Արվեստը՝ կտավից դուրս․ Ինչպես փերֆորմանսը դարձավ արտահայտչամիջոց՝ Յոկո Օնոյից մինչև ինքնավնասումներ և ինքնասպանություն
Թույլ տալ, որ շորերդ կտրեն բեմի վրա, գոռալ, ինչքան կոկորդումդ ուժ կա, սիրելիիդ կնոջը «արյունոտ նվեր» անել, նույն անկողնում Ջոն Լենոնի հետ ասուլիս տալ ընդդեմ պատերազմի, Imagine-ի մուսան ու համահեղինակը դառնալ․ PAN-ն այս անգամ փերֆորմանսի ու դրա ամենահայտնի դեմքերից մեկի՝ Յոկո Օնոյի մասին է պատմում։
Արվեստի արևմտյան տեսաբանները սովորաբար փերֆորմանսի պատմության սկիզբը դիտարկում են 20-րդ դարի սկզբից, երբ ծագել են կոնստրուկտիվիզմը, ֆուտուրիզմը, դադաիզմը։
Փերֆորմանսը, ակցիան, հեփնինգը (սա այժմ հաճախ կիրառելիներից չէ) դարձան 20-րդ դարի արվեստի բողոքը, արտահայտման ձևը․ դրանք այժմ էլ ժամանակակից արվեստի արտահայտչամիջոցներից են՝ երբեմն խզված սահմաններում, վերա և ձևափոխելով գաղափարներն ու մատուցելով այսօրվա խնդիրները։
Փերֆորմանսն ու ակցիան բավականաչափ մոտ են իրար ու գրեթե փոխլրացնող, սակայն ակցիան՝ ի տարբերություն փերֆորմանսի, կարող է զուտ ժեստ, դեկլարացիա լինել։ Ինչպես, օրինակ, նկարիչ Սթենլի Բրաունն Ամստերդամի կոշիկի բոլոր խանութներն իր արվեստի գործ հայտարարեց։ Այս համատեքստում փիլիսոփա Մարշալ Մակլյուհենը մարդկային ամբողջ կյանքն արվեստի գործ համարեց։
Ի տարբերություն ակցիայի՝ փերֆորմանսն արտիստի կոնկրետ գործողություն է ենթադրում, որտեղ նա մասնակցում է իր մարմնով, հաճախ նաև՝ սեփական կենսագրությամբ ու հիշողությամբ։
«Կլասիկ փերֆորմանսն արվեստ է, որտեղ վրձնի ու կտավի փոխարեն հենց նկարչի մարմինն է»,-բացատրում են Arzamas-ում՝ նշելով՝ նկարիչը նախապես թեման, տեղն ու կատարվելիքն է ընտրում՝ տեղ թողնելով նաև հանկարծակիին։
PAN-ն արդեն պատմել է 20-րդ դարի փերֆորմանսի առաջիններից ու առաջատարներից մեկի՝ Իվ Քլեյնի մասին։
Քլեյնն առաջիններից էր, որ թեման կտավից այդպես հմտորեն ու այդքան աղմկոտ «պոկեց»: Ձյուդոյում սև գոտի ունեցող Քլեյնը 20-րդ դարի առաջին կեսում մերկ մոդելների էր «կապտեցնում» ու սեղմում սպիտակ կտավին, իր ցուցադրությունից առաջ Փարիզի երկինք էր բաց թողնում 1001 փուչիկ՝ հելիումով լցված, նայում էր երկնքին ու հայտարարում՝ դա իր առաջին ստեղծագործությունն է, դատարկ դահլիճում ցուցադրություն կազմակերպում։
Քլեյնի, թերևս, ամենահայտնի փերֆորմանսներից մեկը կանանց կտավի վրա փակցնելու արարողությունն էր․ իր Anthropometries շարքի համար նկարիչը որպես «վրձին» կանացի մերկ մարմիններն էր «օգտագործել», իսկ գործերի ստեղծման ընթացքում սիմֆոնիկ նվագախումբը 20 րոպե միատոն նոտա էր նվագել, ապա ևս 20 րոպե գործողությունները լռությամբ էին պատվել։
Հետագայում Քլեյնի ազդեցությունն այս ժանրի վրա շոշափելի էր բոլոր իմաստներով։ Հետագայում, սակայն, Քլեյնից հետո փերֆորմանսի ձև նկարչի մարմին է «ուզել». 1960-70-ականները փերֆորմանսի ամենաշոկային ժամանակներն էին․ նկարիչ Գերման Նիտչը, օրինակ, խաչված կերպարով ձեռքերը մտցրել է մորթված կենդանիների աղիների մեջ, իր ասիստենտներն էլ կողքից «արյուն են խմել»՝ հղում անելով հնագույն արյունալի ծեսերին։
Նույն դպրոցի մեկ այլ սան՝ նկարիչ Ռուդոլֆ Շվարցկոգլերը, որն ավելի հակված էր ինքնավնասման փերֆորմանսներին, ցած էր նետվել պատուհանից (և, հավանական է, որ դա ինքնասպանություն էր)։ Շատերը կարծում են, որ սա Իվ Քլեյնի հանրահայտ «Ցատկ դատարկության մեջ» նկարից ոգեշնչված քայլ էր, սակայն Քլեյնի դեպքում ցատկը ֆոտոմոնտաժ էր միայն։ Լեգենդ կա այն մասին, որ նրա ցատկից առաջ (ոչ ոք մինչ օրս չգիտի՝ դա փերֆորմանս էր, թե ինքնասպանություն) նա կտրել ու մասնատել էր իր առնանդամը․ սա, սակայն, իրականությանը չի համապատասխանում, այդ ակցիայից մնացած լուսանկարները բեմադրված են։
Ասում են՝ Շվարցկոգլերն իրեն պատուհանից ցած է նետել, քանի որ մարդիկ հավատացել էին, որ նա իրեն պատուհանից ցած է նետել։
Եվ չնայած արվեստի աշխարհում տղամարդկանց ստեղծագործական գերիշխանությանը՝ փերֆորմանսում երկու կնոջ մասին հատկապես հաճախ կլսեք՝ Մարիա Աբրամովիչ և Յոկո Օնո։ Թողնելով 20-րդ դարի արվեստի ամենատպավորիչ ու համարձակ մյուս փերֆորմանսները մեկ այլ թեմայի՝ այս անգամ առաջարկում ենք կարդալ՝ ինչ ու ինչպես էր պատմում Ջոն Լենոնի մեծ սերը։
ՅՈԿՈ ՕՆՈ․ ԼԵՆՈՆԻ ՈՒ ՓԵՐՖՈՐՄԱՆՍԻ ԿԻՆԸ
Նրա անունն ավելի շատ կապվում է հանրահայտ The Beatles-ի, «մեծ քառյակի» մասնատման ու անձամբ Ջոն Լենոնի հետ, բայց ինքը՝ Լենոնն է Յոկո Օնոյին իր մուսան կոչելուց զատ՝ անվանել նաև «անհայտ նկարիչներից ամենահայտնին»։
Փերֆորմանսի ամենավառ դեմքերից մեկը՝ արիստոկրատ ընտանիքում ծնված Օնոն (ծնվել է 1933-ին), 23 տարեկանում հասցրել էր, հակառակ ծնողների հորդորների, ամուսնանալ էքսպերիմենտալ կոմպոզիտորի հետ ու սկսել զբաղվել կոնցեպտուալ արվեստով։
Եվ չնայած փաստին, որ Օնոյի աղմկոտ ցուցադրություններին անձամբ Մարսել Դյուշանն էր գալիս, քննադատների ու հանդիսատեսի արձագանքից նյարդերը բուժելու համար Ամերիկայից որոշում է վերադառնալ Ճապոնիա։ 1962-ին Ճապոնիա վերադառնալուց հետո Օնոն երկրորդ անգամ է ամուսնանում։
1966-ին կինը հանդիպում է Լենոնին իր իսկ ցուցադրություններից մեկի ժամանակ։ Պատմություն կա այն մասին, թե լոնդոնյան Indica Gallery-ում ցուցադրություններից մեկի մեկնարկի նախորդ օրը Լենոնն ուշադրությամբ նայել է Օնոյի՝ «Նկար՝ առաստաղի վրա» ինստալացիային ու ցանկացել մեխել այն, բայց քանի որ ցուցադրությունը պաշտոնապես դեռ բացված չէր, Օնոն նրանից 5 շիլլինգ է պահանջել այս «ոչ ցանկալի» ժեստի համար։
Լենոնը, իհարկե, թեմայի մեջ է մտել՝ ասելով, թե մոռացել է երևակայական մեխն ու խոստանալով վճարել երևակայական փողերով։ Ընդհանրապես, Լենոն-Օնո կապն ինքնին փերֆորմանսների մի պատմություն է եղել՝ երկու համահեղինակով։ Նրանց առաջին համատեղ գործը մի գիշերում ստեղծված Unfinished Music No. 1: Two Virgins ալբոմն է՝ առանց երաժշտության՝ միայն աղմուկից, ճիչերից ու հառաչանքներից։ Հենց այս ալբոմից է զույգի ամենահայտնի նյուդ ֆոտոն։
Օնոյին հանդիպելուց հետո է Լենոնը բաժանվել կնոջից՝ Սինտիից։ Ասում են՝ մի անգամ Յոկոն Սինտիին իր «գործերից մեկն» է ուղարկել՝ կոտրված ու արյունոտ բաժակ։
Չնայած Յոկոն արվեստի աշխարհում Լենոնին հանդիպելուց առաջ էլ հայտնի անուն էր, սակայն նրա հետ ամուսնությունը Օնոյի կյանքում միանգամից նոր ու ստեղծագործական առավել բեղուն շրջան է բացում՝ համեմված մամուլի ուշադրությամբ, առանձին դեպքերում՝ ատելությամբ, նոր փերֆորմանսներով ու գաղափարներով:
Պուշկինի հետ հեռավոր ազգակցական կապ ունեցող Օնոն փերֆորմանսը մի նոր հարթություն բերողներից էր․ նա առաջիններից էր, որ իր գործի մեջ ներգրավեց նաև հանդիսատեսին։
20-րդ դարի երկրորդ կեսի համար նոր, շոկային էր Օնոն․ 1955-ին նա «Վառիր լուցկին ու սպասիր մինչև հանգչի» փերֆորմանսը դարձավ 20-րդ դարի առաջին «փաստաթղթավորվածներից» մեկը։
1961-ին Voice Piece for Soprano փերֆորմասի ժամանակ Օնոն մի դատարկ սենյակում «գոռաց քամուն, պատերին ու երկնքին հակառակ»։ Հանդիսատեսին առաջարկվում էր գոռալ ինչքան կոկորդում ուժ կա՝ հակառակ թանգարաններում ընդունված բարեվարքության կանոնների։
2010-ին Օնոն կրկին Voice Piece for Soprano-ն ներկայացրեց․ ընդհանրապես, Օնոն կրկնել է իր գործերը պարբերաբար և աշխարհի խոշորագույն տարբեր քաղաքներում։ Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանը 2010-ի այս փերֆորմանսը Youtube-ում վերբեռնել է՝ փակելով մեկնաբանելու հնարավորությունը։
1964-ին Bag piece փերֆորմանսի ընթացքում արտիստն առաջարկեց հանվել ու մութ պարկը մտնել մի քանի րոպե՝ ինքնուրույն որոշելով, թե այնտեղ ինչ կարելի է անել։
Օնոն այսպես նպատակ ուներ մթության մեջ տարածություն ստեղծել, որտեղ ռասսան, սեռն ու հասարակական դիրքը կապ չունեին։ Պարկի մեջ մարդկանց տարբերությունը չքացել էր, տարածություն ու ազատություն տալով՝ նա նաև հնարավորություն տվեց։
Սակայն, նրա ամենահայտնի փերֆորմանսը, թերևս, Cut Piece-ն է։ Այն 1964-ին առաջին անգամ ներկայացվել է Տոկիոյում, հաջորդ տարի կրկնվեց Փարիզում, 1966-ին՝ Լոնդոնում։
Պատշաճ հագուկապով Օնոն ծնկի է իջած, նրա ոտքերի առաջ մկրատ է, իսկ հանդիսատեսին առաջարկվում է կտրել նրա հագուստից մի կտոր։
Պրովոկացիայի ենթարկելով հանդիսականին ու մարդկանց իր անձնական տարածք թողնելով՝ նա փաստացի որպես սիմվոլիկ զոհ է ներկայանում։
Այս փերֆորմանսը հեղինակվել է Մարիա Աբրամովիչի հանրագայտ «Ռիթմ 0»-ից 10 տարի առաջ։ Օնոն Cut Piece-ը ներկայացրել է բազմաթիվ անգամներ, 2003-ին Փարիզում Օնոն կրկնեց այս նույն գործը՝ խաղաղության կոչով՝ ենթատեքստում ունենալով 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը։
Հանդիսատեսին իր արվեստի մեջ ներառելով, Օնոն շուտով ընդլայնեց իր գործի մասշտաբները՝ դուրս գալով ցուցասրահի, պատկերասրահի կամ կամայական այլ սրահի պատերից, ու դարձավ խաղաղության ու մարդու իրավունքների պաշտպանության քարոզիչ։
Օնոն անձամբ է խոստովանել, որ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Հիրոսիմայի ու Նագասակիի աղետն իր մանկության վրա էլ է հետք թողել։ Ասում են՝ պացիֆիստական տրամադրությունը, քաղաքական հայացքները մեծապես ձևավորվել են հենց այս իրադրությունները վերապրելու հետևանքով։
Խաղաղության համար իր «պատերազմը» Օնոն սկսեց Լենոնի հետ նույն անկողնուց․ նորապսակներն ամուսնությունից հետո հենց, թույլ տվեք խտացնել գույները՝ ամուսնական առագաստից, մամուլի ասուլիս հրավիրեցին՝ այսպիսով բողոքելով Վիետնամական պատերազմի դեմ։
Զույգն առաջարկում էր իրենց մեսիջն այսպես փոխանցել աշխարհին․ 1969-ի Սուրբ ծննդից առաջ աշխարհի մի շարք քաղաքներում հայտնվեցին բիլբորդներ՝ «Պատերազմն ավարտված է, եթե դու դա ուզում ես։ Շնորհավոր Սուրբ ծնունդ՝ Ջոնի ու Յոկոյի անունից»։
«Պատկերացնելը, երևակայելը» ինքնին կոնցեպտուալիստների բանալի բառն էր։ 1980-ին BBC-ին տված հարցազրույցում Լենոնն ինքն է խոստովանել, որ Օնոյի անունը պիտի ալբոմի վրա լիներ, նա մեծ ազդեցություն է ունեցել երգերի բառերի ստեղծման վրա․
«Սակայն այդ օրերին ես փոքր ինչ եսասեր էի, մի քիչ մաչո, և բացթողում արեցի՝ չնշելով նրա ներդրման մասին»,- ասել է երաժիշտը։
2017-ին սակայն, բալլադի գրվելուց 46 տարի անց ԱՄՆ երաժշտական հրատարակիչների ազգային ասոցիացիայի կողմից Օնոն Imagine-ի համահեղիակ ճանաչվեց։