Մութ ու ցուրտ տարիներին 4 | 90-ականների հորինված դեռահասները ավարտում են իրենց պատմությունները սիրելի ֆիլմերի մասին
1990-1999 թվականներին նայված ֆիլմերը ոչ միայն խորը հետք են թողել այդ տարիների երեխայի վրա, ձևավորել նրա երևակայությունը, այլև առաջացրել են այդ սերնդի անսահման սերը կինոյի, ու, հատկապես, կինոֆանտաստիկայի, արկածային կինոյի նկատմամբ։ Այն ժամանակներում կինո նայելը իրավամբ մեծ իրադարձություն էր, չկար ինտերնետ, հնարավոր միջոց էին միայն VHS կասետներն ու հեռուստատեսությունը։ Ու քանի որ կասետներ գտնելն էլ բարդ գործ էր, նոր կինոփորձի գլխավոր աղբյուրը հեռուստատեսությունն էր։ Պատահաբար որևիցե ալիքով, սկզբից կամ կեսից, անգամ՝ վերջից բռնացրած ֆիլմերն էին, որ անջնջելի հետք էին թողնում մանկական գիտակցության մեջ ու այլևս երբեք չէին մոռացվում։
Հունվարին, մարտին ու հունիսին մեր խմբագրությունն անցկացրեց երեք էքսպերիմենտ։ Պատկերացրեք, որ գոյություն ունեն անվերջ քանակի զուգահեռ տիեզերքներ։ Դրանց մի մասում Հայաստանի 90-ականներն անցնում են գրեթե նույն կերպ. պատերազմ, հովհարային անջատումներ, էներգակիրների դեֆիցիտ, տալոնով հաց։ Ու երեխաներ, ում համար նոր ֆիլմ դիտելը կամ Dendy-ով նոր խաղ խաղալն ահռելի իրադարձություն էր։ Նման 45 տիեզերքից ընտրել էինք 45 հոգու, ովքեր իրենց տիեզերքի 2025-ին արդեն հասուն մարդիկ են ու դեռ շատ վառ հիշում են իրենց մանկության կինոտպավորությունները։ Այդ հորինված (եթե զուգահեռ տիեզերքներ իրոք կան, ապա նրանք բոլորովին էլ հորինված չեն) մարդիկ պատմում էին ավելի շատ իրենց զգացումների, քան բուն ֆիլմերի մասին։
Այժմ PAN-ը ներկայացնում է զուգահեռ տիեզերքներում անցկացված մեծ ինտերվյուների եզրափակիչ` չորրորդ մասը։
1. «Գոձիլա», (Godzilla, 1998)
Արամ, 41 տարեկան, տուրիստական գործակալ
Ռոլանդ Էմմերիխ։ Իմ ու էս ռեժիսորի աշխարհընկալումը մանկությանս տարիներին շատ ավելի մոտ էր, քան իմն ու Սթիվեն Սփիլբերգինը, չնայած՝ վերջինն էլ ահռելի ազդեցություն է թողել իմ վրա։ 98-ին ես դեռ կանոնիկ Գոձիլայի մասին քիչ բան գիտեի, մի երկու ֆիլմ էի նայել, առանձնապես չէի գնահատել, էնպես որ Էմմերիխի ֆիլմին նայելու էի լրիվ «կուսական», երկրպագությունից չկուրացած հայացքով։ Բայց ֆիլմն իմ մոտ եկավ, ավելի ճիշտ՝ իմ առջև բացվեց ոչ միանգամից։ Ինչպես և ֆիլմի հրեշը՝ ֆիլմում, ֆիլմն իմ առջև բացվում էր աստիճանաբար, մաս-մաս։
Չեմ հիշում որ ալիքով ու ինչ հաղորդաշարի շրջանակներում, բայց առաջինն, ինչ ես տեսա, դա Գոձիլայի հսկայական ոտքի նկարն էր ու հաղորդավարը, որն ասում էր, թե Ռոլանդ Էմմերիխի նոր ֆիլմում, որի գլխավոր դերը վստահվել է ֆրանսիացի դերասան Ժան Ռենոյին, լինելու է այնպիսի դինոզավր, որ «Յուրայի դարաշրջանի այգու» (Jurassic Park, 1993) տիրանոզավրը դրա մոտ միջատ կերևա (հիշում եմ, դրա հետ մեկտեղ ցուցադրվում էր Ռենոյի լուսանկարն, ով Գոձիլայի չափ մեծ էր ու հենվել էր երկնաքերի)։ Ես այն ժամանակ լավ գիտեի, թե ով է Էմմերիխը, թե ինչ է տիրանոզավրը, ու լրիվությամբ հավատացի։ Այդ ժամանակ արդեն իմ երևակայությունը բավարար գրգռվել էր՝ մտքում առաջիկա ֆիլմը պատկերացնելու համար․ ստորջրյա բաթիսկաֆն իջնում է Մարիանյան անդունդը ու այնտեղ հայտնաբերում ահռելի մի ձու, որից հետո դուրս է գալիս տիտանական չափերի մողես, որը տեռոր ու սարսափ է ցպնում ցամաքում։
Հետո տեղի ունեցավ անսպասելին։ Մի գեղեցիկ օր, երբ ես իմ համար հանգիստ նստած էի, ոչ ոքի ձեռք չէի տալիս, ոչինչ չէի կասկածում, հեռուստացույցով ցուցադրեցին Puff Daddy-ի Come With Me կատարման (Led Zeppelin-ի Kashmir-ի վերաձևակերպված տարբերակը) կլիպը։ Ով տեսել է, լավ կհասկանա, թե ինչ կարգի վակխանալիա էր տիրում այդ ժամանակ էկրանին ու կպատկերացնի, թե ինչ էր տեղի ունենում ինձ հետ։ Իսկ ով չգիտի, ասեմ․ հոլովակի մի զգալի մասում Էմմերիխի ֆիլմից խոշոր դրվագներ են ՀՍԿԱՅԱԿԱՆ ՄՈՂԵՍՈՎ!!! Իմ մոտ հաճախ էր այնպես լինում, երբ ոչ թե բուն ֆիլմը, այլ դրա հետ կապված պրոմո նյութերը էնպես էին ոգևորում, ոգեշնչում ինձ, որ բուն ֆիլմի դիտումը գնում էր երկրորդ պլան՝ առաջինում թողնելով պատկերացնելը, թե ինչ հրաշք է լինելու ֆիլմը, կարճ ասած՝ կանխավայելումը։ Ես ամեն օր՝ կոնկրետ ժամի, սպասում էի հոլովակին, որովհետև այն ամեն օր ցուցադրվում էր, ու ամեն անգամ այն փոթորիկ էր առաջացնում իմ երևակայության մեջ ու իմ պատկերացումներում։ Տետր տետրի հետևից նկարում էի տարբեր չափերի ու տեսքի գոձիլաներ (անգամ՝ գոձիլա, որը սարդի տեսք ուներ, չափերով ԱՄՆ-ից մեծ էր, ուներ մի քանի հազար զույգ ոտք և այլն)։ Դրան գումարած՝ Գոձիլան նաև երազների հաճախակի այցելու էր, ընդ որում՝ չնայած իր չափերին, նա անմիջապես նկատում էր ինձ ու սկսում հետապնդել։
Լավ, էդ ամբողջը մի կողմ։ Ֆիլմը ես նայեցի մի փոքր ավելի ուշ, էկրանից նկարված վիճակով, բայց ահավոր գոհ էի ու պարբերաբար վերանայում էի։ Բնականաբար, նաև շարունակում թեմատիկ ստեղծագործել: Ես հասկանում եմ, որ սա դասական իմաստով Գոձիլա չի, դրա համար են Գոձիլայի երկրպագուները Էմմերիխի ֆիլմի արարածի անունը դրել Զիլա, իսկ ճապոնացիները հերթական Գոձիլաներից մեկում ցույց են տալիս, թե ինչպես է կանոնիկ Գոձիլան մի քանի վայրկյանում Զիլայի հախից գալիս։ Բայց, ինչպես ժամանակին ասել էր Էմմերիխը, ինքը նպատակ էլ չի ունեցել կանոնիկ Գոձիլա նկարելու ու իր ֆիլմը բնավ ռեմեյք չի։ Դա ուղղակի կինո է ռադիացիայի հետևանքով առաջացած հսկայական կենդանու մասին, վախեցած, ահաբեկված կենդանու, որը փորձում է իրեն սնունդ հայթհայթել, ողջ մնալ ու բազմանալ։ Իսկ ֆիլմի անվանումը Godzilla է ընդամենն անալոգիայով, որովհետև ֆիլմի սկզբում ճապոնացի ծեր ձկնորսը նրան այդպես է անվանում։
2. «Տիտանիկ», (Titanic, 1997)
Միհրան, 39 տարեկան, լրագրող
Առանց չափազանցության՝ երբևիցե նկարված լավագույն ֆիլմ-աղետն ու լավագույն պատմական դրամաներից մեկը։ Երբ Սըր Շոն Քոներին «Օսկար» մրցանակաբաշխության բեմից տասնմեկերորդ անգամ հնչեցրեց «թայթանիք», մարդիկ զգում էին, որ ամեն ինչ արդար է։ Տիտանական մասշտաբի աշխատանք, տիտանական մասշտաբի կինոկտավ, ֆիլմ-դարաշրջան, ֆիլմ-ոգեշնչում, ֆիլմ, որն աշխարհին նվիրեց հետագայում օսկարակիր դերասաններ Լեոնարդո Դի Կապրիո ու Քեյթ Ուինսլեթ։ Ֆիլմ, որը ռեժիսորական առումով գրեթե իդեալական է, որը տեխնոլոգիական առումով տասնամյակով գերազանցեց իր ժամանակը, որը դարձավ աշխարհով մեկ հայտնի ու չհնացող մեմերի աղբյուր, որի հրաշալի երաժշտության տակ անցկացվեցին հազարավոր «վերջին զանգեր» ու վիպուսկնոյներ, միլիոնավոր սեռական ակտեր ու տխուր բաժանումներ։ Կարճ ասած՝ ֆիլմ, որի մասին գիտեն բոլորը։
Իսկ ինձ համար Ջեյմս Կեմերոնի էպիկի հետ ծանոթությունը շատ տարօրինակ էր։ Կեմերոնի մասին այն ժամանակ ես, իհարկե, գիտեի, նա իմ ամենասիրելի մի քանի ֆիլմերի ռեժիսորն էր. երկու «Տերմինատորները», «Օտարները» (Aliens, 1986), «Անդունդը» (The Abyss, 1989) ու «Ճշմարիտ սուտը» (True Lies, 1994) ես նայում ու անվերջ վերանայում էի մինչև կասետների ժապավենները մաշեցնելը։ Ու, իհարկե, ինտերնետի գոյություն չունենալու պատճառով չէի էլ պատկերացնում, թե ինչ մասշտաբային անակնկալ է նա պատրաստում։
Իսկ այ «Տիտանիկ» զբոսանավի ու աղետի մասին ես գիտեի, որովհետև միամիտ նայել էի 1996-ին դուրս եկած՝ CBS-ի «Տիտանիկ» (Titanic) երկու սերիանոց մինի սերիալը՝ Քեթրին Զետա-Ջոնսով։ Ու երբ իմ մոտ ընկերը Երևանից վերադառնալուց հետո բերեց (ահավոր հիացած ու ոգևորված) փողոցից գնված կասետը (որի վրայի նկարն էնքան մուգ կապույտ էր, որ բան չէր երևում) ու հայտարարեց, որ «տենց բան չկա, մենակ տենաս ոնց ա նավը խորտակվում», ես իմ հերթին լուրջ դեմքով հայտարարեցի, որ էդ սերիալը նայել եմ, լավը չէր։ Նա բացատրեց, որ սերիալ չի, ես, խիստ սկեպտիցիզմով, վերցրի կասետն ու... Դուք չեք պատկերացնում, թե ինչ զարհուրելի էկրանկա էր դա։ Մութ, անընդհատ շարժվող տեսախցիկով, անընդհատ էկրանի առջև շարժվող ու խոսող մարդկանցով, երբեմն ցույց տալով միայն էկրանի կեսը կամ, անգամ, մեկ երրորդը։ Բայց նայելուց հետո ես յոթերորդ երկնքում էի, որովհետև ես երբեք նման բան նախկինում չէի տեսել։ Ամբողջ կյանքս աչքերիս առաջ անցավ, ու ես որոշեցի, որ անպայման պիտի դառնամ ստորջրյա հետազոտող ու հանեմ խորտակված «Տիտանիկի» գանձերը։
Հաջորդ օրը ես աղմուկ-աղաղակ արեցի դպրոցով մեկ։ Հրազդանում ոչ ոք խաբար չէր նման ֆիլմի մասին։ Կասետն անցնում էր ձեռքից ձեռք, աղջիկները «էն կյաժ տղու» անունը տալով գունատվում էին, ու միայն հետո, մի քանի ամիս հետո նոր սկսեցին հայտնվել թեմատիկ նկարներով տետրերը, օրագրերը, ալբոմները, պայուսակները, տո ԱՄԵՆ ԻՆՉԸ! Սկսվեց «տիտանիկահիստերիան», ինչի պատճառով իրոք լավ ֆիլմը շատերի կողմից սկսվեց ընկալվել, որպես վանիլային պոպսա։
Իսկ ես ոգեշնչված էի։ Ունեցա լիցենզիոն կասետը՝ մաքուր պատկերով։ Հետո՝ լուսահոգի Ջեյմս Հորների գրած աստվածային սաունդթրեքը՝ մագնիտոֆոնի կասետով։ Միացնում էի ու սկսում ստեղծագործել, թե ինչպես են «Տիտանիկից» տասնյակ անգամներ մեծ նավերը խորտակվում ոչ միայն այսբերգների, այլև օվկիանոսի խորքերից բարձրացած տարատեսակ հրեշների հարձակման պատճառով։ Բայց դա արդեն լրիվ ուրիշ պատմություն է։
3. «Գիշատիչը 2», (Predator 2, 1990)
Ալինա, 43 տարեկան, գովազդային մասնագետ
Սա ընդհանրապես իմ ամենասիրելի ֆիլմերից մեկն է. բրուտալությունը, հարդքորն ու տեստաստերոնը ցայտում է ամեն կադրից բառի բուն ու փոխաբերական իմաստով։ Իհարկե, 1987թ-ի օրիգինալը բացարձակ գլուխգործոց է ու համեմատելու ցանկություն ընդհանրապես չկա, բայց Ստեֆեն Հոպքինսը նկարել է ահագին ճիշտ, առաջինին լրիվ սազական սիքվել՝ ի տարբերություն հետագայում նկարահանված աղբի։
Ֆիլմն առաջին անգամ նայել եմ 97 թվականին, ընդ որում՝ հետաքրքիր կուրյոզ կա՝ կապված դրա հետ։ 94-95-ին իմ ձեռքն է ընկնում վիդեոկասետ, որի հետևում գրված է Хищник 3։ Քանի որ այն ժամանակ ես առաջինի կատաղի երկրպագու էի (ով կարող էր շաբաթական յոթ օր այն վերանայել), առաջինը, ինչ ինձ ահավոր հետաքրքրեց, դա խորհրդավոր երկրորդ ֆիլմի առկայությունն էր։ Արդյունքում պարզվեց, որ Хищник 3-ն իրականում «Մուտանտ արարածը» (Mutant Species, 1995) անվանմամբ բեշկա է, որը պիռատներն այդպես կոչել էին՝ կասետները վաճառելու համար, բայց երկրորդ ֆիլմի մասին տարբեր աղբյուրներից (հիմնականում՝ դրվագներ տեսած իմ ընկերներից) եկած լեգենդները պնդում էին, որ այն իրական է ու պատմում է որսորդի մասին, որն իր որսը կազմակերպում է բետոնե ջունգլիներում! Ու պատկերացրեք իմ հիացմունքն ու սիրահարվածության աստիճանը էս ֆիլմին, երբ ես իրեն առաջին անգամ նայեցի. ինձ էն կարգի էր տարել, որ ամբողջ օրը միայն էս ֆիլմի մասին էի մտածում։
«Գիշատիչը 2»-ը պատմում է ապագայի (1997 թվականի) Լոս Անջելեսում որս կազմակերպած գիշատչի մասին։ Ի տարբերություն առաջին ֆիլմի իր փորձառու ու հմուտ ցեղակցի՝ սա, ոնց հասկանում եմ, երիտասարդ ու անփորձ, բայց ահավոր ինքնավստահ դիլետանտ է, որը հանդիպում է պողպատյա ամորձիներով հսկա սևամորթ լեյտենանտ Հարիգանին՝ օրինաչափ հետևանքով։ Լիքը արյուն, աղիքներ, ոսկորներ, փորոտիք, այնքան, որ ֆիլմը ստացել է ոչ թե R ռեյթինգ, այլ միանգամից NC-17 (մեջն անգամ մի հատ փոքր, բացահայտ պոռնոգրաֆիկ դրվագ կա): Մռայլ, կեղտոտ, ծխոտ, արյունոտ, փոշոտ, քրտինքոտ ու յուղոտ՝ ֆիլմը հավերժ մխվում է հիշողությանդ մեջ իր մթնոլորտով։ Միակ մինուսը էս ֆիլմի այլմոլորակայինի նավում կատակի համար տեղադրված քսենոմորֆի գանգն էր, ինչի հետևանքով մի քանի հիմարի ջանքերով ծնվեց աշխարհի ամենազզվելի քրոսովերը։
4. «Աշխարհի վերջը», (End of Days, 1999)
Կարինե, 45 տարեկան, փրոմթ ինժեներ
Օհօհօհօ! Չեք պատկերացնի, թե էս բեշկան ինչ կարգի ֆենմեյդի գեներատոր դարձավ իմ գլխին նոր հազարամյակի շեմին։ Ավելի ճիշտ, բուն ֆիլմը դուրս եկավ ակկուրատ էդ շեմին՝ 1999-ի նոյեմբերին, բայց ես իրան նայեցի արդեն 2000-ին։ Ֆիլմի մասին իմացա լրիվ պատահաբար, երբ Երրորդ մասի հրապարակում VHS կասետներ վաճառող բուդկում տեսա ու զարմացա, որ Առնին կինո ունի, որ դեռ չեմ նայել։
Ինչի՞ էր «Բրածոյի» (The Relic, 1997) ռեժիսոր Պիտեր Հայմսի նկարած այս B movie-ն ինձ կոնկրետ տարել։ Նախ, որովհետև ֆիլմի գլխավոր դերում Առնոլդ Շվարցենեգգերն էր, իսկ նա իմ համար հավերժական մեծություն է։ Երկրորդ, Պիտեր Հայմսի՝ մի քիչ միամիտ, բայց շիտակ ռեժիսուրան ինձ դուր է գալիս, դրա վկայությունն է նաև «Բրածոյի» նկատմամբ իմ ջերմ զգացմունքները։ Ու երրորդ, չնայած միջակությանը, էս ֆիլմն ունի ահագին տպավորիչ, իրոք հիշվող դրվագներ, ծայրահեղ խարիզմատիկ Գեբրիել Բիրն գլխավոր չարագործի դերում (էնքան խարիզմատիկ, որ էկրանին խարիզմայով մրցում է խարիզմայի աստված Առնիի հետ), հարդքոր ու ահագին հետաքրքիր էքշն։ Յուրահատուկ «Օմեն» (The Omen, 1976) ստերոիդների վրա։
Ի՞նչ էի անում ես։ Ինձ ահավոր տպավորվել էր Լյուցիֆերի կերպարը, հատկապես՝ ֆիլմի վերջում՝ իր իսկական արտաքինով։ Ու ես նկարում էի տարբեր չափի ու ձևի դժոխային դևեր՝ Լյուցիֆերի գեներալներին, գնդապետներին, լեյտենանտներին, որոնք էլի ու էլի փորձում են տիրել աշխարհին ու խեղճ մարդկանց հոգիներին։ Ընդ որում, իմ մոտ Լյուցիֆերը դա մի տիեզերական մասշտաբի հրեշ էր, որին անգամ պատկերացնելն էր անհնար, իսկ ով էլ փորձեր, հետո ստիպված սեփական ձեռքերով ուտելու էր սեփական աչքերն ու ուղեղը՝ մոռանալու համար։ Բնականաբար, էդ ամենը գրի էր առնվում։
Ու ինձ ահավոր, սարսափելի դուր էր եկել ֆիլմի OST-ը։ Գլխավոր թեման հիմա էլ առավել չարագույժ պահերին գլխումս հնչում է։ Կարճ ասած, էս ֆիլմն ունի հազար ու մի պատճառ՝ սիրված լինելու համար։
5. «Միմիկ», (Mimic, 1997)
Գեղամ, 40 տարեկան, ատամնաբույժ
Երևի գիտեք, որ Գիլյերմո Դել Տորոն լավագույն բաներից է, ինչ պատահել է այս Տիեզերքում՝ մեծ պայթյունից ի վեր։ Ինքը մուլտիվերսի ամենազիլ տղերքից մեկն է, անսպառ երևակայության ու տաղանդի տեր մարդ, ով ոչ միայն կարողանում է ամբողջական աշխարհներ ստեղծել, այլև այնպես է պատմում այդ աշխարհներում ծավալվող իր պատմությունները, որ ինքդ ես հայտնվում այդ աշխարհում բառի բուն իմաստով, ապրում այնտեղ ու հետո էլ երբեք չես մոռանում այցելությունդ։ Դել Տորոն կախարդ է, հրաշագործ, ով կարողացել է մարմնավորել լավճրաֆթյան միֆոլոգիայի, լատինաամերիկյան միստիցիզմի, սթիմպանկի ու գոթիկայի ունիկալ ջերմամիջուկային խառնուրդ։ Այդ ամենի հետ մեկտեղ՝ Դել Տորոն նաև ուղն ու ծուծով գիք է, մարդ, ով երբեք «սովորական» նախագծերի չի մասնակցում, ով միշտ ապրում է իր երևակայական աշխարհներում ու բոլորին թույլ է տալիս այցելել այնտեղ։
Եթե չեմ սխալվում, «Միմիկն» առաջին ֆիլմն էր մեքսիկացուց, որ ես նայել եմ։ Լավ հիշում եմ, Эфир շաբաթաթերթում մի քանի տող կար ֆիլմի մասին. գլխավոր դերասանուհի Միրա Սորվինոն պատմում էր, որ ֆիլմն այնքան վախենալու էր անգամ նկարահանումների ժամանակ, որ իրեն տանջում էին մղձավանջները։ Ու ֆիլմը, իր ժամանակ, իրոք վախենալու էր. սկսած տիտրերից, որոնք ոճային առումով կրկնում էին Ֆինչերի «Յոթի» (Se7en, 1995) տիտրերը, մինչև մռայլ անտուրաժ, ծայրահեղ լարված իրավիճակ, հիանալի հրեշներ ու արյան գետեր։ Այդ ամենի հետ՝ լիքը հղումներ տարբեր գիքային աղբյուրների (սա Դել Տորոյի առաջին հոլիվուդյան փորձն էր, ու նա առատորեն արտահայտում էր իր զգացմունքները). սցենարային որոշ դրվագներ ուղիղ հղում են անում Կեմերոնի «Օտարներին», իսկ ֆիլմում երեխայի անունը Չուի է։
Առաջին դիտումն իմ համար անմոռանալի էր։ Ես ահավոր տպավորված էի՝ մռայլ անտուրաժի ու մահաբեր հրեշների հիանալի համադրությամբ։ Լավ հիշում եմ, թե հենց էս թեմայով որքան ֆանֆիկ պատմություններ եմ հորինել, գրել, նկարել։ Հիմա, միգուցե, մի քիչ ֆիլմը նաիվ թվա, բայց հենց էն ժամանակ, չնայած Բոբ Վայնսթայնի հետ կոնֆլիկտին (ինչից հետո Դել Տորոն էլ երբեք Miramax-ի հետ չաշխատեց), հոլիվուդը բացահայտեց ժամանակակից մեծագույն վիզիոներ-հրաշագործներից մեկին։
6. «Մերի Շելիի Ֆրանկենշթեյնը», (Mary Shelley's Frankenstein, 1994)
Նարինե, 38 տարեկան, պատմաբան
Նախորդ դարի 90-ականների կեսերին հանճարեղ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլային ու իր գործընկերներին պատկանող American Zoetrope կինոընկերությունը Culumbia/Tri Star կոնցեռնի հետ կնքեց համաձայնագիր՝ դասական սարսափ գրականության գոհարների նոր էկրանավորումների շարք ստեղծելու համար։ Նույն 90-ականների սկզբին, ինքը՝ Կոպպոլան սահմանեց այդ շարքի տոնայնությունն իր լավագույն ֆիլմով՝
«Բրեմ Սթոքերի Դրակուլայով» (Bram Stoker's Dracula, 1992) միտումնավոր «թատերականություն» թե ռեժիսուրայի, թե դեկորացիաների առումով, մռայլ, գոթիկական անտուրաժ ու առավելագույնս մոտ սկզբնաղբյուրին։ Վերջինն ամենակարևոր պայմանն էր, այն անգամ արտահայտվում էր ֆիլմի անվանման մեջ։
Ցիկլի մյուս ֆիլմը բեմանդրեց Քենեթ Բրանան՝ ստանձնելով նաև ռեժիսորի պաշտոնը։ «Մերի Շելիի Ֆրանկենշթեյնն» իր գրական սկզբնաղբյուրին ծայրահեղ մոտ ստեղծագործություն է՝ չնայած որոշ տարբերությունների, բեմադրությամբ՝ հավատարիմ ցիկլի համար սահմանված ոճին՝ մռայլ, մութ, «թատերական» ու դասական սարսափ ֆիլմերի բոլոր ատրիբուտներով։ Դրան գումարած՝ հրաշալի դերասանական կազմն ու քննարկվող խնդիրները։ Ու, չնայած, ֆիլմը չարժանացավ նույն այն հիացմունքին, որը եղել էր «Բրեմ Սթոքերի Դրակուլայի» դեպքում (ի վերջո, Բրանան, թեև ամբիցիոզ, բայց միջին ձեռքի ռեժիսոր է, ով միշտ հավատարիմ է սկզբնաղբյուրներին, բայց ռեժիսուրայում ասկետիկ է ու զգուշավոր), այդուհանդերձ՝ արդեն հիմա այն 90-ականների սարսափ ֆիլմերի լավագույն օրինակներից մեկն է։
Ինքս ֆիլմի մասին առաջին անգամ իմացել եմ «Բրեմ Սթոքերի Դրակուլան» նայելուց հետո։ Որքան հիշում եմ, ինչ-որ լիցենզավորված VHS էր մոտս հայտնվել, իսկ էն ժամանակվա լիցենզիոն կասետների սկզբում ֆիլմերի թրեյլերներ-գովազդներ կային (- Концерн "Видеосервис" и студия "Союз" представляют...), որոնցից մեկն էլ էս ֆիլմինն էր։ Ահավոր տպավորել էր, բայց ֆիլմը դրանից ահագին հետո նայեցի՝ հեռուստացույցով, լրիվ միամիտ։ Մերի Շելիի գիրքը հանճարեղագույն ու անմահ ստեղծագործություն է պրոգրեսի մասին, ու սա, երևի թե, իր լավագույն էկրանավորումն է։ Նու, եթե ոչ լավագույնը, ապա գոնե ամենահավատարիմը։
7. «Բրեմ Սթոքերի Դրակուլան», (Bram Stoker's Dracula, 1992)
Սարիկ, 44 տարեկան, ծանրամարտիկ
Ջահել ժամանակ ահավոր տարված էի վամպիրներով։ Դա կապված էր յուրօրինակ «մանկական տրավմայի» հետ. ճշգրիտ չեմ հիշում, բայց մոտ 91-92 թվականներին (7-8 տարեկանում) հեռուստացույցով միամիտ նայել էի Դերան Սարաֆյանի «Մեռնել հանուն» (To Die For, 1989) սարսափ ֆիլմը, որում Դրակուլայի դասական պատմությունը ծավալվում էր ժամանակակից Լոս Անջելեսում։ Ֆիլմն ինձ ահավոր վախեցել էր (վերջերս վերանայեցի, ապուշ տռեշակ էր), գիշերները չէի կարողանում քնել, բայց նաև սարսափելի տպավորել էր բուն վամպիրության գաղափարը (մարդանման արարածներ, որոնք խմում են խեղճ մարդկանց արյունը) ու հենց Դրակուլան։ Այսինքն, մի կողմից լավ վախեցել էի, մյուս կողմից՝ թեման ձգում էր ստոկհոլմյան համախտանիշի բոլոր կանոններով։
Դրանից հետո աչքիս տարբեր գրքային «քռչի բազարներում» թեմատիկ գրքեր էին հանդիպում ռուսերեն լեզվով։ Բնականաբար, դրանք գնել կամ կարդալ ես չէի կարող, բայց ինձ ահավոր տպավորում էին գունազարդ կազմերը. կիսազոմբի-կիսավամպիր, սուր ատամներով, հսկա վիշապանման հրեշ, որը շրջապատել է ամրոցը և այլն։ Հաճախ գալիս էի էդ փողոցային «գրախանութը»՝ գրքերը վերցնելու, կազմերին նորից ու նորից նայելու համար։
Բայց վամպիրների ու բուն Դրակուլայի թեմայով իրոք խորացա միայն NES-ի Bram Stoker's Dracula հանճարեղ պլատֆորմերը խաղալուց հետո, որի մթնոլորտը էնքան խիտ ու մածուցիկ էր, որ միանգամից սիրահարվեցի էդ մռայլ աշխարհին։ Խաղն ինքնին ահագին բարդ էր, ու ամեն մի նոր լեվել անցնելու համար տասնյակ անգամներ նորից էիր սկսում։ Բայց դե կտրվել չէր լինում։
Էն ժամանակ ինտերնետ չկար իմանալու համար, որ խաղը համանուն ֆիլմի հիման վրա է սարքված, իսկ ֆիլմը գրքի էկրանավորում է։ Հենց խաղը խաղալուց հետո սկսեցի վամպիրների մասին ինֆորմացիա հավաքել, սիստեմատիզացնել հատուկ տետրերում։ Ուրիշ տետրերում ֆանարտեր էի անում, պատմվածքներ գրում, անգամ վեպ էի սկսել (Дракула։ Магия ужаса խիստ օրիգինալ անվանմամբ), բայց կիսատ թողեցի։ Լրջորեն մտածում էի փող հավաքելու ու Տրանսիլվանիա մեկնելու մասին։
Այ էդքան հասունացած էի, երբ ԴԱ տեղի ունեցավ։ Մի գեղեցիկ երեկո, երբ իմ համար հանգիստ դաս էի անում հեռուստացույցի առջև, ОРТ-ով ֆիլմի անոնս ցուցադրվեց. երբեք չեմ մոռանա էդ պահը։ Ամենասկզբում ամպերի հետև մտնող արեգակը, հետո՝ մռայլ երաժշտություն ու մնացած տեսաշարքը, իսկ վերջում՝ Дракула Брэма Стокера! Աչքերս չռած, չեմ հավատում հենց նոր տեսածիս, չէ՞ որ նույն անվանումն ուներ նաև իմ սիրելի խաղը, որով ես ապրում էի արդեն քանի շաբաթ։ Այսինքն, կա նաև կինո! Մնացած օրերը, մինչև ֆիլմի դիտումն, անցան ինչպես երազում. ամեն օր նույն ժամերին միացնում էի հեռուստացույցը՝ ինձ ցնցած անոնսը նորից վայելելու։ Հետո արդեն նայեցի ֆիլմը։ Ու ինքը դարձավ իմ համար ամենակարևոր ու լավագույն ֆիլմերից մեկն ընդհանրապես։
Բուն ֆիլմի մասին բան չեմ ասի։ Դա ոչ միայն Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի լավագույն ֆիլմն է, այլ երբևէ նկարված լավագույն ֆիլմերից մեկն է, հավերժական կլասիկա, որը երբեք չի խամրի ու երբեք չի հնանա։
8. «Ճշմարիտ սուտ», (True Lies, 1994)
Վիոլա, 41 տարեկան, միջատաբան
Ֆիլմ, որը ես պաշտում եմ։ Ու համարում եմ, որ սա ընդհանրապես նկարված լավագույն մարտաֆիլմերից մեկն է։ Քլոդ Զիդիի «Տոտալ վերահսկողություն» (La Totale!, 1991) կատակերգության ռեմեյքը, որը, չնայած ընդհանուր սյուժետային ֆաբուլայով կրկնում է օրիգինալն, այդուհանդերձ, սցենարային ու այլ դետալներով մի քանի գլուխ բարձր է։ Ջեյմս Կեմերոնը, հիմնվելով ֆրանսիական օրիգինալի վրա, նկարել է ատամնափշրիչ ու հնարամիտ էքշնով, դիտարժան ու այն ժամանակվա համար աներևակայելի հատուկ էֆեկտներով ու հիստերիկ քրքիջ առաջացնող սրամիտ հումորով ֆիլմ, որը, չնայած, իր որոշ պահերի պատճառով փոքր ժամանակ դրվագներով էինք նայում, բայց հավերժ մխվում է հիշողության մեջ՝ ձիով հետապնդման, քաղաքում կործանիչով դուելի ու հրթիռի ծայրին թռչող ահաբեկչի պատկերներով։
Առնոլդ Շվարցենեգերն էս ֆիլմում ուղղակի տեստաստերոնի կծիկ է՝ փայլուն կատարելով իր դերը։ Աննկարագրելի հրաշալի են նաև Ջեյմի Լի Կերտիսը, Թոմ Առնոլդն ու, հատկապես, իմ սիրելի դերասաններից Բիլ Պեկստոնը՝ Սայմոնի դերում։ Բա ֆիլմի սկզբի ու վերջի պարերը, բա Դորիսի դրվագը հյուրանոցի համարում. դրանք բոլորն արդեն դասական են, ինչպես Կեմերոնի ցանկացած ֆիլմի դեպքում՝ առանձնացվել են ցիտատների ու դարձել լրիվ առանձին մեմեր։
Կարճ ասած, երկար չխոսեմ, վերանայեք էս հրաշքը, վայելեք 90-ականների ոգին՝ իր պայմանականություններով ու փառահեղ վիզուալ ոճով։
9. «Հարցազրույց վամպիրի հետ. Վամպիրական քրոնիկոնները», (Interview with the Vampire: The Vampire Chronicles, 1994)
Մհեր, 39 տարեկան, ձկնորս
Բուռն ջահելության տարիներին իմ բազում հետաքրքրությունների թվում ոչ վերջին տեղն էին զբաղեցնում վամպիրներն ու իրենց հետ կապված ամեն ինչ։ Ես կիլոգրամներով տետրեր եմ գրել ու նկարել էդ թեմայով, հորինել նոր միֆոլոգիաներ ու վամպիրային յունիվերսներ, հնարավորության սահմաններում, ինտերնետի ու նորմալ աղբյուրների բացակայության պայմաններում, փորձել եմ հայթայթել ու կտոր առ կտոր հավաքել այդ թեմայով ամեն ինչ, ինչ հնարավոր էր, անգամ՝ ծամոնների տիպեր (ես չեմ կատակում)։ Մռայլ, ահռելի ամրոցներում բնակվող արնախում չարիքն ինձ վրա միշտ մոգական ազդեցություն է թողել, ու որքան մեծ ամրոցը, որքան շատ նրանում տարատեսակ հրեշներ ու սենյակներ, այնքան լավ։ Կարճ ասած, վամպիրները (ճիշտ վամպիրները, ոչ թե էն սապլիվի լակոտները, որ կան տարատեսակ «Սումեռկիներում», այլ արյունարբու դևերը) իմ մեծ սերն են եղել։
Ու իմ համար կա էդ թեմատիկայով երկու ֆիլմ՝ բազում սիրվածներից, որոնք ամենա-ամենան են։ Ֆավորիտը, բնականաբար, Կոպպոլայի հանճարեղ «Բրեմ Սթոքերի Դրակուլան» է, որը ոչ միայն վամպիրների թեմատիկայով, այլ ընդհանրապես ինձ համար լավագույն ֆիլմերից մեկն է։ Երկրորդը Նիլ Ջորդանի «Հարցազրույց վամպիրի հետ. Վամպիրական քրոնիկոններն» է՝ մասշտաբային, էպիկական, ծայրահեղ նրբաճաշակ ու գրավիչ վամպիրական պատում, որը այն ժամանակ արդեն աստղեր Թոմ Քրուզին ու Բրեդ Փիթին վերածեց սուպեր աստղերի, նաև՝ աշխարհին տվեց Քիրսթեն Դանսթի մեծագույն տաղանդը։ Ջորդանը կարողացել է էրոտիկ հուզականությամբ ու էսթետիկայով կտավի վրա արյան ու դաժանության շերտերն այնքան նուրբ գծել, որ վիկտորիանյան հորրորի կախարդական աշխարհը բացվում է լրիվ նոր ու ճիշտ կողմից։
Ֆիլմի հետ իմ ծանոթության մասին։ Այն առաջին անգամ բազմաչարչար հայ ժողովրդին էր ներկայացվել «Երրորդ ալիքով», ընդ որում՝ նախօրոք խնդրեցին էկրանների մոտից հեռացնել երեխաներին ու տպավորվող մարդկանց։ Ինձ, բնականաբար, որպես երեխայի հեռացրին, սակայն արգելված պտուղը գիտակցումը հանգիստ չէր տալիս։ Չկարողանալով քնել՝ կամաց սողոսկեցի հյուրասենյակի դռան մոտ ու արանքից բռնացրի հորում Մադլենի ու Քլոդիայի այրվելու տեսարանը։ Միայն դա եմ հասցրել տեսնել մինչև բռնվելը, բայց դա էլ բավարար էր քունը կորցնելու համար։ Հետո ինչ-որ հաղորդման ժամանակ պատմում էին Դեյվիդ Գեֆենի մասին, ով ֆիլմի պրոդյուսերն է, ու դրվագներ ցույց տվեցին սրատամ ու թռչող Թոմ Քրուզով։ Ֆիլմը նայեցի արդեն մի քանի տարի անց ու վերանայում եմ պարբերաբար, համարում եմ, որ սա Քրուզի լավագույն դերն է։
10. «Հինգերորդ տարրը», (The Fifth Element, 1997)
Անի, 40 տարեկան, աստղագետ
Երբ օվկիանոսների ջուրը մաքուր էր, իսկ աֆրիկյան սավաննաներում վազվզում էին գնու այծյամների հոտերը... Կարճ ասած, կար ժամանակ, երբ Լյուկ Բեսոնը կարգին ռեժիսոր-վիզիոներ էր։ Դուք, միգուցե, չհավատաք, բայց իմ հասակակիցներն, ովքեր հիշում են Ստալինին ու Խրուշչովին, կհաստատեն, որ այն հին ու բարի ժամանակներում ֆրանսիացին դեռ շատ հեռու էր զզվելի «Լյուսիից» (Lucy, 2014) ու «Աննայից» (Anna, 2019), նաև՝ գրեթե չէր զբաղվում պրոդյուսերական գործունեությամբ, որն էլ հետո իր տունը քանդեց։ Կարճ ասած՝ Բեսոնը նկարում էր, թեև պարզ, բայց ահավոր էներգետիկայով ու խարիզմայով կոնցեպտուալ կինո, վրձնի մեկ հարվածով ստեղծում հավերժ հիշվող դրվագներ ու կերպարներ։ Դուք չեք հավատա, բայց Նատալի Պորտմանին մարդ սարքած, Ժան Ռենոյին համաշխարհային աստղ դարձրած «Լեոնը» (Leon, 1994) նրա ձեռքի գործն է։ Նույն մարդն է նկարել «Լեոնը» ու «Աննան»։
«Հինգերորդ տարրը» ուղղակի ֆիլմ չի։ Սա ուղղակի կոսմոօպերա չի, Բեսոնի մանկական երազանքի իրականացումը չի, իր ժամանակի ամենաթանկարժեք ոչ հոլիվուդյան կինոն չի, չէ։ Սա ֆիլմ-մեմ է, ֆիլմ-շքանշան, ոնց որ շատ հայտնի ու տարածված, շատ սիրված երգն է բոլորի գլխում անընդհատ, սրա ամեն դրվագ դարձել է վաղուց ժողովրդական, բաժանվել ցիտատների, ընդ որում՝ էս դեպքում «ժողովուրդը», թերևս, ամբողջ աշխարհի մարդիկ են (բացի հյուսիսկորեացիներից, ովքեր սկի կյանքում Բեսոնի անունը չեն լսել)։ Ընդ որում, այս գրոտեսկային, միտումնավոր-կրկեսային, վառ պատմության բուն սյուժեն նման է ծանր թմրաթրիփի, խելագարի զառանցանքի, բայց դետալները՝ կերպարները, նրանց խաղը, նրանց միջև քիմիան, երկխոսությունները, էքշնը, երաժշտությունը. դրանք վերածում են «Հինգերորդ տարրը» խելահեղ ատրակցիոնի, անզուսպ քրքիջի, տրամադրությունը բարձրացնող դեղի։ Գրեթե բոլորի մոտ էս ֆիլմը թողնում է միայն ջերմ հիշողություններ։
Իմ ու «Հինգերորդ տարրի» հանդիպման պատմությունը սկսվեց ինչ-որ ռուսական առավոտյան հաղորդաշարի (Доброе утро-ի տիպի) ժամանակ, երբ պատմեցին ոչ հոլիվուդյան ամենաթանկարժեք ֆանտաստիկայի մասին՝ միաժամանակ ցուցադրելով դրվագներ, մասնավորապես՝ Նյու Յորքի կիլոմետրանոց երկնաքերերի արանքով թռչող մեքենաներ։ Իհարկե, տանիքս թռավ, որովհետև երբեք նախկինում նման բան չէի տեսել. ավելին, հետագայում Երկրի ապագան պատկերացնելուց, նկարելուց, նկարագրելուց, միշտ բազմակիլոմետրանոց շենքեր էին, որոնց արանքում՝ թռչող մեքենաներ։ Բուն ֆիլմը նայեցի մի քիչ ավելի ուշ, ու շարունակում եմ վերանայել մինչ օրս։
11. «Մատրիցան», (The Matrix, 1999)
Նունե, 45 տարեկան, գրիմի մասնագետ
Ես անգամ չգիտեմ, թե ինչ կարելի է գրել էս ֆիլմի մասին, որ նորություն լինի։ Սա ուղղակի ֆիլմ չի, այլ մշակութային ֆենոմեն, որը ստեղծեց լրիվ նոր դարաշրջան ու փոխեց մարդկանց մտածողությունն ակկուրատ ինտերնետի համաշխարհային հեգեմոնիայից առաջ՝ բարձրացնելով վիրտուալ տիրապետության հետ կապված հարցադրումներ, որոնք ակտուալ են մինչ օրս։ Դրա համար եմ կարծում, որ սիքվելն ու տրիքվելը (ավելի ճիշտ՝ սիքվելը, որովհետև երկրորդն ու երրորդը մեկ ֆիլմ են), ու, առավել ևս, չորրորդը, ավելորդ էին, կինոն իրենն ասել էր։ Մյուս կողմից, «Մատրիցան» ստեղծվեց լրիվ նոր, ունիկալ տիեզերք՝ իր տրամաբանությամբ, օրենքներով, ու մեղք կլիներ այդ տիեզերքը չընդլայնելը, դրանում ծավալվող միլիոնավոր պատմությունները չպատմելը։ Բայց հեղինակներն ընտրեցին ամենահեշտ ու կարճ տարբերակը՝ կենտրոնանալով մեկ հերոսի միակ պատմության վրա։ Ինչևիցե, ֆիլմի մասին տոննաներով գրվել է, ես ոչինչ չեմ ավելացնի։
Երրորդ կուրսի ուսանող էի։ «Մատրիցայի» մասին մի անգամ կարդացել էի Эфир շաբաթաթերթում, մի երկու հատ էլ դրվագ էի տեսել ինչ-որ հաղորդումների ընթացքում։ Առաջին անգամ նայեցի «ԱՐ»-ով, ահավոր վատ որակով, գրեթե սև ու սպիտակ, հեռուստացույցն էլ վատ էր ցույց տալիս, կարճ ասած՝ շատ, շատ վատ որակով։ Բայց էն, ինչ ես տեսա, էն, ինչ ինձ պատմեցին, իրոք ցնցող էր։ Այն ժամանակ, վիրտուալ աշխարհի մասին շատ սուղ պատկերացումներով հանդերձ, սոլիպսիզմից ու պլատոնյան փիլիսոփայությունից հեռու, ես առաջին անգամ հասկացա, որ «իրականություն» կոչվածն այնքան էլ միանշանակ ու ընկալելի չի, որքան կարող է թվալ, ու որ այն ունի շատ նուրբ երանգներ ու նյուանսներ, որոնց մասին ամեն անգամ մտածելիս իմ ուղեղը եռում է։
Մի քիչ փիլիսոփայություն։ Հասկացա նաև, որ, վաղ թե ուշ, հաշվողական տեխնիկայի զարգացումն իրական կդարձնի նման վիրտուալ աշխարհները, ու հիմա էլ համոզված եմ, որ այնտեղ տեղափոխվելը լինելու է մարդկության ու ցանկացած բանական տեսակի պլան մաքսիմումներից մեկը։ Որովհետև այդ աշխարհները ավելի լայն հնարավորություններ են տալիս բանականությանն, ավելի են ընդլայնում իր հնարավորությունները ու թույն են տալիս ավելի բազմազան բանական փորձ ունենալ։ Կարճ ասած՝ բանական տեսակի համար սեփական բանականությունը, սեփական վիրտուալ կենսափորձը, սեփական գիտակցությունն աբսոլուտացնելն անխուսափելի է լինելու։
Որպես ֆիզիկական տիեզերքի մտածող հատվածներ, որոնք փոխազդում են այդ տիեզերքի մյուս մասերի հետ՝ դրանց մասին ինֆորմացիան սեփական վիրտուալ գիտակցության մեջ վերափոխելու, դրա միջոցով այդ վիրտուալ գիտակցությունն ընդլայնելու, սեփական գիտակցության ծնունդ վիրտուալ աշխարհներով այլ մտածող արարածների հետ կիսվելու ու ինֆորմացիան վերափոխված ձևով տիեզերքին վերադարձնելու միջոցով, մենք կկարողանանք «վիրտուալ տիեզերքների գեներատորների», ֆիզիկական տիեզերքի մտածող մասերի ու այդ տիեզերքում ինֆորմացիան ունիկալ վերափոխման ենթարկողների մեր դերն էլ ավելի աբսոլյուտիզացնել։
Տիեզերքում չկան այլ նմանատիպ համակարգեր, որոնք կարող են շրջակայքի մասին ինֆորմացիան վերափոխել նույն կերպ, ինչպես անում ենք դա մենք։ Մենք տիեզերքի այն «օրգաններն ենք», որոնք նրան թույլ են տալիս դիտարկել մինչ այդ գոյություն չունեցող այլ տիեզերքներ՝ իր «վիրտուալ» արյունակիցներին ու դրա միջոցով ավելի լավ հասկանալ ինքն իրեն։ Մեր ամբողջ զգայական փորձը իսկական վիրտուալ տիեզերքներ տեղափոխելը թույլ կտա ավելի հարուստ ու բազմազան դարձնել վերամշակվող «ինֆորմացիան հումքն» ու, որպես արդյունք, ելքային ինֆորմացիան։
12. «Պետության թշնամի», (Enemy of the State, 1998)
Մարիա, 41 տարեկան, սթենդափեր
Հեռու ու լավ ժամանակներում, երբ Ուիլ Սմիթը դեռ իրեն չէր դրել խորը դրամատիկ դերասանի տեղ ու անիմաստ կենցաղային մելոդրամաների փոխարեն խաղում էր ամենախոշոր բլոկբաստերներում, երբ Ջերի Բրուկհայմերը դեռ չէր կորցրել պրոդյուսերական հոտառությունն ու Դեն Սիմպսոնի հետ միասին պարբերաբար մատուցում էին ամուր բարձր բյուջեով հիթեր․․․կարճ ասած, 90-ականների երկրորդ կեսի մեգահիթերի լավագույն ավանդույթներով՝ լուսահոգի Թոնի Սքոթը նկարել էր իսկական տեխնոլոգիական էպիկական մարտաֆիլմ։ Մոտ 2 ու կես ժամ քրոնոմետրաժով, R ռեյթինգով, հիանալի դրամատուրգիայով ու վառ դերասանների մի ամբողջ աստղաբույլով։ Լարված, խելացի, հետաքրքիր, ոչ մի վայրկյան չձանձրացնող էտալոնային մարտաֆիլմ, որը հիմա էլ, ցանկացած պահի, կարելի է միացնել ու նայել։ Ու այն ոչ մի վայրկյանով չի հնացել։
Իսկ ո՞րն էր այս ֆիլմի հաջողության բաղադրատոմսը։ Թեմա՞ն։ Մասնակիորեն՝ այո։ Հենց 90-ականների վերջին, երբ համացանցը սկսել էր իր հաղթարշավն ամբողջ աշխարհում, տոտալ վերահսկողության պարանոյան խիստ ակտուալ էր (վերցրեք նույն էպոխալ «Մատրիցան»): Հիմա՝ 22 տարի անց, նման տեխնոլոգիական լուծումներով ու հսկողության միջոցներով ոչ ոքի չես զարմացնի, հիմա արդեն դրան է միացել նաև արհեստական բանականությունն ու ամեն ինչ շատ ավելի ճշգրիտ է ու բարդ։ Բայց 90-ականների վերջին մարդկանց մոտ երկակի զգացումներ էին․ մի կողմից կարելի էր հպարտանալ սեփական երկրի ռազմական ու տեխնոլոգիական հզորությամբ, որը թույլ չի տա անգամ մուկը խաթարի իր քաղաքացիների անդորրը (ինչպես տեսանք 2001-ին, այնուամենայնիվ թույլ տվեց), սակայն, մյուս կողմից, խոսքը ազատությունների սահմանափակման մասին էր։ Միգուցե անհրաժեշտ սահմանափակման, բայց դա ևս սահմանափակում էր։
Հաջողության մյուս կողմը երիտասարդ Ուիլ Սմիթն էր, ով դեռ կրոնը չէր փոխել, չէր էշացել ու մնում էր ամենահաջողակ աստղերից մեկը։ Բայց գլխավորն, իհարկե, Թոնի Սքոթն էր։ Ռիդլի Սքոթի եղբայրը, ամուր, պողպատի նման պինդ ու էնցիկլոպեդիկ մարտաֆիլմերի արքան (մինչև հիմա նա իր տտղոսի տերն է՝ չնայած մահվանը) ամեն անգամ կարողանում էր զարմացնել ու հիացնել։ Ի տարբերություն իր եղբոր, ով երբեմն, չնայած բացառիկ տաղանդավոր ռեժիսուրային, ելքում տալիս էր բացահայտ աղբ, Թոնին գրեթե երբեք «փուստ չի տվել»։ Ու «Պետության թշնամին» նրա կինոյի լավագույն օրինակներից մեկն է․ եթե ուզում եք իմանալ, ով էր Թոնի Սքոթը, նայեք «Պետության թշնամին»։
13. «Կորուսյալ աշխարհը. Յուրայի դարաշրջանի այգի», (The Lost World: Jurassic Park, 1997)
Էդուարդ, 38 տարեկան, դատավոր
Առաջին «Յուրայի դարաշրջանի այգին» իսկական բոքս օֆիսային ռումբ էր, որն ուղղակի պատռեց վարձույթը, դինոզավրերի նկատմամբ հետաքրքրությունն աշխարհում բարձրացրեց անասելի մակարդակի, ու սիքվելը միայն ժամանակի հարց էր։
Հետաքրքիր դասավորվեց նաև սիքվելի հետ կապված իմ պատմությունը։ Էն ժամանակ ինտերնետ չկար ու չէր սպասվում, հեռուստատեսությունն էլ կինոլուրերի հարցում առանձնակի առատաձեռն չէր, հետևաբար՝ սիքվելի գոյության, անգամ դրա պլանավորման մասին ընդհանրապես խաբար չէինք։ Հակառակը, մենք ինքներս էինք սիքվելի, տրիքվելի, քվադրիքվելի սյուժեներ հորինում. օրինակ, որ ցեխի մեջ կորցրած դինոզավրերի սաղմերը ինչ-որ ձևով խառնվում են՝ առաջացնելով մի դժոխային հիբրիդ, որի դեմ նորմալ զորք է կռվում՝ նորմալ զենքով (բարև, Ինդոմինուս ռեքս)։
Մի օր ընկերներիցս մեկը VHS կասետ է բերում, թե բա Jurassic Park 2-ն է։ Զարմացած միացնում եմ, ու իրոք, տիտրերում գրում է «Jurassic Park 2», ինչ-որ զինվորականներ բեռնատարերով ինչ-որ բեռներ են տեղափոխում ինչ-որ պահեստ, էստեղ դինոզավրերը դուրս են գալիս, բոլորին խժռում, կինոյի տղեն ու աղջիկը բոլոր դինոզավրերին սպանում են ու փրկվում։ 10 տարեկանում ես զգում էի, երբ են ինձ ուզում քցած լինեն, ու էս դեպքում հաստատ դա էր տեղի ունենում։ Առաջին ֆիլմի հետ սարսափելի կոնտրաստ, տիկնիկային դինոզավրեր (վերջում, երբ պայթեցնում են տիրանոզավր ռեքսի գլուխը, բացահայտ երևում է այն պահող ձողը), կարճ ասած՝ ամոթ-աբուռ կորցրած մի բան։ Բնականաբար, ես էն ժամանակ չգիտեի Asylum-ատիպ ստուդիաների մասին, որոնք անտեղյակ մարդկանց խաբում էին աղմկոտ պրեմիերաների հետ միասին նմանատիպ անվանում ու թեմատիկա ունեցող աղբը շուկա նետելով։ Իսկ աղմկոտ պրեմիերան, իհարկե, իրական սիքվելն էր, որի գոյության մասին էլի տեղյակ չէի ու հայհոյում էի ստեղծողներին նման զիբիլ շարունակություն նկարելու համար։
Սարսափելի հիասթափությունից մի քանի ամիս անց ընկերներից մեկը էլի կասետով գալիս է, էս անգամ՝ լիցենզավորված, լրիվ կանոններով, նկարով և այլն: Տուփին առաջին հայացք նետելով էլ հասկանալի է դառնում, որ հենց սա է կանոնիկ սիքվելը:
«Կորուսյալ աշխարհը. Յուրայի դարաշրջանի այգին» դա նույն առաջին ֆիլմն է, բայց ավելի շատ դինոզավրերով, ավելի մեծ կղզիով, ավելի շատ գործող անձանցով ու, որպես բոնուս, քաղաքում հայտնված տիրանոզավր ռեքսով, որը շատ պատկերավոր ձևով խժռում է ֆիլմի սցենարիստ Դեյվիդ Կոեպին: Մնացած առումներով, բացի լավ ռեժիսուրայից ու հետաքրքիր պատմությունից, ֆիլմն իրենից ոչ մի բեկումնային բան չի ներկայացնում, բայց ինձ դուր է գալիս՝ ի տարբերություն նույն երրորդի (որը սկզբում դուր էր գալիս, բայց դա լրիվ այլ պատմություն է) ու վերջին երկու միջակությունների:
14. «Սևազգեստ մարդիկ», (Men in Black, 1997)
Սիմա, 43 տարեկան, նավաստի
Թե ինչպես ստացվեց, որ մեծ պոտենցիալով հիանալի ֆրանշիզը նպատակադրված հարամեցին ամեն հաջորդ ֆիլմի հետ (իսկ վերջին սփինօֆֆը լրիվ խայտառակություն էր), կիմանան միայն վատ սցենարիստների թիմերն ու ագահ պրոդյուսերները՝ Սթիվեն Սփիլբերգի գլխավորությամբ։ Սակայն 1997թ-ին Բարրի Զոնենֆիլդի նկարած խիստ ոճային, սրամիտ ու լավ հումորով ֆիլմը դարձավ վարձույթի արքա, երբ իրար հետևից տապալվում էին խոշոր նախագծերը, իսկ քննադատներն այն ավելի բարձր գնահատեցին, քան մեկ տարի առաջ դուրս եկած, նույն թեմատիկայով ու նույն Ուիլ Սմիթով «Անկախության օրը» (Independence Day, 1996):
«Սևազգեստ մարդկանց» հետ իմ առաջին ծանոթությունն ինչ-որ յուրահատուկ իրադարձություն չեղավ, ինչպես շատ այլ ֆիլմերի դեպքում էր։ Հիշում եմ, որ կինոների մասին տարբեր հեռուստահաղորդումներով (այդ թվում՝ «Կոմպյուտեր ժամ») դրվագներ էին ցույց տալիս, պատմում էին, որ ֆիլմի բյուջեն 100 միլիոն դոլար է, որ նման բարդ հատուկ էֆեկտներ նախկինում երբեք չէր ստեղծվել (ինչը մաքուր ճշմարտություն է), ու որ, ըստ էության, ILM-ի մասնագետները էդ ոլորտում լրիվ նոր արահետներ էին բացում (դա էլ է ճշմարտություն, չնայած էն ժամանակ ամեն երկրորդ մեծ ֆիլմ ձեռքբերում էր CGI-ի ոլորտում)։
Հիշում եմ, որ էդ ռեպորտաժներում ցուցադրվող դրվագներից հատկապես տպավորել էր Թոնի Շելուբի պայթող ու նորից աճող գլուխը, սահմանապահի վրա վազող ու Թոմի Լի Ջոնսի կրակոցից պայթող այլմոլորակային անօրինական միգրանտն ու գլխավոր հերոսների դիմաց սուր անկյան տակ հողը քերելով ընկնող թռչող ափսեն (էդ պահին ես միանգամից երևակայեցի ու գրի առա, թե ինչպես է նույն այդ ձևով ընկնում «Անկախության օրվա» հսկա թռչող ափսեներից մեկը՝ քերելով ոչ թե հողը, այլ լեռներ ու քաղաքներ)։
Հետաքրքիր է, որ բուն ֆիլմը նայելուց ես հասկացա, որ էդ բազում հոլովակներում ցույց չէին տվել ամենահամեղ դրվագները, մասնավորապես՝ վերջին խավարասերին։ Հրեշն ինձ խորապես ցնցեց, ու մնացյալ սիքվել-տրիքվել-սփինօֆֆերի ոչ հնարամիտ, չտպավորող ու անհետաքրքիր արարածների ֆոնին առաջին ֆիլմի բեստիարիումը մնում է լավագույնը։ Կարգին կինո է, սրա տիեզերքը պետք է ընդլայնվեր՝ պահելով նշաձողը, ոչ թե արդեն երկրորդից հարամվեր։ Բայց դե ունենք էն, ինչ ունենք։
15. «Մայրամուտից` արևածագ», (From Dusk Till Dawn, 1996)
Վահագն, 42 տարեկան, դիջեյ
Հիմա՝ ինտերնետի ու ինֆորմացիայի լրիվ հասանելիության դարում ֆիլմը սփոյլելը գրեթե պախարակելի անշնորհքություն է, որովհետև ցանկացած ֆիլմ հասանելի է կինոթատրոնում, կամ համացանցում, ու նախօրոք սյուժետային շրջադարձների մասին պատմելը ոչ թե ինչ-որ բացահայտում է, այլ տպավորության փչացնել։ Լրիվ այլ բան էր մեր մանկության տարիներին՝ 90-ականների կեսերին, երբ կինոն կամ պատահաբար հնարավոր էր բռնացնել հեռուստացույցով, կամ, ինչն ավելի հազվադեպ էր, ճարել VHS կասետն ու նայել։ Մանավանդ Սիսիանում։
Հետևաբար, այն հին ու բարի ժամանակներում ոչ թե սփոյլում էին, այլ կինո պատմում, իսկ պատմելու համար ոչ թե քֆրտում էին, այլ ոգևորվում, ոչ թե զգուշացնում էին չսփոյլել, այլ պահանջում էին պատմել։ Մեդիան անհասանելի էր, ցանկացած նոր դիտված ֆիլմ հայտնագործություն էր ու բացահայտում, իսկ հայտնագործածով ընկերների հետ չկիսվելը՝ մեղք։ Ու եթե մեկն ու մեկը ինչ-որ նոր ֆիլմ էր դիտած լինում, ապա էդ երեկոյան թաղի տղերքին հավաքած՝ ամենայն մանրամասնությամբ, բնականաբար՝ սեփական հավելումներով ու չափազանցություններով, սեփական երևակայության պատկերացրածով՝ փոխանցվում էր մյուսներին, մյուսներն էլ՝ բերան առ բերան, արդեն սեփական փոփոխություններով, պատմում էին մյուսներին։ Ու այնպես էր ստացվում, որ ֆիլմն ընթացքում վերածվում էր ժողովրդական լեգենդի, ձեռք բերում լրիվ անսպասելի կողմեր (հրաշք է մարդկանց այդ կարողությունը. ոչ միայն դիտարկել ուրիշների հորինած աշխարհները, այլև, անցկացնելով դրանք սեփական գիտակցության միջով, կառուցել այդ աշխարհների սեփական տարբերակը, որոնք կդիտարկեն մյուսները)։
«Մայրամուտից` արևածագը» ես առաջին անգամ «նայել եմ» հենց այդ ձևով։ Ինձ պատմել է մարդ, ում հորեղբոր որդին անցել է մադու կողքով, ում ծանոթը ճանաչում է ֆիլմը նայած մարդու հորաքրոջը. մոտավորապես, այդպես։ Ու այն, ինչ ինձ պատմել էին, իմ երևակայության մեջ կառուցել էր լրիվ այլ պատկեր, քան իրականում կար, շատ ավելի վայրենի ու արյունոտ պատկեր. հսկայական երկգլխանի չղջիկանման վամպիրներով, նինձյա վամպիրներով ու բուն titty twister-ի հետ կապված խիստ պիկանտ մանրամասներով։
Ու քանի որ ֆիլմն ինձ պատմողը չէր հայտնել, որ դրա մեկ երկրորդ մասը բացարձակ ոչ մի կապ չունի վամպիրների հետ, ես առաջին անգամ նայելուց սկսեցի կասկածել՝ արդյո՞ք դա հենց այդ ֆիլմն է։ Բուն դիտումից հետո, բնականաբար, իմ մոտ սկսվեց ստեղծագործական հերթական պրիստուպը (հատկապես ոգևորել էր sex machine-ի մեջից դուրս եկած առնետազավրը)՝ նկարելով ու տեքստեր գրելով, հետո նայեցի ոչ այնքան հաջող սիքվելն ու էլ ավելի անհաջող տրիքվելը։ Բայց Ռոդրիգեսի հենց էս ֆիլմը հավերժական շքեղագույն կլասիկա է։
16. «Վերելք` խորքերից», (Deep Rising, 1998)
Հերմինե, 40 տարեկան, պետական ծառայող
Այս ծովային սարսափ ֆիլմի մասին առաջին անգամ իմացա հեռուստատեսությամբ անընդհատ ցուցադրվող հոլովակներից, որոնք իրենցից ներկայացնում էին տարբեր ֆիլմերից դրվագներ. «Ֆորեսթ Գամփ» (Forrest Gump, 1994), «Սևազգեստ մարդիկ», սա և այլն։ Հոլովակը տպավորել էր, ու որոշ ժամանակ անց գտա նաև ֆիլմը. առաջին դիտումը խիստ տպավորիչ էր, բայց, ժամանակի հետ, հիացմունքը մի փոքր խամրեց։
Մինչև հրաշալի «Մումիան» (The Mummy, 1999), բավականին լավ բլոկբասթերմեյքեր Սթիվեն Սոմերսն արդեն աչքի էր ընկել «Ջունգլիների գրքի» (The Jungle Book, 1994) բավականին համով էկրանավորմամբ (Լենա Հիդիով), իսկ «Վերելք` խորքերիցը» նրա պորտֆոլիոյում ընկնում է ակկուրատ այդ երկու ֆիլմերի արանքում։ Ահռելի օվկիանոսային զբոսանավի վրա է հարձակվում ծովային խորքերում ապրող ոչ պակաս հսկայական ու անկուշտ մի արարած, որը, թերևս, նպատակ ունի մի լավ ճաշել ու վերադառնալ իր քնին, որը կտևի ևս մի 10.000 տարի։ Բայց Թրիթ Ուիլյամսն ու թիմը խաթարելու են հրեշի պլանները։
Ասել, որ ֆիլմը վատն է, չեմ կարող։ Մանավանդ, ամեն դեպքում՝ առաջին տպավորությունը միշտ ամենախորն է մեխվում։ Նախ, հրաշալի դերասանական կազմը. Ֆամկե Յանսսենը, Կևին Ջ. Օ՛Քոննորը, Թրեվոր Գոդդարդը, Քլիֆ Կերտիսը, Ջիմոն Հոնսուն, ինչո՞ւ ոչ՝ Թրիթ Ուիլյամսն ու Ջեյսոն Ֆլեմինգը ձևավորում են խարիզմատիկ, բրուտալ թիմ, որը, չնայած շատերը շատ արագ վերածվելու են սննդի, կարողանում են պահել ադրենալինի անհրաժեշտ պաշարը։ Ֆիլմի գլխավոր աստղը, իհարկե, հանճարեղ Ռոբ Բոտինի («Ինչ-որ բանի» (The Thing, 1982) հրեշների ստեղծողը) ստեղծած արարածն է. հսկայական ութոտնուկատիպ անասուն՝ հարյուրավոր շոշափուկներով, որոնց ծայրերին երախներ են ու որոնք, ամենայն հավանականությամբ, հանդես են գալիս իբրև առանձին օրգանիզմներ, այսինքն՝ կա գլխավոր օրգանիզմը ու կան մանր օրգանիզմներ, որոնք, թեև կապված են միմյանց ու գլխավոր օրգանիզմի հետ, բայց բավականին ավտոնոմ են (երևի, յուրաքանչյուրն ունի սեփական ուղեղը)։
Կան նաև ահագին տպավորիչ դրվագներ. զուգարանի նստատեղից մարդուն քաշելը, կիսամարսած բանդիտը և այլն, և այլն. ֆիլմը R rated է, հետևաբար՝ արյուն չեն ափսոսացել։ Ինչն է վատ՝ ահավոր հիմար սյուժեն։ Բայց, այդուհանդերձ, սա ես պարբերաբար վերանայում եմ, որպես ամուր ֆանտաստիկ B movie հրեշի մասին։
17. «Կործանողը», (Demolition Man, 1993)
Ջուլիետա, 44 տարեկան, տնտեսագետ
Սա առաջին ֆիլմն է, որում ես տեսել եմ Ուեսլի Սնայփսին, ու առաջին ֆիլմն է, որում ես տեսել եմ Սանդրա Բուլոկին։ Կայֆոտ հարդքոր մարտաֆիլմ՝ հետաքրքիր սյուժեով ու սրամիտ հումորով, ափսոս, որ Մարկ Բրոմբիլան դրանից հետո էլ համարյա նորմալ կինո չնկարեց։ Բուն ֆիլմի մասին երևի ասելիքս էսքան էր, բայց հենց ֆիլմի հետ կապված, ավելի շուտ՝ ֆիլմի հիման վրա Sega-ի խաղի հետ կապված, կար իմ կյանքում կարևոր դրվագ։
Նրանք, ովքեր իմ տարիքին են, կհիշեն, որ 90-ականների կեսերին կար «Կոմպյուտեր ժամ» հաղորդաշար՝ մի հրաշալի լուսավոր կետ մեր կյանքում, որը ամեն կիրակի կես ժամվա ընթացքում մեզ էր պատմում այնպիսի հրաշքների մասին, ինչպիսիք են պերսոնալ համակարգիչները, հատուկ էֆեկտները, համակարգչային խաղերը, կարճ ասած՝ մեր առջև բացում էր մի կախարդական աշխարհ, որի գոյության մասին նախկինում չէինք էլ կասկածում։ Ամեն հերթական թողարկում դա իսկական ցնցում էր, երևակայության պայթյուն, հեղափոխություն աշխարհընկալման մեջ ու, բնականաբար, ստեղծագործական բում։ «Կոմպյուտեր ժամ»-ը իմ մանկության լավագույն բաներից մեկն էր։
Ու էդ հաղորդաշարի ընթացքում անցկացվեց վիկտորինա, որի հարցը վերաբերում էր հենց Demolition Man խաղին։ 1996թ-ի մարտի 19-ին՝ լինելով ընդամենը 15 տարեկան երեխա, եկա Երևան. պատճառը` հենց էդ վիկտորինայի հաղթողն էի ու շահել էի Terminator 2 (aka չինական Famicom) 8-բիտանոց խաղային սարք: Շահումի մասին զանգահարել էր անձամբ Սարգսյան Բագրատը: Էն ժամանակ իրանց «օֆիսը» ռադիոտանն էր ու տեղավորվում էր մի փոքր սենյակում. Բագրատի աշխատասենյակը ընդհանրապես փոքրիկ մի խցիկ էր, բայց սեղանին իսկական համակարգիչ կար, իսկ PC-համակարգիչ ես կյանքում չէի տեսել:
Կարճ ասած` ինձ նկարահանեցին «Մուլտիմեդիա» բաժնի համար (Լուսինեն Շահբազյան վարում էր), հանձնեցին նվերը եթերում ու ես գնացի: Բայց ինձ` իջևանցի դպրոցականի համար թե Երևանը, թե Ռադիոտունը, թե նկարահանման էդ «ստուդիան» (իրականում` մի փոքր սենյակ) հրաշքին հավասար բան էին: Այ էդպիսի հիշողություններ՝ կապված «Կործանողի» հետ։
18. «Վախուկները», (The Frighteners, 1996)
Պողոս, 39 տարեկան, հոգևորական
Նորզելանդացի հանճար Պիտեր Ջեքսոնը դեռ 5 տարի ուներ, մինչև էպիկական ուղևորությունը Թոլքինի աշխարհ, իսկ ուսերի հետևում արդեն իսկ շքեղ «Մեռած ուղեղն» (Braindead, 1992) էր ու «Երկնային արարածները» (Heavenly Creatures, 1994)։ Սև, արյունոտ ու ցինիկ հումորի վարպետը հենց այդ ընթացքում հայտնվեց հոլիվուդյան գլխավոր նորարարներից Ռոբերտ Զեմեկիսի ուշադրության կենտրոնում, ու այդ համագործակցության արդյունքում ծնվեց «Վախուկները» կատակերգական սարսափ ֆիլմը։
Այս ֆիլմում կատարյալ է գրեթե ամեն ինչ։ Տեխնիկական առումով այն իսկական փոքր հեղափոխություն էր, որովհետև 90-ականներին յուրաքանչյուր երկրորդ ֆիլմ հատուկ էֆետների հարցում հեղափոխություն էր իրականացնում՝ ավելի ու ավելի զարմացնելով կինոդիտողին էկրանին կատարվող կախարդանքով։ Սակայն ֆիլմի ամենամեծ առավելությունն, իհարկե, իր սև հումորն է։ Այն տարիներին ֆիլմերի մեծ մասը նկարահանվում էր R ռեյթինգով, MPAA-ն չուներ այն սարսափելի կոշտ վերահսկողությունը, որ կա այսօր, ու մեյնսթրիմային կինոն էլ ազատ էր արտահայտչամիջոցներում։ Որպես արդյունք՝ հնարամիտ, սուր երգիծական պատում՝ վաղ Ջեքսոնին հատուկ մռայլ գրոտեսկային անտուրաժում։
Սա նաև մեր սիրելի Մայքլ Ջեյ Ֆոքսի լավագույն ու ամենատպավորիչ դերերից մեկն է, իսկ «Ռե-անիմատոր» Ջեֆֆրի Քոմբսը ժանրի սիրահարների համար կբացահայտի իր տաղանդի լրիվ նոր կողմեր։ Կարճ ասած՝ եթե նայել եք, վերհիշեք մանկությունը, իսկ եթե ոչ, անպայման նայեք։ Չեք փոշմանելու։