Հագեցած կինոտարի. 2026-ի քառասուն ամենասպասված ֆիլմերը
Անցած 2025թ-ը աչքի ընկավ հրաշալի ֆիլմերի առատությամբ, իսկ մի քանիսը վարձույթում հեշտությամբ հաղթահարեցին մեկ միլիարդ դոլարի սահմանը։ Սակայն 2026-ը խոստանում է էլ ավելի տպավորիչ լինել, հատկապես խոշոր բլոկբաստերների հարցում։
PAN-ն այս տարվա հագեցած ժամանակացույցից ընտրել է ամենասպասված 40 ֆիլմը, որոնք ցուցադրվելու են մեծ էկրաններին։
1. «Գրենլանդիա. Միգրացիա», (Greenland 2: Migration), ռեժ. Ռիկ Ռոման Վո, պրեմիերան` հունվարի 9-ին
Գիսավորի աղետալի հարվածի մասին 2020թ-ի ֆիլմի շարունակությունը։ Սյուժեն սպասելիորեն կենտրոնանում է երկարաժամկետ հետևանքների վրա. կենդանի մնացածները լքում են ապաստարանները ու փորձում վերաբնակեցնել Երկրի ավելի պիտանի տարածքները։
Սա կրկին ֆիլմ է ընտանիքի մասին գլոբալ աղետի ֆոնին` շեշտը դնելով այդ աղետի ռեալիստիկ կողմերի վրա` գոյատևում, երբ ամեն ինչ փլուզվում է։
2. «28 տարի անց. ոսկրե տաճար», (28 Years Later: The Bone Temple), ռեժ. Նիա Դակոստա, պրեմիերան` հունվարի 14-ին
Զոմբի ֆրանշիզի հերթական` չորրորդ գլուխը, որը ուղիղ շարունակում է նախորդ տարի էկրաններ բարձրացած Դենի Բոյլի ֆիլմը։
Անվանումից կարելի է ենթադրել, որ նոր մասը խորանալու է նոր հասարակության կրոնական ու մշակութային շեղումների մեջ։ Կրկին նույն մռայլ, դաժան մթնոլորտը, որը շեշտը դնում է հոգեբանական սարսափի, այլ ոչ միայն տպավորիչ էքշնի ու արյան գետերի վրա։
3. «Վերադարձ Սայլենթ Հիլլ», (Return to Silent Hill), ռեժ. Քրիստոֆ Գանս, պրեմիերան` հունվարի 22-ին
Կուլտային հորրոր խաղային շարքի նոր էկրանավորումը։ Պատմությունը հիմնված է երկրորդ խաղի վրա, ղեկին առաջին էկրանավորման ռեժիսորն է։
Պատմությունը կրկին պտտվում է մառախլապատ քաղաքի շուրջ, որտեղ անձնական տրավմաները ֆիզիկական մարմնավորում են ստանում։ Սպասվում է խաղերին ավելի մոտ տոնայնություն. սիմվոլիզմ, դանդաղ զարգացող սասփենս ու այլասերված միֆոլոգիա, այլ ոչ թե զուտ հրեշներ։
4. «Օգնություն ուղարկեք», (Send Help), ռեժ. Սեմ Ռեյմի, պրեմիերան` հունվարի 30-ին
Աղետից հետո գոյատևման մասին կամերային թրիլլեր սարսափի վարպետի կողմից։ Հիմնական շեշտը մեկուսացման մեջ հայտնված երկու կերպարների փոխազդեցության վրա է։
Սա լինելու է կինո հոգեբանության, վստահության ու բարոյական կոմպրոմիսների մասին` մինիմալիստիկ բեմադրմամբ ու լարված երկխոսություններով։
5. «Հաջողություն, ուրախ եղեք, մի մեռեք», (Good Luck, Have Fun, Don’t Die), ռեժ. Գոռ Վերբինսկի, պրեմիերան` փետրվարի 13-ին
Երկար տարիներ հետո հրաշալի վիզիոներ Վերբինսկին վերադառնում է։ Իրոնիկ հորրոր սև կատակերգության էլեմենտներով, որը խաղում է համակարգչային խաղերի ու սթրիմինգի էսթետիկայի հետ։
Կերպարները հայտնվում են մահացու վտանգավոր իրավիճակում, որը մատուցվում է որպես խաղ։ Կարելի է սպասել սատիրա թվային մշակույթի հասցեին ու անսպասելի ժանրային շրջադարձներ։
6. «Ճիչ 7», (Scream 7), ռեժ. Կեվին Ուիլյամսոն, պրեմիերան` փետրվարի 27-ին
Սարսափ ժանրը վերաիմաստավորած հռչակավոր մետա-սլեշերի հերթական իտերացիան։
Ֆիլմը, հավանաբար, կշարունակի «ժառանգների» գիծն ու կրկին մեկնաբանելու է ֆրանշիզների ու ֆան սերվիսի վիճակը։ Գլխավորը այստեղ երկխոսություններն են, ինքնաիրոնիան ու Ուրվականային դեմքի դիմակի նոր վարիացիաները։
7. «Հարսնացուն», (The Bride!), ռեժ. Մեգի Ջիլենհոլ, պրեմիերան` մարտի 6-ին
Ֆրանկենշթեյնի հարսնացուի կերպարի անսովոր ինտերպրետացիան։ Սա կարող է լինել ինչպես գոթական հորրոր, այնպես էլ սեփական ինքնությունը կառուցելու մասին ֆեմինիստական դրամա։
Սպասվում է վիզուալ առումով խիստ արտահայտիչ կինո, որը ակցենտավորվելու է կերպարների ու մթնոլորտի վրա։
Կարդացեք նաև` Գեղեցիկն ու հրեշը. Գիլյերմո դել Տորոյի մաղով անցած «Ֆրանկենշթեյնը»
8. «Ավե Մարիա նախագիծ», (Project Hail Mary), ռեժ. Ֆիլ Լորդ, Քրիստոֆեր Միլլեր, պրեմիերան` մարտի 20-ին
«Մարսեցու» հեղինակ Էնդի Վեյրի գիտաֆանտաստիկ գրքի էկրանավորումը մարդու մասին, ով արթնանում է միայնակ տիեզերանավում ու չի հիշում, ինչպես է այնտեղ հայտնվել։
Աստիճանաբար հերոսը սկսում է հիշել մարդկությունը փրկելու առաքելության մանրամասները։ Ֆիլմը համադրելու է կոշտ գիտական ֆանտաստիկան, հումորը, ինչպես նաև ընկերության ու անձնազոհության մասին ուժեղ էմոցիոնալ գիծը։
9. «Ես գնում եմ փնտրելու 2», (Ready or Not 2: Here I Come), ռեժ. Մեթ Բետինելլի-Օլփին, Թայլեր Ջիլեթ, պրեմիերան` մարտի 27-ին
Վտանգավոր ընտանեկան ավանդույթների մասին հաջողված սատիրիկ հորրորի շարունակությունը։
Այս անգամ մասշտաբները, հավանաբար, կընդլայնվեն մեկ տան սահմաններից այն կողմ։ Կարելի է սպասել ավելի շատ սև հումոր, արյուն ու սոցիալական երգիծանք։
10. «Սուպեր Մարիոյի գալակտիկան», (The Super Mario Galaxy Movie), ռեժ. Աարոն Հորվաթ, Մայքլ Ելենիկ, պրեմիերան` ապրիլի 3-ին
2023-ի գերհաջոզված ֆիլմի շարունակությունը` այս անգամ ոգեշնչված Mario Galaxy խաղի էսթետիկայով։
Սյուժեն կառուցվում է նոր աշխարհների, գրավիտացիոն հնարքների ու մասշտաբային արկածների շուրջ։ Սա վառ ընտանեկան ֆիլմ է, որը շեշտը դնում է տպավորիչ պատկերի ու իտալացի կոյուղագործի մասին խաղերի նոստալգիայի վրա։
11. «Մայքլ», (Michael), ռեժ. Անտուան Ֆուկուա, պրեմիերան` ապրիլի 24-ին
Կենսագրական ֆիլմ լեգենդար Մայքլ Ջեքսոնի մասին։ Պատմությունը ընդգրկում է փոփ աստղի ինչպես ստեղծագործական թռիչքը, այնպես էլ նրա կյանքի հակասական կողմերը։
Սպասումները բարձր են թեմայի բարդության ու երաժշտության, առասպելի ու իրականության միջև բալանսը պահելու անհրաժեշտության պատճառով։
12. «Սատանան կրում է Prada 2», (The Devil Wears Prada 2), ռեժ. Դեյվիդ Ֆրենկել, պրեմիերան` մայիսի 1-ին
Փայլի ու իշխանության մասին մոդայիկ դրամայի շարունակությունը։ Հերոսները բախվում են փոփոխված ինդուստրիայի հետ. թվային մեդիա, սոցցանցեր ու նոր էթիկա։
Սա ֆիլմ է առաջին հերթին ազդեցության, հաջողության գնի ու հեղինակության տրանսֆորմացիայի մասին։
13. «Մահացու մենամարտ 2», (Mortal Kombat II), ռեժ. Սայմոն ՄակՔուոյդ, պրեմիերան` մայիսի 8-ին
Կուլտային ֆայթինգի նոր էկրանավորումն ու 2021թ-ի ֆիլմի սիքվելը խոստանում է ավելի շատ կերպարներ ու մրցաշարի` խաղերին ավելի մոտ ստրուկտուրա։
Ֆոկուսը լինելու է տպավորիչ մարտերի, ֆեյթալիթիի ու աշխարհի միֆոլոգիայի ընդլայնման վրա։ Սյուժեն երկրորդական է, կարևորը վիզուալ դրայվն է։
14. «Մանդալորեցին ու Գրոգուն», (The Mandalorian and Grogu), ռեժ. Ջոն Ֆավրո, պրեմիերան` մայիսի 22-ին
«Աստղային պատերազմների» (Star Wars) աշխարհում երկրորդ ամենահաջողված սերիալի լիամետրաժ շարունակությունը։
Պատմությունը հավանաբար կկենտրոնանա մանդալորեցի Դին Ջարինի ու փոքրիկ Գրոգուի հարաբերությունների վրա, սակայն ավելի էպիկական մասշտաբներում։ Սա արկածային կոսմո-վեսթերն է, որը ակցենտավորվելու է էմոցիաների ու Ուժի միֆոլոգիայի վրա։
15. «Տիեզերքի տիրակալները», (Masters of the Universe), ռեժ. Թրեվիս Նայթ, պրեմիերան` հունիսի 5-ին
Mattel-ի լեգենդար ֆրանշիզի էկրանավորման նոր փորձը։ Ֆենթեզի մարտաֆիլմ` վառ վիզուալ աշխարհով ու միֆոլոգիկ կոնֆլիկտով։
Ֆիլմից սպասում են կամ անսպասելի լուրջ տոնայնություն, կամ էլ գիտակցված թռեշ մոտեցում։
16. «Բացահայտման օր», (Disclosure Day), ռեժ. Սթիվեն Սփիլբերգ, պրեմիերան` հունիսի 12-ին
Սփիլբերգը վերադառնում է արմատներին ու նկարում գիտաֆանտաստիկ թրիլլեր այլմոլորակայինների մասին։
Պատմությունը կառուցվելու է հասարակության ու իշխանությունների ռեակցիայի շուրջ։ Հավանաբար, մեծ ռեժիսորը կկենտրոնանա նաև վախի ու վերահսկողության արդիական թեմաների վրա։
Կարդացեք նաև` Կինոյի բարի հսկան. Սթիվեն Սփիլբերգի բոլոր ֆիլմերը` վատագույնից լավագույն
17. «Վախենալու կինո 6», (Scary Movie 6), ռեժ. Մայքլ Թիդես, պրեմիերան` հունիսի 12-ին
Պարոդիկ ֆրանշիզի վերադարձը։ Ֆիլմը, իհարկե, ծաղրելու է ժամանակակից հորրորները, սթրիմինգային թրենդերն ու ինտելեկտուալ և վերամբարձ սարսափ կինոն։
Հաջողությունը կախված է նրանից, թե որքան սրամիտ կլինեն կատակները։
18. «Խաղալիքների պատմություն 5», (Toy Story 5), ռեժ. Էնդրյու Սթենտոն, պրեմիերան` հունիսի 19-ին
Կենդանացած խաղալիքների մասին Pixar-ի պատմության շարունակությունը։ Ամենայն հավանականությամբ, ֆոկուսը կտեղափոխվի երեխաների նոր սերնդի ու խաղի նոր դրսևորումների վրա։
Սա ընտանեկան կինո է անխուսափելի եզրափակիչ էմոցիոնալ հարվածով։
19. «Սուպեր աղջիկ», (Supergirl), ռեժ. Քրեյգ Գիլեսպի, պրեմիերան` հունիսի 26-ին
DC կինոկոմիքսների աշխարհում Ջեյմս Գաննը շարունակում է վերաիմաստավորումը։ Նախորդ տարվա հրաշալի «Սուպերմենից» (Superman) հետո պատմությունը կկենտրոնանա նրա զարմուհու` Կառա Զոր-Էլի վրա։
Հավանաբար, մենք կտեսնենք հասունացման, սեփական տեղի որոնման ու պատասխանատվության մասին պատմություն։ Սպասվում է ավելի անձնական ու դրամատիկ տոնայնություն, քան տիպիկ բլոկբաստերների դեպքում։
20. «Ոդիսականը», (The Odyssey), ռեժ. Քրիստոֆեր Նոլան, պրեմիերան` հուլիսի 17-ին
Հոմերոսյան էպոսի ազատ էկրանավորումը։ Ոդիսևսի ճամփորդությունը կմատուցվի կամ որպես մասշտաբային ֆենթեզի, կամ որպես փիլիսոփայական առակ, կամ էլ երկուսը միասին։
Գլխավոր սպասումը վիզուալ շքեղությունն է ու առասպելի նոլանյան ինտերպրետացիան։
21. «Չարագույժ մեռելներն այրվում են», (Evil Dead Burn), ռեժ. Սեբաստիան Վանիչեկ, պրեմիերան` հուլիսի 24-ին
«Չարագույժ մեռելների» (Evil Dead) մասին ֆրանշիզի նոր գլուխը։ Առավելագույն քանակի պրակտիկ էֆեկտներ, արյան ծովեր ու դաժանություն։
Սա կրկին ֆիլմ է լինելու առանց կոմպրոմիսների մարմնական սարսափի մասին։ Հուսանք` հնարամիտ սև հումորով։
22. «Սարդ-մարդը. Լրիվ նոր օր», (Spider-Man: Brand New Day), ռեժ. Դեսթին Դենիել Քրեթոն, պրեմիերան` հուլիսի 31-ին
Պիտեր Պարկերի պատմության հերթական փուլը` նրա կյանքում տեղի ունեցած արմատական փոփոխություններից հետո։
Ստեղծողները կենտրոնանալու են հերոսի «փողոցային» մակարդակի վրա։ Կարելի է սպասել հերթական անձնական դրաման ու նոր չարագործների։
23. «Շան աստղերը», (The Dog Stars), ռեժ. Ռիդլի Սքոթ, պրեմիերան` օգոստոսի 28-ին
Բրիտանացի կինեմատոգրաֆիկ հսկան ուժերը փորձում է Պիտեր Հելլերի հռչակավոր գրքի էկրանավորման մեջ։
Գիրքը պոստապոկալիպտիկ դրամա է համավարակից հետո աշխարհի մասին։ Եթե էկրանավորումը բավարար հավատարիմ լինի, մենք կստանանք միայնության ու կորստի մասին մթնոլորտային ու էմոցիոնալ հարուստ ֆիլմ։
24. «Կոյոտն ընդդեմ Ակմեի», (Coyote vs. Acme), ռեժ. Դեյվ Գրին, պրեմիերան` օգոստոսի 28-ին
Հիշո՞ւմ եք սքանչելի «Ով է դավել Ռոջեր ճագարին» (Who Framed Roger Rabbit) ֆիլմը։ «Կոյոտն ընդդեմ Ակմեի» ֆիլմը նույն ժանրում է ու, հավանաբար, նույն տիեզերքում. խաղարկային կինոյի ու անիմացիոն հիբրիդ, կատակերգություն կոյոտի ու Acme կորպորացիայի միջև դատական պրոցեսի միջև։
Սատիրա կորպորատիվ անպատասխանատվության թեմայով` մատուցված աբսուրդ ձևով։
25. «Ժայռամագլցող», (Cliffhanger), ռեժ. Ժաում Կոլետ-Սերա, պրեմիերան` օգոստոսի 28-ին
Սիլվեստր Ստալոնեի մասնակցությամբ 1993թ-ի ալպինիստական թրիլլերի ռեբութն ու վերաիմաստավորումը։ Էքստեմալ պայմաններ, նվազագույն ապահովագրություն ու մշտական լարվածություն։
Գոյատևման ու մարդկային կարողությունների սահմանի մասին ֆիլմում գլխավոր հերոսն այս անգամ կին է։
26. «Կավե դեմքը», (Clayface), ռեժ. Ջեյմս Ուոթքինս, պրեմիերան` սեպտեմբերի 11-ին
Բոդի հորրոր DC կոմիքսների ողբերգական հակահերոսի մասին, ով կարող է փոխել իր մարմնի ձևը։
Պատմությունը, հավանաբար, ավելի մոտ կլինի սարսափ ժանրին, քան սուպերհերոսական էքշնի` ակցենտավորվելով ինքնության կորստի վրա։
27. «Չարի կացարան», (Resident Evil), ռեժ. Զաք Քրեգեր, պրեմիերան` սեպտեմբերի 17-ին
Լեգենդար խաղային ֆրանշիզի հերթական կինեմատոգրաֆիկ ռեբութը, այս անգամ, հույս ունենանք, հաջողված, որովհետև ղեկին Զաք Քրեգերն է։
Խոստացել են վերադարձ հորրոր արմատների ու մեկուսացման թեմաներին։ Սպասվում է ավելի քիչ բլոկբաստեր ու ավելի շատ սարսափ։
28. «Պրակտիկ մոգություն 2», (Practical Magic 2), ռեժ. Սյուզաննա Բիր, պրեմիերան` սեպտեմբերի 18-ին
Վհուկների ու ընտանեկան կապերի մասին 1998թ-ի դրամայի շարունակությունը։
Ֆիլմը շեշտը դնելու է մթնոլորտի, ռոմանտիզմի ու ժառանգականության թեմայի վրա։ Հավանաբար, պետք է սպասել հանգիստ, մոգական ռեալիզմով հագեցած «աշնանային» կինո։
29. «Փորողը», (Digger), ռեժ. Ալեսանդրո Գոնսալես Ինյարիտու, պրեմիերան` հոկտեմբերի 2-ին
Նոր Ինյարիտուն միշտ կինոտոն է, հատկապես, եթե գլխավոր դերում անկրկնելի Թոմ Քրուզն է։ Մռայլ թրիլլեր կամ դրամա` ներծծված սև հումորով։
Անվանումից կարելի է ենթադրել, որ կլինի պատմություն գաղտնիքները, անցյալն ու ճշմարտությունը բառացի կամ մետաֆորիկ իմաստով փորել, հանելու մասին։
30. «Վերիթի», (Verity), ռեժ. Մայքլ Շոուոլթեր, պրեմիերան` հոկտեմբերի 2-ին
Քոլին Գուվերի հոգեբանական թրիլլերի էկրանավորումը։ Պատմություն գրողի, օտար գաղտնիքների ու անվստահելի նարատիվի մասին։
Պետք է սպասել բարոյապես ոչ միանշանակ, լարված ֆիլմ։
31. «Սոցիալական հեղաշրջումը», (The Social Reckoning), ռեժ. Աարոն Սորկին, պրեմիերան` հոկտեմբերի 9-ին
Facebook սոցիալական ցանցի ու Մարկ Ցուկերբերգի մասին «Սոցիալական ցանցը» (The Social Network) ֆիլմի շարունակությունը։
Այս անգամ ղեկին Դեյվիդ Ֆինչերի փոխարեն ժամանակակից մեծագույն դրամատուրգներից մեկն է։ Թրիլլեր թվային մշակույթի հետևանքների մասին, որն ուսումնասիրելու է ինֆորմացիայի իշխանությունն ու կոլեկտիվ պատասխանատվությունը։
32. «Փողոցային մարտիկը», (Street Fighter), ռեժ. Կիտաո Սակուրայ, պրեմիերան` հոկտեմբերի 16-ին
Հռչակավոր ֆայթինգի նոր էկրանավորումը։ Շեշտը կամ տպավորիչ մարտերի ու խարիզմատիկ կերպարների, կամ էլ ավելի լուրջ մրցաշարային սյուժեի վրա է։
Հաջողությունը կախված կլինի ֆան սերվիսի ու կինոլեզվի միջև բալանսից։
33. «Կետի որովայնում», (Whalefall), ռեժ. Բրայան Դաֆիլդ, պրեմիերան` հոկտեմբերի 16-ին
Դենիել Քրաուսի գրքի էկրանավորումը, որում ջրասուզակը հայտնվում է կաշալոտի մարսողական համակարգում։
Էքստեմալ գոյատևման մասին պատմություն։ Կամերային, կլաուստրոֆոբիկ։
34. «Էբենեզեր. Սուրբծննդյան պատմություն», (Ebenezer: A Christmas Carol), ռեժ. Թայ Ուեսթ, պրեմիերան` նոյեմբերի 13-ին
Էբենեզեր Սքրուջի մասին Չառլզ Դիքենսի ստեղծագործության նոր ինտերպրետացիան, հնարավոր է` անսպասելի ժանրային շեղումով։
Ջոնի Դեպի վերադարձը մեծ հոլիվուդյան կինո։ Հավանաբար, սա կրկին պատմություն է մեղքի, քավության ու երկրորդ շանսի մասին։
35. «Քաղցած խաղեր. Հունձքի արևածագը», (The Hunger Games: Sunrise on the Reaping), ռեժ. Ֆրենսիս Լոուրենս, պրեմիերան` նոյեմբերի 20-ին
Պրիքվել ավելի վաղ անցկացված Քաղցած խաղերի մասին։
Պատմությունը ներկայացնելու է դաժան մրցաշարի ձևավորումն ու համակարգի բարոյական քայքայումը։ Խոստանում են ֆրանշիզի ամենամռայլ մասը։
36. «Նարնիա. Հրաշագործի զարմիկը», (Narnia: The Magician's Nephew), ռեժ. Գրետա Գերվիգ, պրեմիերան` նոյեմբերի 26-ին
Քլայվ Սթեյփլս Լյուիսի` Նարինիայի մասին վեցերորդ գրքի էկրանավորումը, որը առաջինն է ժամանակագրության առումով։
Աշխարհի առաջացումը, չարիքի ու մոգության ձևավորումը։ Սպասվում է առասպելական մասշտաբների հեքիաթային ֆենթեզի։
37. «Ջումանջի 3», (Jumanji 3), ռեժ. Ջեյք Կեզդան, պրեմիերան` դեկտեմբերի 11-ին
Արկածային կատակերգության շարունակությունը։ Նոր խաղային կանոններ, նոր աշխարհներ ու արդեն ծանոթ իրոնիան։
38. «Վրիժառուներ. Դատաստանի օրը», (Avengers: Doomsday), ռեժ. Էնթոնի Ռուսո, Ջո Ռուսո, պրեմիերան` դեկտեմբերի 18-ին
Marvel-ի ֆիլմերը վերջին տարիներին իրենց, մեղմ ասած, վատ են դրսևորում, ու այս խոշոր իրադարձությունը, որը կոչված է վերադարձնելու բոլոր-բոլորին, վերջին շանսն է մկանները ցույց տալու։
Ֆիլմը բառացի բեկումնային է լինելու կինեմատոգրաֆիկ մուլտիվերսի համար։
39. «Դյունա. Մաս Երրորդ», (Dune: Part Three), ռեժ. Դենի Վիլնյով, պրեմիերան` դեկտեմբերի 18-ին
Ֆրենկ Հերբերթի անմահ Սագայի երրորդ գրքի էկրանավորումը։ Քաղաքական դրամա իշխանության, առասպելի ու մարգարեության արժեքի մասին։
Հավանաբար, ավելի քիչ էքշն ու ավելի շատ փիլիսոփայություն։
40. «Վերվուլֆ», (Werwulf), ռեժ. Ռոբերտ Էգերս, պրեմիերան` դեկտեմբերի 25-ին
Մեր համոզմամբ` հաջորդ տարվա գլխավոր կինոիրադարձությունը։ Մռայլ հորրոր մարդագայլերի մասին` միջնադարյան պատմական սեթինգում` ժամանակակից ամենատաղանդավոր երիտասարդ վիզիոներից։
Ակցենտը լինելու է վախի, դաժանության ու ֆոլկլորի վրա։ Սպասվում է մթնոլորտային, շքեղ կինո։
Կարդացեք նաև` Խավարի սրտում. «Նոսֆերատու»-ի բազմաչափությունն ու թաքնված հատակները