#մշակութաPAN
December 6, 2023

Մագրիտի թաքցրած դեմքերը՝ պատերազմների, սիրո ու ինքնանկարի տեսքով

Մոնա Լիզայի թեթև ժպիտը, «Ընկած հրեշտակի» մի արցունք, «Անճոռնի դքսուհու» բոլոր կնճիռները դետալներ են, որ մխրճվում են հիշողությանդ մեջ ու այս գործերն առաջին հայացքից ճանաչելի դարձնում։ Կտավների հերոսներին դեմքով հիշելն ու ճանաչելը, մեծ հաշվով, երբեմն հենց նրանց դեմքերից է՝ արտահայտիչ, ընդգրկուն, չկրկնվող։ Բայց կան կտավներ, որոնց գլխավոր դեմքն «անդեմ» է՝ դեմքը փակ է, լղոզված, թեքված մեջքով։ PAN-ն այս անգամ պատմում է կտավների մասին, որտեղ մարդը կա, դեմքը՝ մի խնձորի հետևում է, խաղալիքի վրա կամ անոթի կափարիչին:

ՌԵՆԵ ՄԱԳՐԻՏ․ ՓԱԿ ԴԵՄՔԵՐ ԲԱՑՈՂԸ

Բելգիացի սյուռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտը (1898-1967թթ․), թերևս, բազմաթիվ խորհրդավոր կտավների հեղինակ է, կտավների՝ համեմված սրամտությամբ ու հեգնանքով։

Մարգրիտը ծնվել է բելգիական Լեսին քաղաքում ու 1916-1918-ին սովորել Բրյուսելի Գեղեցիկ արվեստների թագավորական ակադեմիայում։

Ռենե Մագրիտի լուսանկարը, նկարիչ՝ Լոթար Ուոլեհ

1927-ին նա Փարիզ է տեղափոխվել ու միացել ժամանակի կարկառուն սյուռեալիստներին՝ Անդրե Բրետոնի գլխավորությամբ։

Մագրիտի կյանքի ամենաողբերգական պատմությունը, որ շատերին է հայտնի ու շատ անգամ է կասկածի տակ դրվել, նկարչի մոր մահն է․ տեսակետ կա, թե կինն ինքնասպան է եղել ու որդին գետից նրա մարմնի դուրսբերմանն ականատես է եղել։ Ասում են՝ կնոջ դեմքը փակված է եղել սավանով։ Հետագայում այս վարկածը վիճարկվել է, բայց շատ տեղերում ու շատ անգամներ Մագրիտի ծածկած դեմքերը վերլուծելիս հղումներ կգտնեք հենց այս պատմությանը։

Մագրիտի ամենահայտնի ու «ծածկված» գործերից մեկն էլ հեղինակի «Սիրահարներն» են։ PAN-ն ավելի վաղ սիրո թեմային անդրադառնալիս այս գործի մասին մի քիչ պատմել է։

Մագրիտի հայտնի փակ դեմքերից մեկը հանգիստ կարող էր տեղավորվել նաև միրգ-բանջարեղենի մասին մեր այս անդրադարձում, բայց սա ոչ միայն ու ոչ այնքան մրգի մասին է։

Ռենե Մագրիտ, «Մարդու որդին», 1964թ.

«Մարդու որդին » (ֆր.՝ Le fils de l’homme) համարվում է Մագրիտի ինքնանկարը։ Այս կտավը պատվիրվել է նկարչի մտերիմ ընկերոջ՝ նյույորքաբնակ փաստաբան Հարի Տորչզնյերի (Harry Torczyner) կողմից։ Ընկերներն իրար հաճախ էին նամակներ գրում, ու դրանցից մեկում Հարին խնդրում է ինքնանկար ուղարկել իրեն։ Նկարիչը, ասում են՝ որոշ մտահոգություններ է ունեցել ինքն իրեն պատկերելու թեմայով ու մտածել՝ սա մի խնդիր կստեղծի, որի լուծումն ինքը չունի․ ասում են՝ վստահ էր, թե դա «խղճի խնդիրն» է։

1963-ի հուլիսի 2-ին ընկերոջը գրած նամակում նկարիչը բացատրել է, թե դիմանկար չանելու պատճառն այն է, որ ինքն իրեն կտավներում 3 անգամ արդեն նկարել է՝ նպատակ ունենալով ոչ թե ինքնանկար, այլ պարզապես նկար ստեղծել։ Նույն նամակում նա նաև մեծահոգաբար նշել է՝ կմտածի այս խնդրանքի մասին ու լուծում կգտնի «խնդրին»։

Համաձայն որոշ աղբյուրների՝ 1964-ի ապրիլին Մագրիտը հասկացել է, թե որն է լինելու իր ինքնանկարի ոճը, երբ նկարել է մեկ այլ կտավ՝ «Անտեսանելիի համը» (ֆր.՝ Le Goût de L’invisible)։

Ռենե Մագրիտ, «Անտեսանելիի համը», 1964թ.

Գրեթե համանման այս երկու գործերից մեկը՝ «Անտեսանելիի համը» գուաշով արված պատկեր է, որից ոգեշնչվել է նաև այս «Մարդու որդին» (կամ՝ «Մարդու զավակը»)։ Նույն թվականի հուլիսին Մագրիտն ավարտին է հասցրել ընկերոջ խնդրանքը։

«Մարդու զավակը» համանման թեմատիկայով նկարների շարքի մի մաս է, որտեղ կենտրոնական կերպարների դեմքերը նույնպես ծածկված են։ Երեք կտավից բաղկացած շարքի բոլոր գործերը նույն տարում՝ 1964-ին են ստեղծվել՝ երկուսը վերնագրված «Մեծ պատերազմը»։

Ռենե Մագրիտ, «Մեծ պատերազմը», 1964թ.
Ռենե Մագրիտ, «Կատելոկ գլխարկով մարդը», 1964թ.

Ըստ էության, Մագրիտն իր նկարներից շատերում ուներ կրկնվող մոտիվներ, հենց սա է հավանաբար հեշտացնում նրա «նույնականացումը»։ Այդ կրկնվող մոտիվներից են նաև խնձորն ու կատելոկ գլխարկը։ Վերջինը նաև նկարչի հագուստի ոճի մատնանշումներից է համարվում։

Ռենե Մագրիտ, «Սա խնձոր չէ», 1964թ.

Ինչ վերաբերում է գլխարկին․ ըստ երևույթին սյուռեալիստ արտիստը պահպանողական ոճով է հագնվել՝ գլխարկ, կոստյում, ու իր հարցազրույցներից մեկում սեփական ոճը բացատրել․ «Դա (գլխարկը, խմբ․) զարմացնող չէ, ու ես կրում եմ այն։ Ես չեմ ցանկանում եզակիացնել ինձ, եթե ցանկանայի փողոցում սենսացիա ստեղծել՝ դրան համապատասխան կհագնվեի։ Բայց ես չեմ ուզում»։

Թեև մենք կարող ենք տեսնել այս կրկնվող մոտիվները, բայց առանձին բացատրություն չկա․ նկարիչը թողնում է դու որոշես՝ ինչու է այդպես։

Մարգրիտն իր սյուռեալիստական ոճը սկսել է զարգացնել՝ ոգեշնչվելով նկարիչ Ջորջիո դե Կիրիկոյի ստեղծագործություններից, հետո ծանոթացել է նաև այլ սյուռեալիստների՝ Սալվադոր Դալիի ու Մաքս Էռնստի հետ, ու, ասում են՝ նկատել «մթնող» գույները սյուռեալիզմի։ Նա սկսել է հարմարեցնել սյուռեալիզմն ու իր արվեստը։ Հեղինակի ստեղծագործական կյանքի վրա ուժեղ ազդեցություն է թողել նաև Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Այդ տարիներին նա «համատարած հոռետեսության» մասին խոսելով՝ առաջարկում  էր «ուրախության և հաճույքի» որոնում։  Նկարչի ստեղծագործական կյանքի մյուս ոճական առումով առանձնացող փուլը vache է կոչվում, ֆրանսերենից թարգմանաբար՝ կով․ շրջանն ընդգրկում էր ավելի վայրի գեղարվեստական մոտեցում՝ առանձնացող գունային լուծումներով։

«Իր կարիերայի ընթացքում Մագրիտի ոճերի բազմազանությունից ելնելով՝ կերպարվեստում նրա հիմնական նպատակներից մեկն իրականությունը կասկածի տակ դնելն էր»,- նշում են մասնագետները։

Բայց, վերադառնալով «Մարդու որդուն»․ մարմնի երեք քառորդով դիտողի կողմը նայող, դեմքը խնձորի հետևում պահած տղամարդը՝ ծովի կամ օվկիանոսի տեսարանով, բայց պատի մոտ։ Այս տղամարդու դեմքը, իհարկե, փակ է, բայց աչքերը՝ բաց։ Սա հուշում է խնձորի հետևից փայլող նրա կիսահայացքը։ Դեմքին մեկ էլ նկատելի են կնճիռներ՝ բերանի շուրջ։

Մագրիտն այս կտավի գույներով ստեղծում է մադու որդու դեմքը, առանց այն ցույց տալու։ Ամպամած օրվա մեջ, սառը գույներով պատկերված ծովի ու երկնքի կողքին սառը կերպարով ու հագուկապով տղամարդն է, որի ձախ ձեռքն անատոմիական առումով չի համապատասխանում կանգնած դիրքին, տիեզերական ձգողականության օրենքն էլ կասկածի տակ է դնում դեմքի առաջ ունեցած խնձորը։ Փոխարենը հստակ է տղամարդու հագուկապը՝ երեք կոճակով վերարկու ու մի գլխարկ։

Չնայած հանգամանքին, որ այս ոճի գլխարկները Մագրիտի կտավներում կրկնվող են, այնուամենայնիվ, սրա մեջ նաև քաղաքական ենթատեքստ է դրվում․ ասում են՝ սա պոտենցիալ ակնարկ է քաղաքական պատկանելիությանը՝ կոմունիստական կուսակցությանը։ Այս գլխարկը 20-րդ դարի կեսին խիստ տարածված էր ու համարվում էր միջին խավի զգեստապահարանի մաս։ Այն կարող է նաև խորհրդնաշել միօրինակություն ու անհատականության ճնշում։

Միևնույն ժամանակ, տղամարդու ոճն ու հագուկապը հուշում են՝ հասարակության մեջ ընդունված հանդերձանքով է, համաձայնեցված սոցիումի պահանջներին ու չափանիշներին։

Այս կտավի վերլուծություններից մեկում կարդում ենք՝ ի վերջո, այն արտացոլում է մարդկային ինքնության թաքնված մասերը։ Իր այս ու մյուս գործերում Մագրիտն ուսումնասիրում ու արտացոլում, նաև ներկայացնում է ընկալման հակասականությունը, վիճարկում ակնհայտն ու թաքնվածը։

Հետաքրքիր է կտավին նաև կրոնական ենթատեքստով նայել․ «մարդու որդի» բառակապակցությունն ակնհայտ աստվածաբանական հիմքով է՝ «Աստծո որդի» բառակապակցությանն ակնարկով։ Երբեմն նաև կտավի խնձորին է քրիստոնեական երանգ տրվում։ Ամեն դեպքում, նկարիչը կրկին հավատարիմ է մնացել իրեն՝ այս թեմայով որևէ հուշում կամ մեկնաբանություն չի տվել։

ՓԱԿՎԱԾ ԴԵՄՔԵՐ, ԻՆՔՆԱՆԿԱՐՆԵՐ

17-րդ դարի Ֆլամանդական գեղանկարչության աստղերից ու նշանավոր կանանցից մեկը՝ Կարլա Փիթերսը, ով հայտնի էր իր նատյուրմորտներով ու գեղանկարներում սննդի պատկերմամբ, մեզ նաև սեփական պատկերն է թողել՝ թաքնված հենց այդ նատյուրմորտներից մեկի սափորի կափարիչի վրա։

Կարլա Փիթերս, «Նատյուրմորտ պանիրներով, նուշով և քաղցրահացով», 1615թ.

Ֆլամանդական կերպարվեստում հաճախ կիրառվող այս հնարքից բացի, նկարչուհին նաև իր ստորագրությունն է թողել յուրահատուկ տարբերակով. Անուն-ազգանունը դաջելով, «փորագրելով» նատյուրմորտի սեղանին դրված դանակի վրա:

Կարլա Փիթերս, «Նատյուրմորտ պանիրներով, նուշով և քաղցրահացով» կտավից դետալ

Կենսագրական համեստ տվյալներ թողած նկարիչը, որի կերպարն այս սափորի վրա արտացոլվում է միայն մասամբ, սպիտակ գլխարկ է կրում։ Կարլա Փիթերսի՝ սեփական դիմանկարն անելու այս փորձը երբեմն համեմատվում է նրա հայրենակից Վան Էյքի հանրահայտ կտավում՝ «Առնոլֆինիների դիմանկարում» արված «թաքնված դիմանկարի» հետ։

Թաքնված դեմքերի այս շարքում նաև արժե Պոլ Գոգենին հիշել. Թիկունքով դեպի դիտողը պառկած տղայի կերպարում, բայց, նրան չեք տեսնի։ Այստեղ միանգամից երկու դեմք է «թաքնված». տղան, որ թեքված է ու որի դեմքը չենք տեսնում, և Գոգենը, որ գետնին է՝ խաղալիքի տեսքով։

Պոլ Գոգեն, «Տղան երազ է տեսնում», 1881թ.

Թաքնված և կամ չերևացող դեմքերի շարքերը ներկայացնող հոդվածներում մի միտք է երբեմն շրջում՝ «ամեն նկարիչ իրեն է նկարում»։ 15-րդ դարի կեսերին թվագրված ու շարունակվող՝ կտավներում հեղինակին պատկերելու այս միտումը մի հարց է առաջացնում՝ իսկ ինչու է նկարիչն այդպես թաքցնում իր այդքան ակնհայտ դիմանկարը։ Այստեղ կարելի է մի քանի այլ՝ «թաքնված ինքնանկարի» մասին կարդալ։


✍️ Անահիտ Հակոբյան / PAN