Երեխա ժամանակ․ 25-ում մահացած արտիստի` մեդալ չստացած երեխաները, Ռենուարի տղան ու դայակը
Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ PAN-ը պատմում է կտավների մանուկների կենսագրության մասին։
Այս ընթացքում մենք ուղղակի կամ անուղղակի կերպով կտավի երեխաներին անդրադարձել ենք․ առաջարկում ենք վերհիշել մայրությունից մինչև ծերություն։
Արտեմիսիա Ջենտիլեսկուց մինչև Մերի Կեսսետ․ արվեստի պատմության մեջ կնոջ ձեռքով ստեղծված երեխաների պատկերներն առաջինն են երևալու «մանկություն ու մայրություն» որոնելիս։ Առաջարկում ենք մի պահ հետ շրջվել դեպի 19-րդ դար, որտեղ առաջին ամերկացի նկաչու
ՄԵՐԻ ԿԵՍՍԵՏ․ «ԲԱԶՄԱԶԱՎԱԿ» ԿՏԱՎՆԵՐԸ
Առավելապես երեխաների ու մանկություն պատկերող դրվագներով հայտնի ամերիկացի իմպրեսիոնիստ Մերի Կեսսետը (1844-1926թթ․) իր ոճը պրոյեկտել է գլխավորապես կանանց՝ որպես մայր, որպես դուստր պատկերելու թեմայի վրա։ Եվ, չնայած իր արվեստում մայրության թեմայի կրկնությանը, Կեսսետը երեխաներ չի ունեցել։
Ի դեպ, Կեսսետն ամերիկացի առաջին նկարչուհին էր, որ ցուցադրվեց ֆրանսիացի իմպրեսիոնիստների հետ ու, չնայած Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցում չսովորելու փաստին, մտերիմ է եղել ֆրանսիացի իմպրեսիոնիստների՝ մասնավորապես Էդգար Դեգայի հետ։
Երեխաների այսչափ ընդգծված ներկայության պատճառով է, հավանաբար, որ Կեսսետին արվեստի ժամանակակից դիլերները, ինչպես, օրինակ՝ Փոլ Դուրան-Ռուելը, նկարչին անվանում են “la sainte famille modern” (ֆր.՝ Ժամանակակից ընտանիքի սուրբը)։ Իսկ «սրբադասման» այս միտքը հղում է Կեսսետի՝ Տիրամոր ու Քրիստոսի պատկերը նորացնելու, թարմացնելու մտայնությանը։ Ասում են՝ այս շարքի բազմաթիվ գործեր մի շարք ընդհանրություններ ունեն իտալացի և ֆրանսիացի վարպետների ձեռամբ ստեղծված կտավների հետ։
Սակայն, չնայած դրան, իմպրեսիոնիստ նկարիչը որդեգրել է առավել ռեալիստական ու աշխարհիկ մոտեցում՝ վերաադապտացնելով կրոնական սուբյեկտները և համարեցնելով իր ժամանակի դրվագներին։
Մոր ու զավակի պատկերող այս կտավը, օրինակ, անվանվում է նաև Ֆլորենցիական Մադոննա (The Florentine Madonna)՝ հիշեցնելով կամ հղում անելով իտալական Վերածննդի Տիրամորն ու Հիսուս Քրիստոսին պատկերող գործերին։ Երեխայի թիկունքում գտնվող հայելին լուսապսակի դեր է կատարում, մոր դեմքը լի է ուրախությամբ ու քնքշանքով։
Կեսսետի «մայրության շրջանի» աշխատանքներն առավելապես կենտրոնացած են մոր ու զավակի հարաբերությունների վրա՝ մերժելով սեքսուալության՝ «ամենաավանդական» իմաստին վերագրվող զգացողական երանգները։
Նկարիչն իր կտավներում ընդգծում է մոր ու զավակի ֆիզիկական հպումը՝ բացատրելով այն որպես մտերմության նշան։
«Նա ձգտում է կանանց ներայացնել զգայական ու զգացմունքային լույսի ներքո, որը ներառում է սեքսուալություն միայն նրանց մայրության պրիզմայում»,- մեկնաբանում են Կեսսետին Daily Magazine-ում։
Հետաքրքիր մի նկատառում կա այն մասին, թե Կեսսետի բոլոր չափահաս հերոսները հագնված են․ այսպիով նկարիչը մերժել է կանանց՝ որպես էրոտիկ ցանկությունների սուբյեկտ վերաբերելու կամ դիտարկելու միտումը։ Փոխարենը հաճախ մերկ ու կիսամերկ են երեխաները, որոնց Կեսսետը ներկայացնում է որպես մաքրության, բարության ու անկեղծության խորհրդանիշներ։
ՈՒՐԻՇ ԵՐԵԽԱՆԵՐ․ ԴՐՍՈՒՄ ԶՐՈՒՑՈՂ ՏՂԱՆԵՐՆ ՈՒ ՌԵՆՈՒԱՐԻ ՏՂԱՅԻ ԴԱՅԱԿԸ
25 տարեկանում տուբերկուլոզից մահացած նկարչուհի Մարիա Բաշկիրցևան, որի անունն առաջինը կապվում է իր հայտնի օրագիրների հետ, երեխաներ պատկերող մի սրտառուչ կտավ ունի՝ A Meeting․ այն հեղինակի վերջին գնահատված ու չգնահատված կտավներից էր։
1884-ին Բաշկիրցևայի այս կտավը մտավ Սալոն ու մամուլի աչքը․ այն դրական արձագանք ստացավ հանրության ու լրատվամիջոցների կողմից, բայց միայն այսքանը։ Կտավի հեղինակն այս գործի համար մեդալ չստացավ Սալոնից ու դրա համար խիստ վրդովված գրառումներ էր արել իր օրագրում։ Նրա այս քայլը ոչ միայն անարդարության դեմ պայքար էր, այլև վախ՝ մոռացվելու․ նկարչուհին այդ ժամանակ արդեն գիտեր իր մահացու հիվանդության մասին։
Բաշկիրցևայի պատկերած երեխաների հագուկապը հուշում է՝ նրանք աշխատավոր դասից են ու դպրոցական։ 1880-ականներին անվճար, աշխարհիկ ու պարտադիր կրթության ռեֆորմն արդեն արված էր։
Նկարչուհին, սակայն, իր ստեղծագործության մեջ սոցիալական որևէ երանգ չի մտցնում․ նա, որպես ռուս (հաճախ նրան ուկրաինացի էլ են համարում) արիստոկրատ, պարզապես «հետևում» է նրանց։
Այնուամենայնիվ, Օրսեի թանգարանում մի դետալի առաջարկում են ուշադիր լինել․ կտավում փողոցում ինչ-որ բանի շուրջ խմբված տղաներից զատ, մի աղջիկ էլ կա։
Ասում են՝ Բաշկիրցևան այստեղ դասապարտում է տղամարդակենտրոն հասարակությունը, որտեղ բանավեճը մնում է արական խնդիր, իսկ կինը հեռու է։
Ֆրանսիական իմպրեսիոնիզմի ամենածաղկուն շրջանի ամենահայտնի դեմքերից մեկի՝ Պիեռ-Օգյուստ Ռենուարի քիչ հայտնի ու պակաս նշանավոր գործերից մեկը, որը դիտարկվում է որպես մոր ու երեխայի պատկեր, արտացոլում է ուրիշ իրականություն։
Կտավում հենց նկարչի որդին է՝ իր դայակ Գաբրիել Ռենարի հետ։
Նկարն արվել է 1896-ին, երբ Ռենուարի որդին հազիվ մեկ տարեկան էր։ Երեխայի դայակին՝ Գաբրիել Ռեանարին հաճախ կարելի է գտնել նկարչի կտավներում․ համանման ու մասնավորապես հենց այս նկարի պատճառով հաճախ նրան սխալմամբ Ռենուարի կնոջ տեղն են դնում։
Մի ձեռքում խաղալիք կով պահած, իսկ մյուսով Ռենուարի որդուն գրկած դայակը, ասում են՝ իրականում մտերիմ հարաբերություններ է ունեցել նկարչի ու որդու հետ իր ամբողջ կյանքի ընթացքում։
Ընդհանրապես, եթե հետաքրքիր է՝ կարող եք կարդալ նաև Ռենուարի ընտանեկան դայակի մասին․ այս կինն իրականում նկարչի կնոջ՝ Ալին Վիկտորին Շարիգոնի զարմիկն էր։ Տիկնոջ երկրորդ հղիությունից ու Ռենուարի որդու՝ Ժանի ծնվելուց հետո Ալինը հրավիրում է զարմուհուն իրենց մոտ, աշխատելու որպես դայակ։ Ասում են՝ այս կինը շարունակել է աշխատել նկարչի ընտանիքում մինչև նրա երեք երեխայի չափահաս դառնալը։
Ցորենագույն մաշկով, սև մազերով այս կինը Ռենուարի մեկ կտավում չէ, որ հայտնվել է, ու միայն երեխաների հետ չէ, որ պատկերվել է։ Գաբրիելի կերպարը կենդանի է մնում նաև նկարչի «Նկարչի ընտանիքը», «Գաբրիել և Ռոզ», «Երիտասարդ աղջիկը ծաղիկներով», «Երեխան խնձորով» ու անգամ «Մերկ կինը՝ պառկած» կտավներում։
Իր որդու ու դայակի այս պատկերը՝ «Գաբրիել և Ժան» կտավը, Ռենուարը 2 անգամ է նկարել. ասում են՝ մեկն այս տարբերակն է, մյուսը մասնավոր հավաքածուում է գտնվում։ 1896-ին արված նկարի երկրորդ տարբերակում երեխայի ձեռքին մարդու արձանիկ է, Գաբրիելի մոտ՝ խաղալիք աքաղաղ։
Այս կտավի կինը ոչ միայն ամուր կապեր է ունեցել Ռենուարի երեխաների, այլև հենց նկարչի հետ․ ասում են՝ երբ նկարիչն արդեն տարեց էր ու արթրիտ ուներ, Գաբրիելը շարունակում էր ներկ ու վրձին դնել Ռենուարի ձեռքի մեջ՝ օգնելով նրան շարունակել նկարել։
Բայց կրկին վերադառնալով երեխաների ու մանկության թեմային․ «Գաբրիել և Ժան» կտավի մյուս գլխավոր ու կարևոր հերոսը՝ Ռենուարի որդին, որ հետագայում անվանի կինոռեժիսոր պետք է դառնար, շարունակել է ամուր և ջերմ կապն իր դայակի հետ։ Ժան Ռենուարի հուշերում այս կինը կարևոր կերպար է, ինչ-որ իմաստով՝ ուսուցիչ։
Ռենուարի կտավներում կարելի է գտնել ոչ միայն վաղ մանկական հասակի երեխաների․ բուրժուական կյանքը պատկերող այս կտավն առանձնանում է նկարչի երկարատև և մանրակրկիտ աշխատանքով։ Այս նույն կոմպոզիցիայի երեք այլ տարբերակի մասին էլ է հայտնի․ այս մոտիվի կրկնությունը հետաքրքիր կերպով ցույց է տալիս նկարչի հետաքրքրությունն իր՝ արդեն անդրադարձած թեմային։
Երեխաների ու մանկություն պատկերող և ոչ աստվածային, կրոնական երանգով բազմաթիվ այլ կտավներ են հայտնի. ահա դրանցից մի քանիսը։