Փի Դիդդիի դատավճիռը, լվացքատան հերթափոխն ու սկանդալային մեղայականը. #PANDiddy-ն վերադառնում է
Փի Դիդդիի մասին մեր շարքը վերադառնում է, որովհետև հանցագործություն կլիներ բաց թողնել այն ամենը, ինչ վերջին ամիսներին կատարվել է Դիդդիի և նրա գործի շուրջ։ Թեմային ծանոթ մեր ընթերցողները գիտեն, որ Փի Դիդդիին ի սկզբանե մեղադրում էին աշխարհի բոլոր մեղքերի մեջ՝ մանկապղծությունից մինչև թրաֆիքինգ։ Հիմա, կարծես, ամեն բան մի փոքր ավելի հստակ է։ Հասկանանք, թե ինչ կարծիք ուներ դատարանն այս ամենի մասին։
ԻՆՉ ՈՐՈՇԵՑ ԴԱՏԱՐԱՆԸ
Փի Դիդդին ժամանակին համարվում էր ամերիկյան հիփ-հոփ մշակույթի ամենահաջողակ ու ազդեցիկ դեմքերից մեկը։ Նրա անունը հնչում էր ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններում, նրա փարթիներին հրավեր ստանալը մեծ պատմիվ էր ոլորտի ներկայացուցիչների համար, ու իհարկե՝ նա բազմաթիվ հիփ-հոփ արտիստների «կնքահայրն» է համարվում։ Բայց, ինչպես տեսնում ենք, փառքը, փողն ու անսահման հնարավորությունները կարող են նաև կործանարար լինել։
Ընդամենը օրեր առաջ Նյու Յորքի դատարանը վերջապես վերջակետ դրեց ամբողջ տարվա ընթացքում մեդիաաշխարհը ցնցող այս պատմությանը։ Փի Դիդդին դատապարտվեց 50 ամսվա ազատազրկման՝ մարմնավաճառության նպատակով մարդկանց տեղափոխման համար։ Այլ կերպ ասած՝ նա ստիպել էր կանանց զբաղվել մարմնավաճառությամբ իր կազմակերպած սկանդալային երեկույթների ընթացքում։
Դիդդին բանտում կանցկացնի չորս տարի և երկու ամիս, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա արդեն մեկ տարուց ավելի անցկացրել է մեկուսարանում, ռեփերը կարող է բանտից դուրս գալ մինչև 2028 թվականը։ Սրանից զատ դատարանը նշանակել է նաև 500 հազար դոլար տուգանք՝ այս գործով հնարավոր առավելագույն գումարը։
Ի դեպ, դատախազությունը պահանջում էր 11 տարի, բայց Դիդդին ստացավ «ընդամենը» 4։ Առաջացած աղմուկի ու հնչեցված մեղադրանքների ֆոնին սա գրեթե նվեր էր ռեփերի համար։ Ավելի վաղ պատմել էինք, որ եթե Փի Դիդդին մեղավոր ճանաչվեր իրեն հասցեագրվող բոլոր մեղադրանքների համար, ապա, ըստ ամերիկյան օրենքների, նա բանտում կանցկացներ մի քանի տասնամյակ, կամ, գուցե, ամբողջ կյանքը։
Սեռական ոտնձգության համար՝ կախված հանգամանքներից, պատիժը կարող է հասնել ընդհուպ մինչև ցմահ ազատազրկման։ Մարդկանց թրաֆիքինգի համար պատիժը սկսվում է 15 տարվա ազատազրկումից։ Անօրինական գործողությունների (օրգիաների մասնակցություն) և թմրանյութերի օգտագործման հարկադրանքի համար պատիժը կարող է հանգեցնել ևս մի քանի լրացուցիչ տարվա ազատազրկման:
«ԵՍ ԲԱՌԱՑԻՈՐԵՆ ԽԵԼԱԳԱՐՎԵԼ ԷԻ»
Դիդդին, որ առաջին րոպեից մինչև վերջին պահը կտրականապես հերքում էր մեղադրանքներն ու չէր ընդունում իր գեթ մեկ հանցանք, հենց դատարանում՝ դատավճռի հրապարակման օրը, վերջապես խոսեց։ Դահլիճում հնչեց մի նախադասություն, որը հաջորդ օրը բոլոր կայքերի թոփ թեման էր։
«Ես բառացիորեն խելագարվել էի։ Իմ գործողությունները զզվելի ու նողկալի էին։ Ես կորցրել էի վերահսկողությունը, խեղդվել էի փառքի և էգոյի մեջ»։
Սրանից զատ Դիդդի չորս էջանոց նամակ ուղարկեց դատավորին։ Ինչ-որ հրաշքով ռեփերը սկսել էր զղջալ իր արածների համար ու անգամ խոստովանում էր, որ բանտում անցկացրած 13 ամիսներն իրեն փոխել են։ Նամակում նա գրել էր.
«Իմ ձախողման պատճառը ես էի։ Ես էգոիստ էի։ Ինքս ինձ կործանեցի։ Բայց պատրաստ եմ վերականգնվել»։
Նամակի գուցե ամենացնցող հատվածը վերաբերում էր նախկին սիրելիին՝ երգչուհի Քեսսի Վենտուրային.
«Ես մեծ սխալ գործեցի, երբ ձեռք բարձրացրի մի կնոջ վրա, որին սիրում էի։ Ես այդ սխալի ծանրությունը կզգամ իմ ամբողջ կյանքում»։
Դիդդին դատարանին նաև խնդրում էր հաշվի առնել, որ ինքն ուզում է ավելի լավ հայր, որդի և քաղաքացի լինել։
«Ես ամբողջովին պատասխանատու եմ իմ արարքների համար։ Տարիների ընթացքում ես իսկապես մոլորվել էի, խրվել թմրանյութերի մեջ։ Բանտը կամ սպանում է մարդուն, կամ փոխում։ Ես ընտրել եմ ապրելու տարբերակը»։
Ինչ խոսք, այս խոստովանությունը չափազանց ուշացած էր ու դեռ հարց է՝ Դիդդին իսկապես զղջո՞ւմ էր, թե՞ «ներողությունների» միակ հասցեատերը դատարանն էր։
ԻՆՉՈՒՄ ԷԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ՌԵՓԵՐԻՆ
Նախնական մեղադրական եզրակացության մեջ նաև ասվում է, որ ռեփերը բազմաթիվ կանանց թմրանյութի ազդեցության տակ էր գցում, վերահսկում կյանքն ու կարիերան, սպառնում դադարեցնել ֆինանսական աջակցությունը, ահաբեկում և շանտաժի ենթարկում տարատեսակ տեսաձայնագրություններով։
Ամեն ինչ սկսվեց 2023-ի նոյեմբերին, երբ Դիդդիի նախկին ընկերուհին՝ երգչուհի Քեսսի Վենտուրան մեղադրեց ռեփերին ավելի քան տասը տարի (սկսած 2005 թվականից) իրեն ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկելու մեջ։ Ըստ Քեսսիի, որն իրենց հարաբերությունների սկզբում ընդամենը 19 տարեկան էր, այն ժամանակ արդեն չափազանց ազդեցիկ ռեփերն իրեն թմրանյութեր է տվել, վերահսկել ամեն քայլը, բազմաթիվ անգամներ ծեծել, ստիպել սեռական հարաբերություն ունենալ և տեսանկարահանել է ընթացքը։
Քեսսիի մեղադրանքից հետո տարբեր մարդիկ՝ հիմնականում անանուն, սկսեցին պատմել Փի Դիդդիի այլ ենթադրյալ հանցագործությունների մասին ևս։ Դրանց ճնշող մեծամասնությունը կրկին կապված էին սեռական բռնությունների, թրաֆիքինգի, սպառնալիքների ու շանտաժի, հարկադրաբար թմրանյութեր առաջարկելու և այլ երևույթների հետ։ Համաձայնեք, երբ այս ամենը կարդալուց հետո ազատազրկման 50 ամիսը լավագույն սցենար էր Դիդդիի համար։
ՓԻ ԴԻԴԴԻԻ ՆՈՐ ԶԲԱՂՄՈՒՆՔԸ
Ինչպես ասում են՝ դատավճռից հետո էլ կյանք կա։ Թե ինչպե՞ս ռեփերը կանցկացնի իրեն բաժին հասած ազատազրկման տարիները՝ գուցե կկանխորոշի նրա ապագան ու անգամ վաղաժամ ազատ արձակման հույս կտա։
Այս առումով շատ կարևոր մի նորություն կա՝ Փի Դիդիին տեղափոխել են Նյու Ջերսիի ցածր անվտանգության Ֆորտ Դիքս դաշնային բանտ։ Թմրանյութից կախվածություն ունեցող բանտարկյալների համար այս բանտում գործում է հայտնի RDAP (Residential Drug Abuse Program) վերականգնման ծրագիրը։ Համաձայնեք, որ այս դեպքում ևս ամեն բան Դիդդիի համար լավագույն սցենարով է գնում։
Այս բանտը գտնվում է Նյու Ջերսիում՝ նույնանուն ռազմական բազայի տարածքում։ Այն ԱՄՆ ամենամեծ բանտերից մեկն է՝ շուրջ 4500 բանտարկյալով։ Երբ ասում ենք «ցածր անվտանգության» կարգավիճակ՝ նշանակում է, որ այս բանտում քիչ բախումներ են գրանցվում, կարգապահությունը խիստ է։
Այստեղ սովորաբար հայտնվում են ոչ թե սերիական մարդասպաններ ու լուրջ հանցագործությունների համար դատապարտված անձինք, այլ, օրինակ, ֆինանսական խարդախությունների ու նմանատիպ զեղծարարությունների համար դատապարտվածներ։ Փի Դիդդին իր նոր հարևանների շարքում կհանդիպի նախկին բիզնեսմենների, կոռումպացված պաշտոնյաների ու նույնիսկ մաֆիայի անդամների։ Բանտը հայտնի է նաև իր համեմատաբար «հարմարավետ» պայմաններով։ Օրինակ՝ բանտարկյալները կարող են ինքնուրույն սնունդ պատվիրել։
Բայց այնպես չէ, որ Փի Դիդդին այստեղ ոտքը ոտքին գցած վայելում է անցնող օրերը։ Միլիոնատար ռեփերը, որն անգամ իր հեռախոսը լիցքավորելու և թարմ ջուր բերելու համար համապատասխան աշխատողներ ուներ, բանտում ստացել է իր առաջին պաշտոնը՝ սկսել է լվացքատանն աշխատել։
Համացանցում հայտնված կադրերում Դիդդին իր նոր «աշխատավայրում» է՝ մոխրագույն գլխարկով և համապատասխան հագուստով։ Որոշ աղբյուրների համաձայն ֆիզիկական աշխատանքը նրա համար իսկական շոկ էր։
Ամեն դեպքում՝ լվացքատան հերթապահի կարիերան ամենայն հավանականությամբ կավարտվի 2028-ի մայիսին։ Իսկ եթե հաջողությամբ անցնի նաև վերականգնողական ծրագիրը, հնարավոր է, որ ավելի վաղ ազատ արձակվի։
Սեփական մեդիա կայսրությունը ստեղծած Դիդդին այսօր մի տեսակ «դասական» փառք-գայթակղություն-անկում շղթայով է անցնում։ Սկսել է խոսել բանտում «նոր մարդ» դառնալու մասին, բայց հասարակության հիշողությունն այնքան էլ կարճ չէ։ Իսկ «սպիտակ երեկույթների» մասին սարսափ ֆիլմ հիշեցնող պատմությունների հետքը չի կարող ջնջել դատական ոչ մի որոշում։