#մշակութաPAN
June 13, 2023

Գողացված կտավներ․ Կլիմտի սիրուհու դիմանկարը, այն պատվիրած ամուսինը և ժառանգած տատիկը  

Լավ կոստյում, բարձր ճաշակ ու մի կտավ՝ թևի տակ․ հիշո՞ւմ եք՝ ֆիլմերում ինչպես ու ինչքան են ռոմանտիզացնում արվեստի գործեր գողացող «նրբազգաց» կողոպտիչներին՝ նրանց ուսին դնելով էքսցենտրիկ գիտունի ու գործից հասկացող սրիկայի փոշին։

Հենց այդ փոշին էլ այսօր «մաքրելու» ենք․ ի՞նչ են գողացել աշխարհի ամենահայտնի թանգարաններից, ո՞ւր են կորել վարպետնների ձեռքի գործերն ու ինչպե՞ս են հետ եկել տարիներ հետո։

PAN-ն այս անգամ թանգարանից տարված ու հետ բերվածների մասին է պատմում․ ու այս անգամ էլ, չխախտելով հին «ավանդույթը»՝ ցանկում չկա «Մոնա Լիզան»։

ՆԱՑԻՍՏՆԵՐԻ ԱՉՔԸ՝ ԿԼԻՄՏԻ ՈՍԿՈՒՆ, ԵՎ ՄԻ 90-ԱՄՅԱ ՏԱՏԻԿ, ՈՐ ՀԱՂԹԵՑ ԱՎՍՏՐԻԱՅԻՆ

Խիստ զգացական, կենդանի, շարժուն ու կենսունակ, բայցև Գուստավ Կլիմտի ոսկու մեջ փակված այս կնոջը՝ Ադել Բլոխ-Բաուերին նկատած առաջին «գողերը» նացիստներն էին։ Նրան տարան ոչ թե թանգարանից, այլ կտավը նացիստական հարձակումից հետո մնաց Ավստրիայում, կտավի պատվիրատուն ու տերը՝ հրեական ծագումով գործարար Ֆերդինանդ Բլոխ-Բաուերը նրանց հարձակումից հետո թալանվեց՝ ստիպված լինելով լքել Վիեննան ու Կլիմտից գնած իր ոսկեզօծ հարստությունը։

Գուստավ Կլիմտ, «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար I», 1907 թվական
Իհարկե, նացիստական հակումների կիզակետում արվեստի գործերի հայտնվելու մասին մի շարք փաստագրված տվյալներ կան։ Ընդհանրապես, նացիստական պատմության «ծաղկման» ընթացքում բազմաթիվ գործեր էլ թաքցվել ու տարհանվել են թանգարաններից․ հիշենք Լուվրի իր նշանավոր պատվանդանից Երկրորդ համաշխարհայինի պատճառով իջած Նիկեին ու պատմության ամենանացիստական Օլիմպիական խաղերին մասնակցած «Սկավառակ նետողին»։

«Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար I» գործը Կլիմտը ստեղծել է իր կարիերայի ոսկե շրջանում։ Այս կտավին «Ոսկե Ադել», «Ավստրիական Մոնա Լիզա» են ասում, ասում են նաև, որ 1900-ականների Վիեննան խոսում էր նկարիչ Գուստավ Կլիմտի ու  ամուսնացած տիկին Ադել Բլոխ-Բաուերի սիրավեպի մասին։ Ադել Բլոխ-Բաուերը, այո, հարուստ ու տարեց Ֆերդինանդ Բլոխ-Բաուերի երիտասարդ կինն էր։

Ի դեպ, համարվում է, թե սա տիկնոջը պատկերող միակ կտավը չէ․ Կլիմտի «Հուդիթի» դեմքը նույնպես Ադելին է վերագրվում։

Կլիմտ, Հուդիթ I, Բելվեդեր պատկերասրահ, Վիենա, 1901 թվական

Սիրառատ այս կապի մասին գիտեր տիկին Ադելի ամուսինը, որ գործարար էր, հարուստ այնքան, որ պոպուլյար Կլիմտի մոտ նկար կարող էր պատվիրել, և հեռատես այնպես, որ կնոջը տրված իր ազգանունը հավերժացրեց աշխարհի ամենահայտնի կտավներից մեկում՝ այս մեկում։

Ընդհանուր առմամբ, Ֆերդինանդ Բլոխ-Բաուերը Կլիմտի մոտ իր կնոջ երկու դիմանկար է պատվիրել «իր ձեռքով»․ մյուս նմանությունները կամ ասոցիացիաները նկարչի նախաձեռնությունն են։

Գուստավ Կլիմտ, «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար II», 1912 թվական

Պատմություն կա այն մասին, թե նկարչի սիրելի տիկնոջ ամուսինը՝ շաքար արտադրող ընկերության ղեկավարը, մտադրություն ուներ այնքան համը հանել, տանել-բերել Գուստավ Կլիմտին, որ նկարիչը հոգնի իր կնոջից, նրա պատկերից ու այն մի հարյուր անգամ նկարելուց։ Պատվիրատուի ու նկարչի սիրելի կնոջ դիմանկարի ստեղծումն այսպես 4 տարի տևեց, այդ ընթացքում Կլիմտն արեց հարյուրի հասնող էսքիզներ, ասում են՝ առանց հոգնելու։

Ադելն իրականում և Կլիմտի Ադելը

Ադելի այս պատկերում հետաքրքրականորեն մեծ ուշադրություն է գրավում տիկնոջ գլխի և մարմնի առանձնացվածությունը․ սա կապվում է այն փաստի հետ, որ նա Կլիմտի սիրուհին էր, ու հիմնավորվում՝ այս պարագայում «դժվար է գլխի ու մարմնի տարանջատման հոգեբանական պատճառ չգտնել»։

Կտավը Կլիմտը ստեղծել է իր «ոսկեդարի» գագաթնակետին, բայց այստեղ բազմաթիվ հղումներ կան եգիպտական, բյուզանդական, ասիական արվեստին։

1903-ին՝ կտավի ստեղծման թվականին Կլիմտը ճանապարհորդել է Իտալիայում, իր աչքով տեսել բյուզանդական խճանկարները՝ դրանք անվանելով «չտեսնված շքեղություն»։

Այս գործի նախապատրաստական էսքիզներում և ավարտուն դիմանկարում Կլիմտն Ադելին պատկերում է լայն զգեստով, որը, հավանաբար, մոդելավորվել է նրա մտերմուհու՝ Էմիլիա Ֆլյոգեի դիզայներական ստուդիայում։

Կտավի էսքիզներից մեկը

Նկարիչն Ադելին երկիմաստ դիրք է տալիս․ մենք չգիտենք՝ նա նստած է, թե կանգնած այս տարածության մեջ կամ ֆոնին, նրա կարմիր շուրթերն ու այտերը փոխանցում են նկարի տիկնոջ զգացականությունը։

Տիկնոջ դիմանկարում երևում են նաև նրա դիրքի «պարտավորեցնող մանրամասները»՝ թանկարժեք քարերով զարդ ու զարդարանքը, որը, իհարկե, ամուսինն է նվիրել։

Մյուս դետալային մանրամասների մեջ խորանալով, մենք զգեստում նկատում ենք ամուլետային նշանակությամբ դետալներ (օրինակ՝ եռանկյունին), որոնք, հավանաբար, Ադելի առողջական խնդիրների վկայությունն են։

Ադելի ձեռքերի անսովոր դիրքը, հավանաբար, թաքցնելու համար է նրա մատներից մեկի խեղված տեսքը։

Ադելը մահացել է 1925-ին, ու տեղյակ չի եղել իր «ֆաշիստական առևանգումից», բայց, ասում են, կտակում տիկինը ցանկացել է, որ կտավը մնա Ավտրիայում՝ վիեննական Բելվեդերում։

Ադելի հրեա ամուսինը՝ Ֆերդինանդը, իր ակտիվների բռնագրավումից հետո, Ավստրիայից Շվեյցարիա հեռացավ 1938-ին, ու մինչև կյանքի վերջ՝ 1945 թվականը փորձեց հետ ստանալ իր տիկնոջ դիմանկարը։ Այս ապարդյուն ջանքերից հետո նա կտավները կտակեց զարմիկներին, որոնցից մեկն էր Մարիա Ալթմանը։

Այս կտակը կտավն անգամ դատարան է հասցրել․ 90-ին մոտեցող Մարիա Ալթմանն իր ժառանգությունը (5-6 կտավ) հետ ստանալու համար Ավստրիայի դեմ է հայտնվել դատարանում (հիշենք՝ բնորդուհին ցանկացել էր, որ գործն Ավստրիայում մնա), ու հաղթել։ 1998-ին առաջին անգամ այս կինը փորձեց դատարանով հետ ստանալ իր ընտանիքին պատկանող արվեստի գործերից մի քանիսը։ Սրան զուգահեռ բազմաթիվ բացահայտումներ եղան այն մասին, թե ինչպես են նացիստների կողմից թալանված արվեստի գործերը «կողպված» մնում ու չեն հասնում իրական սեփականատերերին՝ կառավարությունների, թանգարանների, նաև արվեստի մատակարարների ջանքերով։

Նույն 1998-ին 44 երկիր, այդ թվում՝ Ավստրիան նացիստների կողմից բռնագրավված արվեստի գործերի մասին Վաշինգտոնյան համաձայնագիրը ստորագրեցին․ փաստաթուղթը նացիստական հալածանքների զոհերի համար արդարացի լուծումներ գտնելու կոչ էր։

Դրանից հետո Ավստրիայի խորհրդարանը թանգարաններին պարտավորեցրեց բացել իրենց արխիվները հետազոտությունների համար ու հող նախապատրաստել՝ թալանված գույքը վերադարձնելու նպատակով։

Ավստրիան երկար ժամանակ հիմք էր ընդունում պնդումը, թե նկարի հերոսուհին անձամբ է այս կտավը երկրին թողել։ Մյուս կողմից արժանահավատ ապացույցներ ու պնդումներ կային այն մասին, որ կտավի տերն ու հերոսուհին, ամեն դեպքում, տարբեր մարդիկ էին․ «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար I» գործը պատկանում էր Ֆերդինանդ Բլոխ-Բաուերին, վերջինս էլ այն իր զարմուհուն էր կտակել։ Երկարատև դատական պրոցեսից հետո տիկին Ալթմանը 2006-ին արժանացավ իր ընտանիքին պատկանող 6 կտավից 5-ին:

Մարիա Ալթմանը

Դատական այս քաշքշուկներից հետո Ալթմանների ընտանիքն իրենց հարուստ ազգականի ժառանգությունը Christie's հասցրեց՝ վաճառելով այն Ռոնալդ Լաուդերին (հրեական ծագումով ամերիկացի ձեռնարկատեր ու արվեստի կոլեկցիոներ, Estée Lauder Companies-ը ստեղծած Ջոզեֆ և Էստե Լաուդերների որդին)։

$135 մլն արժեցած այս կտավն այսօր կարելի է տեսնել Նյու Յորքի Neue Galerie-ում։

Ադելի երկրորդ դիմանկարը վաճառվել է $88 մլն-ով, ընդհանուր առմամբ 5 կտավի համար ընտանիքը ստացել է $327 մլն։ Կտավը ժառանգած Մարիա Ալթմանը մահացավ դատական այս քաշքշուկների ու գործերի վաճառքից տարիներ անց՝ 2011-ին։

Կինը մինչ այդ հայտարարել էր՝ Ավստրիան հապաղում է և գործընթացը ձգձգում՝ սպասելով իր մահվանը։ Այս դեպքն արվեստի պատմության մեջ ոգեշնչման առիթ է դարձել անգամ կինոյի համար․ տիկին Ալթմանի այս պայքարի պատմությունը Woman in Gold վերնագրով էկրան է բարձրացել 2015-ին։ Մարիա Ալթմանի դերում Հելեն Միրենն էր։

Իսկ գիտե՞ք՝ ամեն ինչ սկսվել էր լրագրողական մի պարզ հետաքրքրասիրությունից․ ավստրիացի մի հետաքննող լրագրող՝ Հյուբերտուս Չերնին (Hubertus Czernin) անունով, 1998-ի աղմուկից հետո արխիվ էր փորփրել ու գտել Բլոխ-Բաուերի ու քրոջ կտակն ու նամակները:

ՄԻ ՔԱՆԻ ԱՅԼ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ․ «ՃԻՉԸ» ԵՎ  «ԿԱՐՏՈՖԻԼ ՈՒՏՈՂՆԵՐԸ»

Վինսենթ Վան Գոգի թանգարանն ու նկարչի գործերը գողերի համար սիրելի թեմաներ են․ 1991-ին միանգամից 20 նկար գողացվեց ամստերդամյան պատկերասրահից, այդ կտավների ընդհանուր արժեքն անցնում էր 500 մլն ֆունտը։

Պատմությունն այս, սակայն, դրական ավարտ ունեցավ․ նկարները գտնվեցին կես ժամ անց, թանգարանի հարակից տարածքում կայանված մեքենաներից մեկի մեջ։ Գողերին գտան կտավներից ավելի ուշ՝ մոտ 3 ամիս անց։

Վան Գոգի կտավներում գողացվածների մեջ կարևոր է հեղինակի առաջին նշանավոր աշխատանքը՝ «Կարտոֆիլ ուտողները»։ Այս կտավը երկու անգամ է գողացվել․ 1989-ին և 1991-ին։ Երկու անգամն էլ վերադարձվել է, ու այժմ այն պահվում է Ամստերդամում՝ Վան Գոգի թանգարանում։

Վան Գոգ, «Կարտոֆիլ ուտողները», 1885 թվական

Այս կտավի մասին անգամ ինքը՝ Վան Գոգն է դրական արտահայտվել․ մանրամասները PAN-ի մեր նախորդ անդրադարձում են։

Էդուարդ Մունկի, հավանաբար, ամենահայտնի գործը՝ «Ճիչը», «Կարտոֆիլ ուտողների» պես գողացվել է երկու անգամ՝ 1994-ին և դրանից 10 տարի անց՝ 2004-ին։ Վերջին՝ 2004-ի զինված կողոպուտը Մունկի թանգարանում էր, երբ «Ճիչից» բացի գողացվել էր նաև «Տիրամայրը»։ Գողացված երկու գործն էլ հայտնաբերվել են դեպքից գրեթե 2 տարի անց՝ 2006-ին, ասում են՝ նվազագույն վնասներով։

«Ճիչը» թանգարանի պատին

1994-ին Նորվեգիայում կայացած Ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ ու այդ խառն իրավիճակում երկու տղամարդ մայրաքաղաք Օսլոյից՝ Ազգային պատկերասրահից գողանում են Մունկի «Ճիչը» ու թողնում մի գրություն՝ «Շնորհակալություն վատ անվտանգության համար»։ Նկարի համար ահռելի փրկագնի պահանջը տալու փոխարեն գործը վստահվում է հետախույզներին․ կտավը վերադառնում է։ Բայց, ասում են՝ նկարի գողության համար մեղադրվող 4 տղամարդն էլ երկու տարի անց ազատ են արձակվում՝ օրինական հիմքով․ նրանց գտնելու գործողության մեջ ներգրավված բրիտանացի գործակալները Նորվեգիա էին եկել կեղծ անձնագրերով։


✍️ Անահիտ Հակոբյան / PAN