#մշակութաPAN
December 20, 2022

«Կարտոֆիլ ուտողները» և Մոնեի ընտանիքը․ Որն է Վան Գոգի ֆավորիտ կտավը և ինչու է Մանեի ամենահայտնի կտավներից մեկում Մոնեի ընտանիքը

Սկիզբը, կանացի ցասումն ու գեղեցկությունը, տղամարդկային ուժն և թուլությունը, մայր բնության բարիքները, պատերազմի սարսափներն արդեն տեսել ենք նաև արվեստում․ այս անգամ PAN-ը «հանդարտեցնում» է մշակութային թեման՝ հասցնելով ընտանիք։

Սաստիկ ջերմության, մեծ ու անչափելի սիրո, ամենաիսկական զգացողությունների կենտրոնում՝ տանը պակաս հետաքրքիր չէ, մանավանդ այս՝ տարեվերջյան տրամադրությունների ֆոնին։ Եվ չնայած ասում են՝ արվեստի պատմության մեջ որևէ կտավ տոնական ու նախատոնական տրամադրությամբ հատուկ շեշտադրված ու բացահայտ հղումով չէ, բայց ամենատարբեր ժամանակներում ընտանեկան հավաքույթների, տնային մթնոլորտներով կտավներ ստեղծվել են։

Այդ թեման պատկերված է եգիպտական, հունական, հռոմեական, միջնադարյան ու Վերածննդի արվեստի գործերում, թեման ընդգրկված է նաև 16-20-րդ դարերի ընթացքում ստեղծված կտավներում՝ Ռեմբրանդի, Գոյայի, Դեգայի, Մանեի, Ռենուարի, Վինսենթ վան Գոգի և ուրիշ հայտնի նկարիչների ձեռամբ։

Նեֆերտիտին ու իր երկու դստրերը, ՔԱ 1340, Altes Museum
Հռոմեացի զինվորի ընտանիքը, ՔԱ 2-3-րդ դարեր
Ռեմբրանդ, Ընտանեկան դիմանկար, 1668թ.
Անշուշտ, իրենց պատկերը պատմության մեջ թողնելուց հետ մնալ չէին կարող թագավորական ընտանիքներն ու նրանց զավակները։ Եվ եթե, օրինակ, սովորական մանկությունը պատկերելու մեջ «արքունական պարտավորվածություններ» չկան, ապա թագավորականների դեպքում առանձնահատուկ պահ կա՝ դեմքն ապագա գահակալ է, և փաստն այդ պիտի արտացոլվի նաև կտավում։

The Guardian-ն գրում է՝ Անյոլո Բրոնձինոն (Agnolo Bronzino) հենց այդ մեծերից էր ու նրանց շարքում՝ առաջինը, որ երեխաներին «երանգավորել է» գալիք գահակալության համար։ Հոդվածագիրը շտապում ու գիտակներին հիշեցնում է՝ իհարկե, Մեդիչիների ընտանիքը թագավորական չէր, բայց նրանց կենսակերպը, հեղինակությունն ու դիրքը թագավորականին չէր զիջում։ Եվ չնայած թեմայի հետաքրքրությանը, արքունականներին ու արիստոկրատներին անդրադառնալու մեկ այլ առիթ կստեղծենք՝ այս մեկը տեղափոխելով ավելի հողեղեն դաշտ։

Ամփոփելով ընտանեկան թեման, երկու կտավ ենք առանձնացրել՝ կարտոֆիլ ուտող գյուղացիներինն ու Մանեի նկարած՝ Մոնեի ընտանիքինը․ ինչու են աստղազարդ գիշերներ նկարող Վան Գոգն ու Օլիմպիա նկարող Մանեն ընտանիքներ վրձնել՝ պատկերելով իրավիճակն ինչպես կա։

ՎԱՆ ԳՈԳ․ ԿԱՐՏՈՖԻԼ ՈՒՏՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ

«Կարտոֆիլ ուտողները» Վինսենթ վան Գոգի առաջին կարևոր նկարն են համարում՝ արված էքսպրեսիոնիստական ոճով։ Այն պատկերում է հոլանդացի ընտանիքի՝ փոխանցելով միանգամից մի քանի մռայլ, ծանր, ջերմ, կարեկցանքով լի զգացողություններ։

Այս կտավը ստեղծվել է 1885 թվականին, երբ Վան Գոգը գնացել էր հոլանդական Նյուենեն բնակավայր՝ իրեն գյուղական կյանքի ուսումնասիրությանը նվիրելով։ Նկարն այսպես կոչված «նյուենենյան շրջանի» առաջին գործն է։

Վան Գոգ, «Կարտոֆիլ ուտողները», 1885թ.
Ընդհանրապես, ասում են՝ գյուղական կյանքը նկարչի կողմից լայնորեն ուսումնասիրված ու իր արվեստի գործերում մեծապես տեղ գտած է։ Սակայն, կարտոֆիլ ուտողների պատկերն է, որ իր մեջ ամփոփել է վանգոգյան երկար ուսումնասիրությունների ցանկալի ելքը։ Գյուղական կյանքի ուսումնասիրության այս շրջանն ընդգրկել է 1881-85-ն ընկած ժամանակաշրջանը։

Բայց ի՞նչ առանձնահատուկ բան կա կարտոֆիլ ուտողների մեջ և ինչու է այն նկարչի ամենահայտնի գործերից մեկը համարվում։

Նախ, սա համարվում է նկարչի առաջին ամբիցիոզ կտավը։

Վան Գոգի թանգարանի կայքում բացատրում են. «Նրա նկարը պիտի պատկերեր գյուղական կյանքըի դաժան իրականությունը, ուստի նա գյուղացիներին տվեց կոշտ, աշխատող ձեռքեր, կոպիտ դիմագծեր»: Ասում են՝ այսպես կոպտորեն պատկերված կերպարների հիմնական ասելիքը դառը, դաժան գործով սեփական սնունդը հայթայթողների պատմությունը ներկայացնելն է։

Նկարիչն իր բոլոր 5 հերոսին ու նրանց ուղեկցող միջավայրը հենց հողից հանված կարտոֆիլի գույնով է նկարել, մուգ գույների ու պատկերների անհամաչափության համար արժանանալով քննադատության։ Ասում են՝ կերպարների անատոմիական կատարելությունը չպահպանելու պատճառը (ինչի համար նկարիչը ժամանակին քննադատվել է) հենց ասելիքը սաստկացնելու փորձն է եղել։

Սա միակ խմբային պորտրետն է, որ նկարիչը երբևէ նկարել է։ Երեկոյան ժամը 7-ը պատկերող այս ընտանեկան տեսարանում հերոսներից մեկը, ով ըստ մարմնակազմության տան երեխան է, թիկունքով է դիտողին, միևնույն ժամանակ՝ նկարի կենտրոնն է լցնում՝ համաչափորեն բաժանելով այն երկու մասի։

Լուսավորության մեկ աղբյուր ունեցող այս ընդհանուր սեղանի շուրջ հաղթահարվում է անհատի մենությունը, արվեստի մեկնաբանները հուզիչ մաքրություն, հոգատարություն են տեսնում աղքատիկ այս տեսարանում։

Առաջարկում են նաև ուշադիր նայել․ ամեն դեպքում, երկու հերոսի աչքերն այս կտավում փայլում են, իսկ Վան Գոգը, գիտենք՝ սիրում էր նկարել աչքեր, ոչ տաճարներ։

Հետաքրքրական է, որ այս նկարը Վան Գոգն էլ է իր լավագույն գործը համարել, «Աստղալից գիշերվա» մասին, սակայն, այդպես չի մտածել։ Քրոջն ուղղված նամակում նա նշել է՝ «Կարտոֆիլ ուտողները» լավագույն բանն է, որ արել է: Այս կտավում իրական ընտանիք է, որոնց վերջնական տեսքը ստանալու համար նկարիչը մի ձմեռ գլուխներ ու դեմքեր է նկարել։ Նկարիչը եղբորը՝ Թեոյին գրած նամակում մանրամասնորեն պատմել է՝ բուն կտավը ստեղծելու գործը երկարատև չի եղել, ժամանակատար եղել է գյուղացիների կերպարների ուսումնասիրությունը։

Վան Գոգի նամակն է՝ ուղղված եղբորը, «Կարտոֆիլ ուտողների» էսքիզով, 1885թ., ապրիլի 9-ը

Այս կտավը երկու անգամ գողացվել է 1989-ին և 1991-ին, ապա վերադարձվել, այժմ այն պահվում է Ամստերդամում՝ Վան Գոգի թանգարանում։

ԻՆՉՊԵՍ ՄԱՆԵՆ ՆԿԱՐԵՑ ՄՈՆԵԻ ԸՆՏԱՆԻՔԸ

Իմպրեսիոնիզմի հիմնադիրներից, ֆրանսիացի գեղանկարիչ Էդուարդ Մանեն family portrait-ների շարքում իր առանձին տեղն ունի նաև Կլոդ Մոնեի ընտանիքը պատկերելու համար։

Մոնեների ընտանիքն ապրում էր մի տանը, որ նրանց օգնել էր գտնել Մանեն, Մոնեների այս պորտրետը՝ Կամիլ Մոնեի, որդու և ընտանիքի հոր՝ Կլոդ Մոնեի մասնակցությամբ, Մանեի՝ այս նոր ոճի կաևորագույն արտացոլումներից է։

Էդուարդ Մանե, «Մոնեների ընտանիքն Արժանտյոյի իրենց այգում», 1874թ. Մետրոպոլիտեն

1924-ին Մոնեն պատմել է այս կտավը նկարելու հանգամանքների մասին։

«Մանեն, հիացած գույնով և լույսերով, սկսեց ֆիգուրներ նկարել ծառերի տակ, բացօթյա միջավայրում։ Երբ նստած էինք, Ռենուարը ժամանեց․․․ Նա ինձնից գունապնակը խնդրեց, վրձին ու կտավ, ու ահա նկարում էր Մանեի կողքին։ Մանեն աչքի պոչով հետևում էր նրան․․. Հետո նա անցավ իմ կողքով ու ականջիս շշնջաց. «Այդ տղան տաղանդ չունի, քանի որ ընկերն ես՝ ասա թող նկարչությունը թողնի»,- հիշում էր Մոնեն։

Ասում են՝ Ռենուարն այդ ժամանակ նկարելիս է եղել Մոնեին՝ իր այգում նկարելիս։

Ռենուար, «Մոնեն նկարում է Արժանտյոյի իր այգում», 1873թ.

Այնինչ Մանեի՝ 1874-ին նկարված կտավում իր հերոս Մոնեն զբաղված է այգեգործությամբ, կողքին ցնցուղ է, քիչ հեռու՝ նկարչի կինն ու երեխան։ Հաճախ այս նկարն առաջարկվում է դիտարկել որպես գեղեցիկ պատկեր, բայց քննադատական հայացքներն ուրիշ կողմ են գնում՝ առաջարկելով մտածել, որ, օրինակ՝ երեք Մոնեների՝ հոր, մոր ու որդու փոխհարաբերությունները կտավում նույնացված, համապատասխանեցված են երեք հավի դետալային «կերպարներին»։

Այս դիտարկումը, ի դեպ, վիրավորական երանգ կամ ենթատեքստ չունի․ Մանեն ու Մոնեն ոգեշնչել են իրար (այդ մասին ու ոչ միայն՝ այստեղ)։ Այն առաջարկվում է ընկալել որպես «մենք բոլորս էլ սկսում ենք հավերի պես», ապա ձեռք բերում գիտակցության բարձր մակարդակ։

✍ Անահիտ Հակոբյան / PAN