#մշակութաPAN
Yesterday

🖼️ #մշակութաPAN Weekly (192)

🕊️  Ընդամենն ամիսներ առաջ Իրանում կանայք ծխախոտ էին կպցնում հոգևոր առաջնորդի այրվող պատկերով, այսօր այդ նույն Իրանում այլ կանայք սգում են այդ նույն առաջնորդ Ալի Խամենեիի մահը։ Հաստատ կհարցնեք՝ ի՞նչ կապ ունի հարևան երկրում Երրորդ համաշխարհայինից հինգ պակաս իրավիճակը մեր մշակութային թեմաների հետ, բայց հե՛նց հարցի մեջ պատասխանն էլ կա։ Մինչև շաբաթվա մշակութային նորություններին անդրադառնալն առաջարկում ենք նախ կարդալ, թե ի՞նչ ներքաղաքական պատկեր էր Իրանում 2026-ի սկզբին (https://lav.pan.am/iran26): Այդ ալիքն առանձնանում էր իր մասշտաբով, հստակ ուղղվածությամբ, միջազգային արձագանքների կոշտությամբ և այսօր արդեն վերաճել է Թրամփի դիրիժորությամբ ու Իսրայելի ձեռամբ կատարվող բազմաքայլ, կործանիչ կոմբինացիայի։ Բայց այս մասին այս օրերին բոլոր մանրամասներով, ճիշտ ու սխալով, փաստահեն ու ոչ այնքան հարյուր հազարավոր նորություններ կկարդաք։ Դրա համար էլ մեկ այլ՝ լույսի նշույլ փնտրող թեմա ենք առաջարկում։ Շուտով կանանց միամսյակն է, ինչի առթիվ առաջարկում ենք վերհիշել իրանցի կանանց տասնամյակների պայքարի ամենակարևոր դրվագները, նրանց իրավունքների և սահմանափակումների մասին հիմնական փաստերը։ Մեր բարեկամ հարևանին լավ ճանաչել է պետք։ Իսկ սա գոնե մեկ ուղղությամբ բացը լրացնելու հնարավորություն է՝

✍️ https://lav.pan.am/iranianwomen


Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

📷  Լուսանկարչությունից…

▪️  Միլանի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ լուսանկարիչների մեծ մասը նորագույն տեխնիկա էր կիրառում՝ որսալու սպորտային լավագույն կադրերը, բայց մի խումբ լուսանկարիչներ որոշեցին շեղվել ստանդարտներից և մարզիկներին պատկերել ինֆրակարմիր ու ժապավենային տեսախցիկներով՝ https://tinyurl.com/554c8nbc

▪️  Լուսանկարչական աշխարհում երբեմն բեմադրված կադրերից շատ ավելի ազդեցիկ են անսպասելի, օրինակ՝ մեքենայի հետևի նստատեղին արված լուսանկարները. Արդեն նախկին արքայազն Էնդրյուի այս լուսանկարը մեկ կադրում խտացրել է նրա շուրջ ստեղծված իրավիճակի ամբողջ դրաման ու էմոցիան` https://tinyurl.com/4xzm6wt5

🇦🇲  «Երևանի կանայք. ժամանակի դիմագծեր» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը Երևանի պատմության թանգարանի նախաձեռնությունն է՝ նվիրված կանանց տոների մեկամսյակին. Մարտի 7-ից մեկնարկող ցուցահանդեսում ներկայացված են նաև Գրականության և արվեստի թանգարանի հավաքածուից բացառիկ լուսանկարներ, ինչպես նաև ժամանակակից լուսանկարիչների աշխատանքներ՝ https://tinyurl.com/35fr2sy4

🎻  Դասական երաժշտությունից…

▪️  Արհեստական բանականության մուտքը երաժշտական աշխարհ շատերի մոտ հուսահատություն է առաջացնում, հատկապես, երբ թվային հարթակները ողողվում են ռոբոտների ստեղծած մեղեդիներով, կոմպոզիտորների գործերն էլ դառնում են պարզապես տվյալների բազա. Բայց մարդ-արվեստագետների համար դեռևս հույս կա։ Կարդացեք, թե ինչու երաժիշտները չպետք է շտապեն հանձնվել` https://tinyurl.com/ytrnsjr3

▪️  Դմիտրի Շոստակովիչը 20-րդ դարի դասական երաժշտության ամենաազդեցիկ դեմքերից էր, որիստեղծագործությունները դարձան խորհրդային տարիներին ճնշվածների ձայնն ու ազնվության խորհրդանիշը. Նրա կյանքը լի էր հակասություններով, ստալինյան ռեժիմի պայմաններում նա ստիպված էր «երկակի կյանք» վարել ու ստեղծագործել այդ պայմաններում՝ https://tinyurl.com/bjf9msk4

🇦🇲  Մարտի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում դաշնակահար Դավիթ Խրիկուլիի կատարմամբ կհնչի Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը. Այս հնչյունների ներքո կարող եք վայելել գարնանամուտի տրամադրությունը՝ https://tinyurl.com/bda8vynh

🎶  Ժամանակակից երաժշտությունից…

▪️  Գուցե չափազանցված թվա, բայց The Beatles-ի բաժանման իրավական հիմքերից մեկը սովորական տավիղն էր. Բրիտանական դատարանում Փոլ ՄաքՔարթնին ներկայացրել է վեց պատճառ, թե ինչու խումբը պետք է դադարեցնի գոյությունը, և դրանցից մեկը հենց The Long and Winding Road երգում տավիղի հնչյունների կիրառումն էր՝ https://tinyurl.com/4nj9655a

▪️  Բրունո Մարսի նոր՝ The Romantic ալբոմին սպասել ենք մի ամբողջ տասնամյակ, բայց հիմա շատերն այլ հարց են տալիս՝ արդյունքը արդարացրե՞ց սպասումները. Թեև երգիչը վարպետորեն վերակենդանացնում է 20-րդ դարի դասական հիթերի ոգին, քննադատները թարմ գաղափարների պակաս են նկատում՝ https://tinyurl.com/4r4sd987

🇦🇲  Մարտի 14-ին «Երաժշտության Կասկադ» համերգաշարի շրջանակում ելույթ կունենա Vida de Cuba Project-ը. Կուբայական երեկոն վառ էմոցիաներ ու թեժ պահեր է խոստանում՝ https://tinyurl.com/ytxefn4p

🎬  Կինոյից…

▪️  1998 թվականի Օսկարի մրցանակաբաշխությունը պատմության ամենաշքեղ ու դիտված արարողություններից էր, երբ «Տիտանիկը» ռեկորդային 11 արձանիկ նվաճեց. Բայց հաջորդող տարիներին կինոաշխարհի գլխավոր իրադարձությունը կարծես կորցրեց նախկին փայլը։ Հոդվածը քննարկում է պատճառները՝ https://tinyurl.com/mryt6vzy

▪️  2026 թվականի Actor Awards մրցանակաբաշխությունը (նույն ինքը՝ նախկին SAG Awards-ը) նշանավորվեց կինոյի և հեռուստատեսության աստղերի մի շարք անսպասելի ու փայլուն հաղթանակներով. Մայքլ Բի Ջորդանից մինչև Շոն Փեն, ծանոթացեք մրցանակաբաշխության գլխավոր հաղթողներին՝ https://tinyurl.com/ymmak3a7

🇦🇲  Մշակութային երկխոսություն Սերգեյ Փարաջանովի թանգարանում՝ Ռոման Բալայանի հետ. Մարտի 6-ին թանգարանում կկայանա կինոռեժիսոր Ռոման Բալայանի «Գիշերը թանգարանում» ֆիլմի ցուցադրությանը։ Ֆիլմը նվիրված է մեծ արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական ժառանգությանը և նրա անհատականության բացահայտմանը` https://tinyurl.com/4bb5zpvc

🏛️  Կերպարվեստից…

▪️  Վան Գոգի համար դեղինը պարզապես գույն չէր, այն արևի լույսի, էներգիայի և կյանքի մարմնավորում էր, որին նկարիչը ձոնել է իր ամենահայտնի կտավները. Վան Գոգի թանգարանի նոր ցուցադրությունը նվիրված է հենց այս գույնին՝ հայտնի արևածաղիկներից մինչև ցորենի ոսկեզօծ դաշտեր` https://tinyurl.com/mr2w79fe

▪️  Մերձավոր Արևելքի արվեստի շուկայի վերելքը, հին վարպետների գործերի նկատմամբ անսպասելի հետաքրքրությունն ու Իտալիայում բորբոքված ֆրեսկոների շուրջ սկանդալը. Սրանք վերջին ամսվա ամենաքննարկվող թեմաներից են, արվեստաբանները վերլուծում են մշակութային աշխարհի գլխավոր նորությունները՝ փորձելով հասկանալ ժամանակակից միտումների ազդեցությունը դասական ժառանգության վրա՝ https://tinyurl.com/ym3u7thj

🇦🇲  Ինչպես ներկայացնել ժամանակակից արվեստը, երբ հայտնի է, որ այն շարունակ սահմանում է ինքն իրեն՝ ստեղծելով արտահայտվելու այլ լեզու, և որն է համադրողի առաջնային գործառույթը, եթե ոչ այդ լեզուն ընթերցելը և դրանով կառուցված խոսքի իմաստները բացահայտելն ու ներկայացնելը։ Մարտի 5-ին արվեստի քննադատ, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանի հետ հանդիպում-քննարկմանը կարծարծվեն այս թեմաներն ու ոչ միայն՝ https://tinyurl.com/y87sr7j5


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N191)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan