոթանալ․ Lucian Freud: New Perspectives խորագրով ցուցահանդեսն այժմ (ու մինչև 2023-ի փետրվար) Լոնդոնի Ազգային պատկերասրահում է, այն ընդգրկում է նկարչի 70 տարվա ստեղծագործական կյանքը՝ սկսած վաղ շրջանից, ավարտած «մոնումենտալ մերկություններով»։

Հետաքրքիր է, որ թագավորական ընտանիք-ֆրոյդներ «համագործակցությունը» 20-րդ դարում էլ է աչք ծակել։ Ալիսա Բատենբերգի՝ Եղիսաբեթ 2-րդի սկեսրոջ՝ արքայազն Ֆիլիպի մոր հոգեկան առողջության հարցով զբաղվել է նաև նկարիչ Լյուսյեն Ֆրոյդի պապը՝ Զիգմունդ Ֆրոյդը։

ԷԴՈՒԱՐԴ ՄԱՆԵ․ ԷՄԻԼ ԶՈԼԱՅԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ

Հավանաբար, նկարիչների պարագայում ծեծված է հնչում, բայց Էդուարդ Մանեն իր ժամանակի՝ 19-րդ դարի հակասական ընկալվող նկարիչներից մեկն էր։ Նա խստորեն է քննադատվել իր կտավներում առասպելական ու քրիստոնեական ելևէջներ չունենալու համար։

Մանեն, Էմիլ Զոլայի այս դիմանկարն արել է, որպես շնորհակալություն մեծ գրողին՝ իր արվեստի գործերը մերժող քննադատների ֆոնին՝ աջակցության համար։

1867-ին Զոլան իր երկրորդ մեծ հոդվածն է հրապարակում Մանեի մասին, նկարիչը դրան արձագանքում է՝ «Ամանորի ինչ շքեղ նվեր» ասելով ու արդեն նոր տարում Զոլայի դիմանկարը սկսելով։

Հայտնի է, որ Զոլան Մանեի արվեստանոց է գնացել բնորդության․ չնայած դրան՝ կտավում Զոլայի միջավայրն է ստացվել։ Այս գործի մասին ամեն երկրորդ կարծիք այն մասին է, թե ակնհայտ է՝ նկարիչն իր հերոսին համակրել է՝ գաղափարական իմաստով։

1868-ի մայիսի 10-ին Զոլան L'Evinement illustre-ում գրում է նկարչի բնորդը լինելու իր փորձի մասին․

«Հիշում եմ՝ ժամերով պոզա ընդունելը։ Անշարժ մնալուց թմրած վերջույթներով և լույսին նայելուց հոգնած աչքերով, նույն մտքերը շարունակ մրմնջում էին մտքումս: Ամենուրեք լսվող հիմար շաղակրատները, որոշների սուտը և ուրիշների նենգությունները, մարդկային այդ ամբողջ աղմուկը, որ հոսում է կեղտոտ ջրի պես, հեռու էր: Ինձ թվում էր, թե ես լքել էի Երկիրը՝ հանուն ճշմարտության ավելի բարձր ոլորտի, և ես լցված էի խղճահարությամբ և արհամարհանքով ներքևում սայթաքող խեղճ թշվառների հանդեպ»:

Որպես շնորհակալություն ստեղծված այս կտավը հենց շնորհակալության պես էլ հնչում է՝ կանոնիկ ու կոկիկ․ գրողի իրեր ու պարագաներ են՝ ավելի շատ նրա (ինչու ոչ՝ նաև նկարչի) բնավորությունն ու ճաշակն արտահայտելու համար։ Կտավի մեջ կտավ էլ կա․ հենց Մանեի «Օլիմպիան», որը Զոլան համարում էր արվեստի մեծագույն գործ։

Իր գործից զատ, Մանեն գրողի դիմանկարում ավելացրել է նաև Վելասկեսի կտավներից։

1850-56 թվականներին նկարիչն ապրել է հիմնականում Փարիզում, սովորել Գեղեցիկ արվեստների դպրոցում ու ընդօրինակել Վերածննդի և 17-րդ դարի վարպետների գործերը, այդ թվում՝ Դիեգո Վելսակեսի։ Այս կտավում իբրև Վելասկեսի «Բաքոսի խրախճանքն» է։

Իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը նատուրալիզմի ուղղության կարկառուն դեմքին նկարելիս չի մոռացել կողքը թանաքաման դնել՝ այդպես խորհրդանշելով Զոլայի մասնագիտությունը։ 1868-ին նկարված այս կտավն այժմ Փարիզում է՝ Օրսեյի թանգարանում։

Ընդհանրապես, արժե ֆիքսել, որ Մանեի ժամանակներում լուսանկարչությունն արդեն ծնվել էր, ու այս նորության գոյության պարագայում դիմանկարում նորություն ավելացնելն ինչ-որ իմաստով նաև մարտահրավեր կարող էր լինել ժամանակի համար։ Հետաքրքիր է, որ Մանեի դիմանկարների շարքում Զոլային ուղղված այս merci beaucoup-ն (ֆր՝. «շատ շնորհակալություն») սովորականներից է համարվում՝ հիմնված հենց սովորական ձևաչափի վրա։

Մանեի գործերում էլ դիմանկարների պակաս չկա ու համեմատելու տեղ կա նաև այս մեկի հետ։

Պատմական ու իրական կերպարների դիմանկարներին անդրադառնալիս արժե նաև հիշեցնել Ֆրանսիական հեղափոխության հերոսներից մեկի՝ Մարատի նկարը՝ դանակը կրծքին։

✍ Անահիտ Հակոբյան / PAN