#մշակութաPAN
June 27, 2023

Նինջը․ Վան Գոգի՝ հոգեբուժարանում արած կտավը, և թունավոր ծաղկի ֆոնին քնած մի կին  

Ամռան հետ սիրտդ զովանալ, հովանալ ու հանգստանալ է ուզում, ու այստեղ ծնվում է մի հետաքրքիր հարց․ իսկ կտավներում մարդիկ հանգստանո՞ւմ են։

Դիցաբանությունից մինչև ժամանակակից կարգեր ու բարքեր ընդգրկող արվեստի գործերում համարյա միշտ ինչ-որ կարևոր բան է կատարվում․ Հուդիթը գլխատում է Հողոփոռեսին, Ռենուարը նկարում է իր երեխաների դայակին կամ բանջարեղենն «աճում» է  թագավորի դեմքին։

Գործողությունների այս առատության մեջ մի պահ կանգ առնելու ու հենց այդ կանգ առնելու պահը ֆիքսելու մասին է PAN-ի այսօրվա անդրադարձը․ փորձել ենք նայել, թե որտեղ և ինչու ոչինչ չի կատարվում։

ՎԱՆ ԳՈԳ․ ՍԻԵՍՏԱ

Աչք կպցնելու համար նախատեսված ժամեր չկան, բայց աչքը կպցրած հերոսներով կտավներում հաճախ կարելի է տեսնել հենց արքունականների ու պալատականների։ Վինսենթ Վան Գոգի «Սիեստան» հիշեցումն է այն բանի, որ թեթևակի հանգստից օգտվելու այս պահը միայն բարձր դասի արտոնությունը չէ։

Խոտի դեզի կողքին քնած երկու գյուղացու պատկերը, ասում են՝ Վան Գոգի հարգանքի տուրքն է ռեալիստ արտիստ Ժան-Ֆրանսուա Միլլեին (Jean-François Millet), որը համանման թեմատիկայով նկարներ է արել 1866-ին՝ Վան Գոգի կտավի ստեղծումից մոտ 3 տասնամյակ առաջ։

Շարունակելով այդ թեման ու հակադրվելով իդեալականացված ու ռոմանտիզացված պատկերների ստեղծման ավանդույթին՝ Վան Գոգն արևավառ խոտի դեզի մոտ մի կին ու տղամարդ է «պառկեցնում»՝ այսպես (և ոչ միայն) միանալով հակառոմանտիկական այս մոտեցմանը։

Ի դեպ, այդ մոտեցումը ծնվել է մի քանի արտիստի շնորհիվ, որոնք դեմ էին կերպարվեստում միայն իդեալականացված նատյուրմորտների, բնանկարների և բուրժուական դեմքերի տեսնելու մտքին։ Նրանցից մեկը, օրինակ՝ Գյուստավ Կուրբեն էր։
Վինսենթ Վան Գոգ, «Սիեստա», 1890 թվական

Այս կտավը նկարվել է այն ժամանակ, երբ նկարիչը գտնվել է Սեն-Ռեմի դե Պրովանսի հոգեբուժարանում, իսկ կոմպոզիցիան Միլլեի «Օրվա 4 ակնթարթ»-ի հիմքով է։

«Օրվա 4 ակնթարթ», Միլլե

Իր եղբորը՝ Թեոյին գրած նամակում Վան Գոգն արդարացնում է իր ընտրությունն ու մոտեցումը․ «Ես այլ լեզու եմ օգտագործում, այլ գույներ՝ գույների, լույսի ու ստվերի տպավորությունը սև ու սպիտակից թարգմանելու համար»։

Ասում են, թե նկարիչը հաճախ էր կրկնում Միլլեի գործերը՝ համարելով նրան «Մանեից ավելի ժամանակակից նկարիչ»։ Ի դեպ, ֆրանսիացին միակը չէր, ումով ոգեշնչվում էր Վան Գոգը․ նկարիչը նաև կերպարվեստի ճապոնական մոտիվների ու մոտեցումների հիմքով աշխատանքներ ունի։

Վան Գոգը բոլոր մանրամասներով պահպանել է իրեն ոգեշնչած նկարչի գործի դետալները՝ գյուղացիների դիրքից մինչև առջևի պլանի մանգաղներ, բայց միևնույն ժամանակ իր գույնն ու ոճն է ներդրել 1860-ականների Ֆրանսիան պատկերող այս տեսարանում, ակնհայտ են Վան Գոգի հպման բոլոր մանրամասները։

Կապույտի ու դեղինի այս՝ Վան Գոգի համար ճանաչելի համադրության մեջ Միլլեի նկարի «կենդանությունը» տեսնելուց զատ, նաև զգում ենք նկարչի վրձնահարվածից, զգում՝ շոգը (ալիքաձև վրձնահարվածների շնորհիվ), թմրությունը, հանգստի ժամի ամբողջ հանդարտությունը։

Ասում են՝ մարդկային կերպարների վերարտադրության գործում ակնարկված է նաև Գոգենի ազդեցությունը։

Անշուշտ, այս հանգստի մեջ մտերմության տարրեր էլ է պետք գտնել․ հասկերն ու հացը, երբ կրոնական պատկերներում չեն ներառված, ասոցացվում են անձանց միջև հոգևոր հաղորդացության հետ։

Հին ֆրանսերենում compaignon (անգլերենում՝ companion) բառացիորեն նշանակում է «ինչ-որ մեկի հետ հաց կիսել»։ Բայց ցորենի հասկերն ու հացահատիկային բույսերի պատկերումն արվեստում կարող է նաև այլ իմաստների ուղղված լինել, ինչպես, օրինակ՝ գեղարվեստական ներկայացման միջոցով առարկաների էությունը բացահայտելուն։

Ի դեպ, ասում են՝ հենց հոգեբուժարանի պատուհանից էլ Վան Գոգի առաջ բացվել է ցորենի արտերի համանման մի տեսարան։

Նկարչի այս գործն այժմ Ֆրանսիայում է՝ Օրսեի թանգարանում։

«Սիեստան» իր գունային ընտրությամբ ու հարստությամբ երբեմն համեմատվում է Վան Գոգի մեկ այլ՝ «Աստղալից գիշեր Ռոնի վրա» կտավի հետ։ Relaxing ածականով բնորոշվող արվեստի գործերի ցանկում ևս այս կտավները կարելի է տեսնել։ Աստղալից գիշերվա ու սիեստայի այս երկու պատկերն էլ այժմ Փարիզի Օրսեում են։

Վան Գոգ, «Աստղալից գիշեր Ռոնի վրա»

«ԿԻԶԻՉ ՀՈՒՆԻՍԸ» ՈՒ ՔՆԱԾ ԿԻՆԸ

Եթե հանկարծ ու մի օր կտավների հերոսուհիներն «իրականանային» այնքան, որ Ինստագրամում էջ բացեին, այս աղջիկն իր նկարը կուղեկցեր Sun kissed կամ lazy Sunday հեշթեգներով։

Անգլիացի նկարիչ Ֆրեդերիկ Լեյթոնի «Կիզիչ հունիս» կտավը կլասիցիզմի ու ակադեմիզմի ոգով ստեղծված և ննջելուն նվիրված ամենահայտնի գործերից է։ Այն ստեղծվել է 1895 թվականին, ինքը՝ Լեյթոնը, Թագավորական ակադեմիայի ղեկավարն էր ու 19-րդ դարավերջի Անգլիայի արվեստի աշխարհի ամենահայտնի դեմքերից մեկը։ «Կիզիչ հունիսը» նկարչի վերջին աշխատանքներից մեկն է․ կտավի ստեղծումից մեկ տարի անց հեղինակը մահացել է։

Ֆրեդերիկ Լեյթոն, «Կիզիչ հունիս», 1895 թվական

«Կիզիչ հունիսը» բնորոշում են որպես «նախառաֆայելյան ոճով արված ձոն՝ ծուլությանը»:

Նարնջագույն շորով քնած կինը, ասում են՝ ստեղծվել է հին հունական քնած նիմֆաների ենթատեքստով ու դրանց մասին պատմություններից։

Ընդհանրապես, այս «ալարկոտ» գործի ստեղծման հիմքում է նաև Միքելանջելոն։ Լեյթոնը ոգեշնչվել է վարպետի «Գիշեր» քանդակից, տվյալներ կան, որ պարբերաբար այցելում էր Իտալիա՝ Մեդիչիների դամբարանը Ֆլորենցիայում։

Միքելանջելո, «Գիշեր», 1550 թվական

Միքելանջելոյի «Գիշերվա» տրամադրությունը ցերեկվա լույսի տակ բերելով ու նիրհի քողի տակ անցկացնելով՝ Լեյթոնը, առաջին հայացքից, անրջային ու անհաղորդ այս պրոցեսը միանգամայն ներգրավվող ու դիտողի հետ հաղորդակցության մեջ մտնողի է ներկայացնում։ Չնայած քնած է, բայց աղջիկը ներկա է․ ամեն պահի արթնանալու պատրաստ դիրքով, կարմրած այտերով։

Ընդհանրապես, տիկնոջ (նկարի) հասցեին հնչած ամենամեծ քննադատությունը հենց նրա դիրքն է․ այն համարվում է դեկորատիվ։

Խաղաղ, նարնջագույնով շղարշված ու արևի շողով հարստացված այս գործում ևս շոգ է, դա զգացվում է դետալներից, ամռան մասին ոչ միայն նկարի անունն է պատմում, այլև թիկունքի ծովը՝ տաք երանգներով։

Բայց, Մորփեոսի գիրկն ընկած հանդարտության մեջ էլ վտանգ կա․ այստեղ դա ծաղկի տեսքով է։ Քնած գեղեցկուհու գլխավերևում ծաղկած օլեանդր է՝ գեղեցիկ, բայց թունավոր բույս, որ հիշեցնում է քնի և մահվան հնարավոր կապակցվածության կամ գեղագիտական կապի մասին։ Այս՝ քնի ու մահվան կոնցեպտով տարվել են Վիկտորիական շրջանի բազմաթիվ նկարիչներ։

Միջերկրականի ափամերձ վայրում քնած տիկինը, որքան էլ հղում է հին աշխարհին ու Միքելանջելոյին, բայց ունի նաև իր իրական նախատիպը․ նա Դորոթի Դինն է՝ նկարչի վաղեմի ուղեկցորդուհին ու բազմաթիվ կտավների բնորդուհին։

Բազմաթիվ ասոցիացիաներ ունեցող այս կտավը նաև հետաքրքիր կյանք է ապրել․ նկարի պաշտոնական ցուցադրությունից առաջ Լեյթոնն այն ցուցադրել է իր արվեստանոցում, ինչին ներկա են եղել նաև Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները։

1900-ականների սկզբին Օքսֆորդում փոխառության տալուց հետո այս նկարն անսպասելիորեն անհետանում է ու տեսադաշտում հայտնվում միայն 60 տարի անց՝ 1960-ականներին մի տան ծխնելույզի վրա։

Պատմություն կա այն մասին, թե Էնդրյու Լլոյդ Ուեբեր (աղբյուրում չի նշվում՝ Ուեբերն արդյոք հայտնի կոմպոզիտոր ու թատրոնի իմպրեսարիոն է, թե այստեղ անվան զուգադիպություն կա) անունով մի երիտասարդ հետո փորձել է այս կտավը 50 ֆունտով գնել, բայց նրա տատիկը հրաժարվել է՝ ասելով «Վիկտորիական շրջանի հնոտիք» իր տունը չի մտնի։

Չնայած գործն այսօր համարվում է Լեյթոնի ամենահայտնի աշխատանքներից մեկը, բայց գտնվելուց հետո այն չափազանց էժան գնով աճուրդի է հանվել, հետո տեղափոխվել Պուերտո Ռիկոյի Պոնսե թանգարան։ 2016-ին այն նկարչի այլ աշխատանքների հետ ցուցադրվել է Լեյթոնի տուն-թանգարանում ու, ցուցադրության աստղն էր, իհարկե։


✍️ Անահիտ Հակոբյան / PAN