#մշակութաPAN
May 2, 2023

Old և Bold. Ինչպես Ուիսթլերի մայրը, մի պապ ու թոռ և Ռեմբրանդը ծերացան կտավներում

Գեղեցիկի մասին լայն պատկերացումներում, անշուշտ, տեղավորվում է նաև կյանքն ապրած լինելու մասին պարզագույն վկայությունը՝ ծերությունը։ PAN-ն այսօր փորձել է կտավների միջոցով ցույց տալ տարիքն առնելու, գեղեցիկ լինելու, նաև՝ կնճիռներով մի բան պատմելու մանրամասները։

Տարիքով մարդկանց կտավներում ներկայացնելու մի քանի այլ փորձերի, ոչ այս համատեքստում, բայց PAN-ն արդեն արել է։ Առաջարկում ենք վերհիշել մեր «հայրերը և որդիները» լոնգրիդը, կարդալ անճոռնի դքսուհու ու մորուքով տիկնոջ ծերության մասին, մոտիկից տեսնել Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ի կնճիռները:

Սրբերի ու մարդկանց պատկերելու դարաշարջանի պիկին՝ Վերածննդին, արվեստագետները, իհարկե, նորովի բացահայտեցին մարդուն՝ դնելով նրան աստվածային թեմաների կենտրոնում, պատկերելով դիցաբանական հետքով։ Վերածննդի շրջանից հայտնի իտալացի նկարիչ Դոմենիկո Գիրլանդայոյի «Ծերունին թոռան հետ» գործն այս թեմայում տեղավարվող աշխատանքներից է՝ իր ժամանակի դիմանկարի կանոններին համապատասխան։

Դոմենիկո Գիրլանդայո, «Ծերունին թոռան հետ», 1490թ․, Լուվր

Ֆլորենցիայում հայտնի դարձած Գիրլանդայոյի մասին մի պատմություն կա․ ասում են՝ նա եղբայրների հետ հաճախ էր որմնանկարչական աշխատանքներ անում, հատկապես եկեղեցիներում։ Հայրենի քաղաքում հարգված նկարչին, սակայն, մի անգամ «ճիշտ չեն գնահատել»։ Ավելի հեռու աբբայությունում աշխատանքի գնացած Գիրլանդայոյին ու եղբայրներին վերաբերել են որպես ծառայողների, ոչ որպես նկարիչների, նրանց կռճոններով են կերակրել։ Նկարչի կենսագիր Ջորջո Վազարին գրում է, թե այս վատ վերաբերմունքն այնքան է շարունակվել, որ նրա եղբայրն ու գործընկերը՝ Դավիթ Գիրլանդայոն չոր հացի կտորով գործատուի ջարդը տվել է, հետո այնպես ծեծել, որ այդ վանականը գրեթե մահամերձ է մնացել։ Դրանից հետո գործատու-վանահայրը, ըստ վկայության, պատշաճ վերաբերմունք է դրսևորել նկարչի ու նրա թիմի հանդեպ։

Գիրլանդայոյի աշխատանքներում պատկերի ռեալությունը երբեք կասկածի տակ չի դրվել․ համանման դեպքերից հետո էլ նկարչի համբավն է մեծացել՝ արհեստավորից արտիստի։ Անձամբ Միքելանջելոն էլ ժամանակին աշակերտել է Գիրլանդայոյին։

Ծերունուն ու թոռանը պատկերող այս գործը խորհրդանշական է համարվում հենց սիմվոլիզմի իմաստով․ այս նկարը համարվում է մահացած ծերունու դիմանկար իր թոռան հետ, բայցև մեկնաբանվում է տարիքի, կյանքի բովանդակային անցման համատեքստում։ Արվեստաբաններն առաջարկում են քննարկել խոհափիլիսոփայական վարկած, համաձայն որի՝ ծերունին ու տղան իրականության երկու տարբեր մակարդակներում են։

«Հավանաբար, մենք պետք է այս պատկերի ներսում պատկեր տեսնենք․ տղան արձագանքում և ցույց է տալիս Գիրլանդայոյի՝ դիմանկարչական հմտության պատկերը։ Տղան հանդիսական է, ով արձագանքում է պատկերին պատկերով և հաստատում արվեստի հաղթանակը»,- գրում է նկարչի գործը դիտարկած Ջոն Շիրմանը (John Shearman)։

Ռեալիստորեն պատկերված ծերունին տղայի աչքերում ու մեր աչքի առաջ երևում է ոչ միայն ծերության օրոք, այլև՝ հիվանդության։ Ծերունու քթին, հավանաբար, մաշկի ռոզացեա կոչվող հիվանդության նշաններն են, նրա թառամած ու հիվանդ դեմքին հակադրվում է, սակայն, Վերածննդի գեղեցկության բոլոր չափանիշներին համապատասխանող երեխան՝ կարմիր, առողջ այտերով, թմբլիկ, ոսկեգույն մազերով, որն իր շատ բնական հետաքրքրությամբ զննում է պապին։

Տղամարդու վերնահագուստն ու երեխայի շորերի «որակը» ցույց են տալիս, որ նրանք, ամենայն հավանականությամբ, նաև ազնվական ազգանուն են կրել․ այդ մեկը, սակայն, չի պահպանվել, մենք չգիտենք՝ ովքեր են կես հազարամյակ առաջ ապրած այս պապն ու թոռը։

«ԿՈՄՊՈԶԻՑԻԱ ՍԵՎԻ ԵՎ ՄՈԽՐԱԳՈՒՅՆԻ ՄԵՋ. ՈւԻՍԹԼԵՐԻ ՄԱՅՐԸ»

Ամերիկացի նկարիչ Ջեյմս Ուիսթլերի «Կոմպոզիցիա սևի և մոխրագույնի մեջ․ Ուիսթլերի մայրը» գործը համարվում է ամենահայտնին՝ նկարչի ստեղծագործական կյանքում ու հայտնիներից մեկը՝ ամերիկյան արվեստում։

Ջեյմս Ուիսթլեր, «Կոմպոզիցիա սևի և մոխրագույնի մեջ։ Ուիսթլերի մայրը», 1871 թ․, Օրսեյի թանգարան

Կտավում, ինչպես դժվար չէ կռահել, Ուիսթլերի մայրն է՝ Աննա Մաք-Նեյլ Ուիսթլերը (Anna McNeill Whistler), որ 1864-1875 թվականներին որդու հետ ապրել է Լոնդոնում։

1891-ին այս կինն ամերիկյան արվեստի առաջին գործն էր, որ գնվեց Ֆրանսիայի պետության կողմից։ Այն համարվում է ամերիկյան արվեստի լավագույն գործերից մեկը, որ երկրից դուրս է գտնվում։

Տիկին Աննան ծնվել էր Հյուսիսային Կարոլինայում՝ Վիլմինգթոնում։ Նրանց ընտանիքը հայտնի էր նրանով, որ զարմիկը ստրկատեր էր, իսկ աղջիկն այն ժամանակ՝ տարբեր ռասաների 9 երեխայի զարմուհի։ Ինքը՝ Աննան ամուսնացած էր Ջորջ Վաշինգթոն Ուիսթլեր անունով մի ինժեների հետ, որի հետ համատեղ կյանքի ընթացքում 5 որդի էր ունեցել։ Որդիներից, սակայն, ողջ էին մտացել ու չափահաս տարիքի հասել միայն երկուսը՝ Ուիլյամն ու Ջեյմսը։

1842-ից սկսած՝ 6 տարի այս ընտանիքն ապրել է Ռուսաստանում, որտեղ նկարչի հայրը ծառայում էր Նիկոլայ I ցարին՝ որպես դեպի Մոսկվա երկաթուղային գծի գլխավոր ինժեներ։ Հենց այս տարիներին Ջեյմս Ուիսթլերը սովորում է Գեղեցիկ արվեստների կայսերական ակադեմիայում (Imperial Academy of Fine Arts)։ Նկարչի ընտանիքը վերադարձել է Ամերիկա միայն 1848-ին, երբ ընտանիքի հայրն արդեն մահացել էր խոլերայի համաճարակից։

Այդ շրջանում Ջեյմս Ուիսթլերը որոշում է շարունակել հոր կարիերան ու հետևել իր «ռազմական երևակայությանը»՝ ընդունվելով Ուեսթ Փոյնթ ռազմական ակադեմիան, սակայն այդպես էլ չավարտելով այն։

1855-ին նա մեկնում է Փարիզ՝ մտնելով իմպրեսիոնիստների շրջապատ (նա գիտեր Մանեին, Մոնեին, Կուրբեին, մտերիմ էր Անրի Ֆանտեն Լատուրի հետ), ու նաև դիրքավորվելով որպես կանանց սիրահար։

Ուիսթլերի «Symphony in White, No. 1: The White Girl» (1862) կտավը, ասում են՝ 1863-ի Մերժվածների սալոնի սենսացիան էր, բայց հետո այն խամրեց Մանեի «Նախաճաշ խոտի վրա» գործի ֆոնին։ Ընդհանրապես, նկարչին Փարիզում բարձր էին գնահատում հատկապես գործընկեր նկարիչներն ու պոետները (օրինակ՝ երիտասարդ Մարսել Պրուստը որպես թալիսման էր պահում Ուիսթլերի մոխրագույն ձեռնոցները), բայց նա որոշում է տեղափոխվել Լոնդոն, որտեղ էլ պիտի ստեղծեր իր կյանքի ամենանշանավոր գործը՝ պատկերելով մորը։

Փարիզում ապրած ամերիկացի նկարիչը Լոնդոնում արդեն բևեռացված կարծիքների մեջտեղում էր ու սկանդալների կիզակետում։ Ասում են, երբ մայրը՝ Աննան տեղափոխվեց իր մոտ, նա ստիպված էր սիրուհուն բոլորովին այլ թաղամաս ճանապարհել։

Վերադառնալով կտավին․ 1872-ին Արվեստի թագավորական ակադեմիայում հայտնվելու համար այս դիմանկարը կատաղի դիմադրություն է հաղթահարել։

«Սա եզակի է՝ նկարչի դիմանկարների մեջ․․․ կտավում Աննան լիակատար հանդուրժողականությամբ խոսում է կապիտուլյացիայի մասին։ Նա ամեն ինչ կանի որդու համար, ինքը որդին է։ Այսպիսի բացառիկ նվիրումն ամեն որդու հիմնական երազանքն է, այնպես չէ՞»,- գրում է The New Yorker-ի հոդվածագիր, արվեստի քննադատ Փիթեր Շելդալը (Peter Schjeldahl):

Նա այս կտավը ներկայացնում է որպես Ուիսթլերի՝ մեկ գույնով երանգները մոդուլացնելու արմատական մեթոդի գագաթնակետ՝ առաջարկելով նաև նայել ամուսնական մատանի կրող Աննայի մաշկի գույնից մինչև ճապոնական նախշերով վարագույրին, կապույտի և կարմիրի «ենթագիտակցական շշուկներին» ու նկարչի խորհրդանշական ստորագրություն-թիթեռին։

Չնայած ինքը՝ նկարիչն այս կտավի հանդեպ սենտիմենտալ արձագանքներից վրդովվում էր ու առաջարկում թեման դիտարկել որպես «պատրվակ՝ գեղագիտության մեջ արկածախնդրություն ներդնելու», այնուամենայնիվ, այն կապվում է մայրության թեմային ու հիշատակվում կտավի ստեղծման՝ Մեծ դեպրեսիայի տարիների հետ համընկման փաստը։

Պատմություն կա այն մասին, թե այս կտավն ու հենց այս տեսքով կարող էր նաև գոյություն չունենալ, եթե Ջեյմս Ուիսթլերի բնորդը կարողանար աշխատանքի գալ։

Կտավի ստեղծումը որոշ աղբյուրներում հիշատակվում է որպես բնորդի բացակայության պատրվակ։ Նկարելիս Ուիսթլերն անգամ ցանկացել է տիկնոջն ամբողջ հասակով պատկերել, բայց դա չափազանց հոգնեցուցիչ է եղել 67-ամյա Աննայի համար։

Ընդհանրապես, տիկնոջ այս դիրքն ու կեցվածքը մեծապես բնորոշում են նաև այդ շրջանի՝ վաղ լուսանկարչության էսթետիկան։

Կտավի՝ National Gallery of Victoria-ում գտնվող իլուստրացիաներից, Աննան այստեղ կանգնած է պատկերված
«Ինձ համար սա հետաքրքիր է որպես իմ մոր նկար»,- ասել է նկարիչը՝ հարցնելով՝ ինչու պետք է հասարակությունը հոգա կտավի կնոջ ինքնության մասին։
Ուինսթլերի մոր լուսանկարը

Ի հակադրություն նկարչի այս մոտեցման՝ ծեր Աննայի պատկերը հենց մայրությամբ իմաստավորված երանգներ ունի։ 1938-ին Փենսիլվանիայում քաղաքացիական նախաձեռնությամբ տեղադրվեց Աննայի նստած նկարը, գրությամբ՝ «Մայրը՝ կենդանի ամենասուրբը» կամ «Մայրը՝ ապրողների մեջ ամենասուրբը» (A mother is the holiest thing alive):

Ուիսթլերի մոր պատկերով արձանը՝ ԱՄՆ-ում

Այս կտավը, ընդհանրապես, վաղուց է դուրս եկել շրջանակից ու տարածվել որպես նամականիշ, գեղարվեստական այլ գործերի համար ոգեշնչում, փոփ-արտի մաս։

ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը մոր հետ Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, 1934թ, մայիսի 16, New York Times-ի համարից

ԱՄՆ նախագահ Ռուզվելտի ու նրա մոր այս հայացքն իրականում նաև նպաստել է նկարի հանրահռչակմանը։ Լուվրից Նյու Յորք ժամանակավոր ցուցադրության եկած այս կտավն այն ժամանակ ազդել է Ռուզվելտի վրա, հուզել ԱՄՆ ղեկավարին ու միտք տվել․ կտավի տիկինը կարող է դառնալ Մայրության օրվա դրոշմակնիք։ Նախագահի այս ոգևորությունը կարևոր ազդեցություն ունեցավ նկարի խորհրդանշական մեկնաբանությունների վրա, իսկ դրոշմանիշը փոքր-ինչ վերափոխեց կտավի հայացքը։ Կինն այնտեղ սկսեց նայել ոչ թե դատարկ տարածությանը, այլ՝ ծաղկամանին։

Կտավի պատկերով ստեղծված նամականիշը, 1934 թվական

Ջեյմս Ուիսթլերի «Կոմպոզիցիա սևի և մոխրագույնի մեջ․ Ուիսթլերի մայրը» գործն այսօր իր նշանավորմամբ, տարածվածությամբ, վերարտադրված ու վերաձևակերպված լինելով՝ համեմատվում է «Մոնա Լիզայի», «Ճիչի», Էնդի Ուորհոլի Մերլին Մոնրոների հետ։

ՖՐՈՅԴ ՈՒ ՌԵՄԲՐԱՆԴ

Ծերության ու կնճիռների, ոչ համաչափ, թառամած մարմնի թեման հաճախ է արծարծվել Զիգմուդ Ֆրոյդի թոռան՝ Լյուսյեն Ֆրոյդի աշխատանքներում։ Գերմանա-հրեական ծագումով ու Բրիտանիայի քաղաքացիություն ունեցող նկարիչն ինքնանկարներ, իրեն ու այլոց ծերության օրոք պատկերող նկարիչների ցանկում, հավանաբար, ամենահայտնիներից ու համարձակներից է։

Ֆրոյդի ինքնանկարներից

Ֆրոյդյան ինքնանկարների շարքում ամենից համարձակն իրեն մորեմերկ ու միայն կոշիկներով պատկերողն է։ 1993-ին 70-ամյա նկարիչն իր լոնդոնյան ստուդիայում ոտքից գլուխ կտավն իրենով արեց։ Painter Working, Reflection-ն այժմ քննադատներն ու արվեստաբանները համարում են Ֆրոյդի լավագույն ինքնանկարը։

70-ամյա նկարչի ինքնանկարը
«Ես շատ անհանգիստ էի զգում դա անելիս։ Հազվադեպ էի այդքան հոգնում մոդելից։ Բայց մտածեցի՝ բազմաթիվ մարդկանց սրա միջով անցկացնելուց հետո, ես ինքս ինձ էլ պետք է նույն վերաբերմունքին ենթարկեմ»,- հայտարարել է նկարիչն իր մորեմերկ ու ծեր մարմինը պատկերելու մասին։

Եվ քանի ինքնանկարների թեմայի մեջ ենք՝ հիշենք Ռեմբրանդին։ Ռեմբրանդ Վան Ռեյնն իր կյանքի ընթացքում տասնյակ ինքնանկարներ է հեղինակել՝ պատկերելով իրեն և՛ երիտասարդ, և՛ տարեց։

Ռեմբրանդի ինքնանկարներից, «Ինքնանկար բերետով և ծալված օձիքով», 1659թ․

Իր դեմքին խորհրդավոր երանգներ ու մարմնի ծերացման նշաններ տված նկարիչն այստեղ, ասում են, ոգեշնչվել է Ռաֆայելով, մոտեցրել նկարն իր՝ ավելի վաղ արած փորգրություններից մեկի տեսքին։

Ռեմբրանդի 40-ից ավելի պահպանված ինքնանկարներում նկարիչն այլ դիրքով է, միայն երկուսում՝ այսպես։ Այս կտավում նա ավելի շատ ցույց է տալիս իր աջ կիսադեմը՝ թեքված է դեպի ձախ (նկարիչը միշտ աջ էր ոչ թե իր գեղեցիկ կողմը ցույց տալու պատճառով, այլ որովհետև աջլիկ էր ու ինքնանկար անելիս հայելին այդպես դնելն ավելի հարմար էր)։ Ենթադրվում է, որ սա կանխամտածված «շեղում» է:

Դետալ՝ Ռեմբրանդի դիմանկարից

Ծերության օրոք նկարիչն իրեն նաև Զևսի պես է պատկերել․ սա էլ նկարչի երկրորդ դիմանկարն է, որտեղ նա կրկին ձախից է նայում։

Ռեմբրանդ, «Ինքնադիմանկար Զևսի տեսքով», 1662թ․

✍️ Անահիտ Հակոբյան / PAN