20%՝ Դա Վինչիից, ու վերականգնման 20-ամյա պատմությունը. Վերջին ընթրիքից՝ Առաջին համաշխարհային
#մշակութաPAN-ի տարեվերջյան նյութը համաշխարհային պատմության ու համաշխարհային կրոններից մեկի կարևոր դեպքերը «կտավին տալու» մասին է։ Վերջին ընթրիքից մինչև Համաշխարհային պատերազմ․ ինչպես արվեստի գործեր ստեղծվեցին աշխարհի մասշտաբով հեղափոխական դեպքերից ու պատմություններից հետո։
ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ․ «ՎԵՐՋԻՆ ԸՆԹՐԻՔԸ»
Անշուշտ, Լեոնարդո դա Վինչիի վերջին ընթրիքն աստվածաշնչյան տեսարանի ու Աստծո որդու խոսքերի պատկերումն է՝ խորհրդանշական վերջին ընթրիքի օրը։
Քրիստոսն ասում է առաքյալներին․ «Ձեզնից մեկը մատնելու է ինձ»։ Առաքյալները արձագանքում են, Դա Վինչին պատկերում է պատմությունը։
Լեոնարդոն պատկերում է Փիլիպոսին՝ «Տե՛ր, մի՞թե ես եմ» հարցնելիս։ Քրիստոսը պատասխանում է․ «Ով որ իր ձեռքը ինձ հետ ամանի մեջ մտցնի, նա է ինձ մատնելու»։ Լեոնարդոյի պատկերում երևում է՝ ինչպես են Քրիստոսն ու Հուդան միաժամանակ ձեռքերը մեկնում իրենց միջև դրված ամանին, չնայած որ Հուդան պաշտպանվելով ընկրկում է։
Վերածննդի շրջանից մեզ հասած ամենանշանավոր գործերից մեկը 15-րդ դարից հետո չի կորցրել իր փայլն ու հմայքը, համարվում է Դա Վինչիի և այդ ժամանակվա արվեստի ամենակարևոր գործերից մեկը՝ նկարելու տեխնիկայից մինչև տեսարանի ճշգրտություն ու խորհրդավոր ենթատեքստեր։ Բայց գործն այս նաև խամրել է՝ գույնը գցել բառի ամենատեխնիկական իմաստով։
Լեոնարդո դա Վինչիի այս գործն աշխարհի որևէ նշանավոր թանգարանի պատին կամ պատից կախված չէ․ նկարիչն այն պատկերել է Միլանի Սանտա Մարիա դելլե Գրացիեյի վանքի սեղանատան պատին։ Գործը Դա Վինչին սկսել է մոտավորապես 1495 թվականին, ավարտել՝ 1498-ին։
Այս գործի մասին կարդալիս մի ամբողջ գլուխ պիտի լսեք վերականգնման պատմություն․ Դա Վինչին Հիսուսին ու աշակերտներին խոնավ մի տարածքի խոնավություն քաշող պատին է պատկերել։
Այս տարածքը ոչ միայն խոնավ մթնոլորտ, այլ ջրհեղեղներ է տեսել, իսկ եթե հաշվի առնենք, որ այն փաստացի վանական համալիրի խոհանոցի գոլորշին էլ է կլանել, «Խորհրդավոր ընթրիքին» ոչինչ չէր մնում, քան քայքայվել։
Որմնապատկերի՝ աստիճանաբար վնասվելու մասին դրա ստեղծումից մոտ երեք տասնամյակ հետո են սկսել խոսել՝ 1517 թվականին։ 16-րդ դարի կեսերին արդեն իտալացի պատմաբան Ջորջո Վազարին այն, ըստ տեղեկությունների, «բծերի խառնաշփոթ» էր բնորոշել։ Այս նույն շրջանում իտալացի մաներիստ նկարիչ Լոմացոն «Խորհրդավոր ընթրիքի» մասին խոսելիս այն բոլորովին ոչնչացված է համարել։
Դա Վինչիի այս գործի վերականգնման աշխատանքները սկսվել են 1726 թվականից ու շարունակվել մինչև 20-րդ դար։ Ռեստավրացիան, սակայն, ևս հարթ չի ընթացել․ որոշներն անգամ պատն են փորձել ավելի անվտանգ վայր տանել ու այդպիսով ավելի վնասել պատկերը։
Իհարկե, բնությունը միայնակ չի եղել այս նկարի դեմ «պայքարում»․ մարդկային գործոնն ու գործունեությունը ևս Դա Վինչիի գործը վնասել են։
Սկսենք Նապոլեոնից։ 1796-ին նրա զինվորները սեղանատունն օգտագործել են որպես ախոռ։ Ասում են՝ նրա բանակի անդամները ձեռքի հետ նաև վանդալիզմով են զբաղվել․ քարեր են նետել որմնապատկերի ուղղությամբ ու առաքյալների աչքերը վնասել։
«Խորհրդավոր ընթրիքի» պատով այս սեղանատունը մի շրջան նաև որպես բանտ է ծառայել։
Մինչև 1900-ականները պատկերը ռեստավրացվել է, որոշ չափով վերականգնվել, բայց Երկրորդ համաշխարհային պատերազմը նաև Միլան էր հասել։
1943-ին եկեղեցին ռմբակոծության տակ է հայտնվել, իսկ Աստծո որդու և առաքյալների պատկերը պաշտպանել են ավազե պարկերը, ներքնակներն ու բարձերը։
1970-ականներին վերականգնող Պինին Բրամբիլա Բարսիլոնը նախաձեռնել է «Խորհրդավոր ընթրիքի» լայնամասշտաբ ռեստավրացիա, այն ընդհանուր առմամբ 21 տարի է տևել ու քննադատության մեծ ալիք բարձրացրել։ Ի սկզբանե նախատեսված էր, որ այս վերականգնման աշխատանքների ընթացքում պետք է հեռացվեն նախորդ ռեստավրացիոն փուլերից մնացած ներկերն ու մյուս «հետևանքները»։
Վերականգնված «Խորհրդավոր ընթրիքը» հանրության առաջ բացվել է 1999-ին ու միանգամից հայտնվել հանրության և որոշ մասնագետների քննադատության թիրախում։ Այն «դեֆորմացված» են կոչել ու համարել, որ ռեստավրացիայից հետո պատկերը թողել են «20-րդ դարի բնավորության մեջ»։
Այս կարծիքները չէր կիսում, սակայն, Ֆլորենցիայի Ռեստավրացիոն ինստիտուտի ղեկավար Ջորջիո Բոնսանտին՝ համարելով, որ աշխատանքները դրական են ազդել որմնապատկերի վրա:
«Կարծում եմ՝ ավելի լավ է տեսնել Լեոնարդոյի բնօրինակի 20 տոկոսը, քան 100 տոկոսով կեղծված մի բան»,- ասում էր նա։
Ռեստավրացիոն այս երկար պատմության ֆոնին որոշ քննադատներ բառախաղ են անում ու «վերջին», «խորհրդավոր» բառերի փոխարեն գործն անվանում «Կորցրած ընթրիքը» (The Lost Supper)․ նրանք համարում են, որ վերականգնումների այս երկարատև ընթացքն իրականում կորցրել է Լեոնարդո դա Վինչիի սկզբնական աշխատանքը։
Որոշ աղբյուրներ նշում են, թե այստեղ Դա Վինչին պատկերել է Քրիստոսի ոտքերն այնպես, ինչպես խաչի վրա։ Իսկ որտե՞ղ ենք տեսնում Հիսուսի ոտքերն այս պատկերում։ Ոչ մի տեղ։ 1650-ականներին վանական համալիրի հենց այդ հատվածում որոշվեց «դուռ կտրել»։
Գործն այս, սակայն, հարստացված է բազմաթիվ այլ խորհրդանիշերով։
Պետրոս առաքյալի «անատոմիապես անհամապատասխան» ձեռքն ու ձեռքի դանակը, ասում են՝ հղում է պատմությանը, թե ինչպես նա Քրիստոսին պաշտպանելու համար ականջ կտրեց։ Առանձին պատմություն է ինքը՝ Հուդան։ Նա կոմպոզիցիոն առումով ավելի «ցածր» ստեղծված պատկեր է․ գլուխն ավելի ցածր է, քան մյուս առաքյալներինը։
Առհասարակ, Վերածննդի շրջանում Հիսուսի ու 12 առաքյալի պատկերն անելիս նկարիչները Հուդային առանձնացնում էին. Դա Վինչին այդպես չի վարվել։
Դա Վինչին նրան ստեղծել է մյուս առաքյալների կողքին, բայց այլ «մակարդակում»․ ձեռքը տվել է փողի քսակը (որ կարող է 30 արծաթի խորհրդանիշը լինել), նա շրջում է սեղանին դված աղամանը (որ կարող է վատ նշան խորհրդանշել) ու ձեռք մեկնում ափսեին, որին Հիսուսն է ձեռքն ուղղում (որ կարող է հղում լինել Սբ Գրքին ու Հիսուսի խոսքին՝ «Ով որ իր ձեռքը ինձ հետ ամանի մեջ մտցնի, նա է ինձ մատնելու»):
Դա Վինչիի պատկերած Հիսուսի գլխին լուսապսակ չկա, ինչպես «Խորհրդավոր ընթրիքը» պատկերող այլ գործերում. որոշ աղբյուրներ ենթադրում են, թե սա այն պատճառով է, որ նկարիչը հավատացյալ չէր։
Կտավի մեկնաբանողներն առաջարկում են ուշադրություն դարձնել երրորդության գաղափարի սիմվոլիկ շեշտին․ երեք պատուհան, երեքական առաքյալ՝ չորս խմբում, Քրիստոսի պատկերի եռանկյունաձև կոմպոզիցիա։ Խորհրդանշական է համարվում նաև այն, թե ինչպես է Դա Վինչին առանձնացրել հոգևոր ու նյութական աշխարհների պատկերները՝ հորիզոնական դրված սեղանի վրա ամփոփելով նյութականը, թիկունքում՝ ոչ աշխարհիկը։
Բայց հետաքրքրական է, որ առաքյալները պատկերված են սովորական միլանցիների դեմքերից, ասում են։ Որոշ աղբյուրներում ենթադրում են՝ նկարիչը Հուդայի կերպարը ստեղծելու համար իրականում ապրած հանցագործի դեմքն է օգտագործել, ենթադրաբար, նա այցելել է Միլանի բանտեր՝ համապատասխան դեմք գտնելու ակնկալիքով։
Առաջարկվում է Դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» որպես որմնանկար չդիտարկել․ այն ֆրեսկա չէ՝ նկարչական հատուկ տեխնիկայով արված գործ է, նկարիչն ավելի վառ գույնի ու պատկերի համար մի քանի տեխնիկա է միավորել։
Ասում են, հավանաբար, հենց սա է պատկերի որակի վատթարացման պատճառներից մեկը․ այն այնքան էլ համապատասխան չի եղել որմնապատկերի համար։
ՕՏՏՈ ԴԻՔՍԻ «ՊԱՏԵՐԱԶՄԸ» ԵՎ ՈՒՐԻՇ ԳՈՐԾԵՐ՝ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՄԱՍԻՆ
Գերմանական կայսերական բանակում ծառայած, որպես գնդացրորդ Առաջին աշխարհամարտի տարիներին կրակած Օտտո Դիքսը կերպարվեստի աշխարհ վերադարձավ պատերազմից հետո՝ հետը բերելով դրա սարսափները։
Դիքսի տրավմատիկ հիշողությունները պատճառ դարձան, որ նա 1920-ից հետո արդեն սկսի պատկերել Առաջին աշխարհամարտում տեսածը, հակապատերազմական պատկերներով ողողի գերմանական արվեստի պատմության այդ շրջանը։
Չնայած նացիստական կուսակցությունը հետագայում Դիքսի նկարներն անճոռնի էր որակում, նրան, այնուամենայնիվ հաջողվել է թաքցնել ու փրկել «Պատերազմը»։ Պատերազմի չորս պատկեր կերտող այս գործում մարտի գնացողներ, կռվողներ, պատերազմի սարսափներն էին։
Այս գործը նկարելու համար Դիքսին 3 տարի է պահանջվել՝ 1929-1932 թվականներին։
Իսկ ընդհանրապես, պատմության ու արվեստի կարևոր և հիշարժան ևս մի քանի առիթ հիշելու համար առաջարկում ենք վերհիշել Օլիմպիական խաղերի առիթով, բայց նացիստական առաջնորդների մասին ակնարկով այս հոդվածը, մի մեծ հրաբխի օր պատկերած այս գործը, կամ էլ Գեռնիկան՝ իր ամբողջ սարսափով։